вторник, 30 апреля 2019 г.

Ջա՜նի «Tra՜nsfer»․․․(596-րդը)


Ճաշից հետո, առաջին անգամ ինքնակամ գնացի Նեդայի վրանը։ Վարագույրի վերևից նայեցի ներս՝ ամուսինը պառկած էր, իսկ Նեդան ճամպրուկներն էր դասվորում։
-          Hallo !
-          Սալա՜մ,- բացականչեց նա և, գործը թողնելով, վարագույրը մի կողմ քաշեց՝ ինձ ներս հրավիրելով։
-          Սա ի՞նչ է,- սրտի թրթիռով հարցրի՝ ցույց տալով ճամպրուկները։
-          «Transfer» Ջանի՜, «Transfer»,- նրա ուրախ բացականչությունից ամուսինը տեղից վեր թռավ, նստեց։
-          Salam, komm!,- ասաց նա և մի կողմ քաշվեց՝ տեղ տալով իր կողքին։
-          Մենք հիմա թեյ կխմենք,- ավելի ոգևորվեց Նեդան, ապա շեշտեց՝ ցուցամատը վեր բարձրացնելով,- Տոնակա՜ն թեյ։
Իհարկե, այդ նորությունից ինձ ավելի լավ չէի կարող զգալ, քանի որ արդեն, իսկապես, մնում էի մենակ։
-          Hallo!- սավանե դռնից ներս նայեց Յուսուֆն, ապա ներս մտավ, խցկվեց իմ ու Նեդայի ամուսնու արանքը,- Ջանի՜, «Transfer»։
Հերթական անգամ այդ բառը լսելով, արդեն ոչ թե նստել էի, այլ պարզապես ընկել էի նրանց արանքը։ Այնքա՜ն անսպասելի էր ու ինձ համար այնքա՜ն անցանկալի, նորից քայլել ու քայլել․․․ իսկ ու՞ր քայլել, չէ՞ որ չքնաղ բնությունից ոչինչ չէր մնում, այն պահ առ պահ ավիրվում էր՝ հերթական հարազատ դարձած դեմքի հեռանալով։
-          Ջանի՛, ահա՛, սա քեզ կտամ գնալուց,- ասաց Նեդան և ցույց տվեց իր հագի ձմեռային բաճկոնը, որը նույնպես վերցրել էր եկեղեցուց ։ Որքան էլ մրսեի, այն ինձ չուրախացրեց,- Նաև սա՛,- այս անգամ ցույց տվեց ճամփորդական մի պայուսակ։ Միայն գլխով արեցի և որպեսզի նորից նրանց մոտ ժամերով չհեկեկամ,  թեյը խմելուց հետո, շտապեցի դուրս։

Комментариев нет:

Отправить комментарий