пятница, 26 апреля 2019 г.

Մուրադը (596-րդը)


Երեկոն խառնվել էր պաղ մշուշին՝ իր մեջ առնելով ճամբարը, որից նշմարվում էր միայն աղոտ սպիտակ գույնը։ Հերթական անգամ բակ մտան մի քանի  ավտոբուսներ, որոնք  հազիվ էին նշմարվում խիտ մշուշի մեջ։ Ցուրտն ստիպում էր բոլորին շտապել, և, ահա, հերթական անգամ նորեկներիննրին լցրին կանաչ վրանը, ինչպես միշտ այնտեղից սկսեցին բաշխել վրանների վրա։ Վաղ առավոտյան, բակով անցնող աֆրիկացիներին առաջին անգամ էի տեսնում։ Նրանց գլխաշորերը սև ու երկար էին, նույն կերպ կրում էին երկար ու լայն  սև շրջազգեստներ, իսկ գլխաշորը ծածկում էր ոչ միայն նրանց գլուխներն, այլ նաև դեմքերը, երեևում էին միայն նրանց աչքերը։ Հետարքրքությունն ինձ տարավ նրանց հետևից։ Նրանք մտան փոքր վրանը։ Մոտեցա, նայեցի ներս՝ այնտեղ այնքան խորթ էր ու անսովոր՝ նոր կենվորները հիմնականում սևամորթ էին և մի քանի արաբներ։ Վրանը մութ էր ու անշուք։ Հոգուս խորքում խռոված վերադարձա մեծ վրան, կարծես նրանք մտել էին իմ հարազատ տունը։
-          Բարի առավոտ,- մուտի մոտ ընդառաջ ելավ նիհար, ուղիղ, նոսր մազերով, նկատելի խիստ դեմքով մի երիտասարդ։ Նրան ևս առաջին անգամ էի տեսնում, հարցական հայցքս մեխվեց մնաց անծանոթի վրա։
-          Դանիելի հայրն եմ, անունս Մուրադ է,- կռահելով հայացքիս միտքը՝ պատասխանեց  նա։
-          Ուրախ եմ,- շարունակելով նայել փոքր վրանի կողմը, պատասխանեցի ես, իսկ այդ պահին  այնտեղից դուրս եկան տարեց ամուսինները։
-          Նրանց երեկ երեկոյան են բերել, հիմնականում Սոմալիից են և Սիրիայից, տեղավորեցին փոքր վրանում։
-          Իսկ մեզ այնտեղից հանեցին, չգիտես ինչու,- այդ պահին չգիտեմ իմ վրդոհմունքն էր առավել, թե նեղանալը։ Երևի վրդոհմունքը, քանի որ ումի՞ց կարող էի նեղանալ։
-          Այո, մի պահ փորձեցին պահեստի վերածել, բայց փախստականները շատ են, հնարավոր չեղավ։
-          Իսկ դուք վաղու՞ց եք այստեղ։
-          Ոչ այնքան՝ երկու շաբաթ է, բայց միևնույն է մեզ համար դժվար է, կինս երեխայի է սպասում, իսկ այս պայմաններում նա հաճախ է վատ զգում։
-          Այո՜, այստեղ բոլորը հավասար են, իսկ այն կարող է շատերի համար ճակատագրական լինել։
-          Հավասարությունը մի կողմից լավ է, բայց դուք ճիշտ նկատեցիք՝ ոչ կնոջս վիճակում։ Նա շատ է տանջվում,- հոնքերը խոժոռեց Մուրադը։
-          Գուցե բացառությու՞ն կանեն։
-          Տեսնենք։ Մնացած օրերը պետք է հիվանդանոցում անց կացնի, այլապես անհնար է։
-          Իսկ երեխանե՞րը։
-          Ինքս կխնամեմ, այլ ելք չունենք։
Նրա ոտքերին փաթաթվեց Դանիելի դիմագծերով փոքրիկ աղջնակը՝ ցից մազերով։
-          Աղջիկս է,- ժպտալով ասաց նա և երեխային գիրկն առավ։
-          Քույր ու եղբայր իրար նման են։
-          Մուրա՜դ,- ձայն տալով մեզ մոտեցավ սլացիկ հասակով, հպարտ կեցվածքով, բավականին ծանր քայլերով հղի կինը։ Եթե չլիներ նրա քթի փռվածությունը, կարելի էր այդ կնոջը գեղեցիկ համարել։
-          Բարև ձեզ,- տեսնելով ռուսերենով բարևեց նա, վերցրեց երեխային և կովկասյան քարայծի հպարտությամբ ներս գնաց, Մուրադին մնում էր հետևել նրան։

Комментариев нет:

Отправить комментарий