четверг, 18 апреля 2019 г.

Գուցե նրանք չգիտեի՞ն, ի՞նչ է մրսելը․․․(596-րդը)


Աշխատակիցների հերթափոխը բերում էր անծանոթ դեմքեր, իսկ «տրանսֆերն»՝ անծանոթ փախստականներ, և աշխարհն, որպես ճամբար, ինձ համար մնում էր միշտ օտար ու ցուրտ։
Թվում էր՝ անգո եմ․․․ Գուցե անտեղի՞, իսկ գուցե տեղի՞ն՝ խռովում էի աշխարհից և ժամերով կուչ գալիս իմ սավանապատ անկյունում՝ թաքուն տուրք տալով  արտասունքիս։ Միաժամանակ զարմանալով, թե որքա՜ն աղի ջուր կա իմ աչքերի մեջ։
Միակ մխիթարանքս փոքր վրանն էր, որտեղ ինձ՝ հարազատ թվացող դեմքերն էին, դեմքեր, որոնց լեզուների չհասկանալը ստիպում էր ինձ պարզապես մխիթարվել նրանց ներկայությամբ և համրացած աշխատում էի շարժվել հուշիկ քայլերով, որպեսզի հանկարծ չարթնացնեմ նրանց հեռանալու պահը։
Արևելքը գեղեցիկ է նաև իր վայրի բարքերով, այդ բարքերն իշխում էր ողջ ճամբարին։ Որքան էլ ցուրտ ու մթնտած լինեին օրերը, նրանք շարունակում էին կիսամերկ ֆուտբոլ  խաղալ։ Երբեմն լինում էին պահեր, երբ փորձում էի խառնվել աղմկողներին, դառնալ նրանցից մեկը, որպես զրուցակից, բայց հզոր էր արևելքը, ակամա ետ էի մղվում, նորից  մնալով իմ մտորումների հետ, իսկ բոլորի համար պարզապես 596-րդը․․․

-          Այսօր շատ ցուրտ է,- ասաց վրացի Բաչոն, նստեց նստարանին, ինչը իմ և աֆղանների միակ կահավորանքն էր հյուրերի համար։
-          Այո,՛ և միայն մենք ենք մրսում,- պատասխանեցի նրան՝ դուրս գալով մահճակալից։
-          Տեսնու՞մ եք՝ նրանց երկրում ձմեռ չկա, այստեղ էլ չեն մրսում։
-          Իսկ գուցե նրանք չգիտեն՝ ի՞նչ է մրսելը,- իմ պատասխանից Բաչոն ծիծաղեց, ապա հարցրեց․
-          Տեղյա՞կ եք,  կարծեմ՝ գալու են ճամբարում մյուսներին էլ լուսանկարեն։
-          Ո՛չ, առաջին անգամ եմ լսում, ե՞րբ,- լսածից և՛ զարմացա, և՛ ուրախացա։
-          Նաիրին գիտի։ Ձեզ չի՞ ասել, կարծում եմ՝ կա՛մ վաղը, կա՛մ մյուս օրը։
-          Ո՛չ, ցուցակնե՞ր են կախելու։
-          Ո՛չ, պարզապես հերթով բոլորին պետք է լուսանկարեն։
-          Որքան լավ կլիներ։ Ճանապարհ գնալ չեմ կարողանում,- ուրախացա ես՝ հույսով լի հայացքս հառած առաստաղին, բայց դրսում խաղացողների գնդակի ուժեղ հարվածից ճոճվեց մեր վրանը և երանելի հայացքս ակամա պոկվեց՝ սուրալով ցած, բոլորի հետ ես էլ շտապեցի բակ։
Բոլորը վազում էին նույն ուղղությամբ, իսկ մի խումբ, ֆուտբոլի դաշտի կենտրոնում հավաքվել էին իրար վրա և հարվածում  իրար, ով ինչպես և ինչով կարող էր։ Հանկարծ  գետնին պառկածը հաջողացերեց, մի կերպ պոկվելով խմբից, վազել դեպի երրորդ վրանը, սկսեց մահճակալը ջարդել։ Մինչև խմբից կհասնեին՝ շարունակելու նրան ծեծելը, նա հասցրեց մահճակալից պոկել երկաթյա ձողը և սկսեց աջ ու ձախ հարվածել, իսկ նրանք փախչելու փոխարեն անպայման փորձում էին զինաթափել և շան սատակ անել ձողով զինվածին։ Հրադադարը չհաջողվեց և, ահա, եկավ ոստիկանությունը, սակայն պարզել, թե ով է իսկական մեղավորը պարզվեց ավելի բարդ էր, քան իսկական պատերազմի մեղավոր կողմը հաստատելը։

Комментариев нет:

Отправить комментарий