среда, 16 декабря 2020 г.

 Եվ հայկական կողմը չունեցավ գեթ մեկ «իբրահիմ», որպեսզի ճակատից հայտներ իսկությունը․․․

                                                                   ***

Մարքսի սոցիալ-դեմոկրատական ուսմունքը ոչ թե հնացել կամ անցյալ է, այլ պարզապես մոռացվել է, ուստի ականատեսը լինելով հայկական պետականության խախուտ վիճակին, որը բխում է տնտեսության իսպառ փոշիացված լինելու հետևանքով, պարտադիր պետք է յուրաքանչյուր սրտացավ հայ պատանի կամ քաղաքացի կարողանա իր մեջ կամք դրսևորել, ծանոթանալու մարքսիզմի սոցիալ-տնտեսական ուսմունքին, որով, առնվազն նա կսովորի երկիրը հանելու ստեղծված կացությունից։

                                                                ***

Ինչպես ժամանակը ցույց տվեց, շատ եվրոպական երկրներ հմտորեն որդեգրեցին Մարքսի սոցիալ-տնտեսական տեսությունը, որին երկար տարիներ փորձում էր հասնել ԽՍՀՄ-ը, սակայն այդ համակարգում ամեն պիտանի գաղափար խժռում էր կոռուպցիան։

                                                               ***

Կոռուպցիան կազմում է մարդկության անքաքտելի մասը, սակայն այն չպետք է տեղ գտնի հասարակ քաղաքացու կյանքում։ Կոռուպցիան  աշխատել և պետք է աշխատի միայն խոշոր՝ (պետության) շահերի համար, ինչպես դա արվում է խելացի երկրներում և  այն չպետք է վնասի շարքային քաղաքացու շահերը։

                                                            ***

Ցավոք՝ ՀՀ-ում կոռուպցիան սկսվում է մանկապարտեզից և հաճախ երեխայի ներկայությամբ, ծնողի քծնանքով, ուստի նման երեխան չի կարող ազնիվ լինել անգամ ինքն իր հետ։ 

 

суббота, 5 декабря 2020 г.

 ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿ

Փաստորեն, հայկական հզոր բանակ գոյություն չի ունեցել, ինչպես ընդունված էր ասել «պառադների»՝ շքերթների ժամանակ՝ «հայկական հզոր բանակ»։ Իրոք, հրապարակով քայլող զինվորական խրոխտ շարքերը խոստումնալից էին յուրաքանչյուր հայի համար։ Անգամ, ոչ ոք չէր համարձակվում զարմանալ  թե ինչպե՞ս, տնտեսությունը փոշիացրած կառավարությունը կարողացել է ստեղծել նման «գերժամանակակից հզոր բանակ»։ Յուրաքանչյուրը համոզված էր, որ հրաշքներ լինում են և շարունակում էր գլուխը կախ աշխատել ու շենացնել օտարի տնտեսությունը։ Սակայն հայկական բանակը սպայական կազմով ուներ սեփական ներգին կարգը, որը ոչ մի աղերս չուներ զինվորական կարգ ու կանոնի հետ։

 Քանի որ հայկական բանակը հագեցված էր «գերժամանակակից» զենքերով, ուստի անհրաժշտություն չէր համարվում զորավարժություններ անցկացնելը, սահմանները թարմացնելը նոր տեխնիկայով, որը ընդունված և անհրաժեշտ  կարգ է անգամ ամենա հզոր երկրի ԶՈՒ-ում։ Հայկական բանակը սահմանափակվում էր ներքին ինքնաստեղծ օրենքներով, որտեղ ծաղկում էր ամենաթողությունը՝ գողությունը, սպանությունները, հոգեկան խեղումը, զինվորին կոտրելը, կոռուպցիան, զինվորի թերսնվելը, ծեծը, հակասանիտարական վիճակը․․․և ամենագլխավորը՝ կոռուպցիան․․․

Պարզվում է, երկար տարիներ հայկական բանակ հասկացությունը ընդամենը «փիառ» է եղել՝ ժողովրդի աչքին «թոզ փչել» և իհարկե փող լվացման միջոց։ Քանի որ, իսկական հայական բանակ ասելով, կարելի է հասկանալ՝ երկրի կարիքավոր խավի տղաներին բռնի ուժով հավաքագրել մի տեղ և նրանց հետ վարվել այնպես, ինչպես խելքին կփչի անսիրտ ու անհոգի  սպայի, որոնցից շատերը հաճախ տղաներին հասցնում էին ինքնասպանության, կամ տանջամահ անով, հետքերը լվանում, որակելով «ինքնասպանություն»։ Քանի՜, քանի՜ նման դեպքեր են եղել բանակում և ոչ ոք չի պատժվել, ինչպես հարկն է։

Յուրաքանչյուր հայ թյուր կարծիք ուներ թե թշնամին նախահարձակ չի լինում, քանի որ վախենում է հայկական բանակի հզոր ուժից, բայց իրականությունը սառը ցնցուղի պես սթափեցրեց գիտակից մասային, որ թշնամին պարզապես զինվում էր և սպասում հարձակման հրամանի։ Ինչո՞վ  էր զբաղված  հայկական կողմը  երեսունամյա ժամանակահատվածում՝ տնտեսությունը շարունակում էր փոշիանալ, միաժամանակ հառնելով գեներալների, նախարարների, նախագահների բազմամիլիոնանոց դղյակները՝ անգամ արտերկրներում, իսկ զինվորը ի՞նչ՝ զինվորը կարիքավոր ընտանիքից էր և կարևոր չէր նրա անվտանգությունը։ 

Հայկական բանակը հիշեցնում էր կյանքին վտանգ սպառնացող ճամբարի, որտեղից ամեն գնով՝ այսինքն մե՜ծ փրկագին վճարելով զինկոմներին, հարուստները ազատում էին իրենց երեխաներին, ուղարկելով արտերկիր, իսկ կարիքավոր երեխայի ծնողը երկու երկար ու ձիգ տարիներ անքուն աչքով լույս էր բացում․․․

Սթափվե՛ք պարոնայք․․․

 

четверг, 3 декабря 2020 г.

Եվրոպացին, առաջին աշխարհամարտի ժամանակ լուռ հետևում էր թե  թուրքը ինչպես է  տանջամահ անելով սպանում մի ողջ ժողովրդի։ Հարյուր տարի հետո, նույն եվրոպացին, նույն անտարբերությամբ հետևում էր թե ինչպես է Հայ- ադրբեջանական պատերազմի ժամանակ,  Ադրբեջանը Թուրքիայի և Իսրայելի հովանավորությամբ և օժանդակությամբ արգելված մասսայական ոչնչացման զենքով օդից սպանում  հայ անպաշտպան զինվորին և խաղաղ բնակչությանը, ռմբահարելով քաղաքներ և գյուղեր։

Եվրոպայի համար հոգեհարազատ տեսարաններ են այսօրվա Սիրիան, Իրաքը, Լիբանանը՝ շարքը պիտի շարունակեր Հայաստանը։ Բարեբախտաբար այդպես չեղավ և դեռ կան անմիտներ, որոնք քննադատում ու մերժում են Ռուսաստանին։ Պարզապես Ռուսաստանը Եվրոպա չէ և փառք Աստծուն․․․

                                                                        ***




                                                                    

 


среда, 2 декабря 2020 г.

 Շուտվանից հայկական պետություն գոյություն չունի։ Վերջին պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց այդ փաստը՝ բանակի ողբալի վիճակը, երկրի քարուքանդ տնտեսությունը, արդարադատության կոռումպացված վիճակը․․․ Երեք փաստն էլ բավական է կարծիք կազմելու տվյալ երկրի մասին։

Այնպես որ, ինչպես 72 տարի առաջ, այնպես էլ այսօր, հային անհրաժեշտ է իսկական տեր, որպեսզի այդ տիրոջ վախից նա ուտելը չվերածի լափելու, ավիրելով ողջ երկիրը։

Հայի մի տեսակ կա, որն առանց տիրոջ վեր է ածվում հրեշի և այդ տեսակը ցավոք՝ հիմնականում երկրի ճակատագիր որոշողն է։ 

 Մարդկությունը վերուստ տրված մեկանգամյա կյանքը աչքաթող արած՝ մի մասը տառապում է ընչաքաղցությամբ, մի մասը հիվանդ է ոսկու տենդով, մի մասին շահն ստիպում է ոչնչացնել իր նմանակին իբր ի սեր մարդկության, մի մասը հրճվում է, երբ մի տեղ մի նոր ռումբ է պայթում։ Այս խառնամբոխի մեջ ամենազարհուրելին  պատերազմ հրահրող մասն է։ Այն մարդկության ուտիչ համակարգն է, պատսպառված բոլորին անհայտ մի անհայտ անկյունում պատերազմ է խաղում ուրիշի հաշվին, ուրիշի սահմանին, ուրիշի փողերով․․․․ Նա մահ է փսխում բոլորի համար, այդ համակարգը մարդկության սթրեսն է; Այդ մասի համար առաջնային գաղափարը ռասիզմն է, որտեղ ամեն վայրկյան ջոկում են, վերև ներքև անելով ազգերն ու երկրները։ 

Գլոբալիզմը չի հաղթանակի, սակայն շատ կյանքեր կխլի։ Մարդը մարդու հետ չի համակերպվում։ Գաղափարը՝ որքան էլ հակամարդկային լինի, կգտնվեն կողմնակիցներ, իսկ մեծամասնությունը դեմ կարտահայտվի և գաղափարը աննկատ կսկսի վնասել իսկական մարդու սովորական առօրյան, քաշելով նրան դեպի իրեն։ 

Աննկատ, սակայն սկսում են հասարակության մեջ իրենց առօրյաով երևալ այլախոհները, որոնք մի ժամանակ ապրում էին անհայտ ու աննկատ։ 

Մարդը չի փոխվի՝ ժամանակը կփոխի նրան ։ 

Պոլիէթիլեն ուտելը կդառանա սովորական երևույթ, իսկ մարսելը խնդիր, որի համար էլ բժշկությունը միլիոններ կաշխատի՝ իբր գործելով՝ հանուն մարդու, միաժամանամ և իսկապես ընդդեմ մարդկության։ Եվ բացարձակ ոչ ոք չի ընդդիմանա՝ անգամ չի զգա քայքայիչ նյութի ներկայությունը։

Մարդ արարածը ենթարկվող է, նա կարող է ենթարկվել ցանկացած հակամարդկային գործող օրենքի, սակայն աննկուն է սեփական ես- ով։ Հաճախ մարդը պայքարում է ինքն իր դեմ՝ ավիրելով թե ներկան թե ապագան, իսկ անցյալը նրա համար միշտ  վեր է ածվում քղցր հուշի, քանի որ ամեն ապագա ունի իր նախաստեղված կորուստներն ու ավերակները։

Մարդո ւն սպանում է նյութը։ Տարեց, տարի այն վեր է ածվում անհրաժշտության։

Մարդասերը մղված է ետին պլան, քանի որ մարդը մարդուն պետք չէ՝ մարդուն պետք է նմանակի հնարավորությունները և կապ չունի (ասպարեզը)։

Ըստ Չարլզ Դարվինի՝ մարդն առաջացել է կապիկից, իսկ ըստ Աստվածաշնչի՝ մարդուն  արարել է Աստվածը՝ երկու դեպքում էլ մարդը նույնն է՝ ավիրող ու վնասակար, առաջինը բնության, իսկ հետո՝ ինքն իր համար։

Բնության աղետի ժամանակ հնարածին դասակարգերը չեն փրկում մարդուն, այն սրբում տանում է բոլորին՝ աղքատին էլ, հարուստին էլ,իսկ նույն մարդու  ստեղծածը վեր է ածվում անպետքության և աղետը զարդարում է աղբով։ Մարդը անարդար է իր իսկ հնարած օրենքներով ու գործերով, նա մոգոնել է հավերժության գաղափարը, սակայն իրականացնել  այն ,այդպես էլ չի հաջողվում։ Մարդը շարունակում է հիանալ  անցյալի գործերով, իսկ ներկան շաղ է տալիս  արդյունաբերական թափոնով, որի հետևանքը հավերժական ամպի տեսքով կախված է իր իսկ գլխին և սարսափելին այն է, որ այդ ամպը հեղձուցիչ է և այն երբեք անձրև չի դառնում․․․սակայն մշտապես թղթադրամի վերածված դարսվում է հատուկ փակ տեղերում, մխիթարելով մարդուն․․․

Մարդը ամեն ինչ վերցնում է բնությունից, ինքը անպիտան է որևէ բան արարելու իրենից, իսկ բնությանը վերադարձնում է վերցրածի թափոնը։ Բարեբախտաբար բնությունը վերարատադրվելու հատկություն ունի, իսկ մարդու ավիրածը լոկ ժամանակի խնդիր է՝ ընդամենը տարիներ և այն վերստանում է իր նախկին տեսքը։ 

Մարդու արարքը սխալ դաստիարակության արդյունք է։

 

вторник, 1 декабря 2020 г.

                                                                 ՀԱՎԵՐԺՈՒԹՅՈՒՆ


Հավերժությունը մնում է անվերջության մեջ։ Այն ամփոփվում է կրկնության մեջ։ 

Ամռանը՝ երգը, արևը, ջուրը, օրն ու գիշերը տաք են ու գունեղ՝ 

թվում է, էլ չեն խամրի ու էլ չեն անցնի, սակայն ակնթարթ, որն էլ բերում է հաջորդի հերթը։ 

Նորից հավերժից մի փոքրիկ կտոր դեղնում է ու ոսկի շաղ տալիս, դառնում  քամու հետ պարում ու պարում, առուն սառչում, մեջքն ուռցրած հոսում է, հոսում վարար անձրևից․․․

Հավերժ է երկինքը, թռչունների չուն, իսկ հավքն անցողիկ,

ապառաժը ճաք տված, որ հետո կհարատևի խիճի վերածված,

հանդերն ու սարերն են հավերժ, իսկ թղթին նկարած սահմանն անցողիկ,

անկյունն է հավերժ՝ այնտեղ կուչ եկած էակն անցողիկ,

ջրերն են հավերժ, որքան էլ  ցամքեն՝ անձրև են դառնում ու հոսում առվով,

կռունկն է հավերժ և արագիլը մի ոտքի վրա, բույնը նրա տան կտուրին, իսկ տունն անցողիկ,

ծիածանն է հավերժ, որքան էլ պահ մտնի սև ամպե դեզի մեջ․․․

Տեսնես ո՞րն է սկիզբը հավերժի՝ տարվա ո՞ր եղանակն է՝ աշու՞նը թե ձմեռը,

իսկ գուցե ձյու՞նը հավերժի գույնով՝ ճերմակ է ու պաղ․․․

Հավերժությունը անվերջության մեջ․․․ 

воскресенье, 29 ноября 2020 г.

 Մենք մեզ ավելի ենք ատում, քան թշնամին․․․ 

                        ***

Մենք մեզ այլ կերպ ենք սպաանում, իսկ թշնամին զենքով։

                             ***

Թշնամին դրսից էր՝ հայրենիքը տանուլ տվողը ներսից։

                              ***

Եթե երկրի ղեկավարը պառակտելու հատկություն ունի, այդ երկրի  ժողովուրդը դատապարտված է։

                               ***

Քամին ծածուկ քշեց տարավ տապը ամռան

ՈՒ ետ գալուց հետը բերեց զովը պաղած,

Թռչունների չուն երկնքում, անձրև առատ,

Գունատ արև՝ սառած շողքով․․․

Ա՜խ աշունն էր արթնացել քամու շնչով․․․

                       ***

Ճերմակ արև, փաթիլ ձյունի

Կախված ճերմակ ամպի ծերից,

Հա  ուզում է գլորվել ցած,

Բայց արևը վեր է քաշում, թողնում կախված․․․ 


 Մեզ թվում էր թե մի պահ մենք հաղթել ենք ամենքին՝ չարին, վատին աշխարհքի՝ նախանձին լիրբ հարևանի․․․Ավա՜ղ, լոկ թվում էր և պարտվեցինք ամենքին՝ ոսկե եկող աշնանը, նոր ու սիրուն սերնդին, պարտվեցինք մենք մեր հայրենիքին ու մեր պաշտելի տգիտությանը․․․ Պարտվեցինք մեր դանդալոշ մտքերով, սուտ ու սին խոսքերով, անտակտ մեր պահվածքով, ամենքին ու թշնամուն միշտ թերագնհատելով ու ծաղրելով։ Սակայն մեծ ծաղրը մերն էր, քանզի սուտ էր միտքը մեր հաղթանակի և որքա՜ն սուտ խոսքերը, թե մեկի թե մյուսի։

Խաբում էին չորսբոլորը, կերակրում ստով մեզ՝ ամենքիս, իսկ այնտեղ, այն սարերի ու ձորերի հետևում  ողջ մնալու պայքար էր գնում, այլ ոչ հաղթելու՝ ողջ մնալու՜․․․ Հանցագործ աշխարհի ու մարդկության աչքի առջև․․․ Դեռ կյանք չտեսած ու անփորձ տղաները՝ հազարավոր տղաները հաճախ ընկնում էին, երբ փորձում էին պաշտպանվել գերժամանակակից թշնամու սպանող սարքերից, իսկ տղաները ապրել էին ուզում և գերհզոր սարքերին նրանք ստիպված էին լինում կրակել ավտոմատներից․․․ձեռքի զենքերի՜ց, որը նախատեսված չէ դեպի երկինք կրակելու․․․

Ողորմելի աշխա՜րհ, քո նիստ ու կացով, ողորմելի և ստախոս, անառակ ու տգետ կառավարող՝ դու ու՞ր, պատերազմն ու՞ր․․․ և դեռ դասալիք։ Դու, որ մարդկանք համար դարձար քայլող սև ճակատագիր, կործանեցիր բազում ընտանիքնե՜ր, ընտանիքնե՜ր և էլի ընտանիքնե՜ր, խնայելով քոնը, պահպանելով քոնը՝ պատսպառելով օտար ափերում։ 

Կյանքը մեկն է և մեկ անգամ է տրվում մարդուն և այդ վերուստ տրված մեկ անգամյա կյանքը պետք է այնպես ապրել, որ հետո կարողանաս շարունակել ապրել, այլապես շատերը կփնտրեն քեզ վրեժխնդիր լինելու, քանի որ շատերը արթնացած ավերակներում այլևս ոչինչ չունեն կորցնելու․․․

Պատերազմը փոխում է ճակատագրի ընթացքը․․․




пятница, 27 ноября 2020 г.


Պատերազմի դաշտում, երբ քեզ եմ հիշում,

Ուզում եմ փրկել ինձ շուրջս պայթող մահից,

Երբ մահն է տնքում իմ շուրջն ու ամենքում

Եվ լսում եմ ձայնդ կենարար,

Ուզում եմ վանել մահին այդ տիրակալ․․․

 Երբ միտքս խլանում է հրե արկերից,

Որից ահն է երկնքում խաղում,

Ուզում եմ ճչալ, ուզում եմ գոռալ,

Ետ վանել մահին ամենուր ինձ փնտրող․․․

Երբ ես մենակ եմ և արկն է իմ դեմ,

Արթնանում է իմ մեջ իմաստը կյանքի

Եվ ես ուզում եմ փախչել պայթյունից,

Փախչելով տանել կյանքն իմ խավարից,

Որտեղ տիրում է մշուշն ու փոշին

Եվ չանցնող մշուշում մահն է հռհռում․․․

Ուզում եմ փախչել, ուզում եմ հասնել կյանքի հետևից․․․

Սակայն ամենուր՝ թռչունների տեղ արկեր են թռչող․․․

Իսկ դու իմ միտքն ես հեռու՜ քաղաքում․․․

 

Կարճ ապրեցինք՝ մնացածը մաքառում էր։  Եկավ ու չգնաց, ո՞վ բերեց մեր գլխին փաթաթեց այդ  անծանոթ ապրումը, անունը դնելով անկախություն։ Ումից անկախացանք և ո՞րն էր մեր հարատևելու ճամփան։  

Ո՞վ գիտեր մեր տեղը թե որտե՞ղ էինք ապրում կամ ինչպե՞ս էինք ապրում։  Ոլորաններ, ոլորաններ և հետո անհայտ ու քարքարոտ մի տարածությունում մենք մեր դարդ ու ցավով, մեր նիստ ու կացով․․․

Մեզ իշխում էր ոչ միայն սովետը, այլ ողջ ազգերը, այդպիսին էր մեր կարգավիճակը՝ մեկից հացահատիկ էինք բերում, մյուսից բամբակ, հետո երկաթ, հետո վառելիք, հետո պարզապես փայտ ու թուղթ, իսկ հետո սարքավորումներ ու ավտոբուսներ, տրակտորներ և կոմբայիններ, գազ ու այլ վառելիք։ Գործարանները գիշեր ու զոր աշատում էին խալխի տվածով․․․ Մարդիկ աշխատում էին հերթափոխով․․․ Մեզ համար հաց էինք թխում, կոշիկ էինք կարում,  հագուստ էինք կարում, թունելներ էինք հորատում, ՀԵԿ էինք կառուցում, երեխա էինք կրթում, շենքեր, շենքեր՝  տարեկան պլանը կատարելու համար քանի, քանի շենքեր էին կանգնում և հազարավոր ընտանիքներ բնակարանամուտ էին տոնում։ Ո՞վ էր մտածում թե մի օր կմնանք անտուն ու անտեղ, փողոցներում կհայտնվեն շատ կրթված ու անճար մարդիկ, զարմանալով անկախության դառը կախվածությունից, իսկ շատերը ինքնասպան կլինեն անճարակությունից։

Սովետները երկիր էր գյուղացու, և բանվորի՝ ձևավորված ոսկյա միջին դասակարգով։

Կարգին թվացող մարդիկ են կարգը խախտում, օրենքը առհամարում, խափանելով հասարակ քաղաքացու առօրյան․․․ Անկախականները կարգին մարդ էին թվում․․․ Սակայն ամեն ինչ քամուն տվին ու շարունակ գոռացին՝ անկախ, հա անկախ․․․

Քանդվեց ու քանդեց երկիր սովետը։ Շատ ժողովուրդներ իրենց աջը քաշեցին, շարունակելով ապրել, առանց քանդելու և ավիրելու սովետական ձեռքբերումները, բայց արի ու տես հայերը անկախություն ուզեցին՝ տնտեսական կախվածությունը ուրիշ երկրներից համարելով մանրունք։ Միայն անկախականներն ու քանդողները շարունակեցին ավելի լավ ապրել։ Ընդամենը մի քանի շաբաթ հետո երկրի հզոր տնտեսությունից մնաց կմախքը, իսկ ժողովրդից բարոյալքված մի մասա․․․

Ասում էին ՍՍՀՄ-ը բռնադատում էր, գնդակահարում էր դավաճաններին, ներսի թշնամուն։ Այո քանդեցին երկաթյա վարագույրը և բազմացրին թշնամիներին էլ, դավաճաններին էլ, իսկ այն ավերակներում միշտ մեկ հարց է արձագանքում՝ երևի շատերն են լսել, սակայն լռում են և մեղավոր հոգոց հանում՝ «Սովետներից փրկվեցիք, մոգոնեցինք  գոյություն չունեցող «անկախություն»-ը․․․ Ու՞ր է երկրի տնտեսության ծանրությունը իր ուսերին պահող հասարակության ոսկա միջինը, որով կանգուն էր և որով ծաղկում էր երկրը։ Ցավոք՝ իսկական հասարակությունը սպանվեց «անկախության» մոլուցքով տարված։

Այո, ստացվեց՝ վտարեցին երկիր ու պետություն շենացնողներին, փոխարենը աճեցին ու բազմացան դղյակասերները և չգիտես ինչպե՞ս, ինչ հրաշքով ու հնարքով նրանք դարձան պետության «ողնաշարը»։  Եվ ներկա «ողնաշարում» ամենամեծ ու անդառնալի բացական «անկախականներն են»․․․

Այլևս չգիտենք թե ու՞ր ենք քայլում՝ մեր դեմից բա՜րձր, շա՜տ բարձր սար է նշմարվում, իսկ հետևում էլ օտարն է դարանել և մեզ մնում է կուսակցություններ մոգոնել, ներսում ուժեղ երևալու, թույլի միջոցով գոյատևելու․․․ սա անվերապահորեն տանում է պետության կորստյան և ժողովրդի մաքառման․․․

четверг, 26 ноября 2020 г.

 

Վաղ ծեգին քարքարոտ ճամփով տրակտորը շարժվեց դեպի վեր։ Ադելի հետ տեղավորվել էինք թափքի առջևի մասում, ավարի արանքներում, ուստի մեզ ոչ ոք չէր կարող տեսնել։ Ճամփեն երկար էր ու անհանգիստ։ Մենք միշտ մտահոգ էինք երեխաների համար, ուստի տեղ հասնելուն պես, երբ Արփենն էլ մնաց բակում կանգնած, մեզ մնում էր հոսող ջրի տակ մաքրել մեր ցեխոտ կոշիկները, մի թեթև մեզ կարգի բերել և հրաժեշտ տալ տան տիրուհուն։ Երկար սպասեցինք Գորիսի ավտոկայանում, բայց ի վերջո հաջողվեց ներս խցկվել Երևան գնացող արդեն լեփ լեցուն ավտոբուսը և ոտքի վրա կանգնած, հոգնած, անքուն ու սոված դիմանալ։ Վերջապես իջանք գլխավոր խաչմերուկ, որտեղից պետք է այլ մեքենայով շարունակեինք ճամփան և միայն երեկոյան մեզ հաջողվեց տուն հասնել։ 

Վալյան դժգոհեց, որ նուռը խակ էր, իսկ երեխաները զարմացան մեզ երկար նայելով՝ փոշուց, քամուց և արևից դարձել էինք անճանաչելի։

Մութն ընկավ, յուրաքանչյուրս փակվեց իր անշուք մութ ու վանող սենյակում։ Երկա՜ր ժամանակ ոչ մի տեղ  չէինք գնում, քանզի անշուք էին դարձել ճամփաները, ավտոբուսները, իսկ մարդիկ անտարբեր ու հոգնած․․․ Պատերազմ էր՝ չհայտարարաված պատերազմ․․․

среда, 25 ноября 2020 г.

 Որպեսզի շատ չերկարացնեմ  և ընթերցողին չձանձրացնեմ, ասեմ որ, այլումինե  զինվորոկան բաժակով ջուր բերեց մի ուրիշ զինվոր, տվեց ինձ, իսկ Ադելին հրավիրեց մի այլ սենյակ, իբր ջուր խմելու, քանի որ ուրիշ բաժակ չկար։ 

Մնացի առաջինը մեզ հանդիպած զինվորի հետ։ Սկսեց ինձ սիրաշահել, թե սեր խոստանալ՝ պարզ չէի հասկանում, բայց նստածս տեղից չէի շարժվում, ամուր բռնելով երկաթյա մահճակալի ձողից։ Մյուս սենյակից լսվեց Ադելի ձայնը՝ նա օգնություն էր խնդրում, դե քանի որ յուրային միայն ես էի, ուսի տեղից վեր թռա, զինվորը փորձեց ինձ ետ հրել մահճակալին, բայց հասցրեցի երկու ձեռքերով ուժգին ետ հրել նրան և նա վայր ընկավ մեջքի վրա, գլուխը հարվածելով պատին։ Բարեբախտաբար նրա հետ վատ բան չպատահեց՝ որքան էլ անմարդկային, սակայն հայ էր՝ այն էլ կռվող ու հաղթած հայ։ Դուրս պրծա, վազեցի մյուս սենյակ, որտեղ մերկ մահճակալին Ադելը դիմադրում էր հայ զինվորին, ինձ տեսնելով նա ետ քաշվեց, Ադելը լաց լինելով ուղղեց շորը և մենք առանց հրաժեշտի դուրս եկանք, ավելի ծարաված ու տխրած։

Կամավորները դեռ լողանում էին գետում, մյուսները հրդեհված տան չորս կողմն էին պտտվում, հինալով բարձր կրակի լեզվակներով։ Ես և Ադելը խորացանք այգիների մեջ և գտանք մի քանի այգիներ նռան բերքի տակ ճկռած։ Մոտեցանք պարիսպին, որպեսզի մտնենք նուռ հավաքենք, չնայած դեռ լավ չէր հասունացել։ Անսպասելի մեր դեմ ելավ միջին տարիքի, մազակալած դեմքով մի  կամավոր․

- Էս ու՞ր,- տիրական ձայնով սկսեց նա։ Ադելի հետ կուչ եկանք։

- Ուզում ենք մի քանի հատ նուռ քաղել,- վախից միաժամանակ շշնջացինք երկուսով։

- Նուռը դեռ խակ է, իսկ երկրորդը՝ սա արդեն իմ տարածքն է, գնացեք ուրիշ տեղից քաղեք,- Ես ու Ադելն իրար նայեցինք և լուռ հեռացանք։ Այնուհետև շատ այգիներ տեսանք, սակայն կամ մտնել չէինք կարողանում՝ ցանկապատ անանցանելի էր կամ էլ արդեն տեր ունեին, ուստի մի կերպ  մի պարկ խակ նուռ հավաքեցինք, քարշ տալով հասանք տրակտորի մոտ։ Արդեն բոլորը հավաքվել էին այնտեղ, իսկ թափքը տքում էր բարձած ավարից։ Երեկոն իր հետ բերեց մութը։ Բոլորը նստեցին հացի։ Ադելի հետ մի կողմ քաշվեցինք։ Երբ սկսեցին ուտել, խմել, մեզ մոտեցավ Աղվեսը իր անբաժան զենքով։

- Ինչու՞ մի կողմ քաշվեցիք, եկեք հաց ուտենք, որպեսզի շարժվենք,- նրա խոսքի տոնը հրամայական էր, ուստի մենք լուռ ենթարկվեցինք, հետևելով նրան։ Մեծ ծառի տակ մեծ շրջան էին կազմել , իսկ տղամարդկանց արանքում խցկվել էին երկու երեխաները, Ես և Ադելը միացանք շրջանին։ Ուտելիքը հաց ու պանիր էր և մոտակա այգիներից բերված բանջարեղեն, հիմնականում լոլիկ և վարունգ։ Տղամարդիկ տարբեր բաժակներով խմում էին օղին և ուտում  էին մեծ ախորժակով։ Որքան էլ սոված լինեինք, մենք բավարարվեցինք մի բաժակ ջրով և մի կտոր հաց ու  պանրով։ 

Երբ օղու շիշը դատարկվեց, տղամարդկանց գլուխները տաքացավ և ամենատաք գլուխը Աղվեսի գլուխն էր։ Նա սկսեց խոսել բարձրաձայն, հաճախ ճոճոելով զենքը։ Եվ ահա հայացքը հառեց ինձ, զենքը պահելով ուղիղ ինձ վրա։ Դեռ չէի հասցրել կարգին սարսափել, երբ զենքը կրակեց, նրա կողքի կանգնած տղամարդը հասցրեց զենքի փողը թեքել դեպի վեր և ես ողջ մնացի՝ հրաշքներ լինում են։ Այլևս հնարավաոր չէր հանգիստ նստել, ուր մնաց քնել։ Ողջ գիշեր Ադելի հետ կուչ եկանք տաք ավազին, իսկ Աղվեսը մի պահ մրափելուց հետո, նորից սկսեց պտտվել մեր շուրջը, բայց չգիտես ինչու՞, այլևս նրանից չէի վախենում․․․

вторник, 24 ноября 2020 г.

 Փարթամ այգիների և բոստանների մեջ դես ու դեն ընկած երևում էին սատկած հավեր, ավանակ, կով, հորթ, սագ, բադ՝ այդ ամենին զուգահեռ  ջարդված կահույք, սպասք, հագուստ։ Առաջին պատահած տան բակում դուրս էր թափված կահույքը և անկողնային պարագաները, այն մի տեսակ դեզ էր արված։ Ադելի հետ մոտեցանք և այ քեզ զարհուրանք՝ այդ ամենով ծածկված էր մարդկային մարմինները՝ մերկ ու խոշտանգված։ Ակամա ետ քաշվեցի, մի տեսակ դող ընկավ մարմինս։

- Վախեցա՞ր,- անտարբեր հարց տվեց Ադելը, ապա շարունակեց,- Սա կոչվում է պատերազմ, այն արդարացվում է վերևից, իսկ մենք լավագույն դեպքում դիտորդներ ենք,- Խոսքն ավարտեց, նայեց շուրջը, ներս մտավ, հետևեցի նրան, ավելի շատ տեսարանից փախչելու համար։ Ներսում ամեն ինչ տակն ու վրա էր արված՝ անթիվ անհամար պահածոներ էր շարված խոհանոցում և այդ ավերակի մեջ ոչ մի պահածո ջարդված չէր,- Ես կվերցնեմ այս երկու ծածկոցը և մի քանի սրբիչ,- հավաքելով, համարյա նոր իրերը, քթի տակ մրմնջաց Ադելը,- Իսկ դու՞,- երբ այդ ամենը տեղավորեց պարկի մեջ, նա դիմեց ինձ։ Ես դեռ դողում էի առաջին տեսարանից և իսկապես սպասում էի, թե Ադելը ե՞րբ պիտի դուրս գա այդ անիծված տնից, որպեսզի կարողանայի փախչել դժոխք հիշեցնող տեսարանից։

Տղամարդկանց այլևս չտեսանք, երբ ետ եկանք ավարը տեղավորելու տրակտորի թափքում։ Մնացել էինք երկուսով, չգիտեինք ու՞ր կարելի է գնալ, կամ ինչպես հավաքել մեր երազած բանջարն ու միրգը, ուստի քայլեցինք ուր աչքներս կկտրեր։ Տեղանքը ավազոտ էր։ Հեռվից լսվում էր ջրի խշշոցը, իսկ շոգը ստիպում էր մեզ ամենուր ջուր փնտրել և մենք քայլեցինք դեպի լսվող ջրի խշշոցի կողմը։ Երևաց գետը։ Մյուս ափին այրվում էր մեծ, երկհարկանի տունը, նրա շուրջը վխտում էին դեմքերը մազակալած, կիսամերկ, ավտոմատավոր ամեն տարիքի կամավորներ և զինվորներ։ գետը լայն էր ու խաղաղ։ Ծարավն ու շոգը մեզ ստիպում էր նետվել ջուրը, սակայն հրդեհից տարածվող սև, խեղդող ծուխն ու նեխած կենդանիների գարշահոտությունը ետ էր պահում մեզ, առավել ևս, եթե այդ լեշերով հագեցված ջրի մեջ արդեն լողանում էին կամավորները։

Ետ դարձանք և այլևս չգիտեինք թե ու՞ր ենք գնում։ Հասանք բարձր սարին, որը պատված էր գորշ ավազով ու աղքատիկ բուսականությամբ՝ հիմնականում ծակող քարաքոսներով։ բարձրացանք սարն իվեր։ Սարի բարձր լանջին թիկն էր տվել մի շենք։ Մոտեցանք։ Լուսամուտների ապակիները թափված էին, իսկ  ճակատին կիսակախված դեռ ճոճվում էր  «школа« ցուցանակը։ Կուբաթլուի դպրոցն էր։ Անդուռ դռնից մեր դեմ դուրս եկավ 25-ի մոտ մի երիտասարդ, մեզ տեսնելով լայն ժպտաց, ապա զարմանքը չթաքցնելով հարցրեց․

- Ովքե՞ր եք, ի՞նչ եք անում այս ամայի վայրերում,- մենք համրացանք, ուզեցինք ետ գնալ, բայց նա մեր ճամփան կտրեց,- Սպասե՛ք, դուք չպատասխանեցիք իմ հարցին։

- Մի բաժակ ջուր կտա՞ք,- խնդրեց Ադելը, պատասխանի փոխարեն,- Մենք ներքևից բարձրացանք, սակայն չգիտեինք այստեղ էլ են զինվորները, շարունակեց նա։

- Այստեղ և ամենուր այսուհետ մերոնք են, գրավել ենք, թուրքին շան տուր տալով։ Երևի տեսաք ավերակներն ու այրվող տները,- ոգևորվեց զինվորը, ապա շարունակեց,- Եկեք ներս, ես  ձեզ ջուր կտամ,- և ես ու Ադելը ոգևորված մտանք նախկին դպրոցը․․․

                                                                                                                (շարունակելի)




понедельник, 23 ноября 2020 г.

 Արփենը վառարանի վրա կարտոֆիլ տապակեց, լուռ ընթրեցինք, բարձրացանք երկրորդ հարկ քնելու։ Ողջ երկրորդ հարկի լուսամուտները, մեծ պատշգամբի հետ առանց ապակի էին։ Տեղ, տեղ փեխկերը փակված էին արդեն պատառոտված պոլիէթիլենով, քամին աղմուկով խշխշացնում էր, սուլելով սենյակներով։ Ես ու Ադելը տեղավորվեցինք մի անկողնում, որքան էլ անհարմար լիներ, հաղթեց հոգնածությունը և պատած անհյուրընկալ սև խավարի մեջ խորը քուն մտանք։

Շատ էինք քնել թե քիչ, Ադելի ձենից վեր թռա, գլորվեցի հատակին՝ ես ավելի ուժգին ճչացի, երբ դիպչեցի հատակին պարկած տղամարդուն։ Նա մեր ձայնից երկու քայլ արեց և դուրս ցատկեց պատուհանից, վեր կացա, շտապեցի դուրս նայել լուսամուտից՝ սև կերպարանքը, զենքը ուսով գցած անհետացավ տան անկյունում։ Արփենն ու Ադելը կանգնած էին իմ կողքին և նայում էին դուրս։

- Արփեն, ու՞մ ես ասել, որ մենք այստեղ ենք,- վրդոհված սկսեց Ադելը։

- Խի՞ հինչա իլալ վեր, խի՞ եք սասներդ քիցել կլոխներդ,- պատասխանեց Արփենը, վերադարձավ անկողին։

- Ո՞վ էր տղամարդը, նա բռնեց իմ ձեռքը, քիչ էր մնում սրտաճաք լինեի, դու ասում ես ինչա՞ իլալ, հետաքրքիր կին ես,- Ադելը սկսեց լաց լինել։

- Քնե՛ք, էքուց կիմացվի հով էր,- անտարբեր պատասխանեց Արփենը և շուտով լսվեց նրա անուշ խռմփոցը։ Ես և Ադելը բաց աչքով լույս հանեցինք։

Առավոտը սառն էր ու թաց։ Ողջ գիշեր ամպերը մնացել էին կախված, միայն լուսաբացին տեղ տեղ սկսել էին ծիկրակել խռոված աստղերը։ Մեզ համար սարսափելի օր էր սկսվում՝ ցրտից դողում էինք։ Արփենը մոտեցավ ավտոմատը ուսից կախ գցած մի տղամարդու, ինչ որ բան ասաց և շտապեց հրաժեշտ տալ մեզ։ Ես հայացքս չէի կարողանում կտրել զենքով տղամարդուց, սակայն, երբ շատ մարդիկ հավաքվեցին, եկավ տրակտորը, փոքր ի շատե խաղաղվեցի։

Ես ու Ադելն էինք կին, մնացածը տղամարդիկ էին և երկու երեխա։ Երեխաների ներկայությունը ինձ հանգստացնում էր։ Շուտով բոլորը տեղավորվեցին թափում, վերջում ես և Ադելը նստեցինք։

- Դե ի՞նչ, տեդներդ լավ է՞,- մեզ դիմեց ավտոմատավոր տղամարդը, ապա հետաքրքիր նայեց ինձ, ես վախեցա։ Նա ինձ հիշեցնում էր գիշերվա լուսամուտով փախած կերպարանքին, բայց հրաժարվում էի հավատալ։ Ակամա կուչ եկա։

- Գիտե՞ս նա ո՞վ է,- ականջիս փսփսաց Ադելը։

- Ո՞վ է,- латок-ի հետ վեր փռա ես և հազիվ մնացի թափքի մեջ, ամուր բռնվելով։

- Աղվեսն է, նա ոչ մի բանից չի վախենում։

- Պարզ է,- ավելի կուչ եկա, ամուր կառչելով թափքից, որպեսզի դուրս չթռչեմ զառիվար ու խոշոր քարերով պատված ճամփին։

Շուտով եղանակը փոխվեց, տաքացավ։ Տաքացանք նաև մենք։ Քարքարոտ ճամփան հատելուց հետո, հայտնվեցինք Կուիբաթլուի հարթավայրում։ Տրակտորը կանգ առավ հսկա ծառի տակ։ Բոլորը թափվեցին ցած։ Ադելի հետ մի պահ մնացինք շվարած, ապա հետևեցինք փարթամ այգիների միջի նեղ արահետով քայլող տղամարդկանց շարքին։


воскресенье, 22 ноября 2020 г.

 

Ադելը վաղ եկավ։ Բոված գարիով պատրաստած «սուրճ» խմեցինք։ Այնուհետև նա պատմեց առաջին հարկի  գորիսեցի ընտանիքի մասին, ասելով թե կնոջը՝ Արփենին ճանաչում է, որպես համագյուղացի և  ըստ կնոջ պատմածի Գորիսը արդեն ազատագրված է և էլ ավելին՝ թեժ մարտերից հետո, ազատագրվել է նաև «Կուբաթլուն»։ Կինը պատմել էր, որ այնտեղ բերք ու բարիքը անտեր թափված է փողոցներում, քանի որ  տերեը փախել են հայկական ջոկատների հարձակումներից։

Ինձ համար անսպասելի, նա առաջարկեց, որպեսզի գնանք Կուբաթլու միրգ ու բանջարեղեն բերենք։ Նաև զարմացա նրա առաջարկին, քանի որ այն պետք է որ շատ ծանր լիներ երկու կնոջ համար, առավել ևս պետք է մի քանի տրանսպորտ փոխեինք նախ այնտեղ հասնելու համար, իսկ հետո վերադառնալու։ Ինչևէ, նազ ու տուզ չարեցի՝ համաձայնվեցի։ Քանի որ ուտելիք չունեինք ճանփի հաց վերցնելու, ուստի վերցրեցինք երկու մեծ պարկ, ճամփա ընկանք  (ասեմ որ ճամփին մտքափոխվեցինք և որոշեցինք, հիմնականում նուռ հավաքել)։ 

Դռվարություններով հասանք Գորիս։ Ադելը վախենալով,ցանկացավ գաղտնի պահել հարազատներից մեր Գորիս գնալը։ Արփենը մեզ ընդունեց սառը, իսկ հաջորդ նախադասությունը եղավ․ 

- Ես ձեզ հետ կյամ չեմ,- ես շվարած, ավելի ճիշտ վախեցած նայեցի Ադելին, իսկ նա զայրացած վրա տվեց անյուրնկալ համագյուղացուն, թե էդ ո՞նց կլինի, այսքան ճամփա ենք կտրել եկել, նորից ձեռնունայն ետ գնա՞նք։

-  Հինչ անեմ,- ուսերը թոթովելով, անտարբեր պատասխանեց կինը, ապա ավելացրեց,- Հարևանը քինմա, ոզմեք, ասեմ, հետերը քյացեք,- նորից շվարած մենք իրար մտիկ արեցինք

 - Էդ հովա՞, ես ճնհանչըմ չե՞մ,- հետաքրքրվեց Ադելը։

- Խի՞ ճնհանչըմ չեժս՝ Աղվեսը- Կնոջ պատասխանից Ադելը գունատվեց, բայց ոչինչ չպատասխանեց, միայն գլխով արեց, քանի որ այլընտրանք չունեինք։

Ողջ օրը սև ամպերից անձրև էր թափվել «Գրադով» քարուքանդ եղած Շինուհայրի վրա։ Բակում, աղբյուրի տակ լվացինք մեր ցեխից ծանրացած կոշիկները, ներս մտանք՝ չորս երեխաները մութ ու անհյուրընկալ սենյակում, երկաթե հին մահճակալին շարվել էին, ժլատ կրակով բոցկլտացող վառարանի շուրջը, իսկ մյուս պատի տակ դրված հին բազմոցի մեջ մխրճված էր տանիքից ներս ընկած չտրաքած «Գրադը»; Օրը շուտ մթնեց՝ մութը գնալով թանձրացավ, վերածվեց անթափանց խավարի, Որով էլ մոռացվեց «Գրադի» ներկայությունը։

                                                                                                              շարունակելի  

суббота, 21 ноября 2020 г.

Հանրակացարանում բոլորս միահամուռ վատ էինք ապրում։ Բաքվեցիները խոսում էին ռուսերեն, թարմ տեսք ունեին և նվաստներիս նայում էին որպես մեղավորի։ Նրանք ոչ ոքի հետ հարևանություն չէին անում, միաժամանակ գործերը պատրաստում էին Մոսկվայի միջնորդությամբ, արտերկիր տեղափոխվելու համար։ Շատ կենվորների համար անհաս երազ էր այդ շենքից դուրս գալը, ուր մնաց արտերկրի մասին երազելը։

Շուտով նրանց գործերը ստացվեց և նրանք սկսեցին վաճառել անձնական իրերն ու հագուստները։ Ինձ բաժին հասավ մի քանի մանկական շրջազգեստ, բայց շուտով այն դուրս մնաց մեր կյանքից, այդպես էլ չիմացա ի՞նչ եղան այդ շորերը։

Ժամանակը հոսեց, իր հետ Ամերիկա տանելով բաքվեցիներին, իսկ մի քանի ընտանիքներ վերադարձան իրենց հայրենի գյուղերը։ Շուտեվ հանրակացարանում մնացին ամենանաճարները, որոնց թվում հայտնվեցի նաև ես։ Գոյատևելու հնարք գտնելը դարձավ գլուխկոտրուկ և յուրաքանչյուրը փորձում էր յուրովի գտնել այդ խնդիրը։

Դիմացի հարևանուհիս Ադելն էր, ընտանիքով եկել էր Գորիսից, բայց մնացել էր երեխայի հետ, քանի որ ամուսինն էլ շատ ամիսներ առաջ, շատերի պես մեկնել էր արտագնա աշխատանքի, անհետ կորել։ Ադելը գուցե հոգու խորքում տխրու՞մ էր, բայց երեբեք ցույց չէր տալիս։ Նա կենսուրախ էր, բայց աչքերը այլ բան էին ասում՝ թախիծը դրոշմվել էր կանաչ աչքերի մեջ և հաճախ քայլում էր արագ ու գլխահակ, կարծես թաքցնելու անզորությունը։

Ադելի որդին երեք տարեկան էր, իմ աղջիկը հինգ։ Ապրում էինք վաղվա օրով, ամեն աստծո օր սոված՝ լավագույն դեպքում կիսասոված անկողին մտնելով։

Հոսանքը, վառելիքը, ուտելիքը, կարծես ֆիդայինները իրենց հետ տարել էին պատերազմ, բայց երբեք չէինք նեղվում կամ բարձրաձայնում՝ յուրաքանչյուրը լուռ սպասում էր կռվի ավարտին, երբ կռվող տղաները պիտի ետ բերեին իրենց հետ տարածները, բայց ,ավա՜ղ, ոչ նրանցից շատերը ետ եկան, ոչ էլ տարածը ետ բերեցին և մենք մնացինք հավերժություն թվացող մթի, ցրտի, սովի ճիրաններում․․․

                                                                                                          շարունակելի

пятница, 20 ноября 2020 г.


Անցյալն էլ մի բան չէր


 Վատ տարիներ էին։ Ոչ հաց կար ուտելու, ոչ վառելիք կար տաքանալու։

Եթե մի ժամանակ ժամանակավոր կացարանների համար մարդիկ հերթ էին կանգնում, որտեղից էլ բնակարան ստանալով հեռանում, ապա այդ տարիներին նման կացարանները մատնվել էին անտերության և ոչ ոք այլևս չէր հիշում այնտեղ օր մեռցնողների մասին և ոչ ոքի նրանք պետք չէին, բացի հետագայում ընտրություններին, որպես գլխաքանակ ձայնի տեսքով։ Ոչ ոք չէր վիրավորվում, ոչ ոք այլևս ոչինչ չէր պահանջում։ Աստիճանաբար նրանք վեր էին ածվում իսկապես գլխաքանակի և մշտապես սնվում էին ընտրությունից ընտրություն նոր ու գեղեցիկ խոստումներով, համեմված լուսավոր ապագայի շղարշով։ 

Իմ ապրած ժամանակավոր կացարանը ժամանակին ծառայել էր որպես բանտ։ Տարիներ հետո այդ անշուք շենքը ցեմենտբետոնով մի քանի մետր ավելացրել էին, որպես լվացարաններ և զուգարաններ նոր կենվորների համար՝ նրանք եկել էին տարբեր շրջաններից և գյուղերից՝ հիմնականում նորաստեղծ կարիքավոր ընտանիքներ էին՝ (հանրակացարանին կից շինտրեստում կատարում էին բանվորական աշխատանքներ, միաժամանակ մեկը մյուսից թաքուն, ինչպես ընդունված էր այն ժամանակ ասել՝ գործ էին տալիս կառավարչին, փոխարենը ստանալով կամ պահակի աշխատանք կամ մի քանի ավել կոպեկ)։ Երբ փլուզվեց սովետը, համարյա բոլոր ընտանիքները սովի մատնվեցին և սկսեցին այլ ելք փնտրել, սակայն միայն մի քանի հոգու հաջողվեց մեկնել արտագնա աշխատանքների, իսկ շատերին գյուղից ծնողները, երբ հարմար մեքենա կամ որևէ տրանսպորտ էր պատահում, մթերք էին ուղարկում, որպեսզի իրենց երեխաները գոյատևեն։ Ընտանիքների կանայք սկսեցին հաց թխել ու վաճառել, ոմանք ոչինչ չարեցին, պարզապես դատապարտվեցին կիսասովածությանը և այն շուտով դարձավ քրոնիկական։ Շատ երեխաներ գլխապտույտի պատճառով օրերով դասի չէին գնում, մյուսները կոշիկ չունենալու․․․ Այս ամենին շուտով ընտելացանք, այն դարձավ մեր կյանքը՝ իսկապես մարդը վատին արագ է ընտելանում և բոլորս ընտելացանք։ Ընտելացանք անշուք ու մութ օրերին, ընտելացանք անտառից ձների միջով ծանր վառելափայտ քարշ տալուն։ Այս ամենում ամենասարսափելին եղավ ոչինչ չանել ու սպասել օգնության՝ այն տրվում էր ամիսը մեկ անգամ՝ բուսական յուղ, շաքարավազ, ալյուր, լոբի, իսկ շատ երբեմն էլ մի կտոր հագուստ յուրաքանչյուր երեխային։

Չնայած Բաքվից չէի, բայց Բաքվից մազապուրծ փախած մի քանի ընտանիքների հետ ես էլ հայտնվեցի նախկին բանվորական հանրակացարանում, որտեղ ապաստան գտան նաև Սպիտակի երկրաշարժից տուժած մի քանի ընտանիքներ։ Այդ անշուք շենքում  բոլորս հայեր էինք, բայց տարբեր նիստ ու կացով՝ իրար օտար ու անտանելի (հաճախակի կռիվներն ու վեճերն այդ էին վկայում)․․․

«Հիմնական կենվորները» բացահայտ կերպով ցույց տվեցին իրենց անհանդուրժողականությունը Բաքվից եկածների նկատմամաբ, համարյա նույն բախտին արժանացան երկրաշարժից տուժածները և նրանք սկսեցին ելք փնտրել, չնայաց Բաքվեցիներին ապահովեցին աշխատանքով, բայց տիրող մթնոլորտը թույլ չտվեց երկար մնալու հանրակացարանում․․․ Համարյա նրանց կարգավիճակում էի նաև ես, քանի որ եկել էի արտերկրից։

Իմ վիճակն ավելի ծանր էր՝ աշխատանքը ինքս պետք է հայթհայթեի, սակայն , ինչպես հասկացանք անհնարինը անհնար է նաև գտնել և  երեխայի հետ հայտնվեցի կիսասովածների շարքում (հա, ասեմ որ այնտեղ անհոգ ու կուշտ էին միայն Բաքվից եկածները՝ նրանք պետության հոգածության տակ էին, իսկ մյուսները ճակատագրի)․․․

                                                                                     շարունակելի














 



среда, 18 ноября 2020 г.

 Խաղաղ ժամանակ չենք սիրում մեր երկիրը, այնպե՛ս չենք սիրում, որ այդ ատելության թե անտարբերության ուժից հզորանում է թշնամին և կամակոր ջղաձգվելով ուզում է շորթել մեր սահմանները․․․

Երկա՜ր մեկ ամիս է՝ ձգվող ու անհանգիստ, անսիրտ ու անողոք ամիս․․․ Մրսում են բոլորը, մրսում են անողոք ցրտից, կուչ են գալիս սրտերը, վախեցած ու ճմլվող սրտերը․․․

Մեկ ամսվա մեջ հազար անգամ  մի բուռ դարձան, գիշերները բաց աչքով լույս բացեցին։ Սպասումը քանդում է անդորը, կուլ է տալիս հանգստությունը և հազարավոր սրտերի թրթիռներ նմանվում են դոփյունի՝ զինվորական դոփյունի․․․

суббота, 10 октября 2020 г.

 Մարդը տխրել է՝ մերթ դուրս է նայում,

Մերթ շալակն առած հոգսը մտմտում,

Իսկ աշունն ամենուր ոսկի է ցանում

ՈՒ երգում երգը քամու բերանով պաղ ու անտարբեր․․․

                        ․․․

Քամին ծածուկ քշեց տարավ տապը ամռան,

ՈՒ ետ գալուց հետը բերեց զովը պաղած,

Թռչունների չուն երկնքում, անձրև առատ,

Գունատ արև սառած շողքով՝

Մի՞ թե աշունն է արթնացել քամու շնչով․․․

                     ․․․

Ճերմակ արև, փաթիլ ձյունի,

Կախվել ճերմակ ամպի ծերից

Եվ ուզում է գլորվել ցած,

Բայց արևը վեր է  քաշում, թողնում կախված․․․

                      




четверг, 27 августа 2020 г.

 Մարդն ընդդեմ մարդկության  (մաս - 59)

Կորին թռչունին բաց թողեց, պոչատ սիրամարգը կռնչալով դուրս թռավ պատշգամբից։ Նաթիի ձեռքից վայր ընկավ զենքը։ Անհետացավ ոսկեզոծ սրահը, նրանք հայտնվեցին բաց երկնքի տակ՝ հրապարակում։ Ադամանդը ձեռքը տարավ ճակատին․ թանկագին քարը սառը թվաց։ Նա իջեցրեց չալման, նայեց․ այն վեր էր ածվել հասարակ գլխարկի, իսկ թանկագին քարը նրա ձեռքի մեջ դարձավ խոշոր ջրի կաթիլ և գլորվելով ընկավ հրապարակի եղյամի վրա։ Եղյամը թխկաց, թվաց՝ սառույցը կոտրվեց։ Ձայնը կրկնվեց ողջ մեգապոլիսով՝ վերածվելով աղմուկի։ Կարծես քաղաքը շարժվեց։ Եղյամից սկսեցին անջատվել կաթիլներ, որոնք անհետանում էին՝ առանց գետին հասնելու։ Երևացին ռոբոտ-զինվորները։ Նրանք անտարբեր մնացին, երբ անցնում էին մարդկանց կողքով։

-         Չարը կոտրվեց,- ուրախացած արտասանեց Կորին։

-         Մենք ընդամենը հիմք դրեցինք բարու հաղթանակին, իսկ ամեն ինչ դեռ առջևում է,- պատասխանեց Մարկոսը, երբ Կորին բացում էր նրա կապանքները,- Նրանք մնացին որպես արյան համ առած, և մարդը միշտ նրանցից կզգուշանա,- եղրակացրեց Մարկոսը։ Նրանք ուղղվեցին միայնակ տան կողմը։

-         Գրողը տանի´, ի՜մ ադամանդը,- բղավեց Ադամանդը, երբ վերջնականապես այն ջուր դարձավ։

Հայտնվեց Սատանան։

-         Ինչու՞ այսքան վաղ հիշեցիր ինձ, արդեն կատարե՞լ ես մեր պայմանը,- խոսեց նա։

-         Ո´չ, ես ոչինչ էլ չկարողացա անել, քանի որ իմ խորհրդավոր քարը ջուր դարձավ,- վրդոհված արտաբերեց Ադամանդը։

-         Այդ դեպքում, որպեսզի մնացած կյանքդ չսողաս որպես օձ, քեզ նոր հնարավորություն եմ տալիս։ Դու կդառնաս լուսնի զավակը, կկատարես քո խոստումը՝ այսինքն՝ մեր պայմանը։

-         Ինչպե՞ս,- զարմացավ նա, բայց սատանան անհետացավ՝ թողնելով նրան առանց պատասխանի․․․

Ադամանդը գլխարկը դրեց, անկախ իր կամքից՝ սկսեց պտտվել հոլի պես, իջավ, հավասարվեց գետնին, կանգ առավ, վերածված կուբիկի, սլացավ դեպի լուսինը, որը կարծես սպասում էր՝ կիսով հենված սարի ուսին։ Ռոբոտ-զինվորները հայացքով երկար նայեցին նրա հետևից, ապա շարքով վեր սլացան՝ հետևելով Ադամանդին։ Հեռվից կարծես սև շարքը տարալուծվեց գիշերային լուսատուի մեջ։ Վերջում երկու հոգի միացան շարքին, անհետանալով նրանց հետ․․․

Միայնակ տան բնակիչները ուրախացած հետևուն էին անհետացող եղյամին, միաժամանակ անհամբեր սպասում տան տիրոջը։ Երբ կանաչ ծառուղում երևացին Կորին և Մարկոսը, բոլորը ընդառաջ գնացին նրանց։

-         Մենք հաղթեցի՜նք Ադամանդին, բայց նա մնաց ազատության մեջ,- սկսեց Մարկոսը։

-         Նման ազատությունը հավասար է բանտի,- առաջ եկավ կուչ եկած ու ճերմակած գիտնականը։

-         Գիտնակա´ն, որքա՜ն եք փոխվել,- Կորին զարմացավ,  տեսնելով նրան։

-         Այո´, Զմրուխտե աչք, ժամանակը խժռում է մարդուն՝ սկսելով արտաքինից,- ափսոսանքով պատասխանեց Աբգարը։

-         Կորի´,- առաջ եկավ Վերին, գրկեց եղբորը։

-         Վերջապե՛ս կարողացա գրկել քեզ երկար բաժանումից հետո,- ուրախացավ նա,- Երբ առաջին անգամ հանդիպեցինք, մենք պատանիներ էինք, իսկ հիմա՝ հասուն մարդիկ,- նկատեց Կորին՝ ավելացրեց,- Իսկապես ժամանակը կանգառ չունի․․․

-         Այսուհետ,- խոսեց Մարկոսը,- Մենք պետք է կարողանանք պահպանել  հորիզոնի լույսը, որպեսզի միշտ գոյություն ունեցող չարը չկարողանա իշխել մեր քաղաքին։

-         Մենք ի՞նչ ենք անելու, վերադառնա՞նք մեր տները,- հարցրեց Մալեն առաջ գալով։

-         Բանակը միշտ էլ անհրաժեշտ է սրահի լույսն անմար պահելու համար, բայց, եթե ուզում եք վերադառնալ, չեմ արգելում, դուք ազատ եք ձեր ընտրության մեջ,- պատասխանեց Մարկոսը։

Զինվորները շարք կանգնեցին։

-         Շարունակում ենք ծառայել բարի գործին,- միաբերան հնչեց նրանց շուրթերից։

Մարկոսը ժպտաց։ Կորին աննկատ անհետացավ շարքերի մեջ։ Հանկարծ բոլորը վեր նայեցին, երբ նա, Վիվիին գրկած, սլանում էր մեգապոլիսի  երկնակամարով․․․

 

 

 

 

 

 Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 58)


Դամբարանի դռնից երևաց շարքի սկիզբը։

-         Դեպի´ քաղաք,- հրամայեց Ադամանդը,- Ոչնչացնե՛լ կամ ինձ մո´տ բերել Զմրուխտե աչքին։

Ռոբոտ-զինվորների շարքերը դուրս եկան։ Վերջում բանակին հետևեցին Ադամանդը, պրոֆեսորը և Նաթին։ Նրանք շարվեցին ամբիոնին՝ այնտեղից հետևելով հրապարակում շարված ռոբոտ-զինվորների ստվար շարքերին։

-         Իմ բանակից հրապարակը սևացել է, մի՞թե քիչ է,- հիացած սկսեց Ադամանդը՝ հայացքը սահեցնելով շարքերով,- Դեպի´ քաղաք,- լսվեց Ադամանդի հրամանը, քիչ հետո  հրապարակը դատարկվեց։

-         Ադամա´նդ,- լսվեց հեռվից։

Նրանք զգաստացած նայեցին շուրջը։

-         Մի´ փնտրեք, ես այստեղ եմ,- լսվեց շատ մոտիկից։

Նրանք վեր նայեցին՝ դրոշի մոտ կանգնած էր Կորին։

-         Ա՜, Զմրուխտե՜ աչք, տեսու՞մ ես՝ ամենակարողիս համար փակ դուռ գոյություն չունի,- ինքնավստահ գոչեց Ադամանդը։

-         Այո´, պարզվում է բացի ինձանից, նաև ձեր համար փակ դուռ գոյություն չունի,- պատասխանեց Կորին, փորձեց վեր սլանալ, սակայն լսվեց պայթյուններ, աղմուկ և աղաղակ, նա մնաց տեղում կանգնած։

-         Դուք ձեր վերջին ուժերն եք շպրտել քաղաք։ Ես մոխրի կվերածեմ ձեր վերջին հույսը, և այն կծխա մոխրակույտերում,- ըմբոստացավ Կորին։

-         Ո´չ, դու հակառակն ես նկատել, քանի որ ինքդ ես Մարկոսի վերջին հույսը, իսկ իմ անպարտելի բանակը շուտով նաև քո վերջը կտա,- քմծիծաղեց Ադամանդը- Չգիտեմ թե ինչպե՞ս, բայց ուրվականների անհետանալը ևս իմ սրտով է։

-         Եթե անհետացել են անկառավարելի ուրվականները, ձեզ չի՞ թվում, գուցե անհետանաք նաև դուք՝ բոլորդ՝ այն կռնչան սիրամարգի հետ միասին․․․

Ադամանդը լսածից ձգվեց, ակամա նայեց պրոֆեսորին,- Նա ինչ որ բա՞ն գիտի,- շփոթված շշնջաց նա։

-         Միայն ոչ դա, այլապես մեր կործանումն անխուսափելի է,- անհանգստացավ Բենը ևս։

-         Ադամա´նդ, տեսե´ք թե ինչպես եմ ճախրում,- գոչեց Կորին, սկսեց սավառնել, անսպասելի նորից հայտնվեց հրապարակում, վազեց, վազքի հետ բարձրացավ ուժգին քամի, քամու հետ օդում սկսեցին պարել ավազախառը դեղին տերևները։ Նա հայտնվեց դիմացի շենքի տանիքին, նրա աչքերից արձակվեց շանթը, անցավ ամբիոնին կանգնածների միջով։ Այնտեղից  ծուխ բարձրացավ։

-         Օգնեցե՜ք,- աղաղակեցին ձայները։

Կորին սկսեց ծիծաղել։ Ադամանդը առաջ եկավ, դիմելով նրան,- Դու չես կարող հաղթել ինձ, եթե անգամ իմ ողջ բանակը մոխրի վերածես,- ինքնավստահ հայտարարեց նա։

-         Կարող եմ՝ անգամ չմոխրացնելով մեկ ռոբոտ-զինվորի,- պատասխանեց Կորին, նրա աչքերի շանթը կրկնվեց, անցավ դամբարանի դռան միջով, նա ներս մտավ, սլացավ աստիճաններով վեր, հայտնվեց ոսկեզոծ սպիտակ սրահում։

Սպիտակ սիրամարգը ճեմում էր այնտեղ։ Տեսնելով Կորիին՝ կռնչալով վեր սլացավ,- Ես կոչնչացնեմ քո աչքերը, և նրանք այլևս չեն փայլի  վտանգավոր լույսով։

-         Մի՞թե, իսկ ես քեզ մոխրի կվերածեմ,- պատասխանեց Կորին, սկսեց վազել սրահով, վազքի հետ բարձրացավ ուժգին քամի, սիրամարգը սրընթաց իջավ կտուցով հարվածեց Կորիին, մինչ նա շանթահար կաներ նրան։

-          Դու չես կարող կռնչան թռչուն,- կատաղեց Կորին՝ կրկնելով շանթը։

Այն անցավ՝ այրելով թռչունի փետուրները, բոցը մոխրի վերածեց նրա գեղեցիկ պոչը։

-         Իմ գեղեցիկ փետուրներն այրվեցի՜ն, ես քո աչքերը կհանեմ,- բղավեց թռչունը, ուզեց հարձակվել նրա վրա, բայց Կորին կարողացավ բռնել թռչունի ոտքերից։

Այդ ընթացքում ներս ընկան Ադամանդը և Բենը։

-         Զմրուխտե՛ աչք, բա´ց թող թռչունին, այլապես նա կմեռնի,- հրամայեց Ադամանդը։

-         Ո՞վ,- Կորին վախեցած նայեց նրանց կողմը։

Ներս մտավ Մարկոսը՝ Նաթիի ուղեկցությամբ, զենքը պահած նրա գլխին, ձեռքերը կապոտած։

-         Բա´ց թող թռչունին,- հաղթողի տրամադրությամբ կրկնեց Ադամանդը։

-         Կանա´չ աչք, մի´ լսիր նրան, դու չգիտես, թե ինչ արագությամբ է անհետանում մեգապոլիսի եղյամը,- խոսեց Մարկոսը՝ չթաքցնելով ուրախությունը,- Քանի որ դու կարողացել ես մոխրի վերածել նրա պոչը։ Բա´ց թող նրան, նա այլևս սովորական հավ է,- հեգնեց Մարկոսը։

воскресенье, 12 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության մաս - (57)


Դուրս գալով զնդանից՝ Ադամանդը առաջինը շտապեց պատշգամբ, անհանգստացած նայեց քաղաքին։
-          Ու՞ր են անհետացել ուրվականները,- , զարմացավ նա,- Մի՞թե իսկապես նա ուժեղ է ինձանից,- տեղը չգտնելով, շտապեց դուրս,- Ո՞վ կա այստեղ,- ձայն տվեց  նա, ընդառաջ դուրս եկան սևազգեստները։
-         Դեպի՛ վեցանկյուն,- հրամայեց Ադամանդը՝ ինքը համարյա վազելով դեպի մեքենան։
Երբ նա ներս ընկավ, պրոֆեսոր Բենը նստած էր սեղանի մոտ, իսկ Նաթին նրան խմիչք էր մատուցում․․․
-         Ահա´, թե ինչու՞ էիք փորձում ազատվել ինձանից,- տեսնելով ակամա հունից դուրս եկավ նա։
Բենը զարմանքից քար կտրած դանդաղ ոտքի կանգնեց։ Նաթիի ձեռքից վայր ընկավ խմիչքի շիշը․․․,- Դու՞ք,- հարցրեցին միաժամանակ։
-         Այո ե՛ս, զարմացա՞ծ եք- վրդոհված պատասխանեց նա, անցավ առաջ, կանգնեց պրոֆեսորի դիմաց,- Անհետացել են ուրվականները, դուք տեղյա՞կ եք։
-         Ո՛չ,- կրկնակի զարմանքից Բենի հոնքերը վեր բարձրացան, նա նայեց ուղիղ Ադամանդի աչքերի մեջ,- Գուցե սխալվու՞մ եք։
-         Սխալվու՞մ եմ։ Ես երբեք չեմ սխալվում։ Սխալվեցի՛ք դու՛ք, երբ ինձ լքեցիք՝ թողնելով այնտեղ,- նյարդայնացած բղավեց Ադամանդը, ցուցամատով ցույց տալով դեպի ներքև։
-         Մենք այլընտրանք չունեինք, դուք գիտեք՝ ինչի է ընդունակ Կանաչ աչքը,- փորձեց արդարանալ Նաթին։
Ադամանդը խեթ նայեց նրան, շարունակեց․
-         Շտապ պետք է հրապարակ գնալ, կարգավորել բանակը, այլապես, իսկապես, եղյամի ճաքն անխուսափելի կլինի։
Նրանք մի պահ երևացին հրապարակի ամբիոնին, նայեցին քաղաքին, անմիջապես ներս մտան։
-         Ինչպե՞ս կարող էին անհետանալ,- զարմացած, շարունակ կրկնում էր պրոֆեսորը։

-         Քառակուսի՜ գլուխ,- ձայն տվեց Ադամանդը։
Ոչ ոք ընդառաջ չելավ նրանց։
-         Պարզվում է՝ իսկապես, ուրվականներն անհետացել են,- մրմնջաց Բենը,- Միայն չեմ կարողանում հասկանալ, թե ինչպե՞ս,- նա լռեց, նայեց Ադամանդին,- Կարծես գլխի եմ ընկնում,- հանկարծ ոգևորվեց նա։
-         Եվ ինչպե՞ս,- անտարբեր հարցրեց Ադամանդը
-         Մի՞թե պարզ չէ՝ Կանաչ աչքը՝ ահա´ և պատասխանը,- ձեռքերը տարածեց պրոֆեսորը։
-         Այնպես ոգևորվեցիք, կարծես նոր մոլորակ հայտնագործեցիք,- հեգնեց Ադամանդը,- Ես էլ գիտեմ այդ սևամորթի ձեռքի գործն է, բայց ինչպե՞ս։
-         Ի՞նչ տարբերություն, ինչպես,- ուսերը վեր քաշեց Նաթին։
-         Այդ դեպքում պետք է մարտի հանել ողջ բանակը, թո´ղ այդ աֆրիկացին հասկանա, թե ու՞մ հետ գործ ունի,- բորբոքված համարյա բղավեց Ադամանդը։
-         Այո´,- անվստահ պատասխանեց Բենը,- Ես պետք է սկզբից կանխեի ուրվականների մուտքը մեգապոլիս։
-         Դրանից ի՞նչ կփոխվեր։
-         Նրանք, շարքից հանելով ռոբոտ-զինվորներին, ակամա օգնեցին մարդասերին,-  ափսոսանքով նկատեց Բենը,- Ինչևէ, շարի´ր բանակը, պետք է կարողանանք վերացնել Կանաչ աչքին, այլապես նրա առավելությունն ակնհայտ է դառնում։
-         Առանց ուրվականների ավելի հեշտ է հաղթել նրան, չէ՞ որ քաղաքը սպիտակ է հագել մինչև նրանց ի հայտ գալը,- ոգևորվեց Ադամանդը, հաղթողի կեցվածք ընդունեց, երկու մատով համբույր դրոշմեց ճակատի քարին։


суббота, 11 июля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 56)


Ծանր դռերը իրար եկան, աղմկելով փակվեցին։ Իշխող խավարն իր մեջ առավ Ադամանդին։ Նա ահաբեկված սկսեց հարվածել երկաթյա դռներին։
-         Բա´ց արե՛ք, Նաթի´, Բե´ն,- ոչ ոք չպատասխանեց։
Հանկարծ նա ետ քաշվեց դռներից, խաղաղվեց, սկսեց տնտղել խավարը, կարծես ինչ որ բան էր փնտրում, երկու մատներով համբույր դրոշմեց ճակատի ադամանդին, մրմնջաց․
-         Լուսավորի´ր իմ շուրջը, դու փայլում ես ցերեկը, փայլի´ր նաև երբ մութ է։
Թանկարժեք քարը սկսեց աղոտ լուսավորել, բայց հանկարծ նորից տիրեց անթափանց խավարը։
-         Որտե՞ղ ես  Ձյունահեր, ու՞ր ես կորել,- հուսահատված ձայն տվեց նա։
-         Այո´, Ադամա´նդ,- հայտնվեց սիրամարգը, սպիտակ լույսը տարածվեց  զնդանում,  Ադամանդը ուշադիր նայեց  թռչունին։
-         Դու նույնպե՞ս, ինչպե՞ս ես տանուլ տվել քո գեղեցիկ փետուրները, մի՞թե վերջն է,- տեսելով սիրամարգի խանձված փետուրերը՝ կատաղությունից բղավեց նա,- Ես պետք է դուրս գամ այստեղից, ես պարտավոր եմ ոչնչացնել այդ փսլնքոտին։
-         Դու դուրս կգաս այստեղից՝ կանխելու վերահաս պարտությունը- ասաց թռչունը, անհետացավ, նորից տիրեց խավարը։
-         Ինչպե՞ս, գրողը տանի քեզ,- մենակ մնալով՝ նա գազազեց, սկսեց ոտքերը գետնին խփել։
-         Այո´, Ադամա´նդ,- այս անգամ հայտնվեց Սատանան,- Ինչու՞ հիշեցիր ինձ,- նա կանգնեց Ադամանդի դիմաց։
-         Վերջապես ինձ դուրս կհանեք՞ այստեղից,-  հարց տվեց նա, զսպելով ցասումը։
-         Գուցե,- ոչ այնքան հանգիստ, որքան անտարբեր պատասխանեց սատանան։
-         Նախ լուսավորի´ր այստեղ, որպեսզի կարողանամ տեսնել քեզ;
-         Լույսը իմը չէ, սակայն ցանկության դեպքում խավարը չի խանգարի քեզ, որպեսզի դու ինձ տեսնես։
-         Այո´, ես իսկապես քեզ տեսնում եմ առանց լույսի։ Գիտեմ՝ քեզ համար անհնարին ոչինչ չկա, դու´րս հանիր ինձ այստեղից։
-         Մի՞թե միայն քո կախյալ վիճակն է քեզ ստիպում հիշել ինձ։
-         Այդպես չէ, միշտ էլ հիշում եմ քեզ, ազատի´ր ինձ զնդանից, և ես քեզ վարձահատույց կլինեմ։ Չեմ ուզում մնացած կյանքս անց կացնել զնդանում, ես խավարասեր չեմ։ Անգամ իմ յուրայինները ինձ դավաճանեցին։
-         Ադամա´նդ,- շարունակեց Սատանան,- կյանքը բումերանգ է; Մի՞թե մինչև հիմա այս խավարում կենդանիներ էին փակված։
-         Նրանք արժանի են դրան։ Դու´րս հանիր ինձ, վարձահատույց կլինեմ, երդվում եմ։
-         Այլևս չեմ ծառայում քեզ, քանզի ակնհայտ է քո երախտամոռությունը, կօգնեմ փոխադարձ համաձայնության դեպքում։
-         Խոսի´ր, ցանկացած պայմանում դաշնակից եմ։
-         Կանխի´ր եղյամի ճաքը։
-         Մի՞թե եղյամը ճաք ունի, այն նման է հաստ ձյան շերտի։ Մեր հաղթանակը դեռ երկար ժամանակ ապահովված է,- ինքնավստահ պատասխանեց Ադամանդը։
-         Մի´ մոռացիր, վերադարձել է Կանաչ աչքը։ Անխուսափելի է եղյամի ճաքը։
-         Դա մանրունք է,- ձեռքը թափահարելով պատասխանեց Ադամանդը։-Կանաչ աչքը միշտ էլ կա․․․
-         Մանր թերություններից է ծնվում խոշոր պարտությունը, ահա´ հավաստիացումը,- ձեռքերը տարածեց Սատանան։
-         Իմ հզորության առջև դա իսկապես մանրունք է,- պնդեց Ադամանդը։
-         Հաճախ մեծախոսությունն անզորության նշան է, չե՞ս կարծում։ Մի´ մեծախոսիր, երբ դեռ այստեղ ես։ Վախեցի´ր գաղափարիդ հետևանքից։
-         Ես քո օգնությամբ դուրս կգամ այս զնդանից, և կհամոզվես, թե  ինչպես է իմ խոսքը գործ դառնում։ Դու կօգնես ինձ, այնպես չէ՞,-ավելի մեղմացած հարց տվեց նա,- Չէ՞որ միշտ քո հպատակն եմ եղել։
-         Հպատա՛կ, որում միշտ փայլել է սեփական շահը։ Թվաց՝ հաղթանակդ վերջնական է, փորձեցիր երես թեքել ինձանից, բայց փոխվելով գլխաշորիդ գույնը, փոխվեց իրավիճակը,- նկատեց Սատանան։
Նրա խոսքերից Ադամանդն ակամա ձեռքը տարավ դեպի գլուխը, մրմնջաց ատելությամբ։
-         Ես կոչնչացնեմ այդ սևամորթին։
-         Իսկ կարո՞ղ ես։ Այդ կանաչ աչքերովը միայն ժամանկի առջև է անզոր, որին չի տիրապետում և ոչ ոք։ Այն աննկատ անցնում է բոլորի միջով, լավագույն դեպքում, նրանցից թողնելով անանուն մի տապանաքար։ Մի՞թե դու բացառություն ես․․․
-         Դու անտանելի ես դառնում, դու´րս հանիր ինձ այստեղից,- ակամա հոխորտաց նա։
-         Խոսքս քամուն չեմ տալիս՝ քեզ չնմանվելու։ Այս պահին դուրս կգաս այստեղից։
-         Մի՞թե ես այդպիսին եմ,- վրդոհվեց Ադամանդը։
Սատանան պտտվեց նրա շուրջը։
-         Այսուհետ դժվար կլինի, որքան էլ տքնես․․․
-         Ո´չ, թույլ չե´մ տա կասկածելու իմ ամենակարողության մեջ։ Այդ Բենն ու Նաթին չպետք է վայելեն իմը․․․
-         Գուցե նրանք չվայելեն, կվայելե՞ս արդյոք դու,- նորից շողոքորթ պտտվեց Ադամանդի շուրջը։
-         Դու´րս հանիր ինձ այստեղից,- նորից հունից դուրս եկավ նա։
-         Դու չես կարող այստեղից դուրս գալ ինչպես մյուսները, ինչպես ես։
-         Իսկ ինչպե՞ս, մի՞թե քեզ համար կա անհնարինը․․․
-         Այն ինչ անհնար է, գոյություն չունի ինձ համար։ Այստեղից դուրս գալու համար դու պետք է մտնես որևէ կենդանու կերպի մեջ,- նորից նա մի պտույտ արեց Ադամանդի շուրջը,- Ո՞ր կենդանուն ես նախընտրում։
Մինչ Ադամանդը կհասցներ կողմնորոշվել, սատանան պատասխանեց սեփական հարցին․
-         Նաև ավելացնեմ՝ քո կերպարին և իրավիճակին հարմար է օձը․․․
Ադամանդը խավարի մեջ խեթ նայեց նրան։
-         Մի՞թե․․․
-         Դե ինչ, օգտվու՞մ ես քո միակ հնարավորությունից։
-         Միա՞կ,- սկզբում զարմացավ նա, ապա շարունակեց,- թո´ղ այդպես լինի, լավ է օձ, քան զնդան․․․
Նա մոտեցավ ձեռը հպեց շողացող ադամանդին
-         Պտտվի´ր, ինչպես հոլն է պտտվում։
Ադամանդը սկսեց պտտվել, արագություն վերցնելով՝ բարակեց, այնուհետև իջավ, մի պահ անհետացավ, գետնին հայտնվեց սև օձը։ Նրա գլխին շողում էր սպիտակ ադամանդը։ Նա կանգնեց պոչի վրա, նայեց Սատանային։
-         Դու´րս սողա,- հրամայեց նա՝ ձեռքով ցույց տալով դուռը։
Օձը սողաց, աննկատ դուրս եկավ։ Նորից նա կանգնեց պոչի վրա։ Սատանան հայտնվեց նրա դիաց, քայլեց նրա առջևից, մինչև վերջացան վեր տանող աստիճանները։
-         Ահա´, ելքը, քեզ եմ վերադարձնում քո մարդկային տեսքը և ժամանակ եմ տալիս, ես կվերադառնամ,- ասաց նա, նորից ձեռքը դրեց օձի վրա, նա նույն կերպ սկսեց պտտվել՝ վեր բարձրանալով, հայտնվեց Ադամանդը։
-         Սարսափելի է օձի մաշկի մեջ լինելը,- մրմնջաց նա՝ երկու ձեռքով շոշափելով գլուխը, նայեց վեր տանող աստիճաններին,- Որքան դժվար կլիներ, սողալ դեպի վեր,- ավելի բարձր ձայնով շարունակեց նա, սկսեց բարձրանալ․․․