суббота, 13 апреля 2019 г.

Նա սիրու՞մ էր ամուսնուն, թե վախենում էր մենակ մնալուց(596-րդը)


Ալբանացին ևս մեկ անգամ մանրակրկիտ զննեց իմ անցաթուղթը և, արդեն վարժված նման երևույթի կրկնությանը, ետ վերադարձա, բայց և հոգուս խորքում խռոված նրանից և բոլորից։
Քայլերս ինձ տարան հինգերորդ վրան։ Սևդան շտապ իրերն էր դասավորում, երբ ներս մտա, իսկ երեխան նվվալով հետևում էր մորը՝ փեշից բռնած։
-          Բարի երեկո, ի՞նչ գործի ես,- հարցնելով առաջացա նստեցի,- ցավում եմ կատարվածի համար՝ Նաիրին պատմեց։
-          Շնորհակալ եմ,- պատասխանեց նա, սկսեց լաց լինել,- ուզում եմ գնալ Էլչիմին տեսության։
-          Ե՞րբ, ինչպե՞ս։
-          Մեր ծանոթը մոտիկ գյուղում է ապրում, Եհովայի վկա է՝ նա կտանի։
-          Համոզվա՞ծ ես։
-          Ո՛չ,- տարակուսեց նա՝ գրկելով փոքրիկին, նստեց,- Էլչիմն էր զանգահարել, ասում էր ամեն ինչ արդեն կարգին է, բայց ոտաբոբիկ մրսում եմ։ Կուզենայի տաք գուլպաներ տանել և մի քանի անհրաժեշտ բաներ։
-          Չեմ կարծում՝ խելոք միտք է,- նկատեցի ես,- քանի որ դեռ չգիտես, վաղը ինչ կորոշեն բժիշկները։
-          Այո՛,- նորից աչքերը թրջեց նա,- եթե այդ ռուս կինը չհամաձայնվի, ավտոբուսով կգնամ։
-          Սպասիր, եթե վաղը կամ մյուս օրը դուրս չգրեն, այն ժամանակ էլ կմտածես այցի գնալու մասին, բայց չեմ կարծում երեք օրից շատ կմնա այնտեղ։
-          Նա ասաց տեղափոխել են ավելի հեռու հիվանդանոց։
-          Այդ դեպքում ոչ մի տեղ էլ մի գնա։ Այստեղ՝ հիվանդանոցներում մարդն իրեն լքված չի զգում, իսկ ոտքերը, թող մտնի անկողին՝ լուրջ խնդիր չէ։
-          Այո՛, դուք եղել եք, գիտեք։ Այդ դեպքում չեմ գնա,- ասաց նա և պայուսակը մի կողմ դրեց,- հիմա մենք թեյ կխմենք։
-          Ո՛չ, ո՛չ, այսօր նեղություն չեմ տա, ծանր օր ես ունեցել։
-          Դուք ինձ հանգստացրիք, հակառակը հաճելի է ձեզ հետ թեյելը։
Թեյելուց հետո դուրս եկա, արևի վերջին ճառագայթները հորիզոնը կարմիր էին ներկել։  Վերադարձա վրան, Նաիրին, դեմքը հպած բարձին, քնել էր իր հարկում։
-          Ընթրե՞լ ես,- հարցրի նրան, տեսնելով չի պատասխանում՝ թեթև բոթեցի,- Նաիրի՛։
-          Ի՞նչ կա,- գլուխը ծանր բարձրացրեց նա։
-          Չե՞ս ընթրելու։
-          Ա՜, այնքան հոգնած եմ, անգամ ընթրիքի մասին եմ մոռացել, իմն էլ կբերե՞ք։
Վերցրի իմ ու նրա քարտերը, դուրս եկա։ Նայեցի հորիզոնին, այն արդեն պատվել էր սև ամպերով։

Комментариев нет:

Отправить комментарий