суббота, 27 апреля 2019 г.

Գոգոն (596-րդը)


Մշտական մշուշը նպաստում էր ավելի վաղ մթնելուն։ Ընթրելն ավարտել էի, պատրաստվում էի լրացնել առաջին տետրի վերջին էջը, երբ մեկը ստվերեց ինձ՝ վերև նայեցի՝ Գոգոն էր, որին կյանքում ամենաքիչն էի սպասում՝ ավելի ճիշտ երբեք չէի սպասում։
-          Բարի երեկո,- մաղթեց նա և մնաց կանգնած,  չկողմնորոշվելով, ինչպես իր հսկա  մարմինը տեղավորել սավանապատ կացարանների արանքում։
-          Բարի երեկո,- զարմանքս չթաքցնելով՝ պատասխանեցի նրան։
-          Կարո՞ղ ենք մի քիչ զրուցել,- անհանգիստ շարժում անելով, հարցրեց նա։
-          Լսում եմ,- ավելի զարմացած, լարեցի լսողությունս, ուշադիր նայելով սավանի մյուս կողմից ինձ վրա թեքված Գոգոյին։
-          Այստեղ չէ, դրսում ավելի հարմար է,- շուրջը նայելով՝ նաև իմ փոխարեն որոշեց նա։
-          Այո՛, բնականաբար,- արագ համաձայնեցի՝ ավելի շատ ցանկանալով, որպեսզի նա շուտ հեռանա, քանի որ նկատելի գինովացած էր։ Նրա հետ դուրս եկա բակ։ Անձրևը նոր էր դադարել։
-          Գիտե՞ք՝ որքա՞ն փող եմ ծախսել մինչև այստեղ հասնելը,- առանց նախաբանի՝ սկսեց նա։
-          Իհարկե չգիտեմ,- զարմանքից ուսերս թոթովեցի ես։
-          Դրա համար էլ ուզում եմ իմանաք՝ քսանյոթ հազար եվրո։
-          Իսկ ինչու՞ այդքան շատ,- այս անգամ իսկապես զարմացա լսածից։
-          Նրանք խաբեցին ինձ, սկզբից ընկանք Ֆրանսիա, այնուհետև այստեղ։
-          Այո՜, բավականին թանկ է նստել ձեր վրա այս ճամբարային կյանքը։
-          Գիտե՞ք՝ ինչ փողեր ունեի, երբ աշխատում էի Մոսկվայում, երբ ինձ հարցեր տան, ես անպայման ասելու եմ՝ ես Մոսկվան եմ․․․
-          Դրանով ի՞նչ կշահեք։
-          Թող ինձ ուղարկեն այնտեղ։ Կգնամ նորից իմ ցեխը կաշխատացնեմ։
-       Դե՜, եթե Ռուսաստանում նման հնարավորություն ունեիք․․․- ծոր տվեցի ավելի զարմանքով։
-       Հա՜, կասեմ, թող ուղարկեն Մոսկվա,- կրկնեց վրդոհված զրուցակիցս։
-          Կարծում եմ՝ մեզ ոչ ոք ուժով այստեղ չի բերել։
-          Գուցե չի բերել, բայց նպաստում են, որպեսզի մենք կամավոր գանք։
-           Գուցե։
-          Ես պետք է գնամ,- անսպասելի ասաց նա և օրորվելով քայլեց, միայն այդ պահին նկատեցի՝  նա իսկապես հարբած էր, ոչ գինովացած։

Комментариев нет:

Отправить комментарий