пятница, 26 апреля 2019 г.

Աշխարհի ազգերը նույն շարքում (596-րդը)


Նախաճաշից հետո լրացրի գումարի համար հերթ կանգնածների շարքը։ Հերթի մեջ էր ողջ ճամբարը՝ անգամ երեխաները։  Ամենա ոգևորվածները «Transfer»-ի  հույս ունեցողներն էին։ Ես էլ, վարակված նման հույսով, ամրապնդեցի տեղս շարքում։
Հերթ պահող «սեքյուրիթին» գերմանացի էր, որը հազվադեպ երևույթ էր ճամբարում։ Հիմանականում այլ ազգեր էին, իսկ ավելի ստույգ՝ նախկին ազուլները։ Նա բղավում էր առաջ խցկվողների վրա, բայց ոչ մի կերպ հերթը կարգի բերել չէր կարողանում՝ այն բաղկացած էր երեք շարքից։ Վերջիններից մեկն էի և քանի որ հազիվ թե շուտ հերթը հասներ ինձ, ուստի քայլեցի առաջ՝ իմանալու՝ արդյո՞ք ճաշից հետո շարունակվելո՞ւ է գումար բաժանելը։  «Սեքյութիթին», անզորությունից ամբողջ ուժով բղավեց  դեմքիս․
-          Nein…
Ի՞նչը Nein, ոչինչ չհասկանալով` վախեցած ետ, ետ գնացի, հենվելով պատին, այնուհետև օրորվելով  կանգնեցի տեղս: Մնացի աշխարհից խռոված` իսկ այդ պահին ինձ համար աշխարհը խորհրդանշում էր բղավող «սեքյուրիթին»:
Հերթի մեջ էին մեծ շալով աֆղան տարեց կինը, հարսը, որդին, երեք թոռները, աղջիկը, ամուսինը, փեսան։ Բոլորը, տաք հագնված, ուրախ զրուցում էին, իսկ ամուսնու ձեռքին ընտանիքի «աուսվայսերն» էին։ Նա, հպարտությամբ, ոլորած բեղերով մի գլուխ բարձրությունից նայում էր շարքին և ժպտադեմ շարունակում զրուցել։ Թվում էր՝ այդ ընտանիքի երջանկությունը բավարար համարելու համար պակասում էր շաբաթական նրանց համար սահմանված գումարը տվյալ երեկրի կողմից, որին վերջապես հասել էին գերդաստանով։
Երեկվա եկած սոմալեցի կանայք բոբիկ ոտքերին կրում էին նրբանները ծռված կոշիկներ, իսկ ձեռքերին տաք ձեռնոցներ։ Նրանց մաշկի գույնը թույլ չէր տալիս հասկանալու՝ արդյոք մրսու՞մ են, թե պարզապես երկար ծիծաղելուց ցնցվում են։
Հերթի մեջ ամենատխուրն ադրբեջանցի Էլմիրան էր։ Նա սրտի տրոփյունով սպսում էր  «տրանսֆերի», այսինքն գումարի պակասեցնելուն, որպեսզի երեխաներին առներ ու գնար ամուսնու մոտ, որի հասցեն ցավոք անհայտ էր։
Վերջում կանգնածներս հետևում էինք առջևինների դռնից դուրս գալուն և, առանց հարցնելու, պարզ էր դառնում, թե ով էր վերջապես ճամբարը լքելու։ Տեղափոխվողների դեմքերը փայլում էին, իսկ հետները քարշ էին տալիս նոր ստացած մեծ պայուսակ կամ ճամպրուկ՝ նայած ով ինչ էր նախընտրում։ Երևաց նաև վրացի ընտանիքը․ չնայած ճամպրուկով, բայց նրանք տխուր ու գլխահակ էին։ Էլչիմը նույնպես դուրս եկավ մեծ ճամպրուկով՝ առանց ոգևորության։ Նա ամեն օրվա պես քայլեց վրանի կողմը։ Միայն նորեկներն էին ուրախ գումարն ամբողջությամբ ստանալու համար, մեկ էլ աֆղանները։
Ես նույնպես դուրս եկա երեսուներկու եվրոյով՝ առանց ճամպրուկի։

Комментариев нет:

Отправить комментарий