вторник, 23 апреля 2019 г.

Վրացուհին տխու՞ր էր թե անտարբեր (596-րդը)


-          Գալի՞ս եք, մենք խանութ ենք գնում,- նախաճաշից հետո մոտենալով, հարցրեց Նաթոն։
-          Այո՛, վաղուց չեմ եղել այնտեղ,- ոգևորված և ուրախացած պատրաստվեցի։
Որքան էլ եղանակը ցուրտ լիներ, իսկ մեր հագուստը՝ բարակ,  միայն  մեր դեմքերն էր սառչում, իսկ  քայլելը  օգնում էր չմրսել։ Ճանապարհին համարյա քայլում էի երեխաների հետ՝ Նաթոն և Գիոն միշտ մի քանի քայլ առաջ էին իրար թև ընկած․․․ Ակամա սիրտս կծկվում էր, երբ Նաիրիի ուսապարկը տեսնում էի Գիոն կրելիս։
-          Գիտե՞ք, Նաիրին էր զանգահարել,- ասաց Գիոն, հավասարվելով ինձ։
-          Եվ ի՞նչ, տեղը լա՞վ է,- հետաքրքրվեցի ես, որքան էլ վատ զգայի, որ նա  այդպես էլ չցանկացավ զանգահարել ինձ։
-          Այո՛, ասում է բավականին հաջող տեղ է, արդեն փոքր «ինտերվյուն» տվել է։
-          Միայն ուրախ եմ նրա համար, գուցե ինչ որ բան ստացվի նրա մոտ։
-          Մենք էլ չգիտենք, թե մեզ ուր կտանեն,- նկատելի տխրելով շարունակեց նա։
-          Վաղ թե ուշ բոլորիս էլ հերթով տեղափոխելու են, տխրելու հարկ չկա։
-          Իհարկե, այստեղից դուրս գալը հաջողություն է, պարզապես տխրեցնում է անհայտությունը, թե ուր կտանեն։
-          Այո՛, համամիտ եմ, բայց Նաիրին էլ չէր ուզում գնալ, պարզվում է՝ վատ տեղ չի ընկել։
-          Տեսնենք,- խորը հոգոց հանեց Գիոն, ուղղելով ուսապարկը։
Երեխաները վազելով մեզանից անցան։
-          Ալեքսանդրե՜, Դալի՜,- նրանք մոր ձայնից կտրուկ կանգ առան,- Մեզ հետ քայլե՛ք։
-          Դպրոցու՞մ եք ռուսերեն սովորել,- հետաքրքրվեցի ես։
-          Ո՛չ, մեզ մոտ ռուսերենը մղված է ետին պլան, տանն եմ սովորել, հիմնականում հեռուստացույցից,- բացատրեց Նաթոն։
-          Երևի շատ ջանք եք թափել։
-          Այո՛, դժվար էր, դրա համար էլ շատ վատ եմ խոսում։- Նա ժպտաց, որը հազվադեպ երևույթ էր։
Շուտով հասանք մարկետ,  նրանք բաժանվեցին։ Ես մնացի պատահական մի բաժնում։ Գնումներ կատարելուց հետո,  այլևս չկարողացա գտնել նրանց, դրսում մի քիչ սպասեցի, քայլեցի դեպի ճամբար։ Վրացի ընտանիքը ճամփին երևաց, ինձանից բավականին առաջ ընկած։ Արդեն բարձրանում էի դեպի վեր ճամփան, երբ Նաթոն ետ նայեց,
-          Եկա՞ք, մենք ձեզ ներսում չգտանք։
-          Ահա՛ և ես,- հավասարվելով նրանց՝ միայն ժպտացի, իսկ նա շարունակեց քայլել տխուր թե անտարբեր, որը երբեք չէի կարողանում տարբերել։ Նա մենակ չէր՝ ընտանիքի հետ էր, խոսում էր անգլերեն, ռուսերեն, գեղեցիկ էր ու հմայիչ, բայց չէր ժպտում, դստերը բացահայտ տանել չէր կարողանում․․․Երբեմն ինձ թաքուն թվում էր, թե այդ երեխան նրան չէր, բայց երբ գոռում կամ ծեծում էր, հասկանում էի, որ «հարազատ» դուստրն է։  
Որոշեցի այդուհետ  գնումների ևս մենակ գնալ։  Մենակ քայլելն էլ իր առավելությունն ուներ՝ ճանապարհին վեր էի ածվում սովորական միայնակ անցորդի, իսկ ամենամեծ առավելությունը՝ մեքենաներից գլուխներ դուրս չէին ցցվում, և իմ կողմը թքողներ չէին լինում։

Комментариев нет:

Отправить комментарий