четверг, 30 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 13)

Լսվող աղմուկից, Աբգարն անհանգստացած մոտեցավ լուսամուտին,- Ամեն ինչ խառնվեց իրար,- մրմնջաց նա, տեսնելով քաղաքից բարձրացող ծուխը։ Շտապեց դուրս գնալ։ Հրապարակում ոչոքի չգտավ։ Տարակուսած նայեց փակ պատին, բայց սիրտ չարեց մոտենալ։ Քիչ հետո նրան միացավ Մարկոսը։
- Այստեղ ձեզ համար այնքան էլ անվտանգ չէ,- նկատեց Աբգարը։
- Այժմ դա կարևոր չէ,- տխուր պատասխանեց Մարկոսը,- Այս ամենն այնքան անսպասելի էր, ինչու, այս անգամ ի՞նչ է որոշել այդ մարդատյացը։
- Այնքան էլ անսպասելի չէր,- տարակուսեց Աբգարը,- Նա նման կերպով ուզում է տղաներին ետ տանել։
- Կարծես նա սկսել է շատ բաներ ուզել։ Նմանների համար կանգառը վերջինն է լինում։ պարզապես պետք է վնասազերծել նրան։ Որտե՞ղ է Կորին։
- Չգիտեմ,- բազմանաշանակ պատասխանեց գիտնականը, հայցքը փախցնելով։
Հրապարակ մտավ ամենագնացը, իջավ Ադամանդը։
- Ահա՛ բարեհաճեց մեծ մեղավորը,- թաքուն վրդոհվեց Մարկոսը, կարծես չբորբոքելու կրքերը։
-  Տեսնում եմ սարսափը ձեզ հասցրել է իմ հրապարակը, իսկապե՞ս սարսափելի է,- մոտենալով, ինքնագոհ արտաբերեց Ադամանդը, չմոռանալով համբույր դրոշմել փայլող քարին։
- Ինձ համար սարսափը այլ հասկացություն ունի,- սկսեց Մարկոսը,- Քանի որ դուք նրանց ուղորդել եք դեպի անմեղ ժողովուրդը։ Այո՛, այս դեպքում սարսափելի է։ Կասե՞ք ինչու՞․․․
Այդ պահին լսվեց հերթական պայթյունը։
- Դուք զլացաք կատարել իմ պահանջը, որը վեր է ցանկացած օրենքից։ Ստիպված էի դիմել պատժամիջոցի։ Այսպիսով, շուտով նա իմ ձեռքում կլինի, իսկ պահեստայիններն իրենց տեղերում,- պատասխանի հետ նայեց պայթյունի կողմը։
- Տեսնելով ձեր երկյուղած դեմքը, խիստ կասկածում եմ,- Մարկոսը ուշադիր նայեց նրան։
- Ինչու՞մն եք կասկածում,- այլայլվեց Ադամանդը, դեմքը փախցնելով խոսակցից։
- Նրանում, որ կարող եք կառավարել այս քաոսը։ Պարզապես, մարդը, որքան դաժան է լինում, նույքան և վախկոտ։ Այդպես չե՞ք կարծում։
- Ո՛չ, դուք առնվազն վիրավորում եք ինձ։
- Դա կարևոր չէ այս պահին,- ձեռքը թափահարեց Մարկոսը, ավելացրեց ավելի խիստ տոնով,- Կանգնեցրե՛ք այս խառնաշփոթը։ Ժողովուրդը մեղավոր չէ ձեր ցոփ ցանկության մեջ,- առանց սպասելու պատասխանի, Մարկոսը քայլեց հին աշխարհի կողմը։
Աբգարը, որ մինչ այդ շվարած կանգնած էր, էլ ավելի շվարեց, հայացքով ուղեկցելով Մարկոսին, բայց և սիրտ չարեց լքել Ադամանդին։
- Այդ փսլնքոտը մի՞թե ինձանից ուժեղ է,- գազազեց Ադամանդը,- Միևնույն է՝ կամ նա ինձ պետք է ծառայի կամ կվերացնեմ նրան, թեկուզ այն արժենա իմ ողջ կարողությունը և այս քաղաքի անվտանգությունը։ Ադամանդը բղավելով, ոտքը ուժգին խփեց գետին,- Սատանան տանի՛․․․
- Ի՞նչ է կամենում իմ տերը,- հայտնվեց ինքը սատանան, շողոքորթ գլուխ տալով։
- Պատժի՛ր կամ վերացրու՛ այդ Զմրուխտե աչքին։
- Օ՜, ո՛չ իմ տիրակալ։ Քո խնդիրը մի փաթաթիր իմ վզին։ Դու պետք է նրան հաղթես պայքարի միջոցով, որքան էլ նա քեզանից ուժեղ է։ Նրա պայքարն ավելի հետաքրքիր է դառնում, քան դու քո սառած նենգությամբ։
- Ինչպե՞ս, ինձանից ուժե՞ղ,- ինքնատիրապետումը կորցնելով, բղավեց Ադամանդը,- Ո՞վ է նա, գուցե քեզանի՞ց էլ ուժեղ է։
- Ո՛չ, ինձանից ո՛չ, բայց հզոր է, որպես մարդ,- Ադամանդի համար անսպասելի, սատանան անհետացավ։
Նա արնակալած աչքերը սևեռեց ծխացող քաղաքի կողմը, շոյեց երկար միրուքը, գնաց դեպի մեքենան։
Աբգարը, կուչ եկած տեղից խորը շունչ քաշեց, հանկարծ զգաստացավ, շշնջալով, « Իմ աղջիկը՝ Վիվին, ես պետք է շտապեմ»։ Գիտնականը համարյա վազում էր դեպի երկնաքերը․․․

Մարդն ընդդեմ մարդկության (մաս- 12)

Ադամանդի տիրույթում արդեն թագավորում էր սպիտակ գույնը։ Անտեսանելի պաղ վրձինը շարունակում էր ընդլայնել եղյամյա հետքը։ Հին աշխարհը գարնանային գույնով տարբերվում էր նոր՝ եղյամյա մասից, որոնց միջև կարծես գիծ քաշված լիներ։
Ամենագնացը մտավ հրապարակ, իջավ Ադամանդը, նայեց դամբարանին, երկու մատով համբույր դրոշմեց ճակատին շողացող քարին։ Պատը ծանր ճռռոցով ետ գնաց։
- Աբու-Սայի՜դ,- ձայն տվեց նա։
- Հրամայե՛ք տեր,- ռոբոտ-զինվորը կանգնեց նրա դիմաց։
-  Գտնե՛լ, ինձ մոտ բերել Զմրուխտե աչքին,- ցասումով լի հոխորտաց նա։
- Այո՛ տեր,- անտարբեր արտաբերեց Աբու-Սայիդը, դեմքով շրջվեց բացված պատի կողմը, բարձրացրեց աջը։ Երևաց շարքի սկիզբը։ Ադամանդը հասցրեց մի կողմ քաշվել, որպեսզի չհայտնվեր նրանց դոփյունների տակ։ Մի քանի շարք դուրս գալուց հետո, Ադամանդը բարձրացրեց ձեռքը․
- Բավակա՛ն է։ Համոզված եմ՝ այս շարքերը տեսնելով, նա ակամա կգա դեպի ինձ,- ինքնավստահ որոշեց Ադամանդը։
- Այո՛ տեր,- կրկնեց ռոբոտ-զինվորը։
- Առա՛ջ, գտնել Զմրուխտե աչքին, ինձ մոտ բերել,- Երբ պատը նորից ծանր ճռռոցով փակվեց, ավելի ոգևորված կրկնեց Ադամանդը։
Զինվորների շարքը եթերային քայլերով հատեց քաղաքը երկու մասի բաժանող գիծը։ Վայրկյաններ անց ռոբոտ-զինվորները անհետացան Ադամանդի տեսադաշտից, որին հետևեց պայթյունը սև ծուխով։
- Նրանք տակն ու վրա կանեն քաղաքը պարոն Մարկոս,- հեգնեց նա, քթի տակ ծիծաղելով։ Քայլեց դեպի ինքնագնացը։ Նրա համար դուռը բացեց հսկիչը։ Մինչ նա կնստեր մեքենան, վերադարձավ Աբու-Սայիդը, կանգնեց նրա դիմաց․
- Իմ տե՛ր, զինվորները փնտրում են Զմրուխտե աչքին։ Նրանք ավիրում են քաղաքը՝ դիմադրողներին սպանում։
- Իսկ դու ինչու՞ ես այստեղ,- վրդոհվեց Ադամանդը։
- Ահա՛, սա եմ բերել,- Աբու-Սայիդն Ադամանդին մեկնեց մի տղամարդու գլուխ, որից դեռ կաթում էր արյունը։
- Հեռու՛ տա՛ր,- բղավեց խոժոռած դեմքով։
Բարձրացավ ուժեղ քամի, այն սկսեց սուլել։ Պատվանդանին կանգնեց Կորին, թևերը խաչած կրծքին։ Նրա աչքերից արձակված շանթը մոխրի վերածեց արյունոտ գլուխը։ Աբու-Սայիդը ոռնալով ձեռքը ետ քաշեց։
- Նա ամենուր է, նա իմ քթի տակ է, իսկ ես ողջ քաղաքը իրար եմ խառնել,- մլռտաց Ադամանդը։
- Ետ կանչե՛ք ձեր զինվորներին,- գոչեց Կորին։
- Սկզբի համար ետ վերադարձրու իմ պահեստայիններին, իսկ երկրորդը՝ ծառայիր իմ գաղափարին և միայն երրորդ դեպքում կկատարեմ քո խնդրանքը։
- Ես չեմ խնդրում՝ պահանջում եմ, իսկ երկրորդը՝ ես ոչ ոքի չեմ ծառայում։ Ես անկախ եմ։
- Դու ծառայում ես Մարկոսին, ով ինձանից քեզ գողացավ։
- Մարկոսն ինձ հրամաններ չի տալիս։ Ես ազատ եմ։
Ադամանդը սեղմեց ատամները, աշխատելով հանգիստ երևալ,- Ծառայիր ինձ և դու կդառանաս աշխարհի հարուստներից մեկը։
- Ո՛չ, հարուստը չի կարող ազատ լինել։
- Գուցե կարծում ես ես ազա՞տ չեմ,- զարմացավ Ադամանդը։
-  Չեմ կարծում, դա այդպես է։ Ձեզ իշխում են ձեր գանձերը։ Դուք կախված եք ձեր հարստությունից։ Դուք ազատ լինել, պարզապես անկարող եք,- Ադամանդի հոնքերը զարմանքից վեր բարձրացան։
- Ես կստանամ քեզ, եթե նույնիսկ այն արժենա իմ ողջ կարողությունը։ Քեզ ծնկի կբերեմ իմ մեթեդով,- ատամների արանքից ֆշշացրեց նա և նստեց մեքենան։
Ամենագնացը սլանում էր եղյամյա փողոցով, իսկ Կորին վերևից հետևում էր նրան։



среда, 29 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-11)

Գիտնականը լաբորոտորիայում էր, երբ Կորին կանգնեց պատշգամբին, նրա դիմաց․
- Աշխատու՞մ եք,- պատանու հայտնվելը հանկարծակիի բերեց Աբգարին, նա տեղից վեր թռավ, հենվեց պատին․
- Նորից դու՞ Զմրուխտե աչք։
- Այո, ե՛ս,- Կորին ցատկեց հատակին, մոտեցավ, նայեց գիտնականի աչքերի մեջ,- Ադամանդի համա՞ր եք աշխատում։
Աբգարը գերադասեց լռել։
- Ձեր լռությունը այո՞ է նշանակում,- Աբգարը շարունակեց լռել,- Իսկ հիմա ասացե՛ք, տղաներին որտե՞ղ եք պահում,- շարունակեց Կորին։ Գիտնականի հայացքը փոխվեց զարմանքի։
- Ինչու՞ այդպես զարմացած՝ այն ճամբարից բերվածներին․․․,- հասկանալով գիտնականի զարմանքը, շարունակեց պատանին։
- Այնտեղ,- մնալով պատին հենված, ձեռքով ցույց տվեց դեպի դուռը։
- Դուք նրանց չեք ներարկի, այնպես չէ՞։
- Ես գիտնական եմ և միայն իմ գործն եմ կատարում, հիմնականում, ներարկում է Նաթին։
- Իսկ երբ շատ եք ցանկանում, այն չի հասնում այդ սպիտակ կնոջը,- բազմանշանակ ժպտաց Կորին,- Սեփական փորձից գիտեմ,- նա նայեց դռան կողմը, հետո պատշգամբին,- Դուք կգա՛ք ինձ հետ։
- Նորից ու՞ր,- Աբգարի նյարդերը տեղի տվեցին և համարյա բղավեց նա։
- Այս անգամ ոչ Մարկոսի մոտ՝ դուք կօգնե՛ք ինձ, փրկելո՛ւ տղաներին։
- Այնտեղ նրանք շատ են, ո՞ր մեկին փրկենք կամ ինչպե՞ս,- խեղճացավ գիտնականը։
- Կանենք անհնարինը, իսկ փրկել կամ պետք է բոլորին կամ ոչոքի։
- Մենք չենք կարող բոլորին փրկել՝ նրանք շա՜տ են, հասկացի՛ր, եթե ասում եմ շատ են, նշանակում է՝ իսկապես շա՜տ են,- գիտնականը խոսում էր զգույշ, կարծես ցանկանալով պատանուն հունից չհանել։
- Կարող ենք,- պնդեց Կորին։ Գիտնականը լուռ նայեց նրան,- Ինչու՞ եք այդպես նայում։ Դուք՝ գիտնականներդ հիմք դրեցիք այս խաղին, որի անունը մարդը պատերազմ է դրել ու խաղում է։
- Ոչ այնքան։ Այս դեպքում դու սխալվում ես։ Գու՞ցե գիտնականն իր գիտությամբ պարզապես փոխում է պատերազմի միջոցները, իսկ պատերազմները միշտ էլ եղել են։ Կարելի է անգամ ենթադրել, որ առաջին մարդն այն իր հետ է աշխարհ բերել։
- Սակայն այն չի արդարացնում ձեր արարքը, իսկ ինձ չի խանգարի մասնակցել այս անվերջ թվացող պատերազմին,- Կորին նորից ետ ցատկեց պատշգամբի գոգին։ Աբգարը զգաստացավ, շտապեց դեպի դուռը,- Գնացի՛նք,- գոչեց պատանին և մինչ Աբգարը կհասներ դռանը, նա գրկեց նրան և պատշգամբով սողաց ներքև։
  Արևը մի պտույտ կատարած, սառած շողքերը հավաքելով, հոգնած իջնում էր հորիզոնին ննջելու։ Կորին գիտնականի հետ հայտնվեց հրապարակում։ Նա մի անգամից փորձեց բացել պատե դուռը։
- Գիտեմ,դու կարող ես այն բացել, բայց այստեղ մի խնդիր կա,- միջամտեց Աբգարը, աշխատելով մնալ ստվերում։
- Նորի՞ց խնդիր,- վրդոհվեց Կորին,- Ո՞րն է։
- Մենք չենք կարող այս դռնով աննկատ ներս մտնել։ Կհայտնվենք ռոբոտ-զինվորների քթների տակ՝ առավել ևս տղաներին դուրս բերել։
- Իսկ ինչպե՞ս անել,- ետ եկավ պատանին։
- Մենք ներս կմտնենք գաղտնի մուտքով,- շշնջաց գիտնականը և պատի ստվերով Կորիի հետ անցան հրապարակի հետնամասը, որտեղ հաստ պատը պատված էր հաստ եղյամե շերտով։ Աբգարը ուշադիր զննեց շուրջը՝ ոչ ոք չկար։ Պատանուն թվաց՝ նա ընդամենը ձեռքով հպվեց պատին, երբ աննկատ սեղմեց գաղտնի կոճակը։ Այն դանդաղ ետ գնաց։ Երևաց խավարը։ Նրանք ներս մտան, Կորին լարեց տեսողությունը։ Խավարը գունատվեց։ Նրանք առաջ գնացին, երևաց երկաթյա դուռը։
- Այն կողպված է, ես սա հաշվի չէի առել,- կողպեքը տնտղելուց հետո, հիասթափված մրմնջաց Աբգարը։
- Ուրիշ հնար չկա՞ այն բացելու,- անհանգստացավ Կորին։
- Կա, բայց․․․,- երկմտեց գիտնականը։
- Բայց ի՞նչ, շտապել է պետք, երկմտելու համար շատ ուշ է։
- Քանի որ այստեղ Մարկոսի քամին չի օգնի, դու պետք է հայացքդ սևեռեց կողպեքին, լարելով տեսողությունդ։
- Հեռու գնացե՛ք,- ոգևորվեց նա, հայացքը ուղղեց կողպեքին՝ զմրուխտե շանթը անցավ երկաթի միջով և դուռը տեղի տվեց,- Հաճելի և օգտակար գաղտնիք էր,- շշնջաց նա, երկաթյա ծանր դուռը ետ տանելով։ Նրանք ներս մտան։ Բացված դռնից երևացող սրահը, կարծես սահման չուներ, շարված մահճակալներով հանդերձ։ Կորին մոտեցավ առաջին մահճակալին․
- Այստեղ ոչ ոք չկա, այն դատարկ է։
- Նրանք այստեղ են։ Երբ այս դուռը բացվում է, որքան էլ տարօրինակ՝ նրանցից յուրաքանչյուրը փորձում է գոնե վերջինը դուրս գալ այստեղից։
- Դուրս եկե՛ք բոլորդ,- գոչեց Կորին,- ՈՒշանալը մահ է կամ մահից ավելի վատ,- մահճակալների տալից դանդաղ երևացին մարդկային գլուխները։ Նրանք շարվեցին միջանցքում, զարմանքով ու հույսով նայելով փայլող աչքերով անծանոթին
- Մեր հետևից համրաքայլ, մեկ մարդու պես քայլե՛ք դեպի ելքը,- հրահանգեց գիտնականը, առաջինը լքելով մութ ու խոնավ սրահը։ Կորին դուրս եկավ վերջին գերյալի հետ։
հետզհետե սպիտակ մեգապոլիսը մնաց փախստականների հետևում։ Լուսաբացին մենավոր տունն իր դռները բացեց նրանց առջև։

вторник, 28 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության ( մաս-10)

Կորին մտավ հրապարակ, երբ թափքը ծածկած մեծ բեռնատարը շարժվեց, իսկ Ադամանդը անհետացավ ծանր դռան հետևում։ Պատանին ափսոսանքով նայեց փակված դռանը, որը առաջին հայացքից պատ էր հիշեցնում, այնուհետ սկսեց վազել մեքենայի հետևից։ Սուլելով, սկսեց բարձրանալ ուժեղ քամի։ Քամին չքացավ, երբ պատանին հայտնվեց անտառի բացատում, որտեղից նշմարվեցին սպիտակ վրանների գագաթները։ Բեռնատարն ուղղվեց վրանների կողմը։ Կորին աշխատեց առաջինը հայտնվել ճամբարում։ Նա ցանկապատից ներս ցատկելով, հայտնվեց փոքրիկ վրանի մուտքի մոտ։ Այնտեղից սկսեց հետևել մեքենային։ Մի ձեռք նրան վրանից ներս քաշեց։ Ետ նայեց՝ զարմանքից քարացավ տեղում․
- Վերի՞, դու այստե՞ղ․․․
- Կորի՛,- խուլ շշնջաց պատանին,  այնուհետ հասկացնելով լռել, մատով ցույց տալով մեքենան,- Շշշշ․․․ այնտեղ տարօրինակ մարդիկ կան։
- Գիտեմ, հաճա՞խ է այստեղ գալիս այդ մեքենան։
- Երկրորդ անգամն՝ առաջին անգամը իմ ընկերներից մեկն անհետացավ։ Այսօր տեսնելով մեքենան թաքնվեցի այդ դատարկ վրանում,- պատմեց Վերին և ուշադիր նայեց եղբորը,- Դու անճանաչելի ես դարձել եղբա՛յր,- այս անգամ գրկեց եղբորը,- Կորի՛, ինչու՞ ես դու փայլում,- Վերին ավելի ուշադիր նայեց նրան,- Քո աչքերը նույնպես․․․,- ետ կանգնելով, շարունակեց նա։ Կորին լուռ ժպտաց․
- Հայրիկն ու մայրիկն ինչպե՞ս են,- Վերին գլուխը կախեց,- Ինչու՞ չես խոսում։
- Չգիտեմ, ի՞նչ ասեմ,- ուսերը թոթովեց Վերին, հայացքի տակից մեղավոր նայելով եղբորը։
- Ոչինչ չեմ հասկանում, ի՞նչ է եղել։
- Նրանց էլ շատերի հետ ջուրը տարավ։
- Ինչպե՞ս,- Կորին թևաթափ փլվեց նստարանին, որից մի քանի հատ անկանոն շարված էին վրանում,- Ինչպե՞ս պատահեց։
- Համարյա տեղ էինք հասել, երբ հսկա ալիքը կուլ տվեց շատերին։ Մեր նավը հրաշքով փրկվեց, բայց այնտեղից էլ շատերին ջուրը տարավ՝ նրանց մեջ էր նաև մայրիկը,- Վերին գլուխը կախեց։
- Նրանք փախչում էին սովից, բայց միևնույն է չփրկվեցին,- ցավով նկատեց Կորին։
- Հայրիկը գու՞ցե, իսկ մայրիկը՝ ո՛չ։ Նա չէր լքի իր գյուղը, եթե քեզ կորցրած չլիներ,- երկուսով մի պահ լռեցին,- Մայրիկը քեզ գտնելու հույսը չէր կորցնում,- շարունակեց Վերին։
- Մայրի՜կ,- կիսաձայն շշնջաց Կորին, նրա դառը ժպիտին խառնվեց ափսոսանքը։
- Նրանք դեռ այստե՞ղ են,- Վերին անհամբեր ուզեց նայել դուրս։
- Ո՛չ,- Կորին նրան ետ քաշեց։ Վերին ընկավ նստարանին,- Ինքս,- Կորին գլուխը հանեց դուրս, ապա ետ եկավ նստեց եղբոր կողքը,- Դեռ այստեղ են։ Նրանք քեզ լա՞վ են վերաբերվում,- հետաքրքրվեց Կորին։
- Չգիտեմ ի՞նչ նկատի ունես, բայց այստեղ, ինչպես բոլորը, ես նույնպես անուն չունեմ՝ համարակալված քանակ եմ։
- Արի՛ ինձ հետ։
- Չեմ կարող։ Ես արդեն փախստական եմ՝ կրկնակի փախստական դառանալ չեմ ուզում։ Պարզվում է այդ խարանը կրելն այնքան էլ հեշտ չէ։
- Նրանց մարդասիրությունը քեզ դուր չի՞ գալիս,- հեգնեց Կորին և դառը ժպիտը նորից խաղաց նրա դեմքին։
- Սա ավելի շատ մեծ բիզնես է, քան մարդասիրություն՝ այդպես է ասում իմ վրանում ապրող արաբը։
- Նա ճիշտ է ասում։
- Այո՛, հիշի՛ր թե նույն մարդասերը ինչպես է վարվել մեզ պես երկրների և ժողովուրդների հետ,- Կորին զարմանքով նայեց եղբորը,- Ինչու՞ ես զարմանում։
- Չնայած դու դպրոց չես հաճախել, բայց խելոք ես դատում, ինչպես Աբգարը։
- Ո՞վ է Աբգարը։
- Գիտնական է՝ վտանգավոր գիտնական,- խորհրդավոր շշնջաց Կորին, բերանը մոտեցնելով եղբոր ականջին։
- Ո՛չ Կորի, դրանք իմ մտքերը չեն։ Այդպես է խոսում իմ վրանի արաբը, որի հայրենիքը նույնպես այրվում է կրակների մեջ։
- Հայրենիքից ի՞նչ լուր ունեց,- կարծես վերհիշելով, հարցրեց Կորին։
- Մեր գյուղը համարյա դատարկվեց։ Նրանք հայրիկի գլխավորությամբ լքեցին այն, իսկ մյուս տեղերում նոր համաճարակ է։
- Մահացու՞,- զգաստացավ Կորին։
- Այո՛, բայց ասում են, այն դանդաղ է սպանում,- Կորիի աչքերը փայլեցին, նորից նայեց դուրս՝ մեքենան դեռ տեղում էր։
- Որքան հասկացա, դու այստեղ թաքնվել ես։
- Այո։
- ՈՒրեմն այստեղ կմնաս այնքան, մինչև այդ մեքենան կգնա։ Աշխատիր մնալ աննկատ, մինչև նորից վերադառնամ,- Խորհուրդ տվեց Կորին և անհետացավ։
Վերին կուչ եկավ, սկսեց դառնորեն լաց լինել։ Լսվեց մեքենայի շարժիչի ձայնը։ Նա դուրս եկավ, նայեց անտառի կողմը։ Երևում էր միայն հեռացող բեռնատարը։

суббота, 25 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-9)

Երբ Կորին դամբարանից դուրս եկավ, քաղաքը դեռ վառվում էր լույսերի մեջ, բայց լուսաբացը հեռու չէր։ Պատանին սկսեց վազել, կարծես կարևոր բան հիշելով։ Բարձրացավ ուժգին քամի, այն սուլելով, պատանուն հասցրեց ծանոթ երկնաքերի մոտ։ Նա վեր սլացավ, ինչպես կապիկը կմագլցեր ծառը և կանգնեց պատշգամբին, թակեց լուսամուտը։ Վիվին տեսնելով պատանուն, շտապեց բացել այն։
- Այս անգամ ապակին չփշրեցի,- Ժպտաց Կորին, ներս սահելով։
- Դու որտե՞ղ էիր,- հարցրեց աղջիկը, հայացքը չկտրելով նրանից։
Կորին բռնեց աղջկա ձեռքը դրեց իր կրծքին,- Սա ի՞նչ է։
- Քո սիրտն է, այն արագ է բաբախում։
- Նա ինձ ստիպեց քեզ մոտ վերադառնալ,- պատանին նայեց աղջկա աչքերին, հետո հայցքը իջեցրեց,- Չեմ կարող երկար նայել քո աչքերին։
- Քեզանից ջերմություն է փչում,- շշնջաց Վիվին, գլուխը դրեց նրա կրծքին։
- Իսկ քո մազերը իմ երկրի գույնն ունեն, այնտեղ, քո մազերի գույնով շատ ավազ կա,- երանությամբ շշնջաց Կորին, շոյելով աղջկա երկար վարսերը։ Վիվին ձգվեց թաթերի վրա, համբուրեց պատանու շուրթերը, իսկ նա աչքերը փակեց, կարծես սլանալով սիրո առագաստով, բայց ոչ ալիքների վրայով, այլ ամպերի միջով․․․
Գարնանային արևը դեռ իր շողերը ցրիվ տված, թիկնել էր երկնակամարում, երբ Կորին ցած սողաց երկնաքերի պատշգամբից։ Նա տարված անծանոթ, բայց հաճելի զգացողությամբ հայտնվեց անտառում։ Կորին զգաստացավ, երբ նկատեց ծառի ստվերում մեջքանց նստած Աբգարին։ Լուռ մոտեցավ, նստեց նրա մոտ։
- Կարծես ինքներդ ձեզանից փախել եք և աշխատում եք թաքնվել բնության այս անհայտ անկյունում,- խոսեց Կորին։
- Ինչպե՞ս գտար ինձ,- զարմացավ գիտնականը, տեսնելով պատանուն։
- Եթե փնտրեի, չէի գտնի, բայց հանդիպեցինք պատահական։ Հաճա՞խ եք այստեղ գալիս։
- Ոչ։ Երբեմն։ Ժամանակի խնդիր է, երբ կարողանում եմ։ Բնությունն օգնում է կարգավորելու մտքերս․․․
- Եվ նույն մտքերը, որ տալիս է ձեզ բնությունը, օգտագործում եք ընդդեմ մարդկության։
Աբգարը զարմանքով նայեց պատանուն։
- Ինչու՞ եք այդպես նայում։ Զարմացա՞ծ եք, թե անկիրթ աֆրիկացին ինչպե՞ս կարող է նման մտքեր արտահայտել։
Աբգարը ժպտաց,- Համամիտ չեմ, քանի որ մենք՝ գիտնականներս գիտությունը զարգացնում ենք հանուն մարդկության։
- Ինչպի՞սի մարդասիրություն։ Մի՞թե բոլոր սպանող զենքերը գյուղացին է ստեղծել կամ այն սիճուկը, որն Ադամանդի հրամանով պետք է Աֆրիկա ուղարկեք․․․Թեկուզ սա,- Կորին գրպանից հանեց փոքրիկ սրվակը։
- Որտեղի՞ց այն քեզ, ետ տու՛ր,- սառը քրտինքը պատեց Աբգարի ճակատը։
- Ինչու՞ սրա մասին ոչինչ չեք ասում։
Վերադարձրու՛, այն ես երկար եմ փնտրել, ինչպե՞ս է հայտնվել քեզ մոտ։
- Այն ինձ մոտ է Մալեին փրկելու օրվանից։
- Ադամանդը գաղափար անգամ չունի այդ սրվակի մասին։ Այն բացառապես ինձ է պատկանում։ Վերադարձրու՛,- կրկնեց գիտնականը, աչքը չկտրելով սրվակից։
- Կարծում եմ այն վերացնելով մեծ վնաս կպատճառեմ ձեզ,- ժպտաց Կորին, որից աչքերը փայլեցին, փորձելով փշրել սրվակը։
- Ո՛չ, Մարկոսը թույլ չի տա այդպես վարվել և դու սրվակը կվերադարձնես նրա պահանջով, եթե ոչ իմ խնդրանքով,- պատանին մեկ նայեց սրվակին, մեկ Աբգարին՝ առանց խոսք ասելու վերադարձրեց։
- Հիմնականում, ես այնտեղ հրաման կատարող եմ,- կարծես փորձեց արդարանալ գիտնականը,- շատ դեպքերում մեղադրվում է կատարողը և ոչ հրամայողը։ Չեմ կարող հստակ ասել, ի՞նչ է հետապնդում այդ ամենը, բայց մարդն իր փնտրտուքով մարտահրավեր է նետել իր իսկ դեմ,- նա հաճախ այնպես էր նայում սրվակին, կարծես մեծ գանձ գտած լիներ։
- Ես կպայքարեմ Ադամանդի դեմ, թեկուզ միայնակ,- հայտարարեց Կորին։
- Ցանկացած պատերազմ կամ ահաբեկչություն, որտեղ կարող են լինել մարդկային զոհեր՝ Ադամանդի սրտով է։ Ինքնագլուխ քո պայքարելը, կնպաստի նրա նպատակի արագ իրագործմանը։
- Կարծու՞մ եք։
- Համոզված եմ։
- Աբու-Սայիդն ինձ հրամանատար անվանեց, ուրեմն ես նաև մեծ բանակ ունեմ։ Ադամանդի ռոբոտ-զինվորները ինձ նույնպես կենթարկվեն։
- Գուցե Աբու-Սայիդն անվանե՞ց, բայց եթե նա առաջինը հրամայելով բանակը դուրս հանի քաղաք, ի՞նչ կմնա այդ քաղաքից․․․ Առայժմ համբերի՛ր, կգա նաև քո գործելու ժամը։
- Ինչպե՞ս, բացատրեք։ Երևի տեսնում եք՝ քաղաքը կորցրել է գարնան գույնը և օրեցօր այն ավելի է հեռանում, տեղ տալով սպիտակին։
- Համբերի՛ր, հասկանալի կլինի ընթացքում,- գիտնականի բազմանշանակ պատասխանը Կորիին դուր չեկավ։
- Գուցե այդպես էլ չկարողանամ հասկանալ՝ կպայքարեմ անգամ, չհասկանալով։ Թույլ չեմ տա սպանել աղքատին և խեղճին, ինչպես որոշել է այդ մարդատյացը։
- Անհնար է,- գլուխը տարուբերեց Աբգարը։
- Ինչո՞ւ,- վրդոհվեց Կորին։
- Պարզապես անհնար է իմանալ, ե՞րբ և որտե՞ղ է պատվաստվում հերթական սիճուկը կամ ե՞րբ և որտեղի՞ց կառևանգեն հերթական զոհին։
Կորին գիտնականի ձայնի մեջ անզորություն տեսավ և բացականչեց,- Միևնույն է, պետք է պայքարել,-  անհետացավ Ծառերի մեջ, իսկ գիտնականը նրա հետևից օրորեց գլուխը, խորը հոգոց հանելով։ 

пятница, 24 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս -8)

Զմրուխտե աչքը Աբգարին լաբորոտորիայի պատշգամբից ներս հրեց, ինքը մնաց գոգին կանգնած։ Գիտնականն ուղղվելով տեղում, հագուստը կարգի բերեց, վեր կացավ նստեց աթոռին․
- Ահա թե ինչպես ես վարվում փրկարարիդ հետ,- վիրավորված արտաբերեց Աբգարը։
- Ձեզ վերադարձրեցի ձեր տեղը, ինչպես հրահանգել էր Մարկոսը, իսկ այժմ ասե՛ք, որտե՞ղ է Ադամանդն իր ստեղծած բանակի հետ։
- Այնտեղ, հրապարակում,- վախվորոծ, ակամա արտաբերեց Աբգարը, կարծես վախենալով, նորից դուրս սլանալ լուսամուտից։ Կորին նայեց քաղաքին, առանց խոսք ասելու, սլացավ ներքև։
- Այս ի՞նչ արեցի, նրան Ադամանդը կխժռի,- մրմնջաց նա և պատանու հետևից կախվեց լուսամուտից, կարծես ետ կանչելու։
- Եղիամը, սպիտակ շղարշով շարունակում էր տարածվել քաղաքի վրա, իր մեջ առնելով նաև հրապարակը, որի գույնով ոգեշնչվում էր Ադամանդը։
Կորին կանգնեց հրապարակում, նայեց շուրջը, կողմնորոշվելու։
- Դուրս արի՛, Ադամա՛նդ,- ամբողջ ուժով բղավեց նա,- անսպասելի բարձրացավ ուժեղ քամի, սկսեց սուլել։ Մթնեց։ Պատը ծանր ճռոցով ետ գնաց։ Բացի մթից, ոչինչ չերևաց։ Նա ներս մտավ, դուռը փակվեց։ Պատանու աչքերի փայլից շուրջը դարձավ տեսանելի։ Երևացին վեր տանող աստիճանները։ Կորին նայեց ներքև՝ աստիճանները շարունակվում էին նաև այնտեղ։ Մի պահ երկմտեց, ուղղվեց ներքև։ Աստիճաններից հետո, երևաց լայնարձակ սրահը։ Երբ պատանին ոտք դրեց սրահ, այն լուսավորվեց, սկսեցին պատերից առկայծել դեղին, կուրացնող աստղիկները։ Երևացին ռոբոտ-զինվորների շարքերը։ Տեսնելով պատանուն, առաջ եկավ բարձրահասակ ռոբոտ-զինվորը․
- Ի՞նչ է կամենում հրամանատարը։
- Ո՞վ ես, ինչու՞ ես ինձ հրամանատար անվանում,- զարմացավ նա։
- Որովհետև դու հրամանատար ես։
- Դու ո՞վ ես։
- Աբու-Սայիդն եմ։
- Իսկ հիմա ասա՛, որտե՞ղ է հրամանատարը,- Աբու- Սայիդը նայեց վեր տանող աստիճանների կողմը։
- Հակառակ ուղղությամբ եք եկել՝ տերերը երբեք ծառաների հետ չեն ապրում։
Կորին սլացավ վեր։ Աստիճաններից հետո երևաց սպիտակ սրահը, որտեղ վառվում էին մեծ ու սպիտակ ջահերը։ Սրահում, սպիտակին համեմված էր ոսկյա դեղինը։ Սրահում ճեմում էր ձյունաճերմակ սիրամարգը, գեղեցիկ փետուրները արձակած, երբեն լսելի էր նրա անճոռնի կռինչը։
Երևաց Ադամանը՝ սպիտակ հագած, սպիտակ չալմային շողում էր սպիտակ, խոշոր ադամանդը։ Կորին աշխատեց աննկատ մնալ, երբ Ադամանդին միացան Գիտնականն ու Բենը։
- Որքա՞ն զինվոր ունենք,- հետաքրքրվեց Ադամանդը, մի կում անելով կարմիր գինուց։
- Նոր հնարավորություն ունե՞նք,- նկատելի ոգևորվեց պրոֆեսորը։
- Հնարավորությունը խնդիր չէ, ցանկության առկայության դեպքում,- ինքնավստահ պատասխանեց Ադամանդը,- Ուզում եմ ասել՝ գործելու պահն է։
- Այս անգամ թիրախն ո՞վ է,- հետաքրքրվեց գիտնականը։
- Ոչ ոք։ ՈՒզում եմ փորձել իմ ստեղծած բանակի ուժը, միաժամանակ, տիրելով ողջ քաղաքին։
- Ոչինչ չեմ հասկանում,- ուսերը թոթովեց Աբգարը։
- Պրոֆեսո՛ր, պետք է բանակ ուղարկել արևմտյան կողմը,- հրահանգեց Ադամանդը, Աբգարին թողնելով անպատասխան,- Որպես լիակատար հաղթանակ՝ քաղաքը պետք է լիովին սպիտակ գույն ունենա։
- ինչու՞ անպայման արևմտյան, ձեզ համար միևնույն չէ՞։ Գուցե սկսենք արևելքից։ Այնտեղ էլ անելիք շատ ունենք դեռ։
- Ո՛չ, այն իմ ցանկությունն է,- պատասխանից, նկատելի վրդոհվեց Բենը։
- Աբգա՛ր, Աֆրիկա ուղարկելու համար նախատեսված սիճուկը պատրա՞ստ է։ Իմ վրեժը այդ Զմրուխտե աչքից ցանկացած գնով կհանեմ և նա շատ սիրալիր կգա դեպի ինձ, զարմացած իմ հնարավորություններից,- քմահաճ ոգևորությամբ շարունակեց Ադամանդը։
- Այո՛, աշխատում եմ։
- Պետք է ժամանակին տեղ հասցնել։ Ինձ այդ Զմրուխտե աչքն ավելի է հարկավոր, քան ողջ Աֆրիկան։
- Տեսնում եմ, ցանկացած ասպարեզում մարդուն տանջելը ձեզ բավականություն է պատճառում,- նկատեց Աբգարը։
- Ցանկացած վերաբերմունքի մարդն՝ ինքն է արժանանում իր բնությամբ և արարքով։ Չի կարելի թույլին խղճալ՝ մի օր էլ ինքդ կնմանվես նրան։
Կորին փորձեց աննկատ դուրս գալ սրահից
- Զմրուխտե աչքն օգնության կարիք ունի,- վանկարկեց Աբու-Սայիդը, հայտնվելով նրա կողքին,- Կորին մատը դրեց շուրթին, նրան հասկացնելով, լռել, բայց նա ավելի մոտենալով, կրկնեց,- Զմրուխտե աչքն օգնության կարիք ունի։
Սեղանի շուրջ նստածները նայեցին զինվորի կողմը։
- Այո՛, դուրս տա՛ր ինձ աննկատ,- տեսնելով ռոբոտ-զինվորից ազատվելն այնքան էլ հեշը չէ, հրամայեց նա։
- Այո՛ հրամանատար,- Աբու-Սայիդը փետուրի թեթևությամբ պատանուն կտրեց հատակից, ուղղվեց դուրս։
- Տեսե՛ք, նույն ինքը՝ Զմրուխտե աչքը,- անակնկալի եկած, բղավեց Ադամանդը, տեղից վեր թռավ,- Ինչպե՞ս է նա հայտնվել այդտեղ։
Աբգարի դեմքը շառագունեց, աչքերն այնպիսի ուժգնությամբ փակեց, երևացին միայն երկու գիծ։
- Սպասե՛ք, այդպիսով միայն ինքներս ձեզ կվնասեք,- միջամտեց Բենը, ետ պահելով Ադամանդին,- Զինվորն արդեն հրաման է կատարում՝ նա չի ենթարկվի ձեզ, մինչև առաջին հրամանը չկատարի։
-  Ինչպե՞ս էր նա հայտնվել այստեղ,- կրկնելով և ափսոսանքով Ադամանդը փլվեց տեղը,- Վեղարն էր նրան ինձ մոտ ուղարկել։
- Ո՞վ է Վեղարը,- հետաքրքրվեց Աբգարը։
- Դե այդ Մարկոսը, ես նրան միշտ համեմատում եմ այդ գրողի տարած վեղարի հետ, որը նա միշտ կրում է։
- Չեմ կարծում,- առարկեց գիտնականը։
- Խոստովանե՛ք գիտնական, ի՞նչ եք ներարկել այդ Զմրուխտե աչքին,- Աբգարը հանգիստ մի կում արեց գինուց, միամիտ նայեց Ադամանդին․
- Ինքս էլ ոչինչ չեմ հասկանում,- սովորության համաձայն, ուսերը վեր քաշեց Աբգարը,- Այն ընդամենը իմ հերթական ներարկումն էր։ Պատահական տարբերակով, ինչպես միշտ, վերցրել եմ պահարանից։ Գուցե ուրի՞շ պատվիրատուի էր․․․
- Եվ դուք այդ ուրիշի պատվերը համարձակվեցիք կատարել իմ ներկայությամբ,- ավելի բորբոքվեց Ադամանդը։
- Իհարկե ո՛չ,- գիտնականի նյարդերը տեղի տվեցին,- Կրկնում եմ, գուցե շփոթել եմ սրվակները։
- Աբգա՛ր, ձեր պատճառաբանությունը կարող է հիմարացնել միայն ձեզ։ Տեսե՛ք սիրելի գիտնական,- մատը թափ տվեց նա,- Այն ինձ վրա թանկ է նստել, իսկ ձեզ վրա կրկնակի թանկ կնստի՝ խոստանում եմ,- Ադամանդը նայեց ելքը հսկող հսկիչներին,- Այո՛, այո՛, թանկագին գիտնական, երեխան ծնողի թույլ տեղն է,- Աբգարը կուչ եկավ,- Ի՞նչ էլ արժենա, ես կստանամ այդ պատանուն,- ատամների արանքից ֆշշացրեց Ադամանդը, ոտքի կանգնեց։ Նրան հետևեցին Աբգանր ու Բենը։

понедельник, 20 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս - 7)

Ռոբոտ-զինվորների ավելացող թվի հետ, ավելանում էր նաև քաղաքի եղյամապատ տարածքը․ թվում էր՝ մեգապոլիսում իրար են խառնվել գարունն ու ձմեռը։
Երկնաքերի քառասուներկուերրորդ հարկից դուրս նետվելով Կորին, սեղանը փետուրի թեթևությամբ վերև պահած, սլանում էր փողոցներով։ Շուտով քաղաքը մնաց հետևում։ Նա կանգ առավ անտառի փեշին, նայեց հեռուն՝ երևաց միայնակ տունը։ Կորին սեղանով հանդերձ շտապեց տան կողմը։
- Ես նրանցից խլեցի՛ նրան,- ոգևորված արտաբերեց Կորին, բակում հանդիպելով Մարկոսին։ Սեղանը ցած դրեց։
- Զմրուխտե՜ աչք,- Մարկոսը ևս ուրախացավ, ընդառաջ գալով պատանուն,- Չէի՞ր կարող միայն պատանուն ազատել։
- Այդպես էլ արել եմ,- միամտվեց պատանին, ձեռքով ցույց տալով սեղանն իր պատանդով։
- Ո՛չ, դու նրանցից խլել ես նաև թանկարժեք սեղանը, որն իհարկե հազիվ թե մեզ պետք գա,- Մարկոսը ծիծաղելով մոտեցավ սեղանին,- Պետք է ազատել նրան, բայց ինչպե՞ս,- շվարած ուսերը թոթովեց նա, սկսեց տնտղել կապիչները, փորձ անելով, բացել,- Ոչինչ չի ստացվում,- թևաթափ ետ կանգնեց նա,- Ի՞նչ պետք է անենք,- երբ պատասխանն ուշացավ, նայեց շուրջը՝ Կորին անհետացել էր։
Մինչ Մարկոսը փորձում էր պատանուն սեղանով ներս տանել, հայտնվեց Կորին, Աբգարին ցած գցելով։
- Դու իրավունք չունես նրա հետ այդ կերպ վարվել,- տեսնելով, Մարկոսը հանդիմանեց պատանուն, դիմեց գիտնականին,- Աբգա՛ր, ազատե՛ք նրան կապանքներից։
- Նա նույնպե՞ս այստեղ է,- անկեղծ ուրախացավ գիտնականը, մոտեցավ, սեղմեց թվային կոճակները՝ պատանին նստեց տեղում։
- Անունդ ինչպե՞ս է,- հետաքրքրվեց Աբգարը։
- Մալե,- հազիվ լսելի մրմնջաց պատանին, հոգնատանջ նայեց նրանց։
- Մահմու՛դ,- ձայն տվեց Մարկոսը,- երևաց քսանն անց մի երիտադարդ՝ նա ոչնչով չէր տարբերվում Ադամանդի զինվորներից։ Մոտեցավ, լուռ կանգնեց,- Հագուստ տու՛ր պատանուն, իսկ հետո կերակրի՛ր, իսկ դու՝ Զմրուխտե աչք, հարգանքով վերաբերվի՛ր գիտնականին։
- Դուք նրան պաշտպանու՞մ եք,- հարց տվեց Կորին հիասթափված։
- Ո՛չ, այստեղ խնդիրը պաշտպանելը չէ, պարզապես պարտավոր ես հարգել նրան։
- Բայց նա ծառայում է Ադամանդին,- խուլ ֆշշացրեց Կորին, նրա աչքերը փայլեցին։
- Եվ այդպես է և այդպես չէ,- հանգիստ պատասխանեց Մարկոսը, ձեռքը դնելով պատանու ուսին։ Կորիի զարմանքը կրկնապատկվեց,- Այո՛, այո՛, զարմանալու հարկ չկա։ Գիտնականը նաև հակառակը կարող է, ինչպես արեց քո դեպքում։
- Ես ոչինչ ավելին չեմ անում, միայն իմ աշխատանքն եմ կատարում և դուք քաջատեղյակ եք՝ այնեղ միշտ չէ որ, ես եմ իրավիճակի տերը․․․ Վերջապես այնտեղ կա Բեն, կա Նաթի․․․,որը․․․
- Այսինքն դուք երկու տիրոջ եք ծառայում,- հետևություն արեց Կորին։
- Այդպես է ստացվում,- Աբգարի փոխարեն շտապեց պատասխանել Մարկոսը, ապա խորհրդավոր ժպտաց։
- Այսպես մի՞թե նա ավելի վտանգավոր չէ, քան Ադամանդը,- վրդոհվեց Կորին։
- Գուցե՞, բայց մենք առայժմ այլընտրանք չունենք,- Կորին հայացքը սևեռեց Աբգարի վրա,- Զմրուխտե ա՛չք, հայացքդ օգտագործի՛ր ընդդեմ Ադամանդի։ Գիտնականին հանգիստ թող,- սաստեց Մարկոսը։
- Միևնույն է, գիտակից մարդը նրան չի ընդունի, իսկ մյուսներն,  առավել ևս չեն հանդուրժի,- շեշտեց Կորին։
- Որպես գիտնական, նրան կհանդուրժեն և կընդունեն բոլորը և այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարեն,- եզրահանգեց Մարկոսը, իսկ Կորին գլուխը կախեց, հայացքի տակից նայեց գիտնականին։
- Ետ տա՛ր նրան,- հրահանգեց Մարկոսը,- Եթե նա ծածուկ գործի ընդդեմ մարդկության՝ կպատժվի, իսկ եթե ի սեր մարդկության՝ ցավոք դարձյալ պատիժն անխուսափելի է,- Կորիի աչքերը զարմանքից կլորացան,- Այո, այո, զարմանալու հարկ չկա՝ մարդու տեսակն է այդպիսին՝ նա սիրում է պատժել։ Նաև ակնհայտ է՝ Աբգարը արդեն ստիպված է երկու տիրոջ ծառայել, իսկ տերերն իրենց հերթին տանել չեն կարողանում երկերեսանի ծառային․․․
- Թող ձեր կամքը լինի,- դժկամությամբ պատասխանեց Կորին, անհետացավ Աբգարի հետ։

воскресенье, 19 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-6)

Անտառի պռկին՝ ավազուտներում, ուր հավերժ թագավորում էր կիզիչ արևը, իրար դրկից գոյատևում էին մի քանի փոքրիկ գյուղեր։ Այնտեղի բնիկները օրերով թափառում էին օրվա ապրուստը հոգալու համար։ Արևածագից առաջ, երբ նոր էր սկսել կապտել երկինքը, անապատին հարող գյուղից դուրս եկավ միջին տարիքի, կիսաճերմակած մի տղամարդ։ Նա կանգ առավ գյուղի փեշին, ձեռքերը վեր պարզեց, սկսեց աղոթել։ Հորիզոնի շիկնելու հետ կամաց, կամաց նրա շուրջը հավաքվեցին գյուղերի բնակիչները։ Կանայք գալիս էին ծծկեր երեխաները շալակներն առած, իսկ նրանց փեշերից քարշ էին գալիս կիսամերկ՝ ավելի մեծ երեխաները։ Տղամարդկանցից շատերն ունեին բռնած մեծ ու անտաշ ձեռնափայտեր։
 Երբ բոլորը հավաքվեցին, աղոթող տղամարդը, որի կիսաճերմակները արևից ժանգի գույն էին, բարձրացավ մոտակա խրճիթի կտուրը։ Բոլորը սպասողական լռեցին։
- Մեր նախնիները մեզ բարեբեր հողեր էին թողել,- սկսեց նա,- ՈՒր գետի պես հոսում էր ոսկին և ադամանդը, սակայն տարիների հետ մեր թուլակամությամբ տանուլ տվեցինք մեր պապենական գանձերը։ Այսօր մեզ բաժին է հասել այս ավազե երկիրը, որտեղ կարող են գոյատևել միայն օձերն ու կարիճները և որտեղ մարդը՝ այսինքն մենք, դատապարտված ենք սովամահության։
Երկար դարեր սպիտակները կեղեքել են մեզ, քշել ստրկության, բռնագրավելով մեր գանձերը։ Այդ գունատներն իրենց նախնիներով, ներկա և ապագա սերունդներով պարտք են մեզ, բայց նրանց ճոխ սեղաններից մեզ բաժին է հասնում միայն փշրանքները, նաև տարօրինակ հիվանդությունները, որոնք կանխվում են, երբ վտանգ է սպառնում ողջ մարդկությանը,- հավաքվածները սկսեցին աղմկել։ Հռետորը բարձրացրեց ձեռքը, տիրեց լռություն,- Տիրող աղքատության ճիրաններից ելքը մեկն է,- շարունակեց նա։
- Ո՞րն է,- նորից սկսեցին այս ու այն կողմից աղմկել։
- Արտագաղթել ավազե երկրից, դեպի նրանց բարեկեցիկ երկիր։
- Անհնար է,- ձեռքը թափ տվեց առջևում կանգնած մի տղամարդ,- Ավերի հեշտ կլիներ նրանցից պահանջել մեր նախկին հայրենիքը։
- Ոչ ոք մեզ չի լսի։ Նրանք մեզ աննկատ կոչնչացնեն, ինչպես արվում է շատ ազգերի հետ։
- Իսկ մի՞ թե ձեր առաջարկած տարբերակը մեզ չի տանում մահվանն ընդառաջ,- խոսեց մի այլ տղամարդ, որի ոսկորները, ինչպես շատերինը ընդգծվում էին մաշկի տակից։
- Գիտեմ՝ դժվար է լինելու,- համաձայնեց առաջնորդը։
- Ծովը թույլ չի տա, մենք այնտեղ չենք հասնի,- լսվեց վերջից, որին հետևեց աղմուկը։ Կտուրին կանգնածը ձեռքը նորից բարձրացրեց, այս անգամ դժվարությամբ նրան հաջողվեց լռեցնել դժգոհողներին։
- Մեր միակ ելքը ծովն է, որքան էլ դժվար լինի,- տարաձայնություններից խուսափելու համար, նա շտապեց ցած իջնել։
Դժգոհության շշուկները խառնվեցին ուրախության պոռթկումին։ Ժամեն անց մեծամասնությունը շարժվեց դեպի ծով։ Շատ քչերը վերադարձան իրենց տները։
Առջևից քայլում էր առաջնորդը՝ գլուխը բարձր բռնած, մեծ ու անտաշ ձեռնափայտը ձեռքին։ Նրան հետևում էր գեղեցկադեմ մի պատանի։ Ճամփորդների համար օրերը գլորվում էին քառակուսի անիվի պես։ Ծարավ ու փոշեկոլոլ մարդկանց մեծ խումբը, երկարատև ու տանջալից օրերից հետո վերջապես հատեց անապատը, ոտք դնելով ափամերձ ավազին։ Նրանց՝ տոթակեզ արևին սովոր մարմինները ծովից փչող զովությունից փշաքաղվեցին։ Մեծերից շատերն անվերջ տրտնջում էին, իսկ փոքրերը լաց լինում։ Ավելի փոքրիկները կախ էին ընկած մորերի դատարկ ստինքներից։
- Ռադի՜,- հոգնատանջ շարքի վերջից ձայն տվեց մի կին։ Առաջատարը ետ նայեց՝ կինը հազիվ էր ոտքերը քարշ տալիս։
- Վերի՛, օգնի՛ր մորդ,- առանց կարեկցանքի նա դիմեց իր հետ քայլող պատանուն։ Վերին ետ վազեց, բռնեց մոր թևից՝ մայրը չոքեց։
- Որդի՛ս, այլևս ուժ չունեմ, թող ինձ այստեղ,- հազիվ շշնջաց Կինը։
- Ո՛չ մայրիկ, դու կարող ես, վե՛ր կաց,- պատանին փորձեց ոտքի հանել մորը։
- Վերի՛, զավակս, երբ հասնես այնտեղ, գտի՛ր եղբորդ,- թախանձագին խնդրեց մայրը։
 Հին ու քրքրված հագուստի տակից երևում էր կնոջ ոսկրացած ու հյուծված մարմինը։ Վերին հուսահատ նստեց մոր մոտ, գլուխը դրեց ծնկներին, նայեց հեռացող խմբի հետևից։ Ծովից եկող զով քամին ուշքի բերեց մորը, նա բարձրացրեց գլուխը, նայեց հեռուն․
- Որդի՛ս գնա՛, այսպես դու կկորչես,- արտաբերեց կինը, Վերին տեղից վեր թռավ, օգնեց մորը ոտքի կանգնել, միասին քայլեցին։
Մարդկանցով լի, երկու փոքր նավեր լողում էին գիշերային ալոկոծ ծովում։ Թվում էր, ամեն անգամ նրանք հրաշքով են մնում ջրի երեսին, յուրաքանչյուր հանգչող ալիքից հետո, որոնք երբեմն փլվում էին ուղիղ նավերի վրա, իսկ հաճախ հսկա ալիքները հեռվից գալիս էին և հանկարծ կորչում։ Կարծես ծովը իր քմահաճությամբ խաղ էր անում այդ տարաբախտների հետ՝ ամեն անգամ նրանց թրջելով մինչև ոսկորները։ Յուրաքանչյուր երևացող ալիքի հետ Վերիի սիրտը կուչ էր գալիս։ Նա չէր հեռանում հիվանդ մոր մոտից, միաժամանակ անհանգիստ էր հոր համար։ Մոր ձեռքը բռնած, նստած տեղից, վիզը երկարացնում էր և երկար րոպեներ խավարում փնտրում էր առջևից ընթացող նավին։
Սկսեց երկինքը կապտել։ Պատանին վեր նայեց, աստղերը ծիկրակելով մեկ անհետանում էին, մեկ հայտնվում։ Խավարը գունատվում էր։ Վերին հուսադրվեց, նայեց առջևից ընթացող նավին։ Անսպասելի այն թեքվեց կողքի։ Պատանին սարսափած ոտքի կանգնեց։ Երևաց հեռվից եկող փրփրադեզ ալիքը։ պատանուն թվաց այն երախը բաց շտապում է կուլ տալու տարագիրներին իրենց նավերով։ Ալիքը շառաչով անցավ երկու նավերի վրայով։
  Պատանին ուշքի եկավ այրող ճառագայթներից։ պարկած տեղից նայեց երկնքին։ Երերալով ոտքի կանգնեց։ Օրն արևոտ էր, իսկ ծովը խաղաղ, կարծես արևը մանր արծաթ շաղ տված լիներ ջրի երեսին։ Մի պահ նրան թվաց կատարվածը մղձավանջային երազ էր։ Նայեց շուրջը, բոլորը պարկած էին հատակին։ Կարծես արթնանալով խորը քնից մյուսներն էլ սկսեցին դանդաղ ուշքի գալ։ Վերին հիշեց մորը, շտապեց այնտեղ։ Մոր տեղը դատարկ էր։ Փլվեց հատակին, սկսեց դառնորեն լաց լինել, բայց նորից վեր թռավ տեղից, վազեց դեպի նավի քթամասը, նայեց հեռուն։ Առջևից լողացող նավը չէր երևում։ Նա բազերիքից կախվեց առաջ, սկսեց կանչել․
- Հայրի՜կ,- բայց նրա հեծկլտանքը խառնվում էր լացին, ձայնը խեղդում։ Ոչ ոք նրա կողմը չէր նայում․․․  

пятница, 17 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-5)

Ժամացույցի զարկը տասներկու անգամ հայտարարեց կեսգիշերը։  Որպես ինքնիշխան, հրապարակում առաջինը հայտնվեց Ադամանդը։ Մատերով համբյուր դրոշմեց ճակատին շողացող քարին, շոյեց երկար մորուքը։
- Վերադարձրու՛  զմրուխտե աչքերով պատանուն,- հրամայեց Ձյունահերը, հայտնվելով նրա դիմաց։
- Այո՛ Ձյունահեր,- Ադամանդը անգամ չհասցրեց խոնարհվել, երբ Ձյունահերը անհետացավ։ Նա ձեռքն ակամա տարավ դեպի գլխին,- Տեղում է,- շշնջաց նա, շոշոփելով խորհրդավոր քարը։
Հրապարակի բարձր պատվանդանի պատերից մեկը ծանր ճռռոցով ետ գնաց։ Սկզբում խավարից բացի ոչինչ չերևաց։ Ադամանդը բարձրացրեց ձեռքը, այնտեղից դուրս եկավ սափրած գլխով, միայն մի մազափունջ գագաթին, բարձրահասակ Աբու-Դաիդը՝ կանգնեց Ադամանդի դիմաց․
- Աբու-Սաիդը ենթարկվում է խաղի կանոններին,- զեկուցեց նա և նրա ձայնը նման էր դատարկության միջից լսվող արձագանքի։
- Բանակը շարե՛լ հրապարակում, այստեղ բերե՛լ մարդասեր Մարկոսին։
- Աբու-Սաիդը ենթարկվում է խաղի կանոններին,- կրկնեց նա, ետ եկավ կանգնեց բացված պատի դիմաց,- Շարվե՛լ հրապարակում, այստեղ բերե՛լ մարդասեր Մարկոսին։
Երևաց շարքի սկիզբը՝ բանակի զինվորները կրում էին նույն մազափունջը, ինչպես Աբու-Սաիդը, համազգեստը սև էր։ հակառակ ընդունված կարգի՝ մերկ ոտքերին կրում էին սանդալներ, իսկ նրանցից ոմանք թևերին ունեին կապած մեծ ժամացույցներ, որոնք ավելի շատ կողմնացույց էին հիշեցնում։
Ադամանդը հիացած հետևում էր ավելացող շարքին, երբ ամենագնացը կանգ առավ  հրապարակում։ Դուրս եկան սպիտակ համազգեստով հսկիչները, նրանց հետևեց Մարկոսը։ Ադամանդը հաղթողի ինքնավստահությամբ ընդառաջ գնաց․
- Իմ տղաները չե՞ն նեղացրել ձեզ։
- Ո՛չ, քանի որ միտք չունեի դիմադրել նրանց,- պատասխանի հետ, Մարկոսը թեթևակի ետ տարավ վեղարը, կապույտ աչքերը սևեռեց Ադամանդին,- Ինչու՞ եք ինձ այստեղ բերել՝ գուցե զարմացնելու՞,- հայացքով ցույց տալով դամբարանից դուրս եկող շարքը։
- Ոչ այնքան զարմացնելու, որքան պահանջելու,- Ադամանդը ձեռքերը խաչեց, սկսեց ոտքերի թաթերին ճոճվել,- Որքան ինձ հայտնի է՝ ինձանից փախչողները դեպի ձեզ են գալիս։
- Իսկ ի՞նչ կա զարմանալու։ Կարծում եմ յուրաքանչյուր ոք ազատ է իր ընտրության մեջ։ Մի՞թե այս ստվարացող բանակը ձեզ համար քիչ է։
- Դա չէի ուզում  ասել։
- Իսկ ի՞նչ էիք ուզում ասել։ Պարզեք ձեր միտքը։
- Վերջին պատանուն պետք է վերադարձնեք։
- Շատերն են վերջինը։ Որի՞ն նկատի ունեք։
- Նրան, որին անհնար է շփոթել՝ այն վերջինը, որի աչքերը հակառակ իր ծագման, կանաչ են, ինչպես զմրուխտը։
- Ո՞ր օրենքով եք պահանջում,- նկատելի վրդոհվեց Մարկոսը։
- Ոչ մի օրենքով՝ իմ ցանկությամբ և այն վեր է ցանկացած օրենքից։
- Պարզ է։ Եվ որքա՞ն երկար եք պատրաստվում խախտել այդ օրենքը։
- Օ՜, միամիտ մարդասեր, մի՞թե ակնհայտ չէ՝ օրենքները գրվում են խախատելու համար և թեկուզ մարդասեր եք խաղում, ինքներդ էլ պակաս օրինախախտ չեք։
- Ե՞ս, օրինախա՞խտ,- քմծիծաղեց Մարկոսը։
- Այո, դուք թաքցնում եք ինձ պատկանող պատանուն,որին ես եմ բերել անապատից։
- Գուցե բերել եք, բայց երիտասարդի կամքը, որ չի ցանկանում ծառայել ձեզ, չեմ կարող որակել, որպես օրինախախտություն, իսկ իմ դեպքում՝ բարի գործի համար օրինախախտ լինելն այնքան էլ դատապարտելի չէ։ Անգամ ուրախ եմ, եթե դուք եք ինձ դատողը,- Մարկոսի հեգնանքը չվրիպեց Ադամանքի ուշադրությունից։
- Պատանուն ինձ կհանձնեք և մեր ճամփաները կբաժանվեն,- հոխորտաց Ադամանդը։
- Սովորություն չունեմ, մարդկանց բռնի կերպով պահելու, առավել ևս թաքցնելու, պարզապես մտածում եմ այս ամենի հետևանքի մասին,- Մարկոսը գլխի թեթևակի շարժով ցույց տվեց շարքերը,- Որն անգամ չգիտեմ, ինչպե՞ս եք անվանում։
- Ի՞նչ կա այստեղ չհասկանալու՝ այն հստակ ծրագիր է՝ փրկության ծրագիր։
- Եվ ձեր մահվան շունչ սփռող ծրագրով ու՞մ եք ուզում ու՞մից փրկել։
- Երջանիկ եմ, եթե չասեցիք՝ մահվան գաղափարն ինձ է պատկանում,- հեգնեց Ադամանդը։
- Չեմ հասկանում՝ ո՞ր է այստեղ փրկությունը՝ ծրագրի ո՞ր կետում է այն։ Որքան էլ հեգնեք և ուժեղի կերպար խաղաք, պետք է այս ամենը կանխել։
- Դուք կոչումով եք մարդասեր, իսկ ես գործում եմ հանուն մարդկության՝ այսպիսին է իմ ծրագիրը,- ինքնահավան ժպտալով, Ադամանդը ցույց տվեց անշարժացած շարքերը։
- Մտածելու տեղիք է տալիս,- Մարկոսը մտահոգ, վեղարն իջեցրեց աչքերին,- Գուցե գործու՞մ եք ընդդեմ մարդկության,- տխուր ժպտաց նա,- Այլապես ձեր գործն ու խոսքը հակասում են իրար։
- Որքան էլ տարօրինակ հնչի իմ միտքը՝ այն մարդու դեմ է, հանուն մարդկության։
- Այո՜, իսկապապես տարօրինակ է հնչում,- ծոր տվեց Մարկոսը։
- Տարօրինակ մարդիկ են աշխարհը փոխում,- ինքնավստահ շարունակեց Ադամանդը, հայացքը սահեցնելով ստվար շարքերով, որի ելքը դեռ շարունակվում էր։
- Եվ ձեր աշխարհ փոխելը կապում եք այս ռոբոտ-զինվորների հե՞տ, որոնք համոզված եմ՝ գիշերը ցերեկից չեն տարբերում, իհարկե նույնպես ձեր տարօրինակության և աշխարհ փոխելու ողորմածությամբ։ Կարծում եմ, այս ամենում իմաստ փնտրելը կդիտվի, որպես ժամանակի կորուստ։
- Պետք չէ փնտրել այնտեղ, որտեղ անձամբ ոչինչ չեք կորցրել։ Պարզապես պետք է գիտակցել՝ այս ռոբոտ-զինվորներն, ինչպես դուք անվանեցիք, մարդու հնարած քաղաքակրթության արդյունքն են, իսկ այդ ամենից օգտվելը կրկնակի հանցագործություն է։
- Հարգելի Ադամանդ, քաղաքակրթություն, որպես այդպիսին գոյություն չունի, պարզապես ժամանակի մարդը սեփական սխալները արդարացնելու կամ կոծկելու նպատակով հնարել է քաղաքակրթություն արտահայտությունը։ Իրականում ամեն ինչ արվում է բնության կողմից։ Եթե ձեր այդ քաղաքակրթությունը մինձնյա կրող ունենար, ապա, այդ մեկը անպայման դուք կլինեիք, հանուն փառքի, վնասելով անգամ ինքներդ ձեզ։
- Գուցե առաջինը, բայց վնասել ինքս ինձ, հակասում է իմ սկզբունքներին։
- Ձեր լիակատար հաղթանակից հետո, ովքե՞ր են լինելու նրանք,- Մարկոսը ցույց տվեց շարքերը, որի վերջին զինվորը լքեց դամբարամը,- Ինչպե՞ս եք հասկացնելու նրանց ձեր հաղթանակի լուրը։
- Համոզված եմ, այն ժամանակ նրանցից շատերը չեն լինի, իսկ ընտրյալները հավատարմորեն կպահպանեն իմ իշխանությունը, որոնց թվում է նաև Զմրուխտե աչքը։
- Ինչպիսի՜ գթասրտություն,- Մարկոսը չթաքցրեց հեգնանքը,- Դուք ձեր հաղթարշավով, ավել շուտ փորձում եք սարսափի մեջ առնել ողջ մեգապոլիսը, և այստեղ այլ կարծիք լինել չի կարող։
- Հարգելի մարդասեր, մարդն՝ ինքն է իրեն առել սարսափի մեջ։ Կարևոր է գիտակցել՝ ձեր մարդասիրությունն է մարդուն բազմացրել, հասցնելով մի քանի միլիարդների, բաշխել ժամ առ ժամ բզկտվող այս մոլորակին։ Լավ նայեք ձեր շուրջը՝ ամենուր այդ միլիարդների թողած հետք է։
- Եվ ո՞րն է այդ հետքը, գուցե նորի՞ց քաղաքակրթությունը։
- Աղբը, սովորական աղբը,- հանգիստ պատասխանեց Ադամանդը, ապա շեշտեց, ցուցամատը վեր պահած,- Չանցնող ու չնեխող աղբը,- վանկարկելով վերջին բառերը, Ադամանդը դժգոհ նայեց Մարկոսին,- ՈՒռկանը գցիր ծով կամ օվկիանոս՝ նույն աղբն է, որում խեղդվում է կենդանական աշխարհը, իսկ ես ինձ տրված հնարավորությամբ կաշխատեմ դաս տալ մարդկությանը, հանուն բնության։
- Այո, մեռնում է կենդանական աշխարհը և նրանց անհետացող տեսակներն ավելանում են կարմիր գրքում։
- Որը նույնպես հնարել է նույն կենդանուն վերացնող մարդը,- չարախնդաց Ադամանդը։
- Առայժմ մարդատյացն էլ, մարդասերն էլ անզոր են նման խնդրին որևէ լուծում առաջարկել, քանի որ այն արվում է գաղտնի, խախտելով գրված ու չգրված օրենքները, առաջինը՝ բնության,- նկատելի տխրեց Մարկոսը,- Հնարավոր է չարիքի դեմն առնել, չվնասելով մարդուն։
- Մարդուն չվնասել չի կարելի,- շեշտեց Ադամանդը։
- Ինչպե՞ս հասկանալ,- զարմացավ Մարկոսը,- Ձեր ծրագիրն ավելի մարդատյաց է, քան հանուն մարդու։ Չե՞ք կարծում։
- Ելքը մեկն է։
- Ո՞րն է։
- Նույն մարդու միջոցով նոսրացնել մարդկության բազմամիլիոնանոց նյութապաշտությամբ հիվանդ բանակը։
- Դա ե՞լք է թե կործանում։
- Պատմությունը բազմիցս ապացուցել է՝ այն անքան էլ նկատելի չի լինի,- քամհարանքով պատասխանեց Ադամանդը, ապա ավելացրեց,- Սարսափելի՝ գուցե․․․
- Կարծու՞մ եք։
- Համոզված եմ։ Աղքատ խավը, ինչու՞ չէ նաև փոքր ազգերը մեծ տերություններին պետք չեն։ Նրանք ամենուր հայտնվում են ոտքի տակ։ Խոհեմ կլիներ, սկսել հենց նրանցից։
- Չե՞ք կարծում, վաղուց եք սկսել,- Մարկոսը նորից ցույց տվեց շարքերը,- Դուք փորձում եք կրկնել նախկինների սխալը, որի իրավունքը չունեք, եթե այն ընդհանուր խնդիր է, նաև չեմ կարծում տառապում եք բնապաշտությամբ։
- Ի՞նչը նկատի ունեք և ինչու՞ այդպես կոպիտ պարո՛ն մարդասեր։
- Ինչու՞ եք կրկնում նախկինների սխալը, ինչու՞ հակառակը չեք անում։ Չէ՞ որ բնությունը մեծ վնաս է կրում այսպես կոչված հենց այդ խոշոր տերերից։ Վերջապես, աղքատն ի՞նչ վնաս կարող է հասցնել բնությանը։ Նա ընդամենը խղճուկ սպառող է։
- Այո, խղճուկ ու փնթի, բայց ժամանակը, ինքը կհոգա այդ այսպես կոչված թե հզոր, թե հարուստ տերերի մասին։ Դա այլ խնդիր է,- ձեռքը թափահարեց Ադամանդը։
- Նաև հարց է՝ մինչ ժամանակը կհիշի այդ քմահաճ հզորներին, որքա՞ն չարիք նրանք կհասցնեն գործել ի վնաս թե բնությանը թե մարդկությանը։
- Համամիտ եմ՝ նաև չեմ թաքցնում՝ այդ հարուստ ուտիչները նաև իմ սրտով են։
- Ինչպե՞ս հասկանալ։ Դուք հակասում եք ինքներդ ձեզ։
- Այստեղ հակասություն լինել չի կարող, պարզապես նրանք իրենց ախորժակով տարված են ինքնաոչնչացմամբ։ Իմ առաքելությունն այլ է։
- Ո՞րն է,- հետաքրքրվեց Մարկոսը, վեղարը թեթևակի ետ տանելով։
- Մարդն է։ Մի՞թե հարուստն էլ նույնը չի անում,- ինքնավստահ ժպտաց Ադամանդը։
- Եվ դուք հավատացած եք ձեր առաքելության հաղթական ավարտին։ Կարծում եք այն դրակա՞ն ավարտ կունենա, թեկուզ ձեր փառասիրությանը հագուրդ տալու։
- Չեմ կարողանում կռահել հարցի իմաստը։
- Այն, երբ բռնությամբ լվանում եք մարդու ուղեղը, դառձնելով մարդատյաց ռոբոտ։
- Թանկագին մարդասե՛ր, անհանգստանալու հարկ չկա։Այսպես թե այնպես, մարդն իր մեղքով վաստակել է մահը, իսկ իմ ծրագիրը, պարզապես մի փոքր արագացնում է այդ ընթացքը։
- Եթե վաստակել է, ապա ինչի՞ համար է այս այլակերպությունը։
- Տեսնում եմ ձեր մարդասիրությունը սահման չունի։
- Իմ կոչումն է լինել մարդասեր։։
- Տեսնենք թե որքանո՞վ կարդարացնեք ձեր մարդասիրությունը,- Ադամանդը նայեց հորիզոնին,- Իսկ մեր խոսքը շատ երկարեց։ Լավ գիտեք՝ երկար խոսքը գործի թշնամին է։
Մարկոսը նույնպես նայեց հորիզոնին,- Լուսանում է,- շշնջաց նա։
- Իմ ռոբոտ- զինվորները կգործեն ամենուր,- հայտարարեց Ադամանդը։
- Հետևանքը սարսափելի կլինի,- փորձեց սաստել Մարկոսը։
- Դա արդեն կարևոր չէ։ Քանի որ այս քաոսում հաղթող և պարտվող չի լինի՝ կհայտնվեն բազում դատողներ և դատապարտողներ։
- Իսկ ու՞ր մնաց ձեր հաղթանակը, նորից հակասում եք ինքներդ ձեզ։
- Իմ հաղթանակը այլ բնույթ ունի։
- Ինչպե՞ս հասկանալ,- զարմացավ Մարկոսը։
- Պարզապես ընթացող իրադարձությունները շահութաբեր կլինեն ինձ համար։
- Իսկ եթե այն վաղ թե ուշ դառնա անկառավարելի և դուք հայտնվեք ձեր փորած փոսի մե՞ջ
- Այդ խնդրի շուրջ ևս մտածողներ կծնվեն, իսկ իմ փորած փոսի մեջ միշտ էլ ուրիշն է հայտնվում, այնպես որ․․․
- Չեմ կարծում դա լավ միտք է։ Այս զանգվածը զուրկ է զգայարաններից, որին դուք բանակ եք անվանում։ Շատ չարիք կգա նրանից։
- Զգալը զինվորին պետք չէ, այն նրան դարձնում է խոցելի և միայն կխանգարի ամենավճռական պահին։
Մարկոսը խորը հոգոց հանեց, լուռ քայլեց դեպի մեքենան։
- Մտածե՛ք, մարդասեր, մտածե՛ք․․․ Մի՞թե հենց ձեր մարդասիրությունը չի գործում ընդեմ մարդու։
Մարկոսը կանգ առավ, նայեց զինվորների շարքերին։ Ադամանդը մոտեցավ երկու հսկիչներին, որոնք այդ ընթացքում կանգնած էին ամենագնացի դռների մոտ։
- Տարե՛ք նրան ետ։ Նա համաձայնեց,- հրամայեց Ադամանդը, սպսելով պատասխանի, իսկ Մարկոսը միայն նայեց նրան և նստեց մեքենան․․․

вторник, 14 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության (մաս-4)

Մի խումբ մարդիկ, թողած խղճուկ ինչխը, փախչում էին դեպի օտար ափեր։
Կեսօր էր։ Հեռու ճանապարհին փոշու ամպ գոյացավ։ Խումբը կանգ առավ։ Փոշու ամպը հետզհետե վերածվեց մեքենայի և կանգնեց նրանց մոտ։ Մեքենայից դուրս եկան երկու սպիտակ հագնված տղամարդ։ Մարդիկ հանկարծակիի եկած իրար նայեցին, սկսեցին այս ու այն կողմ փախչել։ Տղամարդը բռնեց մի վտիտ պատանու, մյուսը օգնեց, նրան խցկելու մեքենայի թափքում։ Մինչև մեքենայի ընթացք վերցնելը, կանանցից մեկը ետ վազեց, կառչեց թափքից։ Մեքենան տեղից պոկվեց, հետևից քարշ տալով աղիողորմ ճչացող կնոջը։ Հետզհետե այն անհետացավ իր զոհի հետ, իսկ փոշին դանդաղ նստեց, կարծես անորոշ ժամանակով հանգստանալու․․․
Ադամանդը ներս մտավ, երբ պատանին արդեն ամրացված էր սեղանին․
- Եկել եմ անձամբ հետևելու,- հայտարարեց նա և սովորության համաձայն ձեռքերը խաչեց կրծքին, սկսեց ճոճվել ոտքերի թաթերին։ Ոչ ոք նրա կողմը չնայեց՝ յուրաքանչյուրը տարված էր իր բաժին աշխատանքով։
- Որտե՞ղ է Աբգարը՝ նրան չեմ տեսնում,- հարցրեց նա, միաժամանակ հայացքը չկտրելով պատանուց։
— Դեռ չի եկել,- առանց նրա կողմը նայելու, պատասխանեց Նաթին, ներարկիչը ձեռքին, մոտեցավ պատանուն։
- Պրոֆեսորը նույնպե՞ս,- վրդոհվեց Ադամանդը։
- Նույնպես։ Դուք գիտեք՝ նրանք գալիս են, երբ ամեն ինչ պատրաստ է լինում,- պատասխանեց Նաթին, փորձեց ներարկել պատանուն։
- Սպասի՛ր,- Նաթիի համար անսպասելի էր Ադամանդի հրամանը, բայց նա զարմացած ետ քաշեց ասեղը։
- Այսպես ավելի ճիշտ է,- հասկանալով կնոջ զարմանքը, շարունակեց Ադամանդը,- Այս դեպքում պրոֆեսորի ներկայությունը պարտադիր է,- լռեց, հետո, կարծես միտքը լրացնելու համար ավելացրեց,- Զգուշությունը երբեք ավելորդ չի լինում։ Սպասենք։
Նաթին մնաց ներարկիչը ձեռքին կանգնած։
Եկավ պրոֆեսոր Բենը։ Նրա հետևից ներս մտավ Աբգարը։
- Պրոֆեսո՛ր, չե՞ք կարծում նման կարևոր պահերին ուշանալն աններելի է,- զսպված հանգստությամբ հանդիմանեց Ադամանդը։
- Դա այդպես է, բայց չեմ կարծում ուշացած լինեմ,- հանգիստ պատասխանեց Բենը, նայեց թևի ժամացույցին,- Գուցե դու՞ք եք շտապում։ Ճիշտ ժամին եմ եկել,- աչքը ժամացույցից չկտրելով պատասխանեց նա։
Ադամանդը դեմքը խոժոռեց։ Պրոֆեսորը մոտեցավ պատանուն, զննեց, ապա դիմեց Նաթիին․
- Ինչու՞ ներարկում չի կատարվել, ինչու՞ է տղան արթուն,- Նաթին լուռ նայեց Ադամանդին։
- Ես եմ հրամայել,- ինքնավստահ միջամտեց նա։
- Ինչու՞,- զարմացավ Բենը։
- Որպեսզի չկրկնվեր անցած անգամվա սխալը։
- Կարծում եմ սխալը ոչ թե անձից է,այլ ներարկիչի պարունակությունից, որի տարբերությունն իհարկե այդպես էլ չկարողացա գտնել,- Բենը Նաթիից վերցրեց ներարկիչը։ Աբգարը միացավ նրան։ Տիրեց լռություն։ Երկու սպիտակ զգեստավորներ հսկում էին մուտքը։ Ադամանդը քաշվեց մի կողմ, շարունակելով հետևել աշխատանքին։
- Այսօր նա հնազանդ կլինի, ինչպես ենթակա զինվոր,- մրմնջաց Բենը։ Նաթին հագցրեց նրա ձեռնոցները,- Իսկ մի գեղեցիկ օր նրանք կդառնան անկառավարելի,- միտքն ավարտեց պրոֆեսորը, հայացքի տակից հետևելով Ադամանդին։
- Դա բացառվում է։ Աշխարհը լեցուն է հզոր ռոբոտներով, բայց մնում են ենթակա գերիշխան մարդուն,- ինքնավստահ արտաբերեց Ադամանդը, շտկվելով տեղում։
- Նաթի՛, ինքդ ներարկիր,- դեմքը խոժոռելով, ներարկիչը վերադարձրեց։ Մինչ Նաթին կծակեր պատանուն, վերանորոգված փեղկը նորից խշշոցով ցած թափվեց։ Մեկը դրսից հայտնվեց լաբորոտորիայում։ Բոլորը ցնցվեցին՝ անգամ Ադամանդը ձգվեց տեղում։
- Կորի՜,- պարկած տեղից բացականչեց պատանին։
- Մալե՛,- ի պատասխան պատանուն՝ Կորին ընդամենը շշնջաց և ցատկեց ձեռքերի վրա կանգնեց սեղանին։ Ադամանդն այլայլված բղավեց․
- Բռնե՛ք նրան։ Զմրուխտե աչքն է։ Նա ո՛ղջ է,- Ադամանդը շարունակ բղավում էր։ Երկու հսկիչները հարձակվեցին Կորիի վրա, իսկ նա սենյակով մի պտույտ կատարեց և բոլորը փռվեցին հատակին։ Ապակե պահարանը ցրիվ եկավ։
- Իմ սիճուկնե՛րը։ Աբգար փրկի՛ր,- շարունակում էր բղավել Ադամանդը։
Հսկիչները հոլի պես պտտվում էին, իսկ պրոֆեսորն ու Աբգարը դեռ հատակին էին։ Գիտնականը չէր շտապում տեղից վեր կենալ, նա ընդամենը նստեց, շարունակելով հետևել, թե հիանալ Զմրուխտե աչքով, իսկ նա նորից ցատկեց սեղանին, դուրս նետվեց լուսամուտից,  իր հետ տանելով, սեղանը պատանու հետ միասին․․․
- Ա՜յ քեզ հրա՜շք,- հատակին նստած, ակամա ծոր տվեց Նաթին։
- Սատանայի բաժին դառնա՛ք, անբաննե՛ր,- շարունակում էր բղավել հունից դուրս եկած Ադամանդը։
- Հրամայիր տեր,- հայտնվեց ինքը՝ սատանան։
- Չքվի՛ր անբան։ Երբեք տեղին չես հայտնվում,- ավելի բորբոքվեց Ադամանդը։
- Ինչպես կամենաս տեր,- խոնարհվելով անհետացավ սատանան։ Ադամանդը սթափված նայեց մյուսներին։ Բոլորը սառել մնացել էին։
- Տեսնում եմ սատանայի հետ այնքան էլ վատ չեք,- տեղից կանգնելով, նկատեց Աբգարը,- Էլ ինչի՞ համար են այսքան զինվորները,- Ադամանդը մի թույնոտ հայացք նետեց նրան՝ այն չվրիպեց Բենի ուշադրությունից․
- Այս դեպքում գիտնականը իրավացի է, հարկավոր չէ նրան շանթել հայացքով։ Միայն թե կուզենայի իմանալ՝ ո՞վ է այդ Զմրուխտե աչքը,- ապա երկիմաստ նայեց գիտնականին ժպտաց։
Աբգարը արհեստավարժ զարմանքով թոթովեց ուսերը․․․

воскресенье, 12 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության մաս -3

Վիվին սովորականից վաղ արթնացավ, մտավ լոգարան, սկսեց երգել ցնցուղի տակ, բայց ուժգին խշշոցն ու աղմուկը ստիպեցին նրան դուրս նետվել լոգարանից։
Փայլող մաշկով, կանաչ ու անսովոր փայլող աչքերով անծանոթ պատանին մերկ կանգնած էր հյուրասրահի կենտրոնում, տեսնելով տարօրինակ արտաքինով տղային, ճչալով ետ, ետ գնաց, հագավ խալաթը։ Պատանին հանգիստ մոտեցավ, ձեռքով փակեց նրա բերանը, մատը դրեց իր շուրթին, աղջկան հասկացնելով, լռել։ Աղջիկն ակամա ենթարկվեց․․․
- Դու ո՞վ ես,- Հարց տվեց աղջիկը, պատանու գրկից դուրս պրծնելով։
-  Կորին եմ։ Իմ ծնողներն ինձ այդպես էին անվանում, իսկ դու՞, անունդ ասա։
- Վիվի,- պատասխանեց աղջիկը, աշխատելով հեռու կանգնել պատանուց։
- Դու գեղեցիկ ես։ Քո մաշկը այնտեղի լույսի գույնն ունի, որտեղից ես փախա։
- Որտեղի՞ց փախար,- զարմացավ աղջիկը։
- Այնտեղից,- ձեռքը դեպի վեր ցույց տվեց պատանին։
- Իսկ դու Զմրուխտե աչքն ես, ոչ Կորին, որտեղից էլ փախած լինես,- Վիվին հիացած նայում էր նրա աչքերին,- Ինչու՞ են քո աչքերը փայլում։
- Չգիտեմ, առաջ չէին փայլում,- ուսերը վեր քաշեց Կորին, մոտեցավ, նայեց հայելու մեջ,- Իմ մաշկը նույնպես փայլում է,- հայացքը սահեցրեց ներքև և կարծես միայն հիմա նկատեց իր մերկ լինելը։ Նա երկու ձեռքով ծածկեց ամոթը, դեմքով շրջվեց դեպի աղջիկը։ Վիվին ծիծաղելով, մոտեցավ պահարանին, նրան շպրտեց առաջին պատահած տաբատը և շապիկը։ Կորին շտապեց հագնել տաբատը, այնուհետ շուռումուռ տվեց շապիկը, մի կողմ նետեց,- Այն ինձ ավելի շատ կխանգարի։
- Ափսոս, այն քեզ շատ կսազեր, քո աչքերի գույնին է,- Կորին տեսնելով աղջկա անկեղծ ափսոսանքը, շապիկը ետ վերցրեց, հագավ։
- Իսկապես այն քեզ շատ սազեց,- Ժպտալով, արտաբերեց Վիվին։
Աղջկա համար և անսովոր էր և ձգող անկոչ հյուրի անսովոր տեսքը, որին լրացնում էին ածուխի պես սև գանգուրները, ուղիղ քիթը և բարձր ճակատը։
Հնչեց դռան զանգը։
Հայրս է,- շփոթվեց Վիվին։ Կորին մեկ նայեց փշրված փեղկին, որտեղով ներս էր մտել, մեկ դռանը։
- Ո՛չ,- կռահելով պատանու միտքը, գոչեց աղջիկը, նրա ձեռքից քաշելով ննջարան։
Զանգը կրկնվեց։ Վիվին շտապեց բացել դուռը։
- Ներիր աղջիկս, քեզ արթնացրի։ Այսօր չգիտես ինչու՞, բանալին մոռացել եմ տանը,- ներս մտնելով, առանց կանգ առնելու, խոսելով մտավ հյուրասրահ, տեսնելով ջարդված փեղկը, տագնապած նայեց Վիվիին, նետվեց աշխատասենյակ,- Ի՞նչ է կատարվել այստեղ,- մրմնջաց նա,- Իմ փաստաթղթե՛րը,- նորից կարծես հիշելով ավելի կարևոր բան, բացականչեց,- Մի՞թե նրանք գտել են․․․
- Ո՛չ հայրի՜կ, ոչ ոք ոչինչ չի գտելև վերջապես, ոչ ոք չի ներխուժել մեր բնակարան, հանգստացի՛ր,- հոր հետևից վազելով, փորձում էր հանգստացնել Վիվին։
- Իսկ ինչպե՞ս հասկանալ սա,- հարց տվեց Աբգարը, ցույց տալով ջարդված փեղկը,- Եվ հենց նույն օրը, երբ․․․,- գիտնականը լռեց, դուրս նայեց փեղկից, նորից նայեց աղջկան,- Նա ո՞ղջ է,- կիսաձայն շշնջաց նա
- Ո՞վ,- միամտացավ Վիվին։ Աբգարը առանց լսելու պատասխանը, անցավ սենյակից, սենյակ։
- Հայրի՛կ, քեզ հետ ի՞նչ է կատարվում, վերջապես կարո՞ղ եց բացատրել,- հոր հետևից վազվզելով, կրկնում էր Վիվին։
Աբգարը մնաց կանգնած հյուրասրահում։ Նայեց աղջկա երկնքի պես ջինջ ու կապույտ աչքերին․
- Կարո՞ղ ես ինձ հետ անկեղծ լինել՝ ասա՛, ո՞վ է ջարդել փեղկը։
- Ես,- անհամարձակ պատասխանեց Վիվին, գլուխը կախ գցելով։
- Եվ ես պետք է հավատամ,- արտաբերեց նա, թևաթափ փլվեց բազմոցին,- Վիվի՛, աղջիկս, եթե հավատամ քո խոսքին, դու ինձ առնվազն հիմար պիտի համարես,- Աբգարը մոտեցավ աղջկա ննջարանին․
- Ո՜չ, հայրի՛կ,- Վիվին փորձ արեց հորն արգելելու, մտնել ննջարան, բայց նա արդեն այնտեղ էր։ Ննջարանում ոչ ոք չկար։ Աղջիկը զարմացած նայեց շուրջը, թևաթափ նստեց անկողնուն, այն չվրիպեց գիտնականի աչքից․
- Ի՞նչ եղավ քեզ աղջիկս,- Աբգարը նստեց նրա կողքը։
- Ոչինչ,- գլուխը տարուբերեց Վիվին, սկսեց լաց լինել։ Աբգարը լուռ նայեց ննջարանի բաց փեղկին, դուրս եկավ։
- Նա ողջ է,- շշնջաց, դուրս նայելով հյուրասրահի լուսամուտից․․․

пятница, 10 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության ( մաս- 2)

Գանգրահեր, թխամաշկ պատանին քայլում էր արևից թրծված ավազներով, փարվելով արևածագի դեղին շողքին և թվումէր այդ շողքից ավազն ավելի էր դեղնում։
Պատանին նկատելով, ճանապարհին դեպի իրեն սլացող փոշեկոլոլ մեքենան, շտապեց կորչել մոտակա կավածեփ աղքատիկ տնակը։ Նայողին թվում էր, այդ տնակի բակից էր սկսվում դեղին անապատը, միանում հրակարմիր հորիզոնին։
Փոշու մեջ կորած, անծանոթ մեքենան կանգ առավ տնակի մոտ, նրանից դուրս եկան երկու սպիտակ հագնված տղամարդ, սափրած գլուխներով։ Վայրկյաններ նայեցին զարմանքից քար կտրած տղային՝ վազեցին նրա կողմը։ Պատանին փորձեց փախչել, բայց առանց ջանքի, նրանք բռնեցին նրան, խցկեցին մեքենայի թափքը, ձեռքերը թափ տալով, նայեցին շուրջը՝ ոչ ոք չերևաց․․․
Վայրկյաններ անց մեքենան սլանում էր արևահար անապատի փոշեկոլոլ ճանապարհով։ Թվում էր, այն օձի պես գալարվելով կուլ էր տալիս մեքենան, միաձուլելով դեղին գույնի հետ․․․
 Պատանու մերկ մարմինը սարսռաց, երբ հայտնվեց սեղանին։ Նա փորձեց նայել շուրջը, բայց բացի առաստաղից ոչինչ տեսնել չկարողացավ, փորձեց նստել՝ երկու կոպիտ ձեռքեր ետ հրեցին նրան։ Քիչ հետո, սեղանը սլանում էր նեղ միջանցքով, իսկ առաստաղից շարքով ամրացված էին սպիտակ, կուրացնող լույսերը։ Շուտով սեղանը կանգ առավ, պատանին գլուխը բարձրացրեց, նայեց շուրջը՝ այնտեղ նույնպես ամեն ինչ սպիտակ էր՝ նույնիսկ մարդիկ։
- Տղան պատրաստ է,- զեկուցեց բարձրահասակ Նաթին՝ սուր հայացքը սևեռելով Ադամանդին, ինչից Ադամանդը ինքնագոհ ժպտաց, ապա մոտեցավ, ուշադիր նայեց պատանու դեմքին․
- Նա սևամորթ է, իսկ աչքերը կանաչ են, ինչպես զմրուխտը՝ բացառիկ դեպք է,- ետ կանգնելով գլուխը օրորեց նա,- Ինչևէ՝ սկսե՛ք․․․
Տղան գլուխը ձգեց վեր, ուշադիր նայեց Ադամանդի ճակատին շողացող սպիտակ քարին, ապա թուլացած ետ ընկավ։ Բոլորը քարացելէին նրա աչքերի գույնից։ Պատանին, որ մինչ այդ փորձում էր հետևել բոլորին, հայացքը մնացել էր գամված ներարկիչը կրող ձեռքին․․․
- Շատ չե՞ք հապաղում, վերջապես սկսե՛ք,- կրկնեց Ադամանդը, մի անհանգիստ հայացք գցելով դռան կողմը,- Պրոֆեսորը ինչու՞ է ուշանում։
Պատանին վախեցած աչքերը փակեց, տեսնելով ներարկիչով մոտեցող ձեռքը։ Ասեղը ծակեց նրա հյուծված մաշկը։ Քնելու փոխարեն, հանկարծ նա առույգացած աչքերը բացեց, նայեց շուրջը։ Պատանու աչքերի փայլից Աբգարը շփոթվեց, բայց հանգիստ ձևանալով, մի հայացք գցեց բոլորին, իսկ բոլորը զարմացած նայեցին իրար։
Պատանին փորձեց վեր կենալ՝ ամրագոտիները թույլ չտվեցին։
- Այս ամենն ի՞նչ է նշանակում, ինչու՞ նա չքնեց,- բղավեց Ադամանդն իրեն կորցրած, մոտեցավ Աբգարին, նայեց նրա աչքերի մեջ,- Կարծում եմ պարտավոր եք բացատրելու։ Կատարվածը ձեզ տարօրինակ չի՞ թվում պարոն գիտնական,- Աբգարը սեղմեց շրթունքները, աշխատելով միամիտ ձևանալ․
- Ես էլ պակաս զարմացած չեմ։
Նրանց խոսքը կիսատ մնաց, երբ պատանին ձեռքերն ուժով իրար միացրեց, կապիչները կտրվեցին՝ ցատկեց, կանգնեց սեղանին։ Նրա սուրճի գույն մաշկը փայլում էր սուրճի պես, և նույն անսովոր փայլով փայլում էին նրա կանաչ աչքերը։ Ներկաները համարացած հետևում էին տարօրինակ պատանուն։
- Վերջապես բռնե՛ք նրան, սատանայի բաժիններ,- բղավեց Ադամանդը։ Մինչ որևէ մեկը կհասցներ տեղից շարժվել, հայտնվեց ինքը՝ սատանան․
- Ի՞նչ է կամենում իմ տերը,- շողոքորթ խոնարհվեց նա
- Ո՞վ ես դու,- հարց տվեց Ադամանդը, ավելի շփոթված։
- Ինքը սատանան՝ քո խոնարհ ծառան, Ձյունահերի հրամանաով։
Ադամանդը պատանուն մոռացած՝ մեկ նայում էր սատանային, մեկ ներկաներին, հետո աշխատելով թաքցնել զարմանքը պատասխանեց,- Ոչինչ․․․
- Հրամանքդ տեր իմ,- խորը գլուխ տալով, սատանան անհետացավ։
Կատարվածից, բոլորը սարսափահար սեղմվել էին պատին, աչքաթող անելով պատանուն, իսկ նա սեղանից ցատկեց, կախվեց ջահից, սկսեց ճոճվել, կարծես կողմնորոշվելու։ Անսպասելի լուսամուտից դուրս նետվեց, աղմուկով փշրելով ապակին։ Բաց փեղկից բոլորը դուրս նայեցին։ Ոչ ոք չէր երևում։
- Ամեն ինչ պատրա՞ստ է,- լսվեց դռան կողմից։ Մեկ մարդու պես նրանք նայեցին այն կողմ՝ Եկողը պրոֆեսոր Բենն էր։ Նրա արևելյան արտաքինին համահունչ էին նեղ աչքերը և ետ սանրված ուղիղ, ցից մազերը։ Տեսնելով այլայլված դեմքերը, Բենը նայեց փշրված փեղկին, ուղղվեց այն կողմ։ Գլուխը հանեց դուրս, հարցրեց, նորից ետ գալով,- Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ի՞նչ է կատարվում այստեղ,- կանգ առավ, նայեց ներկաներին,- Միայն թե չասեք այն, ինչ մտածում եմ,- նորից նայեց փեղկին։
- Գուցե մտածում եք, պատանին դու՞րս է նետվել,- հեգնեց Ադամանդը,- ՄԻ մտածեք, այդպես էլ կա։
- Ինչպե՞ս, նա ցատկել է նման բարձրությունի՞ց,- պրոֆեսորը նորից նայեց դուրս,- Սա կատակ չէ, մենք գտնվում ենք քառասուներկուերրորդ հարկում,- Լռեց, ապա ցուցամատը վեր բարձրացրեց,- Եթե չեմ սխալվում։
- Չեք սխալվում,- շարունակեց հեգնել Ադամանդը։
- Իսկ ինչպե՞ս է պատահել,- հետաքրքրվեց պրոֆեսորը,- Նրան չէի՞ք ամրացրել։
- Իսկապե՞ս դուք տեղյակ չեք կատարվածից,- ոտքերի ծայրերին ետ ու առաջ ճոճվելով, կասկածամտորեն հարց տվեց Ադամանդը։
- Անգամ չեմ կարողանում հասկանալ ձեր տված հարցի իմաստը,- նկատելի վրդոհվեց պրոֆեսորը։
- Այդ դեպքում միայն Աբգարը կարող է սպառիչ պատասխան տալ,- հետևություն արեց Ադամանդը, աչքի պոչով նայելով գիտնականին։ Մյուսները նույնպես հայացքները ուղղեցին նրա կողմը։
- Ինքս էլ եմ զարմացած,- անկեղծանալով, ուսերը վեր քաշեց Աբգարը։
- Նաթի՛, գուցե դու՞ք բացատրեք։
- Ոչինչ ասել չեմ կարող, վերջապես պատից պոկվելով պատասխանեց Նաթին։
- Կապիչները ամրացվա՞ծ էին,- հետաքրքրվեց պրոֆեսորը, մոտեցավ, շոշոափեց պոկված կապիչը։
- Այո՛, բայց Աբգարի կատարած ներարկումից հետո, այդ տղան կարողացավ կտրել այն և դուրս նետվել, որը կարող է հետո մեր գլխին մեծ փորձանք բերել,- այս անագամ նկատելի մտահոգ բացատրեց Ադամանադը։
- Անհնար է, կապիչները արձակվում են միայն թվերի գաղտնազերծումով և այն լավ գիտեր գիտնականը,- պրոֆեսորը մոտեցավ Աբգարին,- Տվե՛ք ինձ այն ներարկիչը, որով ներարկել եք պատանուն։
Աբգարը լուռ մոտեցավ պահարանին, այնտեղից վերցրեց ներարկիչը, մեկնեց պրոֆեսորին։

среда, 8 апреля 2020 г.

Պղնձագույն անտառը

Երեկ գնացել էի անտառ, հիանալու գարնան զարթոնքով, բայց այնտեղ անգամ աշնան շունչը չգտա, ախր աշունը բազմագույն է լինում, իսկ երեկվա իմ տեսած անտառը պղնձագույն էր՝ չորացած, հաստաբուն ծառերը տապալված գետին․․․
Երկու գերմանացի անտառահատներ տրակտորով վերադառնում էին սարի գագաթից, որտեղից սկսել էին չորացած ծառերի հատումը։ Ձեռքով արեցի, կանգնեցրին տրակտորը, անջատեցին, երկուսով մոտեցան, ժպտալով բարևեցին․․․Հետաքրքրվեցի թե ի՞նչ է պատահել անցյալ տարվա այդ կանաչ դրախտի հետ, ինչու՞ է համատարած չորացել անտառը․
- Ողջ աշխարհում է այս դժբախտությունը,- սկսեց տրակտորիստը,- Ջուր չկա, անձրևները սակավ են, ծառերը հիվանդացել են, ներսից որդը ուտում է։ Անգամ կիրակի օրերին ենք աշխատում, որպեսզի հասցնենք հատել այս անսահման անտառը և տեղը նորը տնկենք,- Բացատրելուց հետո, նրանք բարի օր մաղթեցին և նորից գործի գցեցին տրակտորի աղմկող շարժիչը, իսկ այդ ընթացքում ամենա բարձր սարին շարունակում էր աղմկել 21-րդ դարի ամենա հզոր տեխնիկաներից մեկը՝ թեք սարալանջից ծառերը հատելով, ճյուղահան անելով, դարսելով մի կողմի վրա և այդ հսկայական աշխատանքին հետևում էին ընդամենը երեք աշխատաողներ․․․
Մինչև անտառից դուրս եկա, նկատելի մեծացավ բացատը իր թարմ կոճղերով, իսկ համատարած պղնձագույն անտառը, քամուց ճռճռալով սպասում էր իր հերթին

понедельник, 6 апреля 2020 г.

Մարդն ընդդեմ մարդկության։ (1- մաս)

Ամպի ծվենները խաղում էին արևի ոսկեփայլ շողերի հետ։ Գարունը տրորում էր սառույցի պես մինդ ձյունը, նրանից կաթիլներ քամում։ Ադմանը, որ մինչ այդ հենված հրապարակի պատվանդանի պատին, տաքանում էր արևի տակ, ծուլորեն կռացավ, պոկեց մի կտոր սառույց, պահեց արևին, երանությամբ շշնջաց․
- Փայլում է, ինչպես ադամանդը,- ապա ավելի հիացած զննեց այն,- Ձյունահեր կնոջ է նման,- հպեց շուրթերին։ Սառույցից պոկվող կաթիլները ընկան գետին, վերածվելով եղյամի, տարածվեցին նրա ոտքերի շուրջը, Ադմանը վախեցած ետ, ետ գնաց։ Սառույցի կտորը ձեռքից պոկվեց կպավ ու մնաց նրա լայնեզր գլխարկին։ Նա խուճապահար սկսեց մատներով շոշոափել այն, ավելի շուտ նրանից ազատվելու հույսով, միաժամանակ աշխատելով հեռանալ հրապարակից։ Հետևից ոտնաձայներ լսվեցին։ Ադմանը կանգառավ, նայեց ետ։ Նրա հետևից հանգիստ քայլում էր ճերմակազգեստ, ձյունահեր կինը․
- Ո՞վ ես,- աչքը տարօրինակ անծանոթուհուց չկտրելով, վախվորած հարցրեց նա, ինքնաբերաբար ձեռքը տանելով գլխարկին։ Այն իջեցրեց, շոշափեց սառույցի կտորը, նորից փորձելով ազատվել նրանից, բայց սառույցը այլևս չէր հալվում և ամուր էր, ինչպես քարը։ Ադմանը շփոթված նայեց քարին և այն իսկապես վեր էր ածվել սպիտակ, փայլուն քարի։
- Ես Ձյունահերն եմ։ Դու իմ անունը տվեցիր։
- Մի՞թե այնփոքրիկ սառույցի կտորը․․․,- ավելի վախեցած կմկմաց Ադմանը։
- Այո՛, Ձյունահերը ես եմ։ Դու ինձ ընտրեցիր,- ինքնավստահ շարունակեց կինը, որից Ադմանը կուչ եկավ,- Այս պահից փոխվում է քո կյանքը, իսկ դու փոխիր քաղաքը․․․ Ինչու՞ չէ, նաև աշխարհը։ Սկսի՛ր քաղաքի գույնից։
- Ինչպե՞ս,- Ադմանը զարմացած նայեց շուրջը, ուր գարնան զարթոնքից վաղուց արթնացել էր կանաչը։
- Թո՛ղ այն միշտ կրի սպիտակ գույնը՝ այն իմ գույնն է։
- Ինչպե՞ս,- հուսահատ պոռթկաց Ադմանը։
- Պատի՛ր քաղաքը եղյամով,- հրամայեց կինը,- Նայի՛ր ոտքերիդ տակ՝ միայն մի քանի կաթիլ և ահա սկիզբը դրված է, իսկ երբ ողջ մեգապոլիսը պատես եղյամով, այն կլինի քո վերջնական հաղթանակը։ Տիրացի՛ր քաղաքին։
- Ինչպե՞ս կարող եմ եղյամապատել այս հսկա քաղաքը,- այս անգամ զարհուրեց Ադմանը։
- Քո հնարավորությամբ՝ ես այն տալիս եմ քեզ։ Տիրացի՛ր քաղաքին,- կրկնեց Ձյունահերը, մոտեցավ, Ադմանի ձեռքից վերցրեց գլխարկը, դրեց նրա գլխին։ Գլխարկը վերածվեց սպիտակ չալմայի, վրան շողացող ադամանդե քարով,- Այսուհետ դու Ադամանդն ես, կրիր այն միշտ, քանի որ քո ուժը այդ քարի մեջ է,- Ձյունահերը ավարտեց խոսքը, ետ դարձավ և Ադմանը տեսավ թե ինչպես նա անհետացավ հրապարակի պատվանդանի պատերից մեկում։
-  Ես ամենակարո՞ղ,- երանությամբ շշնջաց նա, նույնպես քայլերն ուղղեց պատվանդանի կողմը։ Երբ հասավ դամբարանին, պատին երևացած ծանր դուռը, որտեղով ներս էր մտել Ձյունահերը, նույնքան ծանր ճռռոցով ետ գնաց։ Այնտեղից դուրս եկան երեք տղամարդ՝ սպիտակ հագուստով․
- Հրամայի՛ր Ադամանդ,- խոսեց նրանցից մեկը։
- Ես պետք է տիրանամ քաղաքին,- Արտասանեց նա, թաքցնելով զարմանքը։
- Այո՛, քեզ բանակ է հարկավոր հաղթելու և տարածելու մեր օրենքները,- պատասխանեց մյուս տղամարդը, որի ճերմակները և սպիտակ քարերով ուսադիրները հուշում էին նրա տարիքի և դիրքի առավելության մասին։ Ադմանի համար անսպասելի, նրանք անհետացան բացված դռնով և այն նորից ծանր ճռռոցով փակվեց։ Եղյամը նկատելի շատացավ։
- Կարծես առաջին քայլն արված է,- բարձրաձայն արտասանեց նա, ոգևորված նայելով եղյամին․․․

суббота, 4 апреля 2020 г.

«Էլ հավես չկա»

Տարին տարվա հետ գլորվեց գնաց․․․ Բառերս մաշվեցին, սպասումս անցավ, մի բուռ ձյուն դարձավ ու ձնհալ դառավ, անցա՜վ ու մնաց մի փշուր ներկա․․․
Բոլոր բառերը հաստ բառարանի յուրացրել են ու հատորներ գրել․․․ Էլ բառեր չկան իմ երգելու՝ գեթ երկու բառով՝ ապրումների իմ գույները նկարելու․․․
Օրը մթնում է, նորից առավոտ կամ էլ լուսաբաց, ի՞նչ տարբերություն, կարծես գիշերը չէր եկել այցի․․․
Քնում եմ անմիտ՝ տրտունջն է մտքիս։ Մի՞թե իմ բան ու գործը հիմա քնելն է․․․
Օրերը կարճացել են, ձմեռ է հիմա, ավյունը բերող եղանակը կորել է։ Տաք օրերը նենգ քամին տարավ, տեղը բերել է անվերջ սպասում ու մի միտք անմիտ՝ « Էլ հավես չկա»․․․
Էն մութ օրերի վառարանին եմ կարոտում հիմա, երբ կարողանում էր մեզ տաքացնել գրասենյակի արխիվի թղթով, որ իր ժամանակին կարևոր էր ու անչափ կարևոր․․․
Վառարանը արագ բոցկլտում էր ու շատ արագ հանգչում։ չէինք հասցնում ճաշ եփել վրան։ Դե՜ թուղթն էր վառելիքը, վայրկյաններ հետո կրակն անցնում էր առանց տաքացնելու անվերջ մրսացողներիս։ Վառարանի վրա ոլոռն ու բրինձը հում էին մնում, իսկ ոմանք կամ էլ բոլորը նորից անհավես սոված ու կիսամրսած, հաճախ նեղսրտած, մնում էին նստած, ես էլ հետները։ Օրը թաղվում էր խավարում պատող և ինձ մնում էր մտնել անկողին․․․
Լավագույն դեպքում հարևանի տանը լոտոն էր շահում և սկսվում էր երեկոն զարթնել մոմի լույսի տակ, իսկ ավելի հաճախ ձեթի ճրագի․․․
Ոչ ուտելիք կար, ոչ փող, ոչ էլ հաց․․․ Ասում էին պատերազմ է և բոլորս լուռ համբերում էինք․․․
Խաղում էին բոլորը՝ կին թե տղամարդ՝ խաղում էինք երկա՜ր՝ ծխախոտի վրա և հաղթում էին միշտ տղամարդիկ։ Երևի կանայք տանուլ էին տալիս, որ չէին ծխում, սակայն ո՞վ գիտե գաղտնիքը դրա։ Գուցե հոգսն էր՝ ծանր հոգսը, որ միշտ ծամում էր բոլորի միտքը, թե վաղը նորից պիտի անտառ գնանք ցախի հետևից, քանի որ գողացված թղթով բան դուրս չէր գալիս։
Եվ ցախը կապած, ձների միջով, մի կերպ քարշ տալով տեղ էինք հասնում՝ ջարդում, մանրում, արխիվի թղթով կպչան անում։ Այս անգամ կրակը երկար էր վառվում։ Ջերմ բոցկլտում էր, բուրում էր հացը, եփվում ոլոռը․․․
Բոլորս լուռ էինք։ Տրտունջ էլ չկար․․․Տղաները տարել էին կռիվ գնալիս։ Միայն հոգսն էր կիսախինդ ու վառ, որից քարշ էինք տալիս ամենքս մի քիչ․․․
Երբ վերհիշեցի ապրածն իմ, կարոտս անցավ՝ ես սարսռացի, ախր տղաները չվերադարձան․․․

среда, 1 апреля 2020 г.

Քաղաքներ, քաղաքներ, քաղաքներ․․․

Քաղաքներ, քաղաքներ, քաղաքներ՝ անտես ու անհամար․․․ Անթիվ ծխնելույզներից փռշտացող քաղաքներ․․․
Մոլորակի համար լոկ պատուհաս եք ձեր կենվորներով ու առ ու ծախով, սև կոյուղիներով, որոնցով ապականում եք ծով ու օվկիանոս․․․
Ատում եմ ձեզ․․․
Քանի որ դուք եք քաղաքակրթության օրորանը։ Ձեր մեջ է ծնվում մարդկային անհատում միտքը՝ ուզենալու, ցանկանալու, ավիրելու, ապականելու առանց խորշելու․․․
Երկիր մոլորակի թիվ մեկ հոգսն եք՝ ձեր մեջ են ծնվում մանկատներն ու ծերանոցները,
գողերն ու ագահները, մարդակուլ գաղափարները, մարմնավաճառներն ու մուրացկանները, մոլորակի մահ սփռող գիտնականներն ու թվերով հարբած ֆինանսիստները․․․Ձեր մեջ են ապրում ու անամոթաբար հրհռում փողով մարդուն տեսակավորողները․․․Ձեր մեջ են տեր ու տիրական դարձել միլիոնավոր աղբարկղեր իրենց հարազատ առնետներով, անտեր շներով ու մռռացող կատուներով․․․
Ձեր մեջ եք առել՝ ձեր մութ անկյուններում, սոված մուրաքցկանին ու անկուշտ պաշտոնյաին․․․
Ձեր կուրացնող փայլով է տարվել կարճամիտ գյուղացին և ձեր կանչով է, որ դատարկվում են ու անտեր մնում գյուղերը քար ու քանդ․․․
Դուք եք երկիր մոլորակը փաթաթել պոլիէթիլենով․․․
Ատում եմ ձեզ՝
Ձեր քառակուսի ու երկար փողոցներով, որոնցից մեկը կրում է ձեզ աղտոտողի խղճուկ գյուտարարի անունը։
Ատում եմ ձեզ՝
Ձեր ծխից փռշտացող ծխնելույզներով, որից հազում է ողջ մոլորակն ու ես․․․
Քաղաքներ, քաղաքներ, քաղաքներ․․․
Պատերազմ հրահրողների տաք որջն եք, մարդկային երգը ոռնոցի վերածողի միտքն եք, աշխարհից փող գողացողն ու ուրացողն եք․․․
Ախր ինչպե՞ս չատել ձեզ․․․