вторник, 23 апреля 2019 г.

Նաիրին երբեք էլ չէր վերադառնալու (596-րդը)


Չնայած օրերը  չափազանց կարճացել էին, սակայն դեռ օր կար, երբ մտանք ճամբար։ Ճաշի ժամն անցել էր, բայց այն բաժանեցին, քանի որ մեծամասնությունն այդ օրը մեկնել էր Թրիր։ Երեխաներն աղմկում էին թե դրսում թե ներսում։ Վերցնելով ճաշը՝ թաքնվեցի իմ անհարմար կացարանում: Թվում էր՝ աղմուկից և վազվզոցից ուր որ է իմ մահճակալը տեղից կշարժվեր՝ սղղալով դռնից դուրս կգնար, բայց հրաշքով մնում էր տեղում՝ ես էլ մեջը նստած։
-          Թեյ ուզու՞մ եք,- մոտեցավ Նաթոն՝ թեյնիկը ձեռքին և անտրտունջ լցրեց Յուսուֆի նվիրած բաժակը,- Մենք մեկ շաբաթից մեկնում ենք,- ավելի տխուր, քան Թրիրում, հայտնեց նա։
-          Գուցե ավելի լավ տեղ եք տեղափոխվում, ինչու՞ ժամանակից շուտ տխրել,- փորձեցի հուսադրել նրան։
-          Ո՜չ,- ծոր տվեց նա,- Այդպես չի լինում, ուրեմն մեզ նորից ճամբար են տեղափոխելու, որտեղ երևի ավելի երկար կմնանք, իսկ այսպես, գուցե  միասին «տրանսֆեր» լինեինք։
-          Գուցե,- անզորությունից ուսերս թոթովեցի, ապա, որպես մշտական մրսող, սկսեցի խմել տաք թեյը, երբ Նաթոն գլխիկոր հեռացավ։
Մեծ վրանը հին էր։ Այն որքան էլ ջեռուցվեր, ամեն կողմից քամին խաղում էր մեջը, և տաքանալը դառնում էր անհնար, ուստի բոլորը միշտ հագնված էին, նույն կերպ էլ քնում էին։ Հատակի մեծ անցքերից անդադար փչում էր քամին, ինչը ոչնչով խցկել հնարավոր չէր։ Սակայն ինքս հայթհայթեցի մի քանի ստվարաթղթի կտորներ և փորձեցի ծածկել մահճակալի  մոտերքի մեծ անցքերը։ Կռացա մահճակալի տակ ևս ծածկելու՝ Նաիրիի ուսապարկն այնտեղ էր։ Դուրս քաշեցի, տխուր ու շվարած մոռացա այլևս, թե ինչ համար էի մտել մահճակալի տակ։
Եկավ Գիոն, ինչպես նրան անվանում էր Նաիրին։
-          Օգնելու բան կա՞,- առաջին անգամ նա դիմեց նման խնդրով, ուստի զարմացած նայեցի նրան՝ լուռ ցույց տալով ուսապարկը։
-          Ո՛չ, շնորհակալ եմ, փորձեցի հատակի անցքերը փակել և, ահա, Նաիրիի ուսապարկը տեսա․ նա մոռացել է։
-          Այո՜, նա այդ ուսապարկը եկեղեցուց էր վերցրել և շատ էր սիրում, չնայած այն այնքան էլ նոր չէ- ասաց վրացին՝ աչքը չկտրելով ուսապարկից։
-          Այո՜,- տխրեցի՝ մնալով թևաթափ նստած։
-          Տվե՛ք ինձ, եթե չգա հետևից, ես այն կօգտագործեմ, շատ հարմար է խանութ գնալու համար,- ոգևորվեց Գիոն։ Իհարկե, սկզբում շփոթվեցի, բայց ինձ մնում էր միայն համաձայնվել՝ հույս ունենալով, թե Նաիրին մի օր կգա ուսապարկի հետևից, բայց նա այդպես էլ չեկավ, և նրա հետագա ճակատագիրը մնաց ինձ համար անհայտ։
-          Շնորհակալություն,- ասաց Գիոն և մոռացած, թե ինչի համար էր մոտեցել ինձ ուսապարկի հետ անհետացավ իրենց բաժին սավանի հետևում։ Իհարկե, հոգուս խորքում ինձ մեղավոր զգացի, բայց արդեն ուշ էր, իսկ Նաիրին երբեք էլ չէր վերադառնալու։

Комментариев нет:

Отправить комментарий