воскресенье, 28 апреля 2019 г.

Նրանք ընդմիշտ անհետացան ավտոբուսի խորքում(596-րդը)


Գումար ստացողների հերթը երկար էր։ Դարձյալ հերթում մեծամասնություն էին  կազմում աֆղանները։ Շատացել էին Աֆրիկան հիշեցնող դեմքերը՝  հիմնականում Սոմալիից էին և Էրիթրեաից։
Ես նույնպես լրացրել էի շարքը՝ իհարկե սրտի թրթիռով ու սպասումով։ Նորից ոմանք դուրս էին գալիս ճամպրուկներով և պայծառ դեմքերով։ Այս անգամ էլ ստացա իմ հասանելիք ողջ գումարը և տխուր վերադարձա վրան։
-          Սա կուզե՞ք,- մոտանալով հարցրեց Նաթոն՝ ցուց տալով երեք նոր ծածակոցներ։
-          Ինչու՞, այն ձեզ այլևս պետք չէ՞,- զարմացա ես։
-          Պետք է, պարզապես տեղ չունեմ դնելու, ճամպրուկները լիքն են։
-          Արդեն գնու՞մ եք,-  ակամա տեղից կանգնեցի, որքան էլ այդ մասին իմանայի։
-          Այո՛, վաղը գնում ենք,- ավելի տխրեց նա։
-          Ինչու՞ ես տխրում, գուցե ավելի լավ տեղ ես գնում։
-          Ի՞նչ իմանաս,- բազմանշանակ ուսերը վեր քաշեց նա,- Հիմա  մի քանի բաներ կբերեմ, որոնք հետս վերցնել չեմ կարող, իսկ դուք չունեք։
Վրացուհին հպարտ էր քայլվածքով ու կեցվածքով, նրանով թաքուն հիանում էին շատ տղամարդիկ, սակայն նրա զսպվածությունը հեռու էր պահում բոլորին իրենից։ Որքան էլ դժվար արտահայտվեր ռուսերենով և մեկուսանար ընտանիքի հետ, միևնույն է, նա հաճելի զրուցակից էր։ Նրա երկու զավակները մեծանում էին վայրի ու անկաշկանդ, թեկուզ հաճախ մորից ապտակներ էին ստանում։ Ճամբարից ճամբար տեղափոխվելով՝ զերծ էին մնում կրթությունից, և այն  չէր խանգարում ծնողներին հույս փայփայել՝ գուցե մի օր հաջողվեր տեղ գտնել Եվրոպայի մի անկյունում։ Եվ ահա, նրանք տեղափոխվելով հերթական երկիրը՝ տեղափոխվում էին հերթական ճամբարը՝ շարունակելով վառ պահել  հույսի կանթեղը։
Իհարկե, տխրեցի՝ իմանալով՝ ժամեր հետո, գուցե ընդմիշտ կորցնելու եմ արդեն ընտելացած ևս մի քանի դեմքեր՝ նրանց հետ միասին էի ճամբարային առաջին ժամերից։
-          Ահա՛, վերցրե՛ք նաև սա,- վերադարձավ Նաթոն՝ մահճակալին դնելով մի քանի պլաստմասե հերմետիկ տուփեր։ Անկեղծ, եթե այդ իրերը չխանգարեին ինձ, ձեռք չէի տա, բայց․․․
Լուսաբացին, ավտոբուսներից վաղ, անցակետի մոտ շարվեցին տեղափոխվողները՝ մեծ ու փոքր ճամպրուկների դեզերով․․․
-          Մահճակալները թողնում ենք նույնությամբ, տեղափոխվեք այնտեղ, այստեղ շատ է անհարմար ու ցուրտ,- առավոտյան ճամպրուկները դուրս տանելիս՝ ասաց Նաթոն,- Սա ևս թողնում եմ,- մահճակալին դրեց երկարացման լար և մի կանացի նոր պայուսակ։
-          Երբ տեղավորվեք, մի անգամ զանգիր, կուզենայի իմանալ՝ ինչպե՞ս եք, ուր եք ընկել,- այս անգամվա խնդրանքս ամբողջ հոգով էր։
-          Այո՛, անպայման, տվե՛ք ձեր ձեռքի համարը,- ուրախացած՝ նրան տվեցի իմ ձեռքի համարը։
Նրանց հետ դուրս եկա՝ սաստիկ ցուրտ էր։ Մի քանի ավտոբուսներ արդեն շարվել էին կարմիր պատի մոտ։
-          Գնացեք ներս, շատ ցուրտ է, այսպես թե այնպես մենք գնալու ենք,- տխուր ասաց Նաթոն, բայց  մնացի, հրաժեշտ տվեցի նրանց և վրացուհին  ընտանիքով ընդմիշտ անհետացավ  իմ տեսադաշտից, ավտոբուսի խորքում։

Комментариев нет:

Отправить комментарий