пятница, 12 апреля 2019 г.

Նրա համար ցավալի էր(596-րդը)


Լուսաբացը լուռ ճանկռոտում էր վրանի դուռը, և Մուհամեդի վկաներն, անտրտունջ, խուլ քայլերով, հերթական առավոտ ծալապատիկ շարքերով կուռ-կուռ մրմնջում էին աղոթքն առ Ալլահ․․․, իսկ ես, ինչպես միշտ, նստած անկողնուն, համբերությամբ հետևում էի նրանց՝ որպես ակամա ունկնդիր՝ մշտական ունկնդիր։ Աղոթքն ավարտվեց այն ժամանակ, երբ «սեքյուրիթիները», առավոտյան հերթափոխից առաջ, սկսեցին շրջել վրաններով։ Նրանք մտան վրան, ես դուրս եկա։ Սև ամպերը նորից կախվել էին վերևից։ Երեկվա օրը, կարծես,  մի պահ հյուր եկած լիներ մեզ և, տեսնելով իրական պատկերը, խռովեց ու գնաց։
Վրանում բոլորը սկսեցին շտապել նախաճաշի հետևից։ Ես մնացի նստած, քիչ հետո իմ բաժինը բերեց աֆղան հարևանը։
-          Այսօր Էլչիմի ծնունդն է,- ասաց Նաիրին՝ նախաճաշը ձեռքին, նստելով իմ անկողնու արդեն իրեն պատկանող մասում։
-          Գիտեմ, երեկ Սևդան եկել էր՝ ինձ հրավիրելու։
-          Ձեզ ինչու՞,- ակամա բորբոքվեց նա և մի մեծ պատառ կծեց հաց ու երշիկից,- Մենք տղաներով անտառ ենք գնալու՝ խորոված ուտելու, նաև լավ առիթ է գարեջուր խմելու։
Առանց խոսք ասելու՝ վերցրի թեյնիկը, պլաստմասե շշերը գնացի ջրի։ Ճաշարանում ոտք դնելու տեղ չկար, թվում էր՝ այնտեղով քիչ առաջ անցել էր Չինգիզ խանն՝ իր ավիրող զորքով։ Աթոռներն այս ու այն կողմ էին շպրտված, սեղանների վրա թափթփված էին ուտելիքի մնացորդները, որոնք, կարծես, ոտքերով տրորած լինեին։ Հատակին շաղ տված աղբը՝ հացի, յոգուրտի, ճաշի և շատ այլ մնացուկների կույտեր էին, իսկ երբ մոտեցա լվացարանին, այն պատված էր տոմատախառը ճարպով, ծորակի կողքերին կիտված էին արդեն օգտագործված թեյի պարկեր և, իհարկե, ճաշի մնացուկներ։ Ծով համբերություն և մեծ ուժ էր հարկավոր, որպեսզի, բացի գոյատևելուց, նաև կարողանալ լուռ համբերությամբ շրջանցել այդ ամենը։ Մի կերպ լցրի երեք շշերը և քայլեցի դուրս՝ աշխատելով չսայթակել։ Նաիրին դեռ նստած էր։
-          Թե՞յ եք դնում, ես էլ կուզեի,- պառկած տեղից ասաց նա։
-          Կանայք է՞լ են անտառ գնալու,- թեյնիկը միացնելով՝ հետաքրքրվեցի ես։
-          Չգիտեմ, բայց վրացիները, ռուսն ու ես, Էլչիմի հետ գնալու ենք սուպերմարկետ գնումների։
-          Այդպես Էլչիմի ծնունդը կանցնի ճանապարհին, կարճ օր է։
-          Հեծանիվներով ենք, չենք ուշանա։
Սրճելուց հետո, դուրս եկա, ուղղվեցի հինգերորդ վրան։ Սևդան երեխային էր կերակրում, իսկ Էլչիմը պատրաստվում էր դուրս գալ։
-          Լսե՞լ եք, նորից  հրադադարը խախտել են,- ինձ տեսնելով՝ հարցրեց Էլչիմը։
-          Ո՛չ,-  ակամա տխրեցի՝ անակնկալի եկած։
-          Ադրբեջանի և Հայաստանի սահմանին նորից մարտեր են ընթացել, կան զոհեր։
-          Այո՛, յոթ հայ զինվոր է զոհվել,- ներս մտնելով՝ խոսակցությանը խառնվեց Նաիրին։
-          Ցավալի է,- իսկապես ավելի տխրել հնարավոր չէր։
-          Այն մեր պատերազմը չէ, այլ երկկողմանի երկիրը կառավարողների։ Դուք իմ բարեկամներն եք։ Այս օտար երկրում, մենք իրար տեսնելով, ուրախացանք, մեզանից ի՞նչ թշնամի,- հայտարարեց Էլչիմը վրդովված։
-          Ուրեմն Կովկասն ընդհանուր է,- ասաց Նաիրին, ապա նայեց մեզ,- բայց կուզենայի այդպես լիներ՝ առանց սահմանների։
-          Այն իմ պատերազմը չէ,- նորից կրկնեց Էլչիմը՝ ավելի նյարդայնացած, կարծես ինչ որ բան հիշելով։
-          Այո՛, գուցե ոչ ոքինն էլ չէ, բայց զոհվում են անմեղ տղաները։
-          Այո՛, դուք ճիշտ եք։ Ձեր երկրի դատարկվելու պատճատներից մեկն էլ դա է։
Իմ հայրը հայաստանցի է, նա խոսում է հայերեն ավելի լավ, քան ադրբեջաներեն և մինչև հիմա էլ կարոտում է իր հայրենի տանը՝ Հայաստանում։ Մի՞թե նա, ապրելով Ադրբեջանում, կարող է համարվել թշնամի հայի համար, իսկ ես նրա զավակն եմ, և որքա՜ն շատ են նման ադրբեջանցի «հայրեր»-ը, որ ստիպված սփռվել են աշխարհի ամեն անկյունում՝ աշխատելով զերծ մնալ անմիտ պատերազմից,  և այն,  բացի մսաղացից, ոչ մի դեր էլ չի խաղում,- միտքն ավարտելուց հետո Էլչիմը դուս գնաց, նրան հետևեց Նաիրին։ Ես նույնպես դիմեցի դեպի դուռը։

Комментариев нет:

Отправить комментарий