суббота, 27 апреля 2019 г.

Երեխաները լացում էին՝ մեծեր սպասում (596-րդը)


Վերադարձա վրան։ Այլևս միտքս ցիր էր։ Քիչ հետո եկավ Դանիելը։
-          Ուզու՞մ եք՝ գնամ ձեզ համար ջուր բերեմ,- հարցրեց նա։
-          Ո՛չ, ես ունեմ ջուր, այն շատ պետք չէ գալիս, միայն սուրճի և թեյի համար։ Ահա՛, վերցրու քաղցրավենիք,-  նրան մեկնեցի նույն քաղցրավենիքի տուփը։
-          Մի քանի հատ վերցնե՞մ։
-          Այո, իհարկե։
-          Շատ եմ սիրում քաղցրավենիք,- ասաց նա և սահեցնող ձեռքով մի քանի հատ վերցրեց,- ես գնամ, վաղը նորից կգամ,- Տղան ուրախացած դեռ չէր հասցրել անհետանալ սավանների արանքում,երբ մեկն անսպասելի նստեց անկողնուս։
-          Բարի երեկո։
-          Բարև՜,- զարմացած ծոր տվեցի՝ տեսնելով Խալեդին։
-          Ինչու՞ զարմացար, եկա տեսության, տեսնում եմ ցրտի պատճառով մնացել ես ներսում,- ասաց նա, ապա հայացքով տնտղեց շուրջը,- տեղդ այնքան էլ նախանձելի չէ։
-          Այո՛, բայց տանելի է։ Ի՞նչ կա, դեռ այստե՞ղ ես, թե՞ տեղափոխվում ես։
-          Ո՛չ, ինձ մոռացել են, այնքան վրդովված եմ, արդեն մենակ եմ իմ վրանում, ինձ հետ եկած վերջին մարդն անցած շաբաթ գնաց,- ինչպես միշտ, սկսեց բողոքել նա։
-          Ուրեմն մի օր էլ դու կգնաս։
-          Այդ դեպքում ես քեզ անպայման կզանգահարեմ։
-          Տեսնենք՝ շատերն են խոստանում։
-          Գիտեմ, ինչ ես ուզում ասել՝ խոստանում են, հեռանալուց հետո մոռանում,- շարունակեց նա՝ նկատելի տխրելով։
-          Սուրճ կհուրասիրեի, բայց տեղս այնքան էլ հարմար չէ։
-          Տեսնում եմ,-անհանգիստ շուրջը նայելով, ասաց նա, ապա շարունակեց,-  Ճիշտն ասած, եկել էի մի քիչ սուրճ խնդրելու, մինչև վաղը կգնեմ։ Անձրևը թույլ չի տալիս հեռուն գնալ։
-          Այո, եղանակն անտանելի է։ ,- նրան տվեցի սուրճի տարան։
-          Բոլո՞րը,- հարցնելու հետ նա ոտքի կանգնեց։
-          Այո՛, օգտագործիր, որքան պետք է, մնացածը ետ կբերես, երբ գնած կլինես։
-          Իսկ եթե տակը բան չմնա՞,- ծիծաղեց նա։
-          Եթե չմնա, չբերես։
-          Բայց կբերեմ,- նորից ծիծաղեց և շտապեց դուրս։
Երբ մնացի մենակ, անհնար էր անգամ սեփական ձայնը լսել՝ աղմուկը վեր էր բացատրելու հնարավորությունից, մշտական լացող, բայց չերևացող երեխան ավելի բարձր ու ավելի նյարդային էր լաց լինում։ Քայլեցի վրանով։ Սավանների արանքով հասա մեջտեղի դռանը, որտեղ բազմազավակ  ընտանիքներ էին տեղավորված։ Այնտեղ էր ապրում նաև սպիտակ գլխաշորով երիտասարդ զույգը։ Նրանք, ինչպես միշտ, գլուխ գլխի տված, զրուցում էին՝ անկողնուն նստած, գլուխները բավականին առաջ թեքած, կարծես, այդպիսով առանձնանում էին զանգվածային դարձած կյանքից՝ փորձելով վերադառնալ անձնական նեղ աշխարհ։
Նրանց դիմացի սավանի հետևից լսվում էր լացող երեխայի ձայնը։ Ճամբարում, հիմնականում երեխաների օրն անցնում էր լաց լինելով։ Առաջացա՝ ռուսախոս արաբ տղամարդու փոքրիկ աղջնակը, նստած անկողնուն, միալար լաց էր լինում, իսկ մայրն, առանց շտապելու, ճաշ էր պատրաստում։ Նա, տեսնելով ինձ, տեղից վեր կացավ, մեղավոր ժպտաց,  ես նույնպես ժպտացի  և արդեն ծանոթ  երեխային, իսկ նա այդ պահին լացելու հետ ուշադիր ինձ էր նայում։ Կինն՝ անզոր, լուռ ուսերը վեր քաշեց, նայելով աղջնակին։
-          Օ՜, բարի երեկո,- անձրևից  թրջված, ներս մտնելով՝ համարյա բացականչեց ամուսինը,- երևի երեխայի լացի ձայնն է ձեզ բերել այստեղ։
-          Պարզվում է՝ դուք բավականին գեղեցիկ երեխաներ ունեք,- հիանալով մյուս երկու աղջիկներով ևս, նկատեցի ես։
-          Դրանից ի՞նչ, եթե առավոտից երեկո էս փոքրը լաց է լինում,- սրտնեղեց նա։
Մահճակալի վերևի հարկից մեզ էին նայում երկու մեծ ու ավելի գեղեցիկ դիմագծերով աղջիկները։ Ամուսինները, կարծես հիանալով իրենց ստեղծագործություններով, ժպտում էին՝ նայելով նրանց։
-          Նրանք գեղեցկուհիներ են, իսկ լացելը կանցնի, երբ մի քիչ մեծանա կամ, երբ այստեղից դուրս գաք։
-          Առաջացե՛ք, մի բաժակ սուրճ խմեք,- առաջարկեց ամուսինը։
-          Շնորհակալ եմ, մի ուրիշ անգամ,- նկատելով կնոջ զբաղված լինելը՝ ետ դարձա։ Նստեցի անկողնուն, փորձեցի պառկել, ինչը ճամբարաբնակի հիմնական զբաղմունքն էր համարվում։ Հանկարծ լսվեց Ալեքսանդրեի բարձր լացի ձայնը։
-          Ինչու՞ խելոք չես մնում,- ատամները սեղմած, ձայնը խեղդելով՝ գոռում էր Նաթոն, միաժամանակ իրար հետևից ապտակում որդու դեմքին՝ պառկած սավանապատ անկողնում։ Նա իհարկե ցավից աղիողորմ լաց էր լինում, իսկ մայրը, հագուրտ տալով նյարդերին, դադարեց հարվածելը և անմիջապես սկսեց անվերջ համբույրի տարափ տեղալ նրա ցավացող դեմքին, անգամ սկսեց կատակել։ Մոր «խաղին» փորձեց խառնվել նաև դուստրը՝ Դալին, բայց նա մորից ստացավ այն, ինչ քիչ առաջ լաց լինելով ստանում էր եղբայրը և խռոված բարձրացավ երկրորդ հարկ։ Մինչև լուսաբաց այլևս նրա ձայնը չլսվեց, նա մնաց նույն դիրքով պառկած, գուցե և քնած։

Комментариев нет:

Отправить комментарий