четверг, 4 апреля 2019 г.

Կա մերժում, որ կարող է խոցել մարդու հոգին(596-րդը)

Օրեցօր հաճախակի էին դառնում հորդառատ անձրևները՝ միաժամանակ աննկատ իրենց հետ բերելով ցուրտ հոսանքը։ Ամառային հագուստը դառնում էր անպետք, իսկ տաք հագուստ ունենալու համար առնվազն պետք է հասնեի եկեղեցի։ Նախաճաշից հետո Ֆաթիման հասկացրեց, որպեսզի միասին գնանք այնտեղ, իհարկե, ուրախացա և եթե եկեղեցին բացվում էր ժամը երեքին, մենք ոգևորված հերթ կանգնեցինք այնտեղ ժամը տասներկուսին՝ ես առաջինն էի, «աուսվայսը» ձեռքիս։
Մինչև նշված ժամը, հերթը շատացավ՝ դառնալով պարզապես բազմություն, բայց սրտի թրթիռով սպասում էի՝ եկեղեցու դռանը սեղմված այնքան վստահ, անգամ մտքում արդեն ընտրելով տաք շորեր և մի զույգ կոշիկ, քանի որ բաժանողները քրիստոնյա էին, իսկ ես պատկանում էի այն ժողովրդին, ով առաջինն է ընդունել քրիստոնեությունը՝ որպես պետական կրոն։
Վերջապես եկավ ժամը երեքը, բացվեցին եկեղեցու դռները, երևաց վաղուց ութսունը բոլորած, բարձրահասակ, նկատելի առաջ կռացած, գունատ  բարերարը։ Երկար ժամեր դռանը հենվելուց բավականին ճզմված՝ ակամա հայտնվեցի նրա դիմաց։ Նա ավելի կռացավ, որպեսզի ինձ տեսնել կարողանար իր բարձր հասակից։ Իմ սառած ոտքերն ինձ ստիպեցին առանց ժամանակ կորցնելու ցույց տալ անցաթուղթը։ Նա վերցրեց, նայեց, գլուխը բացասաբար շարժելով՝  այն վերադարձրեց։ Ես արձանացա, լեզվի չիմացությունն ինձ ստիպեց լռել, պարտադրված լռությունից սկսեց սիրտս արագ խփել ՝ կարծես արձագանքելով՝ ինչու՞։
Նույն պահին էլ նա մոռացավ իմ գոյության մասին, և ինքնստինքյան դուրս շպրտվեցի բազմության միջից՝ առանց ետ նայելու՝ քայլեցի դեպի վրան՝ հոգուս խորքում բողոքելով համայն աշխարհին այն ծեր քրիստոնիայից։  Անցակետում  ալբանացին դարձյալ պահանջեց իմ անցաթուղթը, այն մեկնեցի նրան՝ բավականին ջանք գործադրելով զսպելու լացս։
Այնուհետև, չեմ հիշում, թե որքան ժամանակ հեկեկոցս խեղդում էի՝ բարձի տակ թաքնված։ Բարեբախտաբար աղմուկը խլացնում էր իմ լացը, և ոչ ոքի հետաքրքիր չէր, թե այսօր անարդարացիորեն ինձ մերժեցին եկեղեցում։
Ընթրիքի ժամին վերադարձավ Ֆաթիման՝ շալակն առած մի մեծ պարկ։ Նա սկսեց տնտղել  բերած հագուստը, տեղյակ լինելով կատարվածից՝ պարկից ինձ բաժին հանեց մի տաք ու նոր տաբատ։ Սակայն այն իմ հագով մեծ դուրս եկավ, և ստիպված էի թել ու ասեղ հայթհայթել փոքրացնելու համար։ Դուրս եկա, քայլեցի դեպի հինգերորդ վրանը։ Առաջին անգամ էի մտնում մեծ վրան։ Այն ինձ անսահման ու անհարմար թվաց։ Վրանի հատակը նկատելի թեքություն ուներ։ Կենվորներից շատերն ապրում էին առանց սավանապատելու մահճակալները, և, կարծես, նրանք մերկ էին։ Տեսնելով նրանց «մերկ» կենցաղը՝ բոլոր դեպքում ճիշտ համարեցի սավանապատելը։
Այնտեղ էլ հիմնականում ընտանիքներ էին ապրում։ Կային նաև միայնակ կանայք՝ անչափահաս երեխաների հետ։ Մի խոսքով մթնոլորտն այլ էր՝ ավելի խորթ և, իհարկե, զանգվածային։
Սևդան և Էլչիմը իրենց չորսամյա աղջնակի հետ տեղավորվել էին դռներից մեկի դիմաց՝ ելքը դարձնելով առանձին։ Երբ ներս մտա, Սևդան կրծքով կերակրում էր աղջնակին, իսկ  նրա հայրենակից Սոլմազը ընթրում էր՝ նստած երկար նստարանի մի անկյունում։
Բարի երեկո,- մաղթեցի և առաջացա։ Սևդան տեսնելով՝ երեխային ետ հրեց, տեղից վեր կացավ։
-          Բարի երեկո, համեցե՛ք,- ինչպես միշտ ժպտադեմ պատասխանեց նա։
-          Փոքրիկը դեռ կու՞րծք է ուտում,- տեսնելով խոշոր աղջնակին՝ իսկապես զարմացա։
-          Այո՛, ոչ մի կերպ չեմ կարողանում կտրել,- դժգոհեց նա, ապա շարունակեց,- նստե՛ք, ես հիմա թեյ կպատրաստեմ, և միասին կխմենք։
-          Նստե՛ք,- մինչ կնստեի, տեղից վեր կացավ նաև Սոլմազը, սկսեց օգնել Սևդային, իսկ փոքրիկը երկար ժամանակ հետաքրքրությամբ ինձ էր նայում։
-          Այստեղ մի հայ ընտանիք կա,- երբ թեյը մատուցեցին, ասաց Սոլմազը,- կնոջ անունը Կամա է, իսկ ամուսնու անունը ճիշտն ասաց չգիտեմ։
Ոչինչ չպատասխանեցի, միայն լուռ ըմբոշխնեցի ադրբեջանցուն հատուկ պատրաստած կարմիր ու բուրավետ թեյը, վերցրեցի թելն ու ասեղը, վերադարաձա  վրան։
Տաբատի վրա իմ աշխատանքը տևեց մի քանի ժամ, եթե հաշվի առնենք մկրատ գտնելն ու մահճակալի վրա ուղղելն ու կտրելը։ Ինչևիցէ, այն բավականին հաջող ստացվեց, և ուրախությունից քիչ էր մնում հագիս քնեի, բայց տոթը ստիպեց քնել առանց նոր տաբատի։

Комментариев нет:

Отправить комментарий