суббота, 20 апреля 2019 г.

Բոլորն ուզում էին առաջինը լուսանկարվել (596-րդը)


Վաղ առավոտյան Նաիրին վերադարձավ լվացվելուց․
-          Դուք չե՞ք ուզում լուսանկարվել,- հարցրեց նա, դեռ անցած օրվա ոգևորությամբ։
-          Արդեն եկե՞լ են,- անակնկալի եկա ես։
-          Այո՛,- ոչ պակաս ուրախացած պատասխանեց նա։
-          Որտե՞ղ են  լուսանկարում։
-          Որտեղ օրեր առաջ արյուն էինք տալիս։ Գնացե՛ք և կտեսնեք, այնտեղ արդեն մեծ հերթ է գոյացել,- պատասխանեց նա, ապա պատրաստվեց ինձ հետ դուրս գալ,- Ես էլ կգամ, տեսնեմ հնարավո՞ր է առանց հերթի մտնել։
Հասնելով, կանգնեցի անվերջ թվացող և անդադար ավելացող շարքի վերջը, իսկ Նաիրին մոտեցավ դռանը։ Քիչ հետո արդեն շարքի մեջտեղն էի, չնայած առջևում կանգնածները նույնն էին․․․  Ժամերն անցնում էին, բայց թվում էր շարքը միայն ավելանում էր՝ առանց առաջ գնալու։  Շուտով արևը, պատռելով ամպերը, կանգնեց ճամբարի վրա, սուր ճառագայթները մխրճելով ուղեղիս մեջ՝ ստիպելով մի քանի անգամ լքել շարքը։ Յուրաքանչյուր անգամ վերադառնալով՝ այլևս չէի կարողանում գտնել իմ նախկին տեղը և հայտնվում էի նոր մարդկանց արանքում։ Երբ նորից վերադարձա շարք, ինձանից առաջ ուկրանացի ընտանիք էր կանգնած։ Նրանց ևս առաջին անգամ էի տեսնում ճամբարում։
-          Ներեցե՛ք, բայց ես ձեզանից առաջ էի,- հերթին մոտենալով, իր վատ ռուսերենով կապուտաչյա Նաթոն դիմեց ուկրանացի ընտանիքին։
-          Ո՛չ, մենք վաղուց ենք այստեղ,- հակադարձեց կինը,- Մենք ճամբարում չենք ապրում, իսկ այսօր շատ վաղ ենք եկել լուսանկարվելու համար,- կարծես առավելություն համարելով ճամբարում չապրելը՝ շարունակեց նա՝ առհամարական դիրք ընդունելով, անգամ մեկ հայացքի չարժանացնելով մեզ։ Ինձ մնում էր, որպես դաս, այլևս չլքել շարքը, թեկուզ գլուխս ցավից երկու կես լիներ, իսկ Վրացի ընտանիքը հեռացավ։
Բոլորը միաժամանակ սկսեցին իրար հրմշտելով առաջանալ՝ փորձելով հայտնվելու շարքի առջևում։ Հերթը վերածվեց հավաքված բազմության։ Միայն շարքի վերջը մնաց իր տեղում, քանի որ այլևս տեղ չկար առաջ խցկվելու։ Իրար հրմշտում էին բոլորը՝ հաճախ ոտնատակ տալով թույլերին և երեխաներին։
Ստիպված էի նորից լքել շարքը՝ այս անգամ մի կողմ քաշվելով։ Առջևում իրար գլխի կուտակվածներից յուրաքանչյուրը փորձում էր հասնել դռանը, ուստի ծեծկրտուքը դարձավ անխուսափելի։ Իրար ծեծում էին բոլորն անխտիր։ Հայտնվեցին «սեքյուրիթիները», բայց մնացին անզոր և քաշվեցին մի կողմ՝ տեղ տալով ժամանած ոստիկաններին և զինվորական հերթապահին։ Օրենքի երեք ներկայացուցիչները անզոր գտնվեցին կարգի բերելու կարգազանց փախստականներին։ Համարյա ողջ ճամբարը վեր էր ածվել ամբոխի, առաջ էր մղվում, թվում էր՝ ներսում հնարավոր էր բոլորին մաժամանակ լուսանկարելը։ Բայց, բոլորի համար անսպասելի, վրանից դուրս եկան երկու զինվորականներ՝ լուսանկարչական սարքավորումներով հանդերձ, նստեցին մեքենան և, առանց ետ նայելու, կարծես, փախան՝ ազատվելով ինչ որ հրեշավոր բանից, իսկ «սեքյուրիթիներին» և ոստիկաններին այլևս անելիք չէր մնում, քան հետևել կոլեգաներին։ Երբ դռները կողպեցին, ամբոխն ինքնստինքյան առավ իր նախկին կերպարը, և հնազանդորեն յուրաքանչյուրն անհետացավ իր բաժին մահճակալակացարանում։

Комментариев нет:

Отправить комментарий