понедельник, 29 июля 2019 г.

Մոլորեցնող խաչմերուկը «Լունա»


Արևի պայծառ ճառագայթները  լուսամուտից  ընկել էին ուղիղ ինձ վրա, տրորելով աչքերս բացեցի, քնատ  նստեցի տեղս։ Հանկարծ  հիշեցի երեկվա իմ ու Մարտինի խոսակցությունը՝ ցատկեցի անկողնուց, արագ  հագնվեցի,  վազեցի բակ: Այնտեղ երեխաներ էին հավաքվել։ Ուրախացած մոտեցա նրանց, կարծելով Մարտինը երեխաների հետ եկել է իմ հետևից:
-Լու'նա  դու նույնպե՞ս գալիս ես, մենք արդեն շարժվում ենք, գնա ուտելիք վերցրու- դիմեց ինձ մեր հարևան Սիլվան և վազելով խառնվեց խմբին:
- Հենց հիմա՞ եք գնում,- հարցրեցի և մնացի տխուր կանգնած, երբ երեխաների մեջ Մարտինին չգտա:
-Այո',- միաժամանակ պատասխանեցին մի քանի երեխաներ:
Մի կողմ քաշվեցի, նստեցի  քարե աստիճաններին, իսկ երեխաների խումբը  շարժվեց: Նստածս տեղից, հայացքով ուղեկցեցի նրանց, մինչև վերջին երեխան կորավ  տեսադաշտից:
-Ես  ուշացե՞լ եմ,- հեևալով եկավ Մարտինը,- Նրանք այստե՞ղ էին հավաքվել: 
- Այո՛,- Ամռան արևից աչքերս  կկոցած նստած տեղից նայեցի նրան.

-  Իսկ ինչու՞ էին այստեղ եկել, ես էլ նրանց էի փնտրում, դրա համար ուշացա։
- Մեր հարևան Սիլվան էլ էր նրանց մեջ, երևի եկել էին նրա հետևից։
-Ի՞նչ է, չե՞նք կարող նրանց ետևից հասնել:
- Լավ միտք ասացիր,- նստած տեղից վեր թռա ես,-  Բայց կարո՞ղ ենք։ Սպասիր ես հիմա կգամ,միայն տոպրակս վերցնեմ,- Քիչ հետո տոպրակը ձեռքիս դուրս եկա,- Մարտին իսկ դու ի՞նչ ես վերցրել:
-Մի քանի պետկական բաներ, մեկ էլ մի քիչ հաց ու պանիր, նաև ջուր,-պատասխանեց  Մարտինը՝ ցույց տալով,  վեր բարձրացրեց ուսապարկը:
-Համարյա ես էլ նույնը,- ոգևորվելով , նույնպես ցույց տվեցի իմ տոպրակը:
Երբ Մարտինի հետ ճամփա ընկանք, հեռվում սկսեց նշմարվել փոշու հսկայական ամպը։
-
Երեխաները չեն երևում,- նկատեցի ես, երբ հասանք  մեծ ճանապարհին:
-Ինչպե՞ս թէ չեն երևում, դու չե՞ս տեսնում փոշու ամպը:
-Փոշու ամպը տեսնում եմ, իսկ  երեխանե՞րը:
-Ահա որտեղից փոշին,- Մարտինը ոտքը ուժգին գետին խփեց, որից բարձրացավ սպիտակ փոշին:
-Նրանք շատ են հեռացել, մենք պետք է շտապենք,- անհանգստացած, սկսեցի ավելի արագ քայլել, Մարտինը  հետևեց ինձ:
Քիչ հետո ճանապարհը դարձավ զառիվար, իսկ երեխաների խումբը անհետացավ մեր տեսադաշտից արևածաղկի փարթամ դաշտի մեջ:
-Մենք մոլորվեցինք, տե՛ս երեխաները չկան,- խուճապահար նայեցի հեռուն:
-Ինչպե՞ս կարող ենք մոլորվել, եթե ուզենանք, կարող ենք  մեր եկած ճամփով ետ գնալ, բայց առայժմ կգնանք ա՛յ ա՛յս ճամփով,- ասաց Մարտինը, բռնեց իմ ձեռքը, միասին  ուղղվեցինք  դեպի ծփացող կանաչ դաշտերի մոտ, սևին տվող  մի փունջ  ժայռերի կողմը:
Շուտով հայտնվեցինք նեղ արահետով խաչմերուկին, մնացինք շվարած մեր շուրջը նայելով:
-Տարօրինակ է, մի կողմը կանաչ դաշտեր են, իսկ հակառակ կողմը կարծես անապատ լինի,- տարակուսեց Մարտինը՝ ես էլ իմ կողմից վհատվեցի:
-  ,- Սա նման է մեծ փոսի,- ձեռքով ցույց տվեցի փոսի նմանվող տարածությունը, որտեղ տեղավորված էին սև ժայռերից մի փունջ և կանաչ դաշտը,-  Արի ետ գնանք:
-Այո՛, եթե կարողանանք այս  խճճված  արահետների մեջ գտնել մեր եկած ճամփան:
Մարտինի խոսքերից ավելի հուսահատվեցի, ապա վախվորած նայեցի  ժայռի կողմը, բարձր ճչացի, երբ այնտեղ տեսա ինձ հետևող ծերուկին:
-Քեզ ինչ եղավ?,- զարմացավ Մարտինը,  հետո նայեց իմ ցույց տված կողմը:
-Ես տեսա, նա այնտեղ է, արի ետ գնանք,- կրկնեցի,  քաշելով Մարտինի ձեռքից:
-Սպասի՛ր Լունա, քեզ ին՞չ եղավ , կարող ես բացատրել?,- հրաժարվելով տեղից շարժվել  ավելի զարմացավ նա:
- Ներիր,- ետ քաշեցի ձեռքս, մի կողմ քաշվելով.
-Դու կարո՞ղ ես բացատրել,թէ ին՞չ է կատարվում, ոչինչ չեմ հասկանում,- տեղին նեղսրտեց իմ ընկերը :
-Նա այնտեղ է, ես տեսա նրան, նա ինձ ամենուր հետևում է,- կրկնեցի՝ այս անգամ ավելի վախեցած։
-Լունա՛, խնդրում եմ բացատրիր ինձ՝ ու՞մ տեսար, ոչինչ չեմ հասկանում,- գլուխը տարուբերեց նա:
-Լավ կլինի ետ դառնանք,- հազիվ լսելի շշնջացի ու նորից նայեցի ժայռի կողմը,- Մարտինը նույնպես նայեց ու  ծոր տվեց.
-Այո՜, կարծես իսկապես մենք մոլորվել ենք։
  
Տոպրակը քարշ տալով, նստեցի  ճամփեզրի քարին: Մարտինը  մոտեցավ  բարձրացրեց այն տվեց ինձ.
-Մի հուսահատվիր, արի մի քիչ հաց ուտենք, հետո որոշենք, ի՞նչ անել։
 Նստեցի գետնին, Մարտինը հանեց իր ուսապարկը և նույնպես նստեց: Յուրաքանչյուրս կերավ իր բաժին հաց ու պանիրը։  Ոտքի կանգնեցինք, նորից սկսեցինք  ելք փնտրել: