понедельник, 15 апреля 2019 г.

Հերթից հերթ (596-րդը)


Օրվա հերթապահ բժիշկը՝  ճաղատ, խոշոր աչքերով, միջին հասակի գերմանացի էր։ Առաջին հերթին նա չափեց իմ ճնշումը։ Այն երկու հարյուրից տասով ցածր էր, իհարկե ինձ համար ուրախալի էր, որ գոնե երկու հարյուր չէր։ Չափելուց հետո, բժիշկը միապաղաղ, երգեցիկ ձայնով, երկար րոպեներ, որոնք ինձ համար ժամեր էին թվում, ինչ որ բան էր բացատրում հերթապահ բուժքրոջը։ Վերջապես քույրը մի քանի հաբ տվեց ինձ, դուրս եկա։
Առանց վրան վերադառնալու՝ միանգամից լրացրի գումար սպասողների շարքը։ Քիչ հետո, երբ մի քանի հոգի էլ ավելացան շարքին, ես հայտնվեցի սոմալեցի երկու  երիտասարդ  կանանցից հետո, մնացած բոլորը տղամարդիկ էին։ Նրանց արանքում   չէի երևում, իսկ այդ երկու կանայք, կարծես, աշխարհի բոլոր բառերը փոխ էին առել, որպեսզի այդ հերթի ընթացքում հասցնեին արտասանել։ Նրանք խոսում էին արագ ու բարձր՝ միաժամանակ ծիծաղելով և հասցնում ծամոնը մեծ փուչիկ անել ու ամբողջ ուժով պայթեցնել։ Եթե օրինախախտություն չհամարվեր շարքից անհետանալը, երբեք չէի հայտնվի այդ շարքում, բայց այնտեղ ամեն կարգ բխում էր օրենքից, և ես պարտավոր էի հանդուրժել թե ծամոնի դմփոցը, թե դեմքիս փչվող ծուխը, թե բարձր խոսողի նույնկերպ անմիտ ծիծաղը։
Գումարը չէր գայթակղում ինձ, առավել ևս ճամբարում այն ինձ հազվադեպ էր պետք գալիս, քանի որ խանութ չկար մոտակայքում, և այդ շարքը ինձ համար վեր էր ածվում տանջանքի, որում պարտավոր էի տոկալ։
Շարքում շատացել էին աֆղաններն ու քրդերը։ Այնտեղ միայն մի քանի ծանոթ դեմքեր կարող էի տեսնել։
Յուրաքանչյուր անգամ, ավտոբուսների հետ, ճամբարաբնակների դեմքերը դառնում էին անծանոթ, իսկ աղմուկն՝ անտանելի։ Գուցե պարզապես սպառվո՞ւմ էի։ Գուցե․․․
Ճաշի ժամին ընդհատվեց աշխատանքը, և նույն շարքը տեղափոխվեց ճաշարան։ Թեկուզ սովամահ լինեի, այլևս չէի կարող դիմանալ, ուստի քայլեցի վրան՝ հույսով՝ կհանդիպեմ աղֆանին։
Բակում երիտասարդները տարերքի մեջ էին, բոլորը սրընթաց վազում էին գնդակի հետևից, իսկ երկու հոգի, երկար կանգնած մնալուց հոգնած, յուրաքանչյուրը պահում էր իր թիմի դարպասը։ Վեր էր թռնում այն պահին, երբ գնդակն արդեն դարպասում էր հայտնված լինում։ Բոլորը միաժամանակ բղավում էին, մի մասը նախատում էր  դարպասապահին, իսկ մյուսը ողջյունում էր գոլ խփողին։ Խաղացողներն այնքան արագաշարժ էին, հաճախ գնդակը չէր երևում նրանց մեջ։
Հերթից դուրս գալով՝ փորձեցի աննկատ անցնել խաղացողների արանքով, բայց հանկարծ հայտնվեց գնդակը և սուրաց իմ կողմը։ Մինչ կողմնորոշվում էի, որ կողմ գնալ, այն դիպավ ինձ, ցավից դեմքս ծամածռվեց, մի պահ մնացի կանգնած, որպեսզի չտապալվեմ գետնին։ Խաղացողներն ինձ հետ կանգ առան։ Նրանց միջից՝ արևելացուն հատուկ դիմագծերով մեկը վազեց դեպի ինձ, բռնեց ձեռքս, սկսեց համբուրել, շշնջալով․
-          Սորի, սորի․․․
Ինձ մնում էր ժպտալ և ստացվեց, նա ուրախացած նորից խաղի մեջ մտավ, իսկ ես բարեհաջող  հասա վրան։ Իմ բաժին ճաշը բերեց աֆղանը։ Ճաշից հետո շարքն, ավելի համալրված ու ոգևորված, տեղափոխվեց  գումար ստանալու տեղը։ Այս անգամ հայտնվեցի շարքի մեջտեղում, երկու կողմից սեղմվելով և արդեն ոտքի վրա մնալն իմ հոգս չէր։

Комментариев нет:

Отправить комментарий