воскресенье, 31 марта 2019 г.

Երազանքս բերեց վրացուհին(596-րդը)


Նաիրին բերեց նախաճաշը։ Երկար նայեցի երշիկին ու ձվին և նետեցի աղբամանը, իսկ կարագն ու ջեմը դրեցի ցանցի մեջ։ Նախաճաշեցի միայն պանիր հացով՝ երազելով մի գավաթ թեյի կամ սուրճի մասին․
-          Թեյ կուզե՞ք,- կարծես երազանքիս ձայնը լսելով՝ թեյնիկը ձեռքին՝ մոտեցավ մյուս վրացուհին, որին մոտիկից առաջին անգամ էի տեսնում։ Նրա դեմքը կարծես թափանցիկ լիներ՝ այնքան համահունչ կապույտ աչքերին, իսկ շիկահեր, անփույթ հյուսված երկար մազերն ավելի հրապուրիչ էին դարձնում այդ հպարտ, սլացիկ կնոջը։ Նա ևս, ինչպես մյուս վրացիները, մի կերպ էր խոսում ռուսերեն։ Նրան տեսնելով՝ խամրեցին իմ մեջ գեղեցկության մասին բոլոր մյուս պատկերացումները, և, ահա, ինքը՝ գեղեցկությունը ողջ էությամբ կանգնած էր իմ դիմաց․ դա քիչ չէր, դեռ թեյ էլ էր առաջարկում։
-          Սիրով,- աշխատեցի, որպեսզի  պատասխանս համահունչ լիեր նրա արտաքինին  և սկսեցի փորփրել պահարանի դեր կատարող պլաստմասե ցանցը։ Գտնելով բաժակը՝ մեկնեցի նրան։ Մինչ այդ նա, որ համբերատար սպասում էր, նույն համբերությամբ էլ լցրեց բաժակը, և քանի որ թեյը վերջացել էր, երախտամոռ չգտնվելու համար, այն խմեցի, որպես տաք ջուր։

«Ալլահ ակբար»(596-րդը)


Լսվող տարօրինակ շշուկներն ստիպեցին արթնանալ սովորականից վաղ։ Գլուխս դուրս հանեցի՝ երկու հոգի անմիջապես մահճակալիս մոտ չոքած մրմնջում էին։ Իհարկե, սկզբում վախեցա, բայց երբ կարողացա կիսամթության մեջ զանազանել Էրմանի դեմքը, խաղաղվեցի, մյուսը՝ Ջամիլն էր։ Նրանք նամազ էին անում, բայց ինչու՞ անպայման հենց իմ մահճակալի մոտ։ Գուցե ես արևածագին ավելի՞ մոտիկ էի։ Գուցե։ Մեկընդմեջ նրանց կողմից արտասանվող  «Ալլահ ակբար»-ը զգաստացրեց ինձ, այլևս քնելն անհնար էր։ Չնայած դեռ մութ էր՝ վեր կացա, դուրս եկա։
Աշնան շունչը զգացվում էր։ Այն աննկատ թևերը փռում էր ամենուր, որից հառնում էին խայտաբղետ գույները և մնում կառչած բնությանը, իսկ այդ շնչից մեզ՝ ճամբարաբնակներիս առատորեն բաժին էր հասնում զովն ու մառախուղը՝ հիմնականում հորդառատ անձրևները։ Թվում էր՝ դաշտերն աշնան հետ կռիվ են տալիս միշտ կանաչ մնալու, մարդուն մոլորեցնելու համար՝ պարտադրելով նրան հավատալ հավերժական ամռան գոյությանը։
Դեռ դրսում էի, կանգնած ցանկապատի մոտ, լուսաբացը սկսեց կապույտով ներկել հորիզոնը։ Մնացի դիմավորելու նաև արևածագը։ Երևացին ավելի հեռավոր կանաչ դաշտերը, իսկ նրանցից հետո, հեռվում նշմարվում էին բարձր ծառերի գագաթները․․․ Ամպերն սկսեցին, տարբեր կերպարանքներ առած, վազել հյուսիսից հարավ՝ իրենց ճամփին փակելով արևածագը։ Երկինքը պատեց մեգով, իսկ ամպերը սկսեցին վերածվել անտեսանելի կաթիլների՝ հպվելով դեմքիս։ Թարմության բույրն էր թևածում ամենուր։ Կարողանում էի լիաթոք շնչել։ Չնայած անհնար էր այլևս արևածագը տեսնել, բայց երկար ժամեր վայելում էի երկնային ցողը։

Երբ չես համակերպվում(596-րդը)


Ճաշարանից հետո վերջին վրանը լվացքատունն էր։ Քանի որ այնտեղ աշխատում էին բացառապես ազուլները, ուստի լվացք տանողը կամ պետք է ծանոթ ունենար կամ պարզապես ուժեղի տպավորություն թողներ աշխատողների վրա։ Ըստ իս՝ ոչ մեկն էի, ոչ էլ մյուսը, բայց և այնպես, սուրճը խմելուց հետո վերցրի հավաքված լվացքը, քայլեցի լվացքատուն։ Նրանցից մեկին՝(հետո պարզվեց ազգությամբ ալբանացի էր) քառակուսի դեմքով, մանր աչքերով, լիքոտ, շիկահեր մազերով երիտասարդ կնոջը ցույց տվեցի տոպրակը։ Նա  առանց այլևայլության գլուխը բացասաբար տարուբերեց։
-          Տեղ  չունենք,- ասաց նա երևի իր մայրենիով, որը բավականին հասկանալի էր ինձ համար։
Իհարկե իմ հասկանալը ոչնչով չօգնեց, և տխուր դուրս եկա՝ որոշելով ինչ էլ լինի, այլևս չմտնել այնտեղ։ Նորից խռովեցի աշխարհից և իմ անլվա շորերով քաշվեցի իմ անկյունը։
Հետզհետե մութն իջավ ճամբարի վրա, սկսեց անձրև տեղալ, և թվաց՝ մութն իր հետ անձրև բերեց։
Ինչպես միշտ, գումար ստանալու օրերին վրանում աշխույժ մթնոլորտ էր տիրում՝ արաբ երիտասարդները էլեկտրական վառարանի վրա իրենց ազգային ճաշն էին պատրաստում՝ ոչ հեռու իմ մահճակալից, միաժամանակ աղմկելով ու բարձր ծիծաղելով։ Աֆղան ընտանիքը նոր էր վերադարձել մարկետից, նույն ուրախ մթնոլորտն էր տիրում նաև նրանց մահճակալակացարանում, որտեղ հայրը նստած՝ միշտ շախմատի ձիու կերպար էր ստանում, իսկ երեխաներն  իրար դնգստելով, ըմբոշխնում էին գնված քաղցրավենիքը։ Ֆաթիման ծամոնն արագ ծամում էր՝ փուչիկ անելով բարձր պայթեցնում, ինչը ազդում էր իմ նյարդերին, երբեմն զգուշացնում էի․․․ Մի պահ դադարում էր, ապա բարձր ծիծաղելով շարունակում։
Ինչպես միշտ, Էրմանը ոչնչի չէր խառնվում։ Նա, անկողնուն նստած, անվերջ խոսում էր Ջամիլի հետ, որի կերպարն ինձ աղքատ բարեկամի էր հիշեցնում։
Ինքնազգացողությունս վատ էր։ Անկողին մտա՝ չնայած դեռ վաղ էր։ Սիրտս այնքան արագ էր խփում, թվում էր՝ ուր որ է դուրս կթռչի, բայց այդպես չեղավ, նա մնաց իր տեղում, քանի որ  պառկեցի սրտիս վրա՝ խլացնելով նրա զարկերը, որոք արձագանքում էին ականջներիս մեջ։
Խինդ ու ծիծաղը դեռ շարունակվում էր, իսկ ես աշխատում էի խլանալ ու քնել։

суббота, 30 марта 2019 г.

Հերթից հերթ(596-րդը)


Առավոտյան Նաիրին արթնացավ բարձր տրամադրությամբ, արագ հագնվեց, լվացվեց, նստեց իմ անկողնու իր բաժնում։
-          Այսօր փողի օր է,- նույն ոգևորությամբ ասաց նա, ոտքի կանգնեց,- տվե՛ք ձեր քարտն էլ, գնում եմ նախաճաշի։
Լուռ նրան տվեցի քարտը՝ ուրախանալով, որ գոնե մեկ անգամ պակաս կհայտնվեմ հերթի մեջ, բայց ճաշարանում չհայտնվելը ոչ մի դրական ազդեցություն չէր կարող ունենալ իմ ինքնազգացողության վրա, քանի որ միևնույն է՝ սնվում էի նույն նախաճաշով, ճաշով և ընթրիքով, ուստի նորից հերթի մեջ էի, եթե ոչ ճաշարանում, ապա բուժկետի մուտքի մոտ։
-          Բարև ձեզ,- ինձ համար անսպասելի՝ հերթի մեջ երևաց Էլչիմը,- վաղու՞ց եք սպասում։
-          Ոչ այնքան,- պատասխանելով նայեցի սպասողներին, իսկ նրանք, ինչպես միշտ, ոչ թե հերթ էին կանգնած, այլ մեծ խումբ էին կազմել։ Էլչիմը ներս մտավ առանց հերթ, քիչ հետո ներս կանչեց նաև ինձ։
Այդ ադրբեջանցի երիտասարդը գերմաներեն խոսում էր վարժ ու արագ և, մոռացած, թե ինչի համար եմ մտել այնտեղ, նախանձով հետևում էի նրա արագ շարժվող շուրթերին։
-          Ձեր ճնշումը նորից անցել է 200-ի սանդղակը, դուք չպետք է քաղցր օգտագործեք, նաև շատ հեղուկ պետք է խմեք,- թարգմանեց նա ռուսերեն։
-          Քաղցր չեմ օգտագործում,- մեղավոր պատասխանեցի ես՝ հիշելով իմ պլաստմասե ցանցում հավաքած քսանհինգական գրամ ջեմերն ու կարագները։
Այնուհետև բժիշկը շարունակեց խոսել  Էլչիմի հետ։
-          Ձեր նյարդերը լարված են, դուք սթրես եք տանում, ուստի լիարժեք բուժում հնարավոր է միայն ճամբարից դուրս գալուց հետո։
Լսածից միայն հուսահատվեցի և մնացի նստարանին գլխահակ նստած։
-          Ձեր հաբերը փոխեցին՝ հույսով, որ նոր հաբի ազդեցությունը դրական կլինի։
 Բժիշկն ինձ մի հաբ տվեց, իսկ քույրը ջուր։ Ես այն տեղում կուլ տվեցի և այդ անգամ ավելի շատ երախտապարտ էի  Էլչիմին, թարգմանության համար, քան բժշկի սրտացավ մոտեցմանը։ Թեթևացած դուրս եկա, քանզի հասկացել էի ասված յուրաքանչյուր բառ, որքան էլ այն մխիթարող չլիներ ինձ համար։
Քայլեցի՝ հերթական անգամ լրացնելու գումարի սպասողների երկար շարքը, ուր, ինչպես միշտ, տղամարդիկ էին և մի քանի սոմալեցի կանայք։ Հեռու՜, շարքի սկզբում նշմարվում էր ալբանացի «սեքյուրիթիի» գլուխը, ակամա անհանգստանում էի՝ կարծելով, եթե հերթն ինձ հասներ, նա թույլ չէր տալու ներս մտնել կամ անձնագիր էր պահանջելու, ուստի ամեն վայրկյան հույսով սպասում էի՝ գուցե մեկ ուրի՞շը փոխարիներ նրան, բայց այդպես չեղավ, և հերթը հասավ ինձ․․․ Ներս մտա մյուս «սեքյուրիթիի» կողքով՝ աշխատելով հեռու մնալ նրանից, թե ինչու՞՝ ինքս էլ չէի հասկանում, բայց զգացածս ներքին վախը չէր լքում ինձ։
Այս անգամ ստացա 32 եվրո և հաջորդ դռնից աննկատ դուրս եկա, անհետացա «սեքյուրիթիի» տեսադաշտից։ Դեռ գումարը չէի հասցրել տեղավորել պայուսակի մեջ, երբ մեկը անգլերենով դիմեց ինձ․
-          Թե՞յ, թե սուրճ,-  գլուխս հանեցի սավանի հետևից՝ Յուսուֆը թեյնիկը ձեռքին կանգնել էր մաճակալի կողքին:
Իհարկե, շփոթվեցի՝ չիմանալով՝ որն ուզել՝ թե՞յը, թե՞ սուրճը, բայց կարողացա պարզապես բաժակը պահել, որպեսզի նա լցներ եռացրած ջրով, սակայն այդքանով չազատվեցի հյուրասիրությունից, նա նորից ետ եկավ՝ սուրճի տարան ձեռքին, և համրացած ժպիտով ընդունեցի նրա սուրճը, վայելեցի՝  անհետանալով մահճակալի մեջ։

Գաղջություն(596-րդը)


Երեկոյան արդեն ճամբարը եռռում էր։ Նորեկներն ավելի ազատ ու անկաշկանդ էին, քան հին ճամբարաբնակները։ Թվում էր՝ նրանք իրենց պահվածքով մեղադրում էին շուրջ բոլորին, այնտեղ հայտնվելու համար, չնայած նրանք գալիս էին զուտ կամավոր և մեծ ջանքերի շնորհիվ։ Նորից իմ մեջ գլուխ էր բարձրացնում նույն զգացմունքը՝ նրանց փախստական դառնալու մեջ նաև իմ մեղքի բաժինն էի զգում և ավելի  կուչ գալիս, որքան էլ գիտակցեի՝ աշխարհն անգամ չգիտի իմ գոյության մասին և թվում էր՝ այդ աշխարհն ինձ հիշում է միայն գումարի օրերը, որպես 596-րդ։ Ուստի իմ մեջ հանգում էի մի տխուր եզրակացության՝ աշխարհում ի՞նչ կփոխվեր իմ չլինելով կամ եթե հայտնվեի  անմարդաբնակ կղզում։ Արդյո՞ք կփնտրեին ինձ։
Բակում, արդեն հոգնել էի շրջան  կատարելուց, երբ Խալեդը խոսելով հավասարվեց ինձ։
Ինչու՞ չես երևում,- նրա խեղված ու տանջված ռուսերենը ստիպեց ինձ, ոչ թե պատասխանել, այլ աշխատել հասկանալ։
-          Չե՞մ երևում,-  զարմացած նայեցի նրան,- ամեն օր այս շրջանն անցնում եմ առնվազն հազար անգամ։
-          Իսկ ես չեմ տեսնում,- պատասխանեց նա, սկսեց ծիծաղել, բայց նորից տխրեց,- ե՞րբ ենք այստեղից դուրս գալու, այնքան ծրագրեր ունեմ։ Ուզում եմ շուտ աշխատել, առանց աշխատանք չեմ կարողանում։
-          Բոլորն էլ ուզում են այստեղից ժամ առաջ դուրս գալ, բայց երևի յուրաքանչյուրի համար կա սահմանված ժամ, որին  սպասում են անհամբեր․․․
-          Այո, չմոռանալով սպասելու հետ աղմկել, ավիրել, աղտոտել, ջարդել փշրել,- միտքս ավարտեց նա։
-          Գուցե հետո փոխվե՞ն․․․
-          Նրանք երբեք էլ չեն փոխվի, գուցե մնան զսպված ու այդպես էլ ժանգոտեն, բայց փոխվե՞լ․․․
-          Մարդկանց դժվար է ճանաչելը։ հայրենիքում նրանք այլ են, օտարությունում ընդհանրապես ուրիշ են, այնպես որ համբերել է հարկավոր․․․
-          Համբերենեք,- քամհարանքով ասաց նա, վառեց ծխախոտը․․․
Քանի որ ծխախոտի ծուխն այնքան էլ լավ չէր ազդում ինձ վրա, ուստի հրաժեշտ տվեցի ճամբարային միակ բարեկամիս։

Նաթոն(596-րդը)


Վրան մտավ Բաչոն՝ մյուս վրացու  հետ՝ նրա կարճ խուզված, շեկ մազերը համահունչ էին վարդագույն այտերին։
-          Բարև ձեզ,- ռուսերենով բարևեցին նրանք ու անցան։
Հայացքով նրանց ուղեկցեցի մինչև վերջ։ Երբ նրանք անհետացան իրենց բաժին կացարանում, այնտեղից դուրս եկավ երեսունը վաղուց լրացած փոքրամարմին մի կին։ Նա հագին ուներ սև անդրավարտիք, սև, լանջաբաց մայկա։ Թեյնիկը ձեռքին մոտեցավ ինձ։ Հայացքով նրան հետևում էին համարյա բոլոր արաբ տղամարդիկ՝ անգամ աղմկողները մի պահ դադարեցին աղմկել։
-          Թեյ կուզե՞ք,- ռուսերենով հարցրեց նա։
-          Եթե կարելի է,- անկանկալի եկա առաջարկից, քանի որ նա, թեյը եռացնելուց հետո, միշտ անտարբեր անցնում էր իմ կողքով։ Նրա գեղեցիկ խաժ ու խոշոր աչքերը  հոգս ու անհանգստություն էին արտահայտում, և հասկացա՝ նա պարզապես չի նկատում ոչ ոքի։ Այնուհետև Թրիրում ստացած պլաստմասե կարմիր ցանցը մահճակալի տակից դուրս քաշեցի, միջից հանեցի սպիտակ պլաստմասե բաժակը, մեկնեցի նրան։
-          Դուք ընտանիքո՞վ եք,- մինչ թեյը կլցներ՝ հետաքրքրվեցի ես։
-          Այո՛, ամուսնուս և երեք երեխաներիս հետ եմ։
-          Իսկ մյուսնե՞րը,- քանի որ նրաց փակ մահճակալների թիվը հասնում էր չորսի, պարզապես  չհետաքրքրվելն անհնար էր։
-          Վրացի երկու ընտանիքներ ենք, նրանց միացանք Թրիրում սպասելիս։ Ֆրանսիայից էին գալիս, իսկ մենք՝ Թբլիսիից։
-          Թվաց՝ մի ընտանիք եք, քանի որ միշտ միասին եք։
-          Ո՛չ, պարզապես մի երկրացի ենք,- բարեկամական ժպտաց նա, ապա ավելացրեց,- անունս Նաթո է, երբ թեյ ցանկանաք, համեցե՛ք, իսկ ես գնամ, Բաչոն սուրճ էր ուզում, դեռ կզրուցենք։- Երբ նա քայլեց դեպի իր ընտանիքը, ես նույն ցանցի միջից հանեցի Նաիրիի բերած թեյը, որը աչքի լույսի պես փայփայում էի նման օրվա համար և սիրով կարոտս առա վաղուց կարոտած թեյից։

пятница, 29 марта 2019 г.

Ավտոբուսները տարան աղմուկը (596-րդը)


Վաղ ծեգից ճամբարը եռռում էր։ Թվում էր՝ բոլորը խառնվել էին  իրար ու ինչ որ տեղ էին շտապում, և միայն ես էի անտեղյակ կանգնած ու շվարած։ Աշխատակիցները վրանների մուտքին էին մոտեցնում բարձր մետաղյա ցանցերը, որոնց իմաստը սկզբում չէի հասկանում, բայց քիչ հետո, երբ ցանցերը լցվեցին օգտագործված սպիտակեղենով, հասկացա, թե ինչի համար էին մետաղյա շարժական ցանցերը։ Յուրաքանչյուր չորս տղամարդ տնքալով հազիվ քարշ էին տալիս ծանր երկաթյա մահճակալները դեպի պահակակետի ետևը։ Այնուհետև երկու հարյուր հոգուց ավելի փախստականներ սկսեցին անթիվ ճամպրուկներով շարվել ելքի մոտ։ Այս անգամ ճամբարը լքում էին հիմնականում ընտանիքները։
Յուրաքանչյուր «transfer»՝ տեղափոխում, մի տեսակ խորթ էր թվում ու կարծես հեռու։ Այն ինձ չէր վերաբերվում, և ամեն անգամ թվում էր՝ դեռ վաղ է ինձ համար լքել ճամբարը։ Միաժամանկ նման օրերին աշխարհը խորթանում էր, դառնում անծանոթ, առավելապես, երբ նորեկները լրացնում էին ճաշարանի և գումար ստանալու հերթը։
Բակ մտան չորս ավտոբուսներ, յուրաքանչյուր ավտոբուսի դռան մոտ կանգնեց տվյալ ավտոբուսի վարորդը՝ ձեռքին բարձր պահած մի թիվ՝ մինչև չորսը։ Ուղևորները, նախօրոք յուրաքանչյուրն իմանալով իր տեղը, շարվեցին ավտոբուսների դիմաց։ Խոհանոցի աշխատողը կանգնած էր վարորդի հետ միասին՝ բաժանում էր ճամբարային վերջին նախաճաշը՝ սպիտակ թղթե տոպրակներով։
Ժամեր հետո ճամբարը դատարկվեց։ Ամեն անկյունում խաղաղություն էր տիրում։ Թվում էր՝ քիչ հեռվում օդ բարձրացող ինքնաթիռներն անգամ սավառնում են՝ առանց աղմկող շարժիչների։ Ճաշարանում հերթ չկար, զուգարանները մաքուր էին մինչև երեկո։ Ճաշից հետո իմ առաջին խնդիրը եղավ  շտապել բաղնիք։
Չնայած բաղնիքի աղբամանը դեռ անցած անգամվա աղբով էր, բայց առավոտյան ինչ մաքրվել էր, դեռ չէր կեղտոտվել։ Ներսում՝ նեղ ու երկար շարժական տնակում տեղադրված էին փոքրիկ խուցեր, որտեղ, բացի ուղիղ կանգնելուց, ոչինչ դնել կամ վերցնել հնարավոր չէր, պարզապես յուրաքանչյուրը ստիպված էր միջանցքում հանվել, հետո միայն մտնել ցնցուցի տակ, իսկ ցնցուղը, որտեղ մտա, արդեն չկար, ուստի ստիպված եղա շատերի պես օգտվել անհարմար ֆշշացող ջրի խողովակից։ Օրվա իմ առաջին խնդիրը լուծված համարելով՝ շտապեցի վրան։ Ցնցուղից հետո գլուխս սկսել էր անտանելի  այրվել, կարծես, դեմքիցս կրակ էր թափվում, մնացի պառկած՝ անգամ չգնալով ճաշի հետևից, այն հերթական անգամ ինձ համար բերեց աֆղան հարևանը։
Ընթրիքին դեռ ժամանակ կար, երբ բակ մտան առավոտվա ավտոբուսները։ Երբ հերթական փախստականներին շարում էին կարմիր պատի տակ՝ պարզապես նայելով անցա։ Կանգ չառա, ինչպես շատերը. այն մի տեսակ օտար ու սարսափելի թվաց։ Օր-օրի իմ մեջ կարծրանում էր այն զգացողությունը, որ ես այդ ճամբարը ոչ թե եկել էի, ինչպես բոլորը, այլ միշտ այնտեղ էի եղել և ոչ մի տեղից էլ չէի եկել, իսկ նրանք՝ բոլոր, այն անթիվ ավտոբուսների մարդիկ, ընդամենը գալիս էին, որպեսզի հետո գնան։
Նորեկների մեջ այլևս հայրենակից կամ հարազատ դեմքեր չէի փնտրում: Արդեն ունեի հին դեմքեր, որոնց պարզապես սովորել էի, իսկ նրանցից կերտել հարազատ դեմքեր մի տեսակ անհնար էր։ Սովորեցի նրանց աղմուկին ու աղտոտելուն։ Հիմնականում, այդ ամենին հետևելով իմ անկյունից կամ քայլելիս, թվում էր՝ մասնակից եմ բոլոր իրադարձություններին։ Ամեն ինչն օր-օրի այնպես էր տպավորվում իմ մեջ, որ հաճախ տպավորություն էր ստեղծվում՝ ես էլ իմ բաժին մեղքն ունեմ աղմկելու և աղտոտելու մեջ։
Ճամբարում բոլոր լեզուները մնացին օտար, իսկ ամենավատը՝ անհասկանալի։ Հետզհետե լռությունը դարձավ իմ անբաժան ընկերը, իսկ իմ մայր լեզվով կարող էի միայն մտածել ու գրել։
Թվում էր՝ այնտեղ խցկվել էի մի նեղլիկ անկյունում, դժվարանում էի շնչել, շարժվել, ժպտալ ու խոսել։ Իմ գտած նոր աշխարհը նեղ էր ցավեցնելու չափ և խուլ լսելու, հասկանալու համար։ Մարմինս հոգուս հետ կծկվում էր, ու իմ էությունն անգամ դառնում էր մի կծիկ և կուչ  էր գալիս մահճակալի փակ մասում։ Այդ ժամանակ իմ հեկեկոցը խլացնում էի՝ այրվող գլուխս մտցնելով բարձի տակ։ Ինձ՝ իմ ավիրված աշխարհից ետ էր բերում, երբ մեկն անցնելիս կոպտորեն դիպչում էր մահճակալին, և ես նորից կախված սավանի հետևից հետևում էի միշտ անհանգիստ զանգվածի վերածված քայլողներին, վազողներին և աղմկողներին։

четверг, 28 марта 2019 г.

Բաչոն (596-րդը)


Անցնող օրերի շարանը դժվար էր երկարում, թեկուզ օրվա մեջ քսան անգամ հաշվեի հետևում մնացող շաբաթները։
Վերջանում էր սեպտեմբերը, սակայն վրաններում անտանելի շոգը շարունակվում էր։ Արաբ երիտասարդները միշտ միացրած էին թողնում տաքացուցիչը, և օդը բավականին նպաստավոր էր դառնում խեղդվելու համար, ուստի խեղդամահ չլինելու սկզբունքով ընթրիքից հետո դուրս եկա զբոսնելու, ինչպես միշտ առաջին շրջանը կատարելիս համդիպեցի ալբանացուն, ակամա արագացրեցի քայլես՝ նրան շրջանցելու հույսով։ Նորից մնացի հենված ցանկապատին, որտեղից երևում էր իմ սիրելի տեսարանը՝  երեկոյան Հանը լույսերի մեջ․․․ Բավականին հիանալուց հետո, սկսեցի շրջել փոքր վրանների արանքներով, որոնք թափուր մնալու պատճառով, երեխաների համար դարձել էին թաքնվելու, իսկ երիտասարդ մի քանի զույգերի համար համբյուրվելու տեղ, ինձ համար էլ՝ որպես ժամանակվոր թաքստոց անվերջ տիրող աղմուկից ․․․
Սիրում էի ճամբարի այդ մասը,  թաքնվում էի վրաններից մեկում և երկար ժամանակ մնում նստած, մինչև ներս էին ընկնում երկու երեխա կամ մի երիտասարդ՝ հեռախոսով բարձր խոսելով։ Միայն այդ ժամանակ վերադառնում էի վրան՝ սառած վերջույթներով։
Եվ ահա նորից դուրս եկա վրանից, երբ արդեն մութ էր։ Երկնքում աստղերն անհամար էին ու պարզ, լուսինը դեռ դուրս չէր եկել, սակայն շուրջն անսովոր լուսավոր էր։ Բացի գիշերային լույսերից՝ հեռո՜ւ, ծառերի միջից նշմարվում էր լույսերի մի փունջ։ Առաջ գնացի։ Ծառերի մեջ՝ օդից կախված երևաց մեծ խաչը, որից տեսել էի հիվանդանոցին հարակից բարձր սարալանջին։ Երկար Ժամանակ հիանալով իմ հայտանաբերած գեղեցկությամբ՝ սովորականից ուշ վերադարձա վրան։ Նաիրին արդեն եկել էր։
-          Հինգերորդ վրանում երեք հայ ընտանիքներ կան,- հայտնեց նա։
-          Երևի միշտ նրանց մոտ ես գնում։
-          Ոչ միշտ։ Միշայի մոտ էլ եմ գնում, նաև Էլչիմի։
-          Էլչիմին գիտեմ, իսկ Միշան ո՞վ է։
-          Ռուս է․․․
-          Ա՜, ռու՞ս է․․․ Ակամա ծոր տվեցի՝ հիշելով ճաշարանի երիտասարդին՝ հերթի մեջ արաբ պատանուն ոտքով հարվածելիս՝ ռուսերենով հայհոյելով։
-          Իսկ հայ ընտանիքների հետ բարեկամացե՞լ ես։
-          Ոչ այնքան։
-          Ինչու՞։
-          Նրանցից մեկն է մարդու նման, մյուսներին դժվար է հասկանալը։
Այդ ընթացքում մեզ մոտեցավ ճաղատ, արծվաքիթ, ցածրահասակ, քառասունին մոտ մի տղամարդ։
-          Բարև ձեզ,- հատուկ ակցենտով բարևեց ռուսերեն, ապա տնավարի նստեց աֆղանների նստարանին, ստացվեց իմ դիմաց։
Նաիրին տեղից վեր կացավ։
-          Գնացի՛նք,- քաշեց նոր նստած անծանոթի թևից։
-          Սպասի՛ր,- առարկեց նա, մնաց նստած,- գիտե՛ք՝ մենք հայրենակից ենք, մեր երկրները դարերով իրար բարեկամ ու հարևան են,- հակառակ Նաիրիի ցանկության՝ շարունակեց նա,- անունս Բաչո է, ընտանիքով եմ այստեղ, Վրաստանից ենք․․․
-          Ուրախ եմ,- բարևեցի նրան և իսկապես ուրախ էի։
Վերջապես Նաիրին հաղթեց, համարյա ուժով Բաչոին դուրս տարավ։ Նորից ընկա մտքերի մեջ, հանեցի տետրն ու գրիչը, բայց չհասցրի գրել, քանի որ սկսեցին աղմկել արաբ տղաները՝ բղավում էր չարաճճի, փոքրամարմին Աբու-Սաիդը՝ վրանի մի անկյունից ձայն տալով մյուս անկյունում իր համար պառկած Աբու-Մուհամեդին։ Ոչ ոք ոչինչ ասել չէր կարող, քանի որ ճամբարում բոլոր առավելությունները նրանցն էր։ Ինձ մնում էր պարզապես նայել նրանց։ Նման դեպքերում Աբու-Սաիդը ժպտում էր ու մի պահ լռում, գուցե հայացքս էր աղաչական կամ հոգնած, այդպես էլ չէի հասկանում, միայն մի պահ վայելում էի լռությունը, և շուտով աղմուկը վերագտնում էր աղմկողներին։

Ալբանացին (596-րդը)


Որքան էլ իմանայի ճշմարտությունը, միևնույն է կանացի բնազդն ինձ տարավ դեպի ելքը։ Մնացի պահակակետի մոտ կանգնած՝ նկատելով,  համարյա բոլորը ճանապարհին էին՝ մի մասը գնում էր դեպի եկեղեցի, մյուս մասն արդեն վերադառնում էր՝ մեծ պայուսակներով և լիքը տոպրակներով։ Անիմաստ համարելով անգամ դարպասից դուրս գալը՝ որոշեցի ետ դառնալ։ Առաջին վրանի բակում ինձ կանգրեցրեց գեղեցկադեմ, սափրագլուխ «սեքյուրիթին»՝ պահանջելով փաստաթուղթ։ Այդ պահին ակամա վերապրեցի ռուսաստանյան տարիները, երբ ոստիկանները չարաշահում էին իրենց դիրքը՝ նվաստացնելով օտարերկրացիներին՝ հիմնականում սևերին, ինչպես ընդունված էր անվանել կովկասցիներիս։ Ահա, նման ապրումով կուչ եկա, մանրիկ քայլերով մոտեցա նրան, մեկնեցի կարմիր խաչով թուղթը։ Նա երկար զննեց այն, զարմանք պատճառելով ինձ, քանի որ այնտեղ համարյա ոչինչ չկար գրված, վերադարձրեց՝ առանց խոսք ասելու, երկար նայելով ինձ։
Ետ ստանալով փաստաթուղթը՝ առաջին միտքը եղավ՝ որքան կարելի էր արագ անհետանալ նրա տեսադաշտից, և ես թաքնվեցի իմ միակ ապաստանում՝ մահճակալի մեջ։ Երկար ժամանակ մոռացա այն փոքրիկ եկեղեցում տրվող օգնության մասին՝ իհարկե միաժամանակ նախանձելով օգնություն ստացողներին։
Այդուհետ ամեն անգամ ակամա հիշում էի այդ «սեքյուրիթիին», երբ հասնում էի բուժկետին և երբ նա անհարկի ինձանից փաստաթուղթ էր պահանջում։ Ողջ ճամբարային  ընթացքում նա ոչ մի անգամ բարիացակամ չգտնվեց իմ հանդեպ։ Միայն շատ հետո իմացա՝ այդ «սեքյուրիթին» ազգությամբ ալբանացի էր։

среда, 27 марта 2019 г.

Ճամբարը և կենցաղը (596-րդը)


Հերթական առավոտ արթնացավ ճամբարը յուր վայրի բարքերով, որից հառնում էր աղմուկն ու անտանելի աղտոտվածությունը, իսկ ճաշարանն ինչպես միշտ  տնքում էր երկար հերթից ու միշտ իրար հրմշտող հերթ կանգողներից։ Ետևի դռնից ներս մտավ բավականին գեղեցկադեմ մի երիտասարդ, կանգնեց հերթի մեջ։ Եթե մինչ այդ անչափահասներն իրար միայն հրմշտում էին, ապա նա սկսեց ոտքով հարվածել իր առջևում կանգնած պատանուն՝ ի զարմանս ինձ, հայհոյելով ռուսերեն․․․ Երկար հետևեցի այդ չափահաս չարաճճիին և, դուրս գալով  հերթից, հիասթափությունն ինձ ստիպեց մոռանալ նրան:
Ճաշից հետո, երկար ժամանակ շրջում էի ճամբարով․ այն բացառապես ասֆալտապատ էր, առանց կանաչապատման։ Բացի ճաշարանից՝ ճամբարը կազմված էր մոտավորապես ինը բնակեցված վրաններից, իսկ տասնհինգ  փոքր վրաններ մնացել էին դատարկ՝ անհարմարության և ցրտի պատճառով։ Տեղատարափ անձրևները պարզապես հոսում էին այդ վրանների տակով։ Բնակեցված վրաններից, ինչպես արդեն նշեցի, ամենափոքրը մերն էր։ Մյուս վրաններում բնակիչները նույնպես խառն էին՝ տղամարդ, երեխա և կին, բացառությամբ թիվ մեկ վրանի, որտեղ միայն տղամարդիկ էին:
Իմ քայլերը նորից ինձ տարան դեպի ցանկապատը, որտեղից անմիջապես սկսվում էր կանաչ դրախտը։ Երևում էր մոտակա սաղարթախիտ անտառը, և այն վերջանում էր ճամփեզրի բացատով: Կարծես անմիջապես ծառերի հետևից դղրդյունով վեր էին խոյանում ինքնաթիռները, բայց այն խաբուսիկ էր՝ Ֆրանկֆուրտ Հան օդանավակայանը բավականին հեռու էր գտնվում ճամբարից։
Մեր ճամբարի արևելյան մասով անսահման եգիպտացորենի դաշտերն էին, որտեղից ճամբարաբնակները թաքուն եգիպտացորեն էին բերում և մեծ կաթսաներով խաշում, այնուհետ այդ եփված եգիպտացորենից կարելի էր տեսնել վրանների բակերում՝ ամենուր կիսակրծած: Դա տևեց այնքան ժամանակ, մինչև աշխատակիցների կողմից փակվեց մետաղյա ցանկապատի բացված ճեղքը:
Բակից երևում էին հսկա, ժամանակից խունացած մի քանի թափուր շենքերը և պատերազմի ժամանակներից մեր օրերին հասած կլոր պահեստները, որոնք թաղված էին  մոլախոտերի մեջ, իսկ բանուկ, լայն ճանապարհից ներքև երևում էին մոտակա գյուղի ցից տանիքները, կարծես, նրանք վիզները երկարացրած՝ միշտ դեպի երկինք էին ձգտում․․․
Ճամբարից դուրս տանող մայթը մարդաշատ էր։ Բոլորն ինչ որ տեղ էին շտապում։ Ես կարողանում էի միայն նայել իմ կողքով շտապող մարդկանց, քանի որ հասկանալի պատճառով անկարող էի հարցնել, թե ու՞ր են շտապում, ուստի ինձ մնում էր երկար նայելուց հետո վերադառնալ վրան։
Ինչպես միշտ Նաիրին կա՛մ թղթախաղի էր, կա՛մ նստած էր իմ բաժին մահճակալին։
-          Չգիտե՞ս, թե ուր են շտապում բոլորը,- հարցրի՝ կանգնելով նրա դիմաց, և մինչ նա կպատասխաներ, ինձ համար ևս մի բան պարզեցի՝  ես ու Նաիրին հասակով հավասար էիք, երբ նա նստած էր։
-          Ներքևում փոքրիկ եկեղեցի կա՝ այնտեղ հագուստ են բաժանում փախստականներին։
-          Իսկ ինչու՞ դու էլ չես գնում։
-          Հերթը շատ է, անհնար է։ Առաջնայինը Սիրիայից եկածներին է,- առանց իմ կողմը նայելու՝ դժգոհ պատասխանեց նա։
Այս դեպքում նա դժգոհում էր եկեղեցու արած հայտարարությունից, որը մեզ զրկում էր օգնություն ստանալու իրավունքից։ Ես լուռ նստեցի նրա կողքին, և ակամա մի հայացք գցեցի իմ ամառային կոշիկներին․ նրանք արդեն սկսել էին պատռվել։ Արդարացի համարելով հայրենակցիս տխրելը, ես էլ տխրեցի, և դուրս եկա վրանից։

Էլչիմը (596-րդը)


Նստած՝ մտորում էի, երբ մեկն անսպասելի բարևեց ինձ հարազատ դարձած ռուսերենով։
 Բարևողն անծանոթ էր՝ գունատ, նիհար, մի աչքը մյուսից նկատելի տարբեր, նոսր ու շիկահեր մազերով երիտասարդ էր։ Սկզբում զարմացա, ապա դանդաղ ոտքի կանգնեցի՝ հայացքս նրանից չկտրելով։
-          Անունս Էլչիմ է, Ադրբեջանից եմ,- նա ներկայանում էր, իսկ այդ ընթացքում  զարմանքից քիչ-քիչ բերանս բացվում էր,- ընտանիքիս հետ եմ․․․
-          Ո՞ր վրանում եք,- վերջապես ուշքի եկա ես։
-          Հինգերորդ,- պատասխանեց նա, ապա հարցրեց,-  Ինչու՞ եք անտրամադիր։
-          Ամեն օր բժշկի եմ գնում, սակայն ոչինչ չեմ կարողանում հասկանալ, թարգմանչի խնդիր ունեմ։
-          Իսկ ինչու՞ ինձ չեք դիմում։
-          Ձեր մասին որպես թարգմանիչ չգիտեի։
-          Ինչպե՞ս, Նաիրին չի՞ ասել,- զարմացավ նա, նայելով Նաիրիին։
-          Ո՛չ, նա միայն ասել է, որ դուք էլ եք փնտրել ինձ, երբ ես հիվանդանոցում էի, որի համար շնորհակալ եմ։
-          Անցած բանէ, իսկ թարգմանչի պահով այսուհետ դիմեք ինձ, սիրով կօգնեմ, գերմաներենին լավ եմ տիրապետում, ժամանակին այստեղ դպրոց եմ գնացել ,- ժպտալով պատասխանեց անծանոթ ադրբեջանցին, որի հայրենիքում ես որպես  թշնամի եմ, և մահացու թշնամի, բայց այս օտարությունում, որքա՜ն ուրախացա՝ հանդիպելով իմ «թշնամուն»․․․
-          Կնոջս կպատմեմ ձեր մասին, նա շատ կուրախանա, անպայման կգա ծանոթանալու,- ասաց նա և Նաիրիի հետ դուրս եկավ վրանից։
Այդ պահից, կարծես, այլևս թարգմանչի կարիք չունեի, և աշխարհն ու բոլորն ինձ թվում էին  բարեկամ ու հասկացված։

вторник, 26 марта 2019 г.

596-րդը


Այսպիսով՝ մահճակալը մնաց ինձ, իսկ Նաիրին իմ անբաժան՝ մահճակալ կիսողը։
Ճամբարում օրերը որքան էլ դժվար գլորվելու հատկություն ունենային, միևնույն է, այդ օրերն անցնում էին՝ յուրաքանչյուրին կապելով այնտեղ տիրող բարքերին։ Կենցաղային ազատությունը նրանց վերադարձնում էր վայրի բնազդին, և նրանք դառնում էին անկառավարելի՝ երբեմն անգամ վտանգավոր։ Ուստի ներքին վախը միշտ իշխում էր պասիվ կենվորներին, նրանք էլ իրենց հերթին համարյա չէին խառնվում տիրող իրադրությանը։
-          Դե ի՞նչ, չե՞ք գնում գումար ստանալու,- վրան մտնելով՝ հարցրեց Նաիրին։
Զարմացած նայեցի նրան, քանի որ իմ հաշվարկով հաջորդ օրն էր գումարի օրը։
-          Ինչու՞ եք այդպես նայում, գնացե՛ք, շուտով ժամը կավարտվի,- շարունակեց նա։
-          Իսկ դու՞․․․
-          Ես վրացիների հետ էի հերթ կանգնել․․․
-          Իսկ ինչպե՞ս ես շփվում նրանց հետ։
-          Ինչու՞, ռուսերեն,- զարմացավ Նաիրին։
-          Իսկ ես կարծում էի՝ միայն անգլերեն են խոսում, չնայած դու անգլերեն էլ ես խոսում։
-          Ո՛չ, կարող եք դուք ևս շփվել, լավ մարդիկ են։
Ակամա հիասթափված և ավելի ընկճված դուրս եկա, ուղղվեցի պահեստի կողմը։ Քանի որ շատ էի ուշացել, ուստի հերթ չկար, ուրախացած ներս մտա։
-          Hallo !,-երևի հազարերրորդ անգամ կրկնեց  գանձապահը, բացեց ցուցակը, գտավ 596-րդը։ Նրա կողքի նստած երիտասարդն ինձ տվեց երեսունմեկ եվրո և մի քանի ցենտ։ Չնայծ միայն առաջին անգամը քառասունմեկ եվրո ստացա, սակայն տասը եվրոի պակասը երբեք չազդեց իմ տրամադրության վրա։ Նորից հոգով երախտապարտ մնացի այդ օտար ազգին, եթե անտեսենք ինձ ճանաչելը՝ որպես քանակ և 596-րդ․․․
Իմ լիարժեք ուրախության զգացումին կնախանձեր անգամ ցանկացած չկշտացող միլիարդատեր։
Անցնող օրերի հետ թեթևանում էր նաև ոտքիս ցավը, սակայն, կարծես, այդ նույն օրերի հետ էլ խաթարվում էր առողջությունս, և ստիպված էի նորից ամեն օր հերթ կանգնել բուժկետի դռանը։  Ճնշումս մշտապես 200-ի սանդղակին էր։ Օրական մեկ հաբ ընդունելու ազդեցությունը զրո էր, ուստի վհատվում էին տարբեր հերթապահ բժիշկներ՝ նրանց հետ նաև ես։ Իմ անմխիթար, մենակության դատապարտված կարգավիճակն ինձ ստիպում էր ամենուր և բոլորի մեջ թարգմանիչ փնտրել։ Նաիրին այդպես էլ  հրաժարվեց օգնել՝ գերադասելով թղթախաղը և, ահա, սկսեցի օտարների մեջ յուրային փնտրել․․․

Շուքրին (596-րդը)


Անմիտ մեռնող օրերն աստիճանաբար ինձ վեր էին ածում անպետք մարմնի, որին կերակրելը դառնում էր իմ ապրելու միակ իմաստը։ Ուստի, ակամա դարձել էի իմ երեք անգամյա սնվելու ժամապահը, և այն միակ զբաղմունքն էր, եթե անտեսենք գրելը։
մնալ անհանգիստ։
Ելքին մոտիկ մահճակալին քնում էր արաբ երիտասարդներից Աբու- Բացվող անմիտ օրվան փոքր ի շատե իմաստ հաղորդեց «շուքրիի» հայտնվելը վրանում։ Նա իր մանր աչքերով, արագ շրջեց վրանով մեկ, ապա հայտարարեց․
-          Բացի ընտանիքներից, մյուս բոլոր մահճակալները դու՛րս տանել։
Բոլորն սկզբում շվարած իրար նայեցին, իսկ միայնակները՝ մոլորված, տեղներից ակամա կանգնեցին՝ ես էլ նրանց հետ։
-          Կարծում եմ, եթե մենք միայնակ ենք՝ չի նշանակում մարդ չենք,- պոռթկաց վրանի կենտրոնի մահճակալին քնող Աբու-Ահմեդը, որին «շուքրիի» համար թարգմանեց Յուսուֆը։
Նա զարմացավ, որ «ազուլը» ևս կարող է խելքի մոտ կարծիք հայտնել, այս անգամ բորբոքված  բղավեց․
-          Դու՛րս տանել բոլոր մահճակալները։
Արաբ երիտասարդները միահամուռ շրջապատեցին նրան, քիչ հետո, երբ բոլորը նորից ցրվեցին, «շուքրին» ավելի մեղմացած հայտարարեց․
-          Լա՛վ, գոնե երեք հատ մահճակալը պետք է վերադարձնեք, դրանք անհրաժեշտ են մյուս վրանի ընտանիքներին։
Ես լուռ մի կողմ քաշվեցի՝ մահճակալն ազատելու։ Յուսուֆը հեռվից ձեռքով հասկացրեց՝ նստել։ Իհարկե, նորից նստեցի, բայց շարունակեցի Մուհամեդը։ Նա լիքոտ, դանդաղաշարժ, դեմքը բշտիկներով պատած, ինչից նկատելի նեղվում էր, համարյա միշտ պառկած կամ քնած էր երկրորդ հարկում։ Ահա՛, այդ բարի երիտասարդը զրկվեց թանկագին մահճակալից։ Մյուս երկուսը չիմացա՝ ովքեր էին․․․

понедельник, 25 марта 2019 г.

Յուսուֆը (596-րդը)


Հորդառատ անձրևը վեր էր ածվել վարար առուների, հոսելով լվանում էր ճամբարի բակը։ Բացի լվացք անելուց, անձրևը նաև բոլորին քշել էր ներս՝ այսպիսով վրանում աղմուկը անտանելի դարձնելով։ Նաիրիի հետ միասին նստած իմ անկողնուն՝ հետևում էինք երեխաների աղմուկ աղաղակին, մեզ համար անհասկանալի արաբ տղաների խենթ կատակներին, ինչպես միշտ, այն ընթանում էր բարձր ծիծաղով ու աղմուկով։ Հաճախ նրանց աղմուկը խլացնում էր երեխաների ձայնը, և վրանի տանիքը թմբկահարող անձրևը։ Նրանցից յուրաքանչյուրը յուրովի ներկայացնում էր արաբական աշխարհը, և մարդու լեզվով այն կոչվում էր մշակույթ․․․
Յուսուֆը տարբերվում էր բոլորից։ Գուցե փորձում էր, գուցե իսկապես այդպիսին էր։ Նրա մեջ կռվում էին ժամանակակիցը և ավանդականը, և այդ երկու խառնուրդից դառնում էր մի տեսակ վայրի ու կյանքով լի։ Այդ քսանհինգամյա երիտասարդը՝ կենսուրախ, միաժամանակ տխրությանը տուրք տվող, ճամբարում տասնվեցամյա եղբոր հետ էր։ Նրանք, ինչպես մյուս երիտասարդները, եկել էին Սիրիայից։ Ըստ իր պատմածի՝ հայրենիքում բժշկականի երրորդ կուրսում էր սովորում, և, ահա, պատերազմը ավիրել ու նրանց էլ շատերի պես դարձրել էր տարագիր։
Յուսուֆը ամեն կերպ աշխատում էր երկարացնել ուղիղ, չենթարկվող մազերը, որոնք ոչ մի կերպ չէին ուզում երկարել։ Նրա փոքր, ուղիղ քիթը, բարձր ճակատը համահունչ էին աղվամազ հիշեցնող դեմքի մազածածկին։ Արաբ երիտասարդներից միակ անգլերեն իմացողն էր, աղմկողներից՝ ամենաակտիվը։ Յուսուֆը բաժանվեց խմբից, մոտեցավ մեզ, և, ինչպես ընդունված էր մեզ մոտեցողների մոտ, նա էլ նստեց իմ ու Նաիրիի արանքը, սկսեց անգլերեն ինչ որ բան ասել, որից, իհարկե, ոչինչ չէի կարող հասկանալ։ Այնուհետև նորից միացավ աղմկող խմբին։
-          Ի՞նչ ասաց․- հարցրի Նաիրիին՝ համոզված լինելով՝ խոսակցությունը նաև ինձ էր վերաբերվում։
-          Նա ասում էր, եթե որևէ բանի կարիք ունենաք, դիմեք ինձ,- դժկամությամբ թարգմանեց Նաիրին։ Նորից մենք մնացինք դիտողի դերում այդ չարաճճի ու բարի երիտասարդների խաղին, իսկ միտքս թմբկահարում էր վրանին հարվածող հորդառատ անձրևը։

Աֆղանների ընտանիքը(596-րդը)


Հիմնականում մարդը մարդու հետ մտերմանում է անհրաժշտությունից ելնելով։ Իմ մտերմությունը  աֆղան ընտանիքի հետ սկսվեց ակամա, երբ անհրաժեշտ էր մեզանից մեկը ճաշարանից բերեր մյուսի սնունդը։
Ամուսնու անունը չեմ հիշում, սակայն կնոջ անունն իր խենթ բնավորության պատճառով անհնար է մոռանալ։ Ֆաթիման մաշկով թուխ էր, նրա աչքերը սև ու նեղ էին, նա  ամուսնուց խոշոր էր,  և երբեք  հնարավոր չէր հասկանալ՝ այդ կինը որպես մուսուլման  գլխաշոր կրու՞մ էր, քանզի նա ավելի անկաշկանդ էր, քան ցանկացած վայրի արարած։ Ֆաթիման առաջին շաբաթը համարյա գիշեր ու ցերեկ քնում էր։ Սկզբում թվում էր ճանապարհի հոգնությունն է պարպում, բայց շատ հետո հասկացա, նա գլխացավ ուներ, որի համար էլ ըստ իր պատմածի եկել էր Գերմանիա։ Նրանց երեք անչափահաս աղջիկներն իրարից  տարբերվում էին դիմագծերով՝ մեկը մյուսին զիջում էր մեկ տարով։ Նրանք  իրար հավասար էին՝ սլացիկ, նիհար, թուխ, ինչպես ծնողները։ Ամուսինները միշտ և բոլորին ժպտում էին, իսկ աղջիկները հաճախ վեճի էին բռնվում, և շատ դեպքերում վերջանում էր ծեծկրտուքով։ Արդյունքում մայրը ծեծում էր երեքին, որպես պատիժ, սակայն ակնհայտ սերը միջնեկ աղջկա հանդեպ տարբերություն էր դնում երեխաների միջև անգամ ծեծելուց։ Բայց նրանք մնում էին նույն վայրին և շարունակում էին իրենց անհոգ օրերն ապրել բազմազգ վրանի տակ։  Ընտանիքի հիմնական հոգսը ամուսնու ուսերին էր։ Նա, առանց տրտնջալու, սիրով կատարում էր, առավելապես, երբ գումարի համար հերթ էր կանգնում կամ առևտրի համար խանութ գնում, երբեմն էլ հավաքված լվացքը՝ մեծ տոպրակով, ժպիտը դեմքին մտնում էր լվացքատուն։ Անմոռանալի է, երբ նա մի ամբողջ օր քաղաք էր գնացել՝ նոր հեռախոս գնելու։ Չնայած, ինչպես միշտ, հաղթեց Ֆաթիման՝ տիրանալով հեռախոսին, բայց այդ օրը նրանց ընտանիքում իսկական տոն էր։ Նրանք առանց դադարի, ժամերով խոսում էին հայրենիքում գտնվող բանրեկամների հետ, և յուրաքանչյուր միտք ավարտվում էր երկար քրքիջով։ Նման դեպքում որքան քիչ բան է պետք մարդուն երջանկացնելու։ Նրանց երջանիկ պահերից ինձ բաժին էր հասնում, երբ ամուսինը ճաշարան գնալիս, վերցնում էր նաև իմ «Essen» քարտը։ Այսպիսով՝ այդ ընտանիքը դարձել էր ինձ համար սիրելի և անհրաժեշտ։ Հերթական անգամ, երբ Ֆաթիմայի ամուսինը բերեց ճաշը, Նաիրին  անկողնուն նստած արդեն ճաշում էր՝ չմոռանալով երգել իր սիրած երգերից, որը ինձ միշտ հիշեցնում էր վատ արտասանություն։ Հիմնականում կատարում էր ռուսական շանսոնյե, իսկ այդ պահին նա կատարում էր՝ ավելի ճիշտ արտասանում էր Հախվերդյանից ինչ որ տողեր։
Իհարկե, նա չէր կարող ճաշել երկրորդ հարկում, իսկ առաջին հարկում, իր հսկա  մարմնով, գրավում էր ողջ մահճակալը, և ինձ մնում էր կուչ գալ անկյունում, ինչն այդ պահին օրենքով աշխարհում իմ միակ տեղն էր համարվում, կամ նստել աֆղանների նստարանին։ Նաիրին արդեն ավարտում էր ճաշելը, երբ ես սկսեցի։ Ինչպիսին էլ լիներ նա՝ ճամբարում նա էր իմ միակ ծանոթ հայրենակիցը՝ հասկանում էր իմ լեզուն, իսկ ես՝ նրա։ Ինձ մնում էր հարմարվել։