понедельник, 1 апреля 2019 г.

Աղմուկը կարող է խլացնել մղձավանջը(596-րդը)


Փոքր վրանի կենվորներս ակամա սկսել էինք, բացի իրար հանդուրժելուց, նաև հասկանալ։ Համակերպվելը բոլորին ստիպում էր ապրել քանակով՝ արժանիքները, գուցե անվերադարձ, մղելով ետին պլան, իսկ գուցե՝ դեռ ոչ։ Թվում էր՝ բացի աղմկելուց ճամբարում ոչ ոք ոչնչի պիտանի չէր, ուստի յուրաքանչյուրն իր մեջ գուցե այդ ամենը համարում էր  գոյատևման անհրաժշտություն և հանդուրժում անգամ, երբ բղավում էին մինչև ուշ գիշեր։ Նման պարագայում քայլում էի, որպեսզի քայլեի, նստում էի, որպեսզի նստեի, իսկ աղմկողներն ու շարժումը աննկատ դառնում էին իմ մենությունը ցրողները։  Ուստի իմ  անկյունից դանդաղորեն վեր էի ածվում մշտական համր դիտորդի․․․ Աստիճանաբար խոսքի արժեքը փոխվում էր աղմուկի, և այն ճամբարային միակ լեզուն էր, և այդ ոճով հասկանում ու հասկացվում էր յուրաքանչյուրը։
Անդադար անձրևները և մեգը իրենց հետ բերում էին նաև սառը շունչը։ Նման օրերին յուրաքանչյուր վրան՝ իր կենվորներով, ակամա մեկուսանում էր մյուսներից, իսկ հերթական «transfer»-ով ճամբարում մարդը դառնում էր անծանոթ ու ավելի անկաշկանդ։
Ես ավելի էի հակվում այն մտքին, որ գուցե ճիշտ տարբերակ է այնտեղ մարդկանց  ընկալել պարզապես որպես քանակ։ Ելնելեվ հակված մտքից՝ մնում էի գամված անկողնուն, և հոգնեցնող միապաղաղ կենսակերպը շարունակում էր բացասաբար ազդել  իմ առողջության  վրա։ Այլևս չէի կաղում, փոխարենը շարունակում էր գլուխս այրվել, ուստի հաճախ մնում էի թաքնված փոքր վրաններից մեկում, որտեղ սառն օդը դրական ազդեցություն էր ունենում։ Այդ վրանները դարձել էին իմ փրկությունը մինչև այն ժամանակ, երբ մի առավոտ բարձր խոսակցություններից դուրս եկա և ի՞նչ՝ վրանները հավաքում էին։ Այնպես էի ընտելացել, թվում էր՝ այդ ամենն իմն էր, և, ահա, խլում էին ինձանից․ մի տեսակ մերկացած զգացի ինձ։ Եթե այդ ամենին գումարեինք ցուրտն ու անձրևներն, ապա ինձ մնում էր ավելի շատ ժամանակ սպանել մահճակալի փակ անկյունում։
-          Թեյ կուզե՞ք,- հնչած հարցից գլուխս դուրս հանեցի՝ թափանցիկ դեմքով վրացուհին էր։ Քարայծի հպարտությամբ կանգնած էր մահճակալիս կողքին։
-          Իհարկե՞,- շտապեցի ևս մեկ անգամ քրքրել պլաստմասե ցանցը՝ գտնելու բաժակը։ Նա զգուշությամբ լցրեց այն եռման ջրով։
-          Շնորհակալ եմ։
-          Եթե թեյ է հարկավոր լինում, ասե՛ք, ես կբերեմ,- ասաց նա ավելի վատ ռուսերենով, քան Խալեդն էր խոսում։ - Անունս Նաթո է․․․
Ոչինչ չպատասխանեցի, միայն լուռ նայեցի այն խաժ աչքերով Նաթոյին և այս կապուտաչյա Նաթոին՝ մտածելով՝ երևի Վրաստանում այդ անունը կրում են գեղեցկուհիները։
-          Հարմարվու՞մ եք,- համոզված լինելով, որ մարդը չի կարող նման պայմաններին հարմարվել՝ հարցրի նրան։
-          Իհարկե, ո՛չ, բայց գիտենք՝ ժամանակավոր է՝ դիմանում ենք։ Երեխաները մեծ են, դպրոց պետք է գնան, իսկ այստեղ․․․,- նա լռեց։
-          Դուք երեխանե՞ր ունեք,- զարմացա ես։
-          Այո՛, այն մեծ աղջիկն ու տղան իմն են։
Իհարկե, լսածից համրացա՝ նայելով այդ կնոջ հասակին՝ հավասար աղջնակին և սպիտակամորթ խոշոր տղային։
-          Բայց դուք դեռ օրիորդ եք,- բերանս փակելու համար, արտաբերեցի ես,- քանի՞ տարեկան եք։
-          Արդեն երեսունմեկ։
Լռեցի, քանի որ գուցե տարիքը համապատասխանում էր, բայց նրա հմայքն ու կազմվածքը նայողին այլ բան էին հուշում։
-          Նաթո՛,  արի՛,- մոտենալով նրան դիմեց այն վարդագույն այտերով վրացին, որը պետք է որ շատ ջանք թափած լիներ՝ տիրանալու նման գեղեցկուհուն, իսկ նա գնաց՝ ամուսնու թևը մտած։
Օրն անցավ՝ դասվելով անիմաստ անցնող օրերի շարքին։ Թևաթափ պառկած՝ երկար մտորում էի և հանգում մեկ եզրակացության՝ ոչ մի օր էլ չեմ ապրել։ Նույն զգացողությամբ էլ  քնեցի։

Комментариев нет:

Отправить комментарий