среда, 10 апреля 2019 г.

Առաջին նշխարը (596-րդը)


Միայն գերմանացիների ուշադրությունը ոչինչ չէր շեղում։ Բոլոր ազուլներն այս ու այն կողմ էին նայում, իսկ երեխաները լացում էին կամ պարզապես հոգնում։ Պարզվեց՝ մեր հոգին նույնն է, այն դատարկ է մեր ծնունդից, երբ մայրս պատմում էր․ «Հեղափոխությունից հետո տերտերների միրուքից կապում էին ձիերին ու քարշ տալիս փողոցներով, մինչև նրանց հոգին ավանդելը»։ Ես, Նաիրին, վրացիները և մյուս հայ ընտանիքները տերտերին քարշ տվողի սերունդն էինք՝ կանգնած Աստծո տաճարում, խղճուկ ու անհավատ։ Այդ պահին այնքան կարոտով ու ցանկությամբ էի ուզում իմանալ, որոշել իմ ով լինելը։ Պարզվեց՝ անգամ չեմ կարողանում տարբերել եկեղեցիները՝  կաթոլիկ, բողոքական․․․ Իմ լեզվային համրության հետ,համրացել էր նաև հոգիս։
Ինձ համար ամեն ինչ կատարվում էր անսպասելի և, միշտ ուշացած, հետևում էի բոլորին։ Երբ բոլորը դուրս եկան, շարվեցին նստարանների մոտ, մի պահ մոլորվեցի, միայն հետո հետևեցի նրանց։ Այնուհետ բոլորը հերթով մոտենում էին տեր հորը։ Ես չէի հասկանում՝ ինչու՞։ Կանգնած տեղից վիզս երկարացրի՝ իմանալու, որպեսզի չհայտնվեմ անհարմար վիճակի մեջ, և, ահա, ես տեր հոր դիմաց եմ։ Նա մի քանի խոսքեր շշնջաց, ապա կլոր, սպիտակ հաց հիշեցնող բան մոտեցրեց իմ բերանին, ես ակամա բացեցի բերանս և, ով զարմանք, պարզվեց չեմ սխալվել։
Այնուհետ միտքս քանդեցի և գտա, որ այդ փոքրիկ ուտելիքն, ըստ Աստվածաշնչի, նշխարն էր։ Այն հալվեց իմ բերանում, թվաց՝ մեկ քայլ մոտեցա Աստծուն։
Մեքենան մեզ իջեցրեց նույն տեղում, որտեղից վերցրել էր, մեր հետևեից մեզ միացան մյուսներն՝ ավելի մեծ մեքենաներով։
Մինչ բարձրակրունկներով փորձում էի անփորձանք շրջանցել ջրափոսը, Նաիրին հասավ ինձ․
-          Գնացե՛ք, ձեզ էլ անձրևանոց տա վարորդը,- լսելով առաջին հերթին զարմացա, որ կարող եմ առանց հերթ որևէ բան ստանալ և, իհարկե, շտապեցի ետ դառնալ մեքենայի մոտ։ Ութսունամյա ծերունին նայում էր ինձ և գլուխը բացասաբար շարժում։ Մնացի տեղում քարացած։ Շրջվելու փոխարեն պարզապես ետ-ետ քայլեցի՝ հայացքս հառած նրան, իսկ նա հաջորդ հովանոցը տալիս էր հայ կանանցից մեկին։
Վերջապես ինձ հավաքեցի, շուռ եկա, արտասունքս կուլ տվեցի՝ թույլ չտալով՝ դուրս ցայտելու, քայլեցի՝ առանց շուրջս նայելու։
-          Չտվե՞ց,- հարցրեց Նաիրին՝ հավասարվելով ինձ, մեծ, կապույտ անձրևանոցը ուսին դրած։
-          Ո՛չ։
-          Ի՞նչ ասաց։
-          Ոչինչ, պարզապես հերթական անգամ, հերթական ծերունին, ինձ տեսնելով, գլուխը բացասաբար շարժեց՝ իմանալով գերմաներեն չեմ հասկանում։
-          Մի՛ նեղացեք, ինձ էլ չտվեց,-  հավասարվելով մեզ՝ ասաց Բաչոն։
-          Չեմ նեղանում, պարզապես այն ինձ շատ էր պետք։ Հաճախ եմ անձրևի տակ մնում։
-          Երբ պետք է Նաթոից  վերցրեք, այդքան մի ներշնչեք։
Լուռ գլխով արեցի՝ որպես պատասխան, թաքցնելով հուզմունքս։

Комментариев нет:

Отправить комментарий