понедельник, 22 апреля 2019 г.

Լուսանկարվեցի Թրիրում (596-րդը)


Իմ մահճակալի աջ և ձախ կողմերը մնացին որպես միջանցքներ, որից այն կողմ աշխատակիցները սավանապատեցին՝ տեղադրելով փայտյա ցածր մահճակալներ, որոնցից մեզ էին տվել առաջին օրը փոքր վրանում։
Մութը վաղուց ընկել էր, երբ ամենամեծ սավանապատ կացարանում տեղավորվեցին  սպիտակահեր, տարեց մի տղամարդ՝ երկու  չափահաս զավակների հետ, իսկ աջ կողմում տեղավորվեց Պարսկաստանից բազմանդամ մի ընտանիք։ Նրանց երկու որդիները տեղավորվեցին անմիջապես իմ կողքին՝ գրավելով նախատեսված միջանցքը։ Իհարկե, սրտնեղեցի, բայց քանի որ ընդամենը քանակ էի, ուստի բացառվում էր բողոքելը։ Ինձ մնում էր գոնե  սավանապատել իմ ու նրանց արանքը։
  Ձախ կողմում պառկած ծերունին անդադար փնթփնթում էր, դուրս ու ներս անում, երևի նույնպես մրսում էր, քանի որ բոլոր նորեկները պառկել էին առանց ներքնակի, իսկ աջ կողմի երիտասարդները պառկել էին  առաջին  հարկում, մինչև  մինչև ուշ գիշեր խոսում էին ու ինչ որ բան ծամում, թե ուտում, պարզ  չէր։
Վաղ առավոտյան նստեցի անկողնում այս անգամ ոչ թե Էրմանի աղոթքից, այլ վախից, երբ տեսա նոր հարևան ծերուկին՝ կանգնած իմ գլխավերևում։ Նա ինձ էր նայում վավշոտ հայացքով։ Տեսնելով, անակնկալի եկած՝  նստեցի տեղս, գլուխս հարվածելով երկաթյա ձողին, իսկ ծերուկն արագ անհետացավ իր բաժին սավանի հետևում։  Ծերուկին արագ մոռացա, երբ, վաղ ծեգին եկավ Յուսուֆը։
-          Hallo Jano,- բարևելուց հետո հասկացրեց, որպեսզի պատրաստվեմ Թրիր գնալուն։ Այնուհետև նա նստեց  անկողնուն՝ նմանվելով շախմատի ձիու, բութ մատը ներքև պահելով։- Վատ է,-   այսինքն տեղս շատ վատն էր։ Քանի որ ինքս էլ գիտեի այդ մասին, ուստի, ի պատասխան, միայն ժպտացի։ Նա բացատրեց՝ ավելի ճիշտ ջանք թափեց հասկացնելու՝ ինքը նույնպես պետք է պատրաստվեր և տեղից վեր կացավ՝ իհարկե, գլուխն ուժգին հարվածելով մահճակալի ձողին, ցավից ծամածռեց դեմքը և մինչև գնալը ձեռքով շոյում էր ցավացած տեղը։ Իհարկե, որպես «տան տեր», վատ էի զգում, բայց ի՞նչ կարող էի անել, քանի որ ինքս էլ հաճախ օգտվում էի նույն երևույթից։
Անցակետում դեռ մի  քանի հոգի էին հավաքվել, և այդ առաջինների մեջ նաև ես էի։ Ինձ թվում էր, եթե վաղ հայտնվեմ այնտեղ, բոլորից շուտ կլինեմ Թրիրում, բայց այդպես չէր կարող լինել, քանի որ, թե՛ ուշ, թե՛ շուտ դուրս եկածներին նույն ավտոբուսներն էին տանելու, ուստի, բացի երեկվա նորեկներից, բոլոր չգրանցված «ազուլները» հավաքվեցին անցակետի մոտ և իմ վաղ հայտնվելն այնտեղ հավասարվեց զրոյի, միայն հասցրեցի բոլորից շատ մրսել։ Քիչ անց մի քանի ավտոբուսներ շարվեցին  ճամբարի մուտքի մոտ, այս անգամ չմտնելով բակ։ Ինչպես ընդունված էր, յուրաքանչյուր վարորդ, թվատախտակը բարձր բռնած, կանգնել էր իր ավտոբուսի մոտ, իսկ մենք՝ նախօրոք հրահանգվածներս, մոտենում էինք՝ ստանալով թղթե տոպրակներով նախաճաշը, զբաղեցնում մեր տեղն ավտոբուսում։
Ես և Ջամիլը միասին էինք նստել, իսկ մեր առջևում նստած էր Էրմանը՝ անծանոթ արաբի հետ։
Ինչպես արդեն նշել եմ՝ ճանապարհները և բնությունն իրենց շուքը կորցրել էին դեռ անցած անգամ, երբ  մարդ-անհատից վեր էի ածվել 596-րդի։ Ուստի հերթական անգամ նայում էի և ոչինչ չէի տեսնում՝ միայն խոսողների աղմուկը վեր էր ածվում ժխորի, որից գլուխս եռում էր։
Թրիրում ավտոբուսները շարվեցին սպիտակ շենքի բակում։  Մեզ չթողեցին դրսում, այլ միանգամից ուղեկցեցին  երկրորդ հարկ, որտեղ պարզապես լցրին  դատարկ մի սենյակ, ուր դեռ երևում էր նախկին կենվորների հետքերը։ Փոշոտ ու թափթփված սենյակում  մնացինք կանգնած կենտրոնում։ Քիչ սպասելուց հետո, եկավ աշխատակիցը և մեզ ուղեկցեց միջանցք, որտեղ շատերը կարողացան նստել, իսկ մյուսներն, առանց տրտնջալու, հենվեցին պատերին։
Սկսեցին հերթով կանչել ներս, մի քանի հոգուց հետո լսվեց նաև իմ ազգանունը։ Զարմանալով՝ առաջիններից եմ, մոտեցա շիկահեր կնոջը։
-          Հետևե՛ք ինձ,- հրահանգեց նա ռուսերենով։ Ինձ մնում էր ենթարկվել նրան,- Սպասե՛ք այստեղ,- նորից հրահանգեց նա, երբ հայտնվեցի փոքրիկ մի խցում, որի դռան հակառակ պատին երևում էր բաց փեղկը։ Այնտեղ նստած էին երկու տղամարդ, նրանց միացավ նաև ինձ ուղեկցող կինը։
-          Նրանք մի քանի հարցեր տվեցին ինձ, ապա թարգմանելով, համակարգիչի առջև նստած տղամարդը գրի առավ իմ պատասխանները։ Ավելի տարիքով տղամարդը  պարզապես ուշադիր հետևում էր գործընթացին։
-          Իսկ այժմ պետք է ձեզ լուսանկարեն,- ասաց ռուս թարգմանչուհին։ Սպասեցի մտածելով՝ պետք է այլ սենյակ մտնել լուսանկարվելու համար, բայց համակարգչի առջև նստած հսկա գերմանացին, թարգմանչի օգնությամբ, հրահանգեց ուղիղ կանգնել։
Պահ մոլորվեցի, քանի որ, առանց այդ էլ հասակիս պատճառով, ձգվում էի, որպեսզի գլուխս երևա փեղկից նայողներին, ուստի ևս մեկ անգամ ձգվեցի՝ ստացվեց պարզապես դեմքս նկատելի մոտեցրի փեղկին։ Գերմանացին նստած տեղից լուսանկարեց, բայց առաջին և երկրորդ անգամն անհաջող ստացվեց, երրորդ անգամը գուցե ստացվեց, քանի որ այլևս չկրկնեց։
-          Ազատ եք, կարող եք գնալ,- հրահանգեց թարգմանչուհին, և ես ուրախացած հրաժեշտ տվեցի, դուրս եկա՝ իմ մեջ լուծված համարելով կարևորագույն խնդիրներից մեկը։ Դրսում՝  սովորության համաձայն «հերթը» զանգվածային բնույթ էր կրում։ Բոլոր տղամարդիկ միասնաբար խցկվել էին մուտքի մոտ, իսկ կանայք վիզները երկարացրած փորձում էին նկատելի լինել դռնապահ ոստիկանի կողմից։  Բոլորին հսկում էին խիստ  դեմքերով ոստիկանները՝ հաճախ հեռախոսով  մի քանի բառ փոխանակելով։
Իմ ուրախությունը տեղին էր, քանի որ դրսի հերթի մեջ չէի հայտնվել, չնայած իմ կանգնած դուրսն էլ էր բավականին ցուրտ, բայց պարտադրող չկար մնալ նույն տեղում, ուստի մի քանի անգամ մոտեցա ավտոբուսի փակ դռներին, վերջապես մոտեցավ  վարորդը, հասկացրեց․
-          Մինչև բոլորը չհավաքվեն, դռները չի բացվելու։
Լուռ քաշվեցի մի կողմ։
-          Մենք էլ վերջացրինք,- մոտենալով ինձ՝ ասաց վրացուհին։
-          Այո՛, այսօր բավականին թեթև անցավ, երկար չսպասեցինք։
-          Մեզ տեղափոխեցին ուրիշ տեղ,- ավելի տխուր շարունակեց Նաթոն։
Մնացի լուռ, քանի որ ոչինչ ասել չէի կարող։ Չէի հասկանում նրանց կայացրած որոշումներից՝ ո՞րն է լավ, իսկ ո՞րը՝ վատ ազուլի համար։
-          Դեռ ժամանակ ունենք, եկե՛ք գնանք խանութ ուտելու մի բան գնենք,- առաջարկեց Նաթոն և, առանց սպասելու, քայլեց ամուսնու և երկու երեխաների հետ։ Քանի որ շատ սոված էի, հետևեցի նրանց։
Չնայած մի քանի անգամ անցել էի նույն փողոցներով, բայց, կարծես, առաջին անգամ էի անցնում, ինչպես հաճախ պատահում է ինձ հետ։ Հատելով մի քանի փողոցներ՝ հայտնվեցինք մեծ մարկետի դիմաց։ Ներսում, ինչպես ճամբարին մոտիկ մարկետը, բավականին մեծ տարածություն կար։ Երբ ներս մտանք, ի զարմանս ինձ, կարծես նույն խանութը մեզ հետ տեղափոխել էին Թրիր։   
Հերթով վերցրի այն, ինչ վերցնում էր Նաթոն, քանի որ ոչինչ չէի հասկանում փաթեթների պարունակությունից և գներից։ Վերադարձին բավականին ետ էի մնացել անհարմար կոշիկների պատճառով, արդյունքում մեր ավտոբուսը շարժվեց ամենավերջինը՝ նյարդայնացած վարորդով։

Комментариев нет:

Отправить комментарий