четверг, 30 сентября 2021 г.

                                                   ԲԶԵԶՆԵՐԸ


Պատանին կրնկակոխ հետևում էր ընկերներին, աշխատելով նրանց պաշտպանել հասունացող վտանգից։ Հանկարծ ձագերից մեկը ձվից դուրս թռավ և կառչեց նրա թիկունքից, ճանկերը խրելով մաշկի մեջ։ պատանին ցավից գոռաց, բռնեց մողեսի գլխից, բայց այն լպրծուն լինելով, նրա ձեռքը սայթակեց և մողեսի ձագը մնաց կառչած նրա մեջքից։  Վագն ու Էմմին որքան էլ ցանականային օգնել Էդգարին, բայց նրանք առաջին հերթին պետք է շտապեին հատել վտանգավոր միջանցքը, քանի որ լորձաթաթախ ձագերը մեկը մյուսի հետևից դուրս գալով դառնում էին անթիվ, իսկ ճամփորդների համար նաև վտանգավոր։

Դժվարությամբ, բայց նրանք կարողացան հատել վտանգավոր միջանցքը և ուժասպառ ու թրջված տապալվեցին գետին։

- Փորձենք սրտիկները, ես այլևս չեմ դիմանում,- ցավից տնքալով արտաբերեց պատանին։

- Ա՜խ այո՛,- գոչեց աղջիկը ճակատին խփելով, մեքենայաբար նայեց երկնքին։

Երբ նրանց ափի մեջ բոցկլտաց երկնագույն կրակը, մողեսի ձագի վրա սև մրափ իջավ՝ նա թուլանալով ճանկերը ետ քաշվեցին և ընկավ գետին։

- Ա՛ռ քեզ, զզվելի,- Վագը ոգևորված ոտքով հարվածեց և մողեսի ձագը գլորվեց ներքև։

Չնայած  պատանին ազատվեց կենդանուց, սակայն ողջ մարմինը տնքում էր ցավից, իսկ վրայից կաթում էր լորձանման հեղուկը։

Հատելով լեռնային վտանգավոր միջանցքը, ճամփորդները շարունակեցին առաջ գնալ։ Առջևից գնում էր Վագը, իսկ Էմմին նաև օգնում էր պատանուն։

- Տեսե՛ք ի՞նչ է կատարվում այնտեղ,- ետ նայելով բղավեց Վագը, ցույց տալով մողեսների որջը, որտեղից քիչ առաջ հրաշքով փրկվել էին՝ բոլոր հազարավոր ձվերը սկսել էին միաժամանակ եռռալ։

Ի՞նչ ենք շվարել, մնացել,- կարծես տեսարանից ուշքի գալով զգաստացավ Էմմին,- Նրանք զզվելի են ու սարսափելի։

- Բայց արդեն ոչ մահացու, ինչպես քիչ առաջ,- համարյա աղջկա ականջին շշնջաց ուժասպառ պատանին։

Բավականին ժամանակ պահանջվեց, մինչև նրանք հասան սարի գագաթը։

- Գուցե մի քիչ հանգստանա՞նք,- հոգնությունից ոտքերը հազիվ քարշ տալով ասաց Վագը,- Ի՞նչ կասես Էդգար,- պատանին առանց խոսք ասելու փռվեց գետին։

- Տեսե՛ք թե որքա՜ն շատ են նրանք,- նորից ոգևորվեց տղան։

- Եթե նրանց ծնողները ուշանան, կարծում եմ նրանցից շատերը կսատկեն թեկուզ սեփական լորձի մեջ խեղդվելով,- նկատեց աղջիկը։

- Տեսնես հիմա որտե՞ղ են նրանց ծնողները,- մտածկոտ արտաբերեց Վագը։

- Չլինի՞ սկսել ես խղճալ նրանց,- մի կերպ ժպտաց պատանին,- Հիմա մեզ չի ուրախացնի նրանց հայտնվելը։ Չե՞ս կարծում Վագ, որ մենք նույնքան խոցելի ենք, որքան և  նրանք սոված։

Հանկարծ գետինը սկսեց ցնցվել, Վագը նստած տեղից վեր թռավ,- Երկրաշա՛րժ է։

- Մեզ միայն սա էր պակասում,- մրմնջաց պատանին, տեսնելով ցնցումը ուժեղանում է, գոչեց,- Բռնվե՛ք իրարից,- Երկինքը մթնեց։ Նրանք վեր նայեցին՝ մողեսների բանակը եռանկյուն կազմած ընթանում էր առաջ։

- Ահա՛ Վագ մտահոգ էիր, ծնողները եկան,- փորձեց կատակել պատանին։

- Նրանք դեպի մեր կողմն են գալի՛ս,- գոչեց աղջիկը և երեքով ոտքի կանգնած իրար ամուր գրկեցին։

Էդգարի վիճակը ավելի ծանր էր։ Նա ցավից կուչ եկած մեկ նայում էր ուժգին ցնցվող գետնին, մեկ մոտեցող մողեսների բանակին։ Հաջորդ ցնցումից նրանք տապալվեցին գետին, գլորվելով ներքև, որտեղից մի կերպ բարձրացել էին։

Էդգարը Վագին ամուր բռնած կառչեց ցից քարից, սակայն Էմմիի ձեռքը սայթակեց և շարունակեց գլորվել․

- Էմմի՛ բռնվի՛ր քարաքոսներից,- Բղավեց Էդգարը, հազիվ պահելով տղային։ Աղջիկը ընթացքից ձեռքը գցեց քարաքոսին, ուժեղ ճչաց, բայց բաց չթողեց,- Ապրես Էմմի,- համարյա ինքն իրեն ասաց պատանին, ապա նայեց մողեսների կողմը և նկատելի խաղաղվեց, տեսնելով մողեսները գնացին ձագերի մոտ։ 

Ցնցումից, վեևից մողեսների վրա սկսեցին թափվել քար ու խիճ։ Մեծ մողեսները ձագերին բերաններն առնելով, փորձում էին հեռու տանել վտանգից։

Էմմին վերջին ուժերը լարեց, բռնվելով մոտակա ժայռից։ Նրա ձեռքերը տնքում էին ցավից, բայց նա քարից քար կառչելով ջանում էր հասնել ընկերներին և վերջապես հաջողվեց։ Նրանք միասին սկսեցին բարձրանալ վեր։ Նորից մի քանի մողես ուղղություն վերցրեցին ճամփորդների կողմը։

- Պետք է շտապել, նրանք գալիս են մեր կողմը,- առաջինը նկատեց պատանին։ Մինչ առաջին մողեսը  վեր սլացավ սրընթաց հարձակվելու զոհերի վրա, հանկարծ ժայռերի արանքներից դուրս թափվեցին սև բզեզները և ժնգժնգալով ուղղություն վերցրեցին դեպի մողեսների ձագերը։ Հարձակվող մողեսը տեսնելով, թողեց ճամփորդներին և շտապեց դեպի ձագերը։

Վերջապես երեք ճամփորդները քերծվածքներով, ուժասպառ, իսկ պատանին նաև վիրավոր նորից հայտնվեցին սարի լերկ գագաթին։

- Հիմա բզեզները կխժռեն այդ գարշելի մողեսներին,- Վագը դեռ խոսքը չէր ավարտել, երբ Էդգարը նրան գետին տապալեց, փրկելով մողեսի երախից։

Լեռնային միջանցքում, որպեսզի բզեզները խուսափեին լորձի լճակին պատանդ դառնալուց, թռչում էին մողեսների ձագերի վրա և ժնգժնգալով խժռում։ Բացված տեսարանից, վերջին մողեսը լքեց ճամփորդներին, օգնելու ձագերին։ Նրանք երախները բացած սրընթաց իջնում էին և մի անգամից հոշոտում էին հարյուրավոր բզեզների, իսկ բզեզները իրենց հերթին, խուսափելով կեր դառնալուց, սայթակում էին և ընկնում լորձի մեջ, դառնում անշարժ ու անօգնական։

Երբ բզեզների գետը ուղղությունը փոխեց դեպի ճամփորդների կողմը, նրանք խուճապահար սկսեցին փախչել, սակայն քարաքոսների միջով անցնելիս  պատանին վայր ընկավ, գլորվեց, իր հետ տանելով ընկերներին։ Պարզվեց, նրանք ավելի արագ էին գլորվում, քան վազում։ Հասնելով սարի ստորոտին, երեքն էլ վեր նայեցին՝ բզեզների գետը հեռու չէր։

- Ո՛չ, այսպես չի կարող ամեն ինչ վերջանալ,- ցավով և հուսահատ արտաբերեց պատանին, մի կերպ ոտքի կանգնեց,- Սա չի կարող վերջը լինել՝ փախչում ենք,- քար ու քարաքոսները խանգառում էին նրանց, իսկ հետապնդող բզեզները ստիպում էին նրանց վազել, որքան ոտքերում ուժ կար։ Նորից պատանին վայր ընկավ, արդեն ուժասպառ, թիկունքի ցավից տնքալով։ Ընկերները կանգ առան, մի ետ հայացք գցեցին բզեզների կողմը և առանց մտածելու, պատանու հետ շարունակեցին գլորվել առաջ․․․   


вторник, 28 сентября 2021 г.

                                               ՄՈՂԵՍՆԵՐԻ ՁԱԳԵՐԸ


Աղետից փրկվելով, նրանք ակամա դարձան արկած որոնողներ։ Ճանապարհը, որով քայլում էին, թվում էր այն մի անտես ուժի հրաման է կատարում։ Հետզհետե ճանապարհը նեղացավ, դառնալով արահետ։

- Տարօրինակ է՝ այս անվերջանալի ճանապարհը ու՞ր կարող է տանել մեզ,- հուսահատվեց պատանին, ուսերը թոթովելով։

- Չգիտեմ, բայց ուրիշ տարբերակ էլ չեմ տեսնում,- նույն տրամադրությամբ արտաբերեց աղջիկը։

- Նորից այն լույսը,- մատնացույց արեց Վագը, նայելով Էդգարին, բայց նա մնաց անտարբեր։

- Արդեն շատ մութ է, կարծում եմ ժամանակն է օգտվել  սրտիկներից, առաջարկեց պատանին։ Մինչ նրանք կօգտվեին սրտիկներից, լսվեց ագռավների կռկռոցը  փչելով թեթև քամի։

- Թո՛ղ սրտիկները, պառկեցի՛նք,- գոչեց Էմմին և նետվեց ճամփեզրի քարաքոսների մեջ, մյուսները հետևեցին նրան։ Սև երամը, որը մթին համարյա անտեսանելի էր, աղմկելով անցավ նրանց գլխավերևով։ Նորից տիրեց լռություն։ Էդգարը առաջինը ոտքի կանգնեց, ցավից ծամածռելով դեմքը, իսկ աղջիկն ու Վագը նաև խուլ տնքում էին քարաքոսների պատճառած ցավից։ Հետզհետե արահետը դարձավ զառիվեր ու ոլորաններով։

- Դուք տարօրինակ ոչինչ չե՞ք նկատում,- հարցրեց աղջիկը։

- Չլինի՞ նորից արահետի երկարությունն է քեզ զարմացնում,- փորձեց կատակել պատանին։

- Ո՛չ, պարզապես առանց հեգնելու պետք է որ զարմանաս՝ որքան բարձրանում ենք, ցրտելու փոխարեն, օդը ավելի է տաքանում։

- Քանի որ արդեն ոչինչ էլ զարմանալի չէ, ուստի փոխարենը հասցնում եմ միայն շնչահեղձ լինել,- հևալով արտաբերեց պատանին և համարյա վայր ընկավ։ Էմմին ու Վագը նույնպես նստեցին։ Լուսաբաց էր, երբ նրանք հատեցին վերելքը, հայտնվեցին սարի գագաթին։ Գիշերվա ավարտի հետ մարեց նաև խորհրդավոր լույսը։

Ճամփորդները թևաթափվեցին լուսաբացի մատուցած նոր անակնկալից։ Վերևից երևացող նոր տեսարանը կազմված էր անթիվ միանման քարերից, որոնց լրացնում էին վերևից կախված շերտավոր լեռները։ Եթե տեսարանը վտանգավոր չլիներ, կարելի է ասել՝ այն բավականին գեղեցիկ ու գայթակղիչ էր, բայց ճամփորդների հիասթափությունը փոխվեց հուսահատության, երբ առաջանալով դեպի լեռնանացքի կենտրոն, հանդիպեցին հազարավոր միանման ձվաձև, սպիտակ քարերի։

- Թվում է, մեկը խնամքով այս քարերը դասավորել է այս ամայի վայրում,- նկատեց Էմմին։

- Երևի ցանկացել է գործով անմահանալ,- նորից կատակեց պատանին։

- Թող հեգնանքդ, բայց այստեղ հաստատ ինչ որ բան այն չէ,- նեղսրտեց Էմմին,- Ահա՛, նայի՛ր,- ձեռքով ցույց տվեց նա,- Այդ քարերից հետո նույն արահետը շարունակվում է։

- Եվ մեր միակ ելքը այս տարօրինակ քարերը հատելն է,- տրտմեց Վագը։

- Գուցե այդ քարերը անքան էլ քարեր չե՞ն, ինչպես մեզ է թվում։

- Իսկ ի՞նչ կարող են լինել,- զարմացավ աղջիկը պատանու ասածից։

- Դե՜,- ծոր տվեց պատանին,- Ասենք թե ինչ որ կենդանու ձվեր։ Տե՛ս, նրանք այնքան միանման են։

- Այսքան շա՞տ և ի՞նչ կենդանի կարող է միանգամից հազարավոր ձվեր ածել,- զարմանքից բացականչեց Էմմին, գլուխը ափերի մեջ առնելով։։

- Գուցե իսկապես քարեր են և ես եմ չափազանցնում,- կարծես պատանին փորձեց հանգստացնել վախեցած ընկերներին և առաջ ընկավ,- Եթե անագամ քարեր չեն, մենք այլ ընտրանք չունենք,- Վագն ու Էմմին լուռ հետևեցին նրան։

Սարի գագաթից իջնելը ավելի հեշտ էր, քան բարձրանալը, ուստի շուտով նրանք հայտնվեցին թվացյալ քարերի մեջ։ Տոթը սկսեց ավելի նեղել ճամփորդներին։

- Ահա՜ թե որտեղի՞ց է տարածվում այս խեղդող օդը,- ծոր տվեց պատանին։ Նույն պահին ձվաձև քարերից մեկը շարժվեց, սկսեց ճաքել։ Ճամփորդները երկյուղած հայացքները հառեցին շարժվող քարին։

- Այնպիսի տպավորություն է, կարծես սրանք մեզ էին սպասում,- մրմնջաց Էդգարը, աչքը չկտրելով բացված տեսարանից։ Թվացյալ քարը երկու կես եղավ և մի կեսից դուրս ցցվեց լորձաթաթախ մողեսի գլուխը։

- Ուրեմն սրանք քարեր չեն, այլ մողեսի ձվեր են,- հուսահատված համոզվեց Էմմին,- Ի՞նչ անենքէ ետ գնա՞նք։

- Ո՛չ, մենք նահանջելու տեղ չունենք։ Նորից սարը բարձրանալու փոխարեն, փորձենք հատել այս վտանգավոր միջանցքը,- հրահանգեց Էդգարը և բռնելով Վագի ձեռքը քայլեց անթիվ ձվերի միջով, Էմմիին մնում էր հետևել նրանց։

Մինչև նրանք կարող էին հատել լեռնային միջանցքի կեսը, համարյա բոլոր ձվերը սկսել էին կենդանության նշաններ ցույց տալ՝ կամ ճաքում էին կամ շարժվում։

Բացված տեսարանից ահաբեկված, ճամփորդները փորձեցին վազքով հատել միջանցքը, բայց տարածվող հեղձուցիչ օդը դժվարացնում էր առաջընթացը։

Իրար հետևից ցցվող գարշելի գլուխներից թափվում էր լորձանման հեղուկը, իսկ ձվերի ճայթճայթյունը և անդադար ավելացող ձագերի սվսվոցը գագաթնակետին էր հասցնում նրանց սարսափախառը հուսահատությունը։

Ցցվող մողեսների գլուխները սկսեցին օրորվել։

- Նրանք ուտել են ուզում,- նկատեց Էդգարը,- Շուտով կհայտնվեն նրանց ծնողները և մեր վերջը հենց այստեղ էլ կգա։ Շտապե՛ք,- բղավեց պատանին և Էմմիին ու տղային իրենից առաջ թողեց։ Ձվերից թափվող հեղուկից շուտով լճակ գոյացավ։ Նրանց համար առաջ շարժվելը ոչ այնքան դժվար էր, որքան զզվելի․․․


воскресенье, 26 сентября 2021 г.

                                                      ԽՈՐՀՐԴԱՎՈՐ ԼՈՒՅՍԻ ԱՆՀԵՏԱՆԱԼԸ

 

Էդգարը կես ճամփին մնաց շվարած, կանգնած, երբ լուսաբացի հետ անհետացավ խորհրդավոր լույսը։ Նա թևաթափ ետ դարձավ, տեսավ դեպի իրեն եկող Էմմիին․

- Դու մենա՞կ ես,- մեղավոր կմկմաց պատանին,- իսկ որտե՞ղ թողեցիր տղային։

- իսկ դու՞, ու՞ր էիր վազում խելագարի պես առաջ ընկած։ Մոռացե՞լ ես մեր պարտականությունը։ Առաջ վազելով, դու վտանգեցիր և տղային և մեզ։

- Եթե դու ավելի խելացի ու լրջախոհ ես, ապա որտե՞ղ է տղան,- Էդգարը վախեցած ու անհանգստացած շարունակ շուրջն էր նայում։

- նա այստեղ չէ, մի փնտրիր, եթե ես նրա հետ գայի քո հետևից, հիմա միայն կես ճամփին պիտի լինեի,- ոչ պակաս սկսեց արդարանալ աղջիկը։

- Ինչպե՞ս, դու նրան մենա՞կ ես թողել։ Քեզ ո՞վ էր խնդրում իմ հետևից գայիր։ մոռացե՞լ ես դավիդի խոսքերը։

- Մի՞թե նույն կերպ չես վարվել ինքդ,- Էմմիի նյարդերը տեղի տվեցին։

- Այո՛, մեղավոր եմ, բայց դրա ժամանակը չէ, արի շտապենք, գուցե դեռ ուշ չէ,- նրանք սկսեցին վազել դեպի տղան, առանց բառ փոխանակելու իրար հետ․․․

Երբ Վագը մենակ մնաց, հեռվից լսվեց ագռավների կռկռոցը, բայց հակառակ սպասածի, հետզհետե նրա շուրջը լուսավորվեց։ Տղան կատարվածից զարմացած արևին էր փնտրում, երբ երևաց սև երամը։ Նա ձեռքը ակամա տարավ կուբիկներին։

- Տեսնում եմ դու շատ զգույշ ես,- լսվեց տղամարդու խաղաղ ձայնը և նրա մոտ հայտնվեց Դավիդը,- Նրանք քեզ մենակ թողնելով սխալ են գործել, իսկ ագռավների երամը մոտենում է,- ասաց դավիդը և տղային առավ թիկնոցի մեջ

                                                   ՀԱՎԵՐԺՈՒԹՅԱՆ ԱՄՐՈՑԸ


Ագռավամարդու ճանկերից խուսափելով, Վագը հայտնվեց կաղնու փչակում։  Նայեց շուրջը, սակայն մութը թույլ չտվեց որևէ բան տեսնելու։

Գետինը երերաց, հետզհետե տղայի շուրջը լուսավորվեց։ Նա երկու ձեռքերով ամուր գրկեց կուբիկների տուփը։

- Մի՛ վախեցիր, այստեղ ոչ ոք չի կարող քեզ վնասել,- Վագը զարմացած նայեց անծանոթին․

- Դուք ո՞վ եք։

- Դավիդն եմ՝ Հավերժության ամրոցից։

- Որտե՞ղ է Հավերժության ամրոցը,- երանությամբ հարցրեց տղան։

- Ահա՛, նայիր այն կողմ և կտեսնես,- Դավիդը ձեռքով ցույց տվեց երևացող պայծառ լույսը, որտեղից դեպի իրենց էին վազում Էմմին և Էդգարը։

- Դուք այստեղ երկար մնալ չեք կարող,- երբ պատանին ու աղջիկը միացան նրանց, ասաց Դավիդը։

- Այստեղ այնքա՜ն գեղեցիկ է ու խաղաղ,- մելամաղձկոտ ծոր տվեց  Էմմին։

- Այնտեղ օրեցօր հզորանում է չարը և եթե Ֆլամեն շարունակի նույն ոգով մարտնչել Գրինյուսի դեմ, ապա դժվար թե կարողանաք ելք գտնել, իսկ դուք պարտավոր եք հաղթելու չարին։ Այժմ լսեք ինձ,- շարունակեց Դավիդը,- Այստեղից դուրս գալով գնացեք արևի կողմը, այդպես ավելի ճիշտ կկողմնորոշվեք։ Նա ձեզ ուժ կտա։ Նաև մի մոռացեք զգուշանալ Ագռավամարդուց՝ նա Վանդև- Կուբիկի և ԼԻվանի աջ ձեռքն է։ Նրանց նպատակն է տղային իրենց ճանկը գցել։

- Իսկ տղան նրանց ինչի՞ն է հարկավոր,- հետաքրքվեց Էդգարը։

- Ժամանակին կհասկանաք, իսկ հիմա ձեր խնդիրն է պաշտպանել տղային,- մոտիկից լսվեց ծանոթ ու հարազատ մեղեդային ձայնը, հայտնվեց Արեգանին։

- Ահա՛ ինքը՝ Հավերժության ամրոցի տիրակալը,- նկատելի ուրախացավ Դավիդը։

- Վերադարձե՛ք ձեր երկիրը,- հրահանգեց Արեգանին, Դավիդի հետ քայլեց դեպի երևացող ամրոցը։ Երբ նրանք միաձուլվեցին լույսի հեղեղին, նորից տիրեց խավարը։ Երեք մոլորյալներ հայտնվեցին կաղնու փչակում։

Էդգարը գլուխը դուրս հանեց փչակից,- Լուսանում է, պետք է շտապել,- դեպի վեր նայելով, ասաց նա։ Մոտիկից լսվեցին ականջ ծակող կռկռոցները,- նորից նա,- սրտնեղեց պատանին և ներս քաշեց գլուխը։

- Թվում է, նրանք ոչ թե թռչում են, այլ իրար խռնված աղմկում են,- լսողությունը լարելով, եզրակացրեց աղջիկը։

Գիշերային որսի դուրս եկած սև երամից փախչելը այնքան էլ հեշտ չէր, որքան էլ նրանց պատսպառեր անտառը։

Փչակից դուրս գալով, նրանք երկար քայլում էին խիտ ծառերի միջով, սակայն այն հետզհետե սկսեց նոսրանալ, ի վերջո անտառը անհետացավ։ Այնտեղ մխրճված Ագռավամարդու բանակը օդ բարձրացավ։ Բարեբախտաբար նրանք չնկատեցին, թե ինչպես երեք հոգի թաքնվեցին ճանկռոտող քարաքոսների մեջ։ Նրանք քարաքոսների միջից տեսան ագռավների հեռանալը, որից հետո հայտնվեց Ֆլամեն անթիվ հրե թռչունների հետ։

- Ահա՛ թե ինչու՞ Գրինյուսն անհետացավ,- շշնջաց պատանին։

հետզհետե երկինքը մաքրվեց թռչող արարածներից։ Նրանք շարունակեցին ճանապարհը դեպի արևելք։

Օրը անցավ։ Սկսեց Մթնել։ Նրանք դեռ քայլում էին քարաքոսների միջով։

- Տեսե՛ք այնտեղ լույս է երևում,- անսպասելի գոչեց Էդգարը, ցույց տալով դեպի արևելք,- Կարծես այն կախված է երկնքի ու երկրի միջև,- ավելի ոգևորվեց նա և սկսեց վազել դեպի լույսը։

- Սպասի՜ր, իսկ մե՞նք, Վա՞գը,- պատանու հետևից ձայն տվեց աղջիկը, սակայն նա շարունակում էր վազել, առանց ետ նայելու։

- Կարծես կախարդված լինի,- տխուր շշնջաց Վագը և ամուր սեղմեց կուբիկների տուփը։

Էմմին մնաց շվարած՝ նա չգիտեր, վազելով ետ բերեր անմիտ ընկերո՞ջը, թե մնար Վագի մոտ, որպեսզի նրան էլ չկորցներ։

Քայլելու հետ մեկտեղ Էմմին հայացքով փնտրում էր Էդգարին։

- Թո՛ղ ինձ, գնա՛ նրա հետևից,- նկատելով աղջկա անհանգստությունը ասաց վագը,- Ինձ համար մի անհանգստացիր, ես կարող եմ ինձ պաշտպանել։

- Չեմ կարող,- անվճռական պատասխանեց Էմմին։

- Գնա՛, գուցե այդ լույսը թակա՞րդ էր, Գուցե Էդգարը օգնության կարի՞ք ունի, գնա, ես կհետևեմ քեզ,- պնդեց տղան, երկու ձեռքերն ամուր սեղմած կուբիկներին։ Աղջիկը զարմացած նայեց տղային,- Թո՛ղ ինձ, գնա՛, ես կարող եմ ինձ պաշտպանել,- կրկնեց Վագը։ Էմմին դանդաղ թողեց տղայի ձեռքը, սկսեց վազել, հաճախ ետ նայելով․․․

пятница, 24 сентября 2021 г.

 Հիվանդանոցում էի՝ գլխիս հետ ինչ որ բան այն չէր։ Գրելու համար անպետք էի ու պարզվեց գլուխս մեղավոր չէ՝ աչքերս ու ականջներս են մեղավոր։ Բավականին մնացի այնտեղ, երբ աշխարհը կանգնեց իր տեղում, ինչպես առաջներում, դուրս գրվեցի, եկա , բայց աչքերս նույնն են, մինչ վիրահատություն։ Սա էլ ուրիշ հիվանդանոց պիտի գնամ։ մեր մեջ ասած՝ շատ եմ  վախենում, բայց դե բնությունն արևի լույսով այնքան գեղեցիկ է, որ չեմ ուզում մութը հաղթի, ուստի կհաղթահարեմ ներքին վախս և կգնամ։

Կյանքը այսպիսի բան է։ Երբեք և ոչ ոք չի իմանա թե վաղը ուր կհայտնվի և ինչ պատճառով։

Բարի օր եմ մաղթում իմ լավ ընկերներին և իմ ընթերցողին։ Սիրում եմ Ձեզ․․․