вторник, 2 апреля 2019 г.

Սպասում էինք, որ հետո ապրեինք(596-րդը)


Մութը խառնվել էր մեգին, նստել ճամբարի վրա․ այն իր մեջ էր պարուրել վրանները, իսկ գետինը չէր երևում։ Մշուշից պոկվում էին կաթիլները՝ միշտ թաց պահելով ճամբարը։ Ամառային հագուստով արդեն ցուրտ էր, բայց, այլընտրանք չունենալով, շտապեցի, որպեսզի չթրջվեի։
Լվացքատունը մարդաշատ էր, «ազուլները» մեծ տոպրակներով հերթի էին սպասում։ Սևդան, տեսնելով ինձ, ուրախացած մոտեցավ։
-          Բարի երեկո, տվե՛ք ձեր լվացքը։
Նրան տվեցի վաղուց հավաքած լվացքը։ Նա այն լցրեց առանձին մեքենաի մեջ՝ չխառնելով ուրիշ լվացքի հետ, իսկ հիմնականում յուրաքանչյուր լվացք լցնում էին կտորից հատուկ ցանցերի մեջ, կապում բերանները և մի քանի հոգու լվացք միանգամից լցնում էին մի մեքենաի մեջ, որից հետո արդեն դուրս հանված մաքուրը շարում էին հատակին՝ սպասելով տերերին։  Յուրաքանչյուրը ներս մտնելով քրքրում էր բոլոր պարկերը՝ հարյուր անգամ այս ու այն կողմ շպրտելով, մինչև գտնում էր իր տոպրակը՝ վերջապես հանգիստ թողնելով մյուսները։
Սևդան և՛ խոսում էր, և՛ ծիծաղում՝ միաժամանակ արագ աշխատելով։ Տեսնելով նրա տքնաջան աշխատանքը, միաժամանակ աշխատելով չմերժել ոչ ոքի՝ զգացի՝ այնքան էլ հարմար տեղ չէ զրույցելու համար։ Որքան էլ ցանկանայի խախտել իմ անվերջանալի թվացող համրությունը, ուստի դուրս եկա։
-          Երեք ժամից կգաք լվացքի հետևից,- չէի հասցրել դուռը ծածկել, ձայն տվեց  Սևդան․
-          Այո՛,- աղմուկի միջից պատասխանեցի, ապա զգուշությամբ դուրս եկա, որպեսզի չսայթաքեի մետաղյա թաց հատակի վրա, ինչից բոլորը զգուշանում էին․․․
Դրսում ոչ ոք չկար։ Քայլերս արագացրեցի չթրջվելու համար։
-          Նորից բարի երեկո,- մաղթանքի հետ Խալեդը հավասարվեց ինձ,- ու՞ր ես, ինչու՞ առաջվա պես հաճախ չեմ տեսնում քեզ։
-          Մի՞թե հենց նոր չբաժանվեցինք,- զարմացա ես։
-          Փորձեցի կատակել,- ծիծաղեց նա։
-          Քեզ համար ցուրտ չէ՞-զարմանալով, հետաքրքրվեցի ես։
-          Ո՛չ, ներսում մի տեսակ դատարկություն է, նախկին ընկերներս գնացել են, իսկ նորեկներն էլ մնում են միշտ անծանոթ։
-          Միևնույն է՝ որքան էլ դատարկ լինի, դրսում զրուցելու համար շատ ցուրտ է։
-          Այո՛, արդեն ցուրտ է, իսկ ես դեռ այստեղ եմ,- նեղսրտած շարունակեց նա,-  Մտածում էի քեզ արդեն «transfer» են արել և ուրախացել էի, միաժամանակ տխրել, որ այլևս չեմ տեսնի։
-          Այսքան վաղ հնարավոր չէ։
-          Ինչու՞, տես քանիսը  մեզանից ուշ եկան և արդեն գնացել են։
-          Ասում են՝ նրանց Թրիրում արդեն լուսանկարած են լինում ու արյուն վերցրած, հետո միայն բերում են ճամբար։
-          Այո՛, ինձ էլ դեռ չեն լուսանկարել, անցաթուղթ էլ չունեմ, չնայած արդեն մեկ ամիս է, ինչ այստեղ եմ։ Ինձ հետ եկածներից շատ քիչ մարդ է մնում, հիմնականում գնացել են, իսկ ամեն եկող մի տեսակ ավելի անծանոթ է թվում ու օտար, որքան էլ նա տեղավորվի իմ կողքի մահճակալին, որտեղ քնում էր ինձ հետ եկածը։ Ես մենակ եմ այստեղ, թեկուզ  բոլորը խոսում են արաբերեն։
-          Ես նույնպես սպասում եմ, բայց ինձ հետ եկած մարդիկ դեռ բոլորն էլ տեղում են,- մի տեսակ առավելություն համարելով՝ իսկապես ուրախացա ես,- իսկ մենք համարյա թրջվեցինք, չնայած անձրևն անտեսանելի է,- ձեռքով շոշափեցի արդեն թրջված մազերս։
-          Իսկապես,- նա էլ իր հերթին ձեռքը տարավ իր թրջված մազերին,- Բարի գիշեր, էլի կտեսնվե՞նք։
-          Գուցե․․․

Комментариев нет:

Отправить комментарий