пятница, 26 апреля 2019 г.

Հասոն (596-րդը)


 Հայերը մտահոգ կանգնած էին հերթից դուրս՝ Հասոն նյարդայնացած  խոսում էր։   Կանգնեցի նրանց մոտ․
-          Ինչպե՞ս եք,- հարցրեցի՝ իմանալու Հասոյի որպիսիությունը։
-          Ինչպե՞ս պետք է լինենք, նորից մնացինք այստեղ,- վրդոհված պատասխանեց Հասոն։
-          Ձեզ էլ չտվեցի՞ն,- դիմեց ինձ՝ բավականին խոշոր կազմվածքով տղամարդը, որն, ըստ երևույթի, Հասոյի ամուսինն էր։
-          Ո՛չ․․․,- իմ  պատասխանն այնպես հնչեց, կարծես՝ նրանք իրավասու էին օգնելու ինձ։
-          Ինչու՞ են մեզ հետ այսպես վարվում,- շարունակեց Հասոն։
-          Գուցե մեզանի՞ց է,- փորձելով կատակել՝ խոսակցությանը խառնվեց Ազոն՝ Կամայի ամուսինը։
-          Ինչու՞, որ թուրք չենք, դրա՞ համար,- համարյա բղավեց Հասոն։
-          Դա էլ կա,- շարունակեց Ազոն։
-          Հասո ջան, պետք է հաշվի առնել՝ աշխարհը չի սիրում պարտվողներին։ Այ եթե մենք ցեղասպանած լինեինք թուրքերին, մեզ էլ նրանց պես այսօր տեղ կտային,- խոսեց մինչ այդ լուռ կանգնած Գոգոն։
-          Ո՛չ, մենք այստեղ չենք գալիս լավ կյանքից, ոչ ոք լավ կյանքը չի փոխի նման ապրելաձևի հետ։ Ես եկել եմ, որովհետև հիվանդ եմ, ապրել եմ ուզում, արդեն երկու տարի է քարշ եմ գալիս ճամբարներում, ավելի ճիշտ հիվանդանոցներում,- այս անգամ Հասոն սկսեց լաց լինել,- Այստեղի սնունդն ուտել չեմ կարողանում, գոնե տեղափոխեին, մարդավարի ճաշ կպատրաստեի։ Համ ասում են՝ մի քանի տարվա կյանք ունես, համ էլ պահում են այս անմարդկային պայմաններում,- այդ փոքրամարմին կինը սկսեց դառնորեն լաց լինել, կարծես, նրա արտասունքի հետ՝ դուրս էր հորդում հոգու ողջ դառնությունը ու ֆիզիկական ցավը։
-          Քեզ մի՛ տանջիր,- խոսեց Ալլան, որ մինչ այդ, ձեռքերը խաչած, լուռ լսում էր բոլորին։
-          Ինչպե՞ս չտանջվեմ, բոլորի համար եմ տանջվում, նրանք գիտեն, որ միայն հայերն են գալիս Եվրոպա անբուժելի հիվանդություններով։
- Այդպես մի խոսիր, ուրիշ ազգեր էլ են գալիս,- միջամտեց նրա ամուսինը։
Տիրեց ծանր լռություն, և բոլորը խորը հոգոց հանեցին։
-          Դուք ո՞ր վրանում եք,- հետաքրքրվեց Գոգոն՝ երևի Ալլայի ամուսինը։
-          Հաջորդում՝ երրորդը,- պատասխանեցի ես և որքան էլ նրանց խոսակցությունը տխուր լիներ, ինձ համար ուրախալի էր՝ կանգնել  հայրենակիցներիս մոտ և ոչ մի ցուրտ չէր կարող քշել ներս, բայց նրանք ամուսիններով ցրվեցին։ Բոլոր հայերը հինգերրորդ վրանում էին, որտեղ Սևդան էր, իսկ իմ քայլերն ինձ տարան  ցանկապատի մոտ․․․

Комментариев нет:

Отправить комментарий