четверг, 7 апреля 2016 г.

Ինչու՞ այսպես եղավ․․․

Կյանքը ճղճիմ է դառնում, երբ իմանալով ճշմարտությունը լռում է մարդը․․․


Հիմնականում ճշմարտությունը դառնահամ ունի, այն դառնում է տտիպ, երբ քողարկվում է, իսկ բացահայտվելու դեպքում դառնում է տեսակ և ոչ մի դեպքում չի ներվում․․․
Այս պահից ուզում եք ինձ բզկտեք, ուզում եք՝ դատապարտեք, քանի որ իմ ճշմարտությունն ունի մեկ գույն՝ սպիտակ՝ գրված սևի վրա․․․

Չկա ավելի հեշտ բան, քան հուզիչ ու սրտաբուխ ճառ ասել սեփական ձեռքով  չարքաշության հասցրած, սեփական ժողովրդի  նահատակված զավակի շիրիմին և հետմահու պարգևատրել արիության շքանշանով․․․ թվում է, թե այդ պահի ներկա գտնվողների հայացքները բնորոշում է մի հարց․ « Մի՞ թե նախագահը փոխվել է», և այդ ներկաները, որոնք մինչ այդ պախարակում էին նրան, սկսում են իրենց ՖԲ-յան  էջերում գովեստի ճառեր գրել, բայց ավա՜ղ ուշ է, շատ ուշ փոխվելու կամ նման մարդու մասին կարծիք փոխելու, երբ նա ժողովրդին հիշում է կամ նկատում միայն փորձության պահին։ Այս պահին լսվում է տեղին շշնջոց․ « Կարմիր կովն իր կաշին չի փոխի»։
Ինչու՞ է այսպես։ Բոլորը միահամուռ զարմանում են, երբ կուշտ կերած, տաք հագնված լիսկան կամ մանվելը դիրքեր են գնում, և զարմացածները, որ մինչ այդ նրանց մականուններով էին շեշտում, սկսում են իրենց էջերում գրել մեծատառ անուն ազգանունով։ Եվ ոչ ոք չի ասում՝ բա պետք է գնան, ո՞վ պետք է պաշտպանի նրանց անսահման վար ու ցանքն ամենուր։
Ավա՜ղ, զարմացողները մոռանում են զարմանալ թեժ կետում գտնվող դողացող ու կիսակուշտ տասնութ-քսան տարեկան զինվորի վրա, որի ողջ մնալու հույսը թելի վրա շարված «կանսերվի բանկաներ»-ն են։
Ինչու՞ չեք զարմանում, երբ նույն Արցախից բնակչությանը դուրս է քշում կարիքն ու թշվառությունը, և այդ զարմացողները զարմանալու փոխարեն հորդորում են աղոթել հայ զինվորի համար։
Ի՞նչ խոսք աղոթում ենք յուրաքանչյուր զինվորի համար և սրտի կսկիծով  տանում նահատակվողի լուրը, բայց ախր մեր աղոթքից ազգային չարիքն ավելի է ծաղկում և արդեն դարեր․․․ և այդ ծաղկի սերմերը վեր են ածվում օֆշորների, իսկ Հայաստան աշխարհը լոկ թշվառանում ու դատարկվում է, և հայրենիքում այդ օֆշորների բնակարանները  նմանվում են հսկա կակտուսների մեռնող անապատում․․․
Վատ չէր լինի, եթե զարմանայինք,  թե ինչու՞ մեր աղոթքով այսքան թշվառության հասցրինք բանակը։
Մի՞թե տեղին է աղոթքը, երբ զինվորին բանակում վերաբերվում են որպես ռազմագերու՝ առաջինը նրան զրկում են ազատ ընտրելու իրավունքից, իսկ հետո շահագործում են որքան հնարավոր է՝ լծելով ծանր ու ստորացուցիչ աշխատանքի՝ ստիպելով արածեցնել բարձրաստիճան զինվորականների անասունների հոտերը, իսկ սեզոնին լծել խոտհարքի՝ սարերում․․․
Ինչու՞ պետք է զինվորն, իր պարտականությունից դուրս, վախից լուռ հպատակվի ապաշնորհ գեներալներին կամ մյուս պաշտոնյաներին։

Գուցե դա՞ է պատճառը, երբ զինվորը հերթափոխի գնալիս՝ հիմնականում վարձկանները,  խանութներում գրվում են բլոկներով օղի, հետները դիրքեր տանում, գուցե փորձում են այդ կերպ մոռանալ դառնահամ ծառայությունը։

Մանր թերություններից է բխում խոշոր պարտությունը, և այդ թերությունները հային ստիպեցին կորցնել հինգ ամենաբարձր դիրքերը, որտեղից պարզ երևում է ողջ Արցախը։
Ոգևորված զարմանում ենք, երբ ցույց են տալիս խրամատներում շարված հակառակորդի դիակները, իսկ ինչու՞ չզարմանալ, երբ էկրանից բարբաջում են իբր երեսունվեց զոհ ունենք, ո՞վ է հաշվելու այն անտեսված նահատակներին, որոնց մարմինները մնացել են փռված կորցրած դիրքերում։ Ահա այս դեպքում է, երբ ճշմարտությունը դառնում է տտիպ, քողարկվում, իսկ բացահայտվելով դառնում է տեսակ և այլևս չի ներվում։
Ինչու՞։ Այս հարցը ցավով եմ տալիս։ Որքան էլ վատ կարգավիճակում լինեն զինվորները, չեմ կարծում հակառակորդի զինուժն անտեսանելի էր, երբ կուտակվում էր մեր դիրքերի մոտ։ Այս դեպքում միայն հիմարը կհավատա, թե չի նկատել․․․, իսկ գուցե հիմար լինելը պարտավորեցնու՞մ են մեզ՝ քողարկելու եռյակ նախագահների դավադիր ծրագիրը։
Եվ կարծում եմ այդ դավադիր ծրագիրը վաղեմություն ունի, քանի որ հիմարություն է սահմանից դուրս խրամատ փորելը․․․ Այս դեպքում  մեզ մնում է միայն ափսոսալ անմեղ զոհերին․․․
Ինչու՞ այսպես եղավ, որտե՞ղ սայթաքեց հայ ժողովուրդը հերթական անգամ, և սայթաքեց հայ ժողովուրդը հերթական անգամ, երբ առաջին նախագահն իր կոտրված ձեռքով Հայաստան բերեց Քոչարյանին, իսկ նա եկավ իր շքախմբով, որից մեկն այսօր նախագահ է։ Մի՞թե նրանց ձեռնտու է այս արյունոտ խաղը, ուր կա քողարկված դավադրություն դյուրահավատ ու հանդուրժող ժողովրդի հանդեպ․․․
Հանդուրժող, քանի որ դառնում ենք անտարբեր դիտորդ, երբ կարիքավոր մոր կողմից զինվոր որդուն ուղարկվող մի կտոր «վեշի» համար վարորդը շորթում է հինգ հազար դրամ, հանդուրժում ենք, երբ զինվորական պահեստապետը  հոռանում ու հարստանում է՝ գողանալով զինվորի բաժինը, թողնելով նրան սև ու թաց հացի հույսին ( նման օրինակ է ծառայում Սիսիանի վաշտից պահեստապետ Լուսիկ Գրիգորյանը)։
Հանդուրժում ենք, երբ անցորդների ներկայությամբ  պաշտոնյա զինվորականը հայհոյում և ստորացնում է զինվորին ( ականատես եմ եղել նման դեպքի Սիսիանում)։
Հանդուրժում ենք, երբ խոտհարքին զինկոմը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, զինվորին պարտադրում է օրերով սարերում աշխատել(Սիսիանի զինկոմ) 
Ինչ խոսք, եկեք զարմանանք մեր անհարկի հանդուրժողականության վրա և չզարմանանք, թե լիսկաներն ու մանվելները մեկնեցին Արցախ։ Չմոռանանք այնտեղ ամեն ինչ պատկանում է նրանց, անգամ սարերի անմեղ եղնիկները և երկնքում ճախրող թռչունները, որոնք մշտապես նրանց սեղանի դելիկատեսն են․․․