воскресенье, 29 апреля 2012 г.

Մենք` հայերս անցած քսան տարվա մեջ հպարտանալու քիչ բան վաստակեցինք, իսկ հպարտ լինելու համար` ոչինչ: Մեր վրայից փչում է ընչաքաղցության և փողամոլության թունդը հոտը, որից կաղում է պետականությունը:
Այսօրվա հայրենիքում ամեն ինչ առնվում է ու վաճառվում: Օգնությունն անգամ օտարի հայը վաճառում է հային օտարավարի:
Իմն ու քոնն արած կիսում են ջոկում
Ծանոթ, անծանոթ, էկրանից անգամ ազնիվ ձևանում,
Տանում են առաջ ով մարդն է մեկի այն վերին խավից
Դարձյալ անիծյալ ծանոթ, անծանոթ...
Իմ մի բուռ ազգին իշխում էքծնանքը,
 Եվ դառնում հոբին, որպես մեծարանք
  Հարդը կաշառքով հարթում է ուղին,
   Որից ծնվում է ազգիս փակուղին...

Հայրենիքիս այսօրը

Լացում է ազգս կարոտից սերուցքի, որի մայրամուտով հոգեվարքի մեջ է արվեստը-գիրքն էլ, ընթերցողն էլ, քննադատողն էլ: Այս ամենից հառնում է քծնանքը, ընտրվողն ու ընտրողը, որից դողում է արդարությունը և տկարանում ճշմարտությունը, իսկ ճշտին մորթում են հենց օրորոցում...
Դու' կապուտաչյա թու'րք` հայի արյունով, միակ փրկված քո տոհմածառից այն սպանդում, որ հեղում էր արյունը և շաչում էր յաթաղանը, իսկ դու մազապուրծ քրդի ձեռքով: Անցած տարիների հետ գոնե քուրդ չմնացիր, այլ դարձար կապուտաչյա հայատյաց թուրք: 
Ցավոք աշխարհի հայերը լոկ ազգանունով են հայեր: Չէ որ նրանք խոսում են աշխարհի լեզվով: Ծնունդն են մեծ տերությունների: Նրանց նախնին է մնում Սասունցի, Վանեցի, Մշեցի, թեկուզ Իգդիրցի: Ավա~ղ, չեն սերում Արևելյան Հայաստանից:
Այս մասին խոսելիս միշտ նույն հարցն է տանջում ինձ.
Մի?թե թուրքը չի իմացել, թե որ տեսակ հային է ոչնչացնում:
90-ականների դավաճանված ազգիս փշրանքները փորձում է կառչել պատմական փշրանքներից:
Ցանկացած բեկումնային հարցի վերջին պահին մեզ` հայերիս դավաճանել են մեծ տերերը:
Ես կուսակցական չեմ` պարզապես մարդ եմ:
Ինչու? հայրենիքում չի գործում նաև մարդ մնալու օրենքը...
Այսօրվա միջակ մտածելակերպով իշխանության լծակները և բազմակուսակցությունները սրտի թրթիռով են սպառում յուրաքանչյուր Աստծու օր: Ինչու?: Դե որովհետև նրանք սարսափում են, եթե հանկարծ ելնի իսկական ժողովուրդը և ունենա միայն խոսքի սպիտակ գույնը:

пятница, 6 апреля 2012 г.

Երբ մայրն է ասում, թե կարիքից դրդված գնացի այդ քայլին, մի' հավատացեք, պարզապես կյանքի մեղքով համեմված հաճույքները նա ավելի է գերադասում: Նրա մեջ անառակ կնոջ բնազդը ավելի զարգացած է, քան մոր..
Ես, որպես հայ, կրել եմ լոկ չարքաշության խարանը և ոչ մի դեպքում չեմ գերադասել պանդխտությունը, ուստի հավատում եմ, որ իմ երկիրը մի գեղեցիկ օր կհաղթահարի ստվերային տնտեսության բռնատիրական անտես ոգին, որը իր հուժկու թաթով կարողանում է սնանկ պահել մի ողջ ազգ: 
Այո',  ես հավատում եմ` կփոխվի երկիրս, եթե թոթափի սպառված ուղեղներով խորհրդարանի լուծը: Ես համոզված եմ, որ այն կարող է կյանքի կոչել արդեն կյանք մտնող իսկական հայ երիտասարդը, որը ոչ թե ելք կփնտրի օտար ափերում, այլ կպահանջի լուծարել խորհրդարանական կազմը, որի հիմնական կորիզը նախկին խաբեբա ու կաշառասեր կոմունիստներն են:
Ինչու? եմ այդպես մտածում: Ասեմ: Շատերը գիտեն` եթե մարդը մի անգամ դավաճանում է իր սկզբունքներին, ապա դժվար չէ հաջորդ անգամները: Ցավոտ է, բայց փաստ է, որ խորհրդարանում ծվարածներից շատերի քսան տարի առաջ մեծ մասը եղել է "պրարաբ"` այսինքն ցեմենտի գող, որի ողորմածությամբ շատ շենքեր շահագործման են հանձնվել ավազակավարի, որում համոզվեցինք 88-ի երկրաշարժին, իսկ մյուս մասից մի քանիսը որպես "սիստեռի շոֆեր" և ապրել է գողացված վառելիքով, որի վառ ապացույցն էր մութ ու ցուրտ տարիների անսահման քանակությամբ վառելիքի գողոնը: Հաջորդը ապրել է որպես "կոլխոզի նախագահ" արոտները ծախելով ադրբեջանցիներին: Արժե? արդյոք շարունակել: Իհարկե, ոչ, քանի որ ժամանակի բոլոր ասպարեզներում գողությունը անհրաժեշտություն է, եթե ոչ օրենք: Կարծում եմ նման հոգեբանությամբ թրծված մարդը, որքան էլ ջանա, չի կարող փոխել էությունը, այն միս ու արյուն է դարձել արդեն:
Մնում է միայն հույս կապել այսօրվա կայացող երիտասարդության հետ և, թեկուզ ուժով, վտարել նախկին գայլերին և պետության ապարատի հիմքը դնել այն սերնդով, որը գաղափար չունի կոմունիստների ուղեղի լվացման ձևից:
Ասու?մ եք` չենք կարող: Ախր ժողովուրդը զուր չի ասում` եթե գեղը կանգնի գերան կկոտրի: Միայն թե հորդորում եմ, ինչպես միշտ վերջից չսկսենք, այլ հենց գլխավորից, որտեղ ուժը դարձել է օրենք: Կկարողանանք, եթե չկեղտոտվենք ու չերկպառակտվենք բազմակուսակցությամբ և չհավատանք նրանց սուտ ու սին վերացական գաղափարներին:
Ես` որպես իմ երկրի քաղաքացի և տեր, կո'չ եմ անում դառնալ մի բռունցք և այդ բռունցքի հուժկու հարվածով պահանջել 90-ականներից ջրի երես դուրս ելած երկրիս տիղմը նորից իջնի իր տեղը` տեղ տալով արժանավորին:

Հավատալ?

Հավատալու շատ փաստեր կան, բայց հայի հոգում արթնացած հավատքը լոկ ցավ է պատճառում: Միթե այսօրվա կարգը երկիրը չի տանում դեպի ոչ մի տեղ: Հաճախ իմ հավատքի ցավից հիվանդանում եմ: Հիվանդանում եմ, երբ ականատես եմ լինում ազգիս հաշվին ձեռք բերված արցախյան հաղթանակի պտուղները բաշի բզուկ վայելողներին, որոնց մոտ, բացի ախորժակից ոչ մի բարոյական գործոն չի աշխատում: Անխտիր և անամոթաբար Արցախի բնության հաշվին իրենց գրպաններն են տռզեցնում` վերացնելով բնությունն ու կենդանական աշխարհը:
Այ այսպիսի փաստերի տեսնում և հավատում եմ, թե չէ...
Ես մի պահ անգամ լացով հավատացի, ականատես լինելով ցավալի փաստի, որը, իհարկե, ես փոխել անզոր էի, երբ բարձր լարման հոսանքը հերթական անգամ գետը նետեցին և ...
Դե եթե ներշնչում եք, ես էլցավով, բայց հավատում եմ: Հավատում եմ, որ երբեք կյանքում կենդանի դեպուտատ ու նախարար չեմ տեսել` առանց էկրանի: Սրտացավով ու դեռ մարդ մնացած պաշտոնյա չեմ տեսել, անշահախնդիր գործարար չեմ տեսել: Չե'մ տեսել, պարոնա'յք, ինչի?ն հավատամ, եթե վերը նշվածին, ապա հավատում եմ արդեն քսան տարի...

среда, 4 апреля 2012 г.

Մտորումներ Պարոն Նախագահի Ելույթի Շուրջ

 Ես, ճիշտն ասած, բավականին սարսափեցի, երբ այս սոցիալ տնտեսական ծանր կացությունում հայտնված ազգիս գործող նախագահը փորձում էր էկրանից լավատեսության հավատք ներշնչել: Ելույթից հետո երկար-երկար մտածում եմ` հավատամ, եթե հավատամ, ապա ինչին: Դառնում եմ ու մի պահ ինձ ստիպում հավատալ, ապա ինքս ինձ ստիպում հավատալ, ապա ինքս ինձ հարց տալիս. հավատանք, որ փոխենք, իսկ ինչը փոխենք, ախր մեռանք փոխելով, ինքներս փոխան դառնալով ողորմած ջոջերի քմհաճույքներին: Հավատանք, որ փոխենք, և կասեք, մի անգամ անկեղծ ու շիտակ, թե ինչը փոխենք: Աղքատությու?նը`անդեմ դեպուտատի անհոգ որոճո?վ: Էլ ինչին հավատամ, օրեցօր թանկացող մի կտոր հացի?ն, հավերժ գործազուրկ հայոց մեծամասնությա?նը , թե մի քանի ծանոթ խնամի տաքուկ տեղերի մենաշնորհներին: 
 Հավատամ, թե չէ, եթե հավատամ, ախր ինչի?ն: Այո', կհավատամ այն կարծրատիպին, որը մեզ դարձրել է խաբեության գերին, բայց փոխել այն, մի?թե ինքնագլուխ ենք, ախր երկրում գործում է հզոր ստվերաին տնտեսություն` իր օլիգարխիայով, և դուք կարծես փորձում եք հիմարացնել մեզ` ժողովրդիս, ասելով` հավատանք, որ փոխենք: Ո'չ, ես ավելի քան համոզված եմ, որ այս բառերը լոկ լոզունգ են նախընտրական պայքարում:
 Այո', դուք ճիշտ եք` "քաղցր լեզուն օձը բնից կհանի", բայց ախր բերանում էլ օձ չի մնացել, 88-ին մի քաղցր լեզու բոլորին դուրս հանեց:
Հավատա?մ: Լավ, հավատում եմ, որ փոխեմ, բայց դու'ք, պարոնա'յք, անգամ վերևների պաշտոնյաներդ, մի պահ անգամ հավատու?մ եք ինչ որ բան փոխելուն: Ես, այո', կարող եմ պայմանավորված հավատալ, պարզապես, որպես Մարդ իմ հայրենիքում, բայց ախր կարողանում եմ հավատալ միայն նրան, որը ոչ մի կետով փոփոխության ենթական չէ, որ ես, որպես ՀՀ քաղաքացի ծեր եմ որպես աշխատուժ, և երիտասարդ, որպես թոշակառու: ԴԱրձյալ հարց է ծագում պարոն նախագահի թյուրիմաց լոզունգին, ինչի?ն հավատամ: Իմ վերացական վիճակի?ն, որը ես պետք է քարշ տամ որպես ինձ սպառող տարիներ նոր ու քմահաճ օրենքի ետևից, որպես ավելորդ: Ահա', ինչին եմ հավատում: Ես արդեն միս ու արյուն առած հավատք ունեմ, որ ինձ անպայման հիշելու են ընտրություններին` որպես կիսակուշտ գլխաքանակ: