четверг, 11 апреля 2019 г.

Կարևորը գինը չէ՝ այլ ուշադրությունը (596-րդը)


Ամեն առավոտ, կարծես, Էրմանն իր նամազով ավետում էր լուսաբացը, կանգնած անկողնուս մոտ՝ հատկապես իմ ու աֆղան ընտանիքի լուսաբացը։ Ուստի վաղ ծեգին, առաջինն էի արթնանում և նստած տեղից երկար հետևում էի աղոթողներին և բոլորին։
Օրը բացվել էր սովորականից ավելի լուսավոր, քանի որ սարի ուսին վերջապես թիկն էր տվել արևը։ Վրանները դատարկվել էին, նամազ անողները դուրս էին եկել բակ։ Գետնին փռել էին տարբեր ծածկոցներ, և այնտեղ հավաքվել  ողջ ճամբարի մուսուլմանները, այսինքն՝ համարյա բոլոր փախստականները։ Նամազը մարդաշատ էր։ Մասնակցում էին տարիքով ակսակալները՝ նրանց առաջին անգամ էի տեսնում ճամբարում, գուցե դրսի՞ց էին եկել՝ որպես հյուրեր։ Գուցե։ Այնտեղ էր անգամ մեր վրանի ամենատարիքով արաբը, որին կարելի էր տեսնել միայն այն ժամանակ, երբ հինգ տարեկան որդուն ծեծելով ներս էր բերում։
Բոլորը շարված սպասում էին։ Ամնենատարեց տղամարդը երկու քայլ առաջ եկավ, սկսեց երգեցիկ ձայնով աղոթել, որից հասկանում էի միայն «Ալլահ ակբար»-ը։ Աղոթքն ավելի երկար տևեց և ավելի բուռն, իսկ մենք՝ քրիստոնյաներս և այլոք դիտորդի դերում էինք՝ բացահայտ զարմանալով նրանց միասնության  վրա։
Օրվա արևշատությունից խաղն ու աղմուկը եռռում էր ճամբարում։ Ինքնամոռաց մնացել էի կանգնած իմ անկյունում՝ դիտելով հեռուն, որտեղ արևի շողքերից երևում էր փայլող սաղարթախիտ անտառը՝ ծիկրակող վառ հատապտուղներով։
-          Բարի օր,- վազելով հևասպառ եկավ Սևդան,- ներեցե՛ք, այնքան զբաղված եմ՝ հազիվ եմ կարողացել ժամանակ գտնել ձեզ մոտ գալու,- ինչպես միշտ, ժպիտը դեմքին՝ արտաբերեց նա։- Վաղն Էլչիմի ծնունդն է, կուզենայի, որպեսզի դուք էլ գայիք՝ գնալու ենք անտառ։
-          Կգամ։
-          Դե ես գնամ, աշխատում եմ, այնտեղից եմ եկել,- ասաց նա և նույնկերպ վազելով հեռացավ։
Մի պահ նրան հայացքով ուղեկցեցի, ապա  քայլեցի․ ամեն անկյունում՝ ցանկապատի վրա, դրսի կողմերում, կանաչների մեջ շպրտված էին տարբեր հագուստներ՝ ներքնազգեստից մինչև ձմեռային բաճկոններ:
Միայն ուշ երեկոյան, երբ արևն իր բերած ջերմությունը շալակեց ու թաքնվեց սարի հետևը, բակը դատարկվեց։ Ինչպես միշտ, Նաիրիի հետ մեծ ու փոքր շախմատի ձիու կերպարանք առանելով, տեղավորվեցինք մահճակալին։ Մոտեցավ Յուսուֆը, անգլերենով դիմեց Նաիրիին, նա էլ հարցական նայեց ինձ։
-          Ի՞նչ է ասում, ինչու՞ ես այդպես նայում։
-          Նա ձեզ նվեր է բերել, խնդրում է վերցնեք։
Յուսուֆն ինձ մեկնեց մի թեյի բաժակ, որն իհարկե չունեի։
-          Այն ընդամենը մեկ եվրո արժե,- անսպասելի պոռթկաց Նաիրին։ Ես քարացա՝ բաժակը ձեռքիս։
-          Ինչու՞ վատ զգացիր։
-          Չեմ վատանում, ուզում եմ, որպեսզի գինն իմանաս։
-          Այս դեպքում կարծում եմ՝ կարևորը ուշադրությունն է և ոչ արժեքը,-  նման կերպ փորձեցի դուրս գալ ոչ հաճելի իրավիճակից։
Նա, տեսնելով Յուսուֆի ոգևորությունը, դիմեց նրան անգլերենով․
-          Քո բաժակը մեկ եվրո արժե, տեսել եմ մարկետում։
-          Յուսուֆը լրջացավ, իսկ ես բաժակն արագ սուրճ լցրեցի, սկսեցի խմել՝ ի նշան շնորհակալության։
-          Շնորհակալ եմ, լավն է,- ասացի նրան իմ իմացած մի քանի անգլերեն բառերով, նա ժպտաց և խոսուն ժպիտով նայեց Նաիրիին, իսկ նա շտապեց դուրս՝ վերցնելով խաղաքարերը։

Комментариев нет:

Отправить комментарий