четверг, 18 ноября 2021 г.

 

                                           ԵՌԱԳԼՈՒԽ ՎԻՇԱՊԸ


Սև այգու ծեր տիրակալը նստած պատշգամբին, մեծ հեռադիտակով նայում էր հեռուն, իսկ երկու հոգի նրան հագցնում և զինում էին։ Հայտնվեց Մեծ բորենին մարդկային կերպարով՝ նրա աչքերից կայծեր  էին թռչում․

- Սև այգու տիրակա՛լ, եկա՛ ձեզ հայտնելո՛ւ, որ այնտե՛ղ՝ կարմիր քաղաքում ո՛չ թե պատերազմ է, այլ խառնաշփոթ։

- Իսկ ինչու՞ ես իմ քաղաքին կարմիր անվանում,- զարմացավ ծերունին։

- Որովհետև այնտե՛ղ երեք ուժեր հոշոտում են իրար, իսկ փողոցներով հոսող արյունը փոխել է քաղաքի գույնը։

- Այո՜, մտահոգիչ է,- տխուր ծոր տվեց ծերունին,- Մե՛ծ բորենի՛, կարո՞ղ ես այստեղ բերել լիալուսնի ստեղծած երկու առաջնորդներին։

- Ինչի՞ համար,- զարմացավ Մեծ բորենին։

- Կարծում եմ մենք կարո՛ղ ենք ընդհանուր հայտարարի գալ, չէ՞որ ծագումով այնքան էլ տարբեր չենք՝ լիալուսի՞ն թե կիսալուսին․․․Հը՛մ, ի՞նչ կասես,- ծերունին բազմանշանակ նայեց նրան։

- Միտքը լավն է,- համաձայնեց Մեծ բորենին և անցավ նեղ միջանցքով, մյուս կողմից դուրս եկավ, վերածված բորենու, անսովոր փայլող աչքերով։ Նա մի քանի ոստյուն արեց և հատնվեց կարմիր քաղաքում։ Նայեց վեր՝ Վանդևն ու Լիվանը դեռ կռվի մեջ էին,- Այսպես նրանք ինձ չեն լսի,- կիսաձաին մրմնջաց նա և մեկ ոստյունով հայտնվեց լայնանիստ սարի վրա, դունչը դարձրեց լուսնի կողմը և սկսեց բարձր ոռնալ․․․

Արեգանին տղային բաց թողեց լեռնային կղզու ավիրված քաղաքի փողոցներից մեկում, ինքը նորից վեր սլացավ Դավիդին օգնելու։ Վագը նորից նայեց լուսնին, ավելի զարմացած ու դժգոհած շշնջաց,- Այստեղ էլ լիալուսինն է, իսկ արևը չկա՛ ու չկա՛,- կուբիկների տուփը նորից շարժվեց,- Ասացի՛ ո՛չ, այս անգամ ինձ չե՛ք խաբի,- նա զայրացած հարվածեց տուփին։

- Վա՜գ,- լսվեց հեռվից, տղան նայեց ձայնի կողմը՝ Էմմին ու Էդգարը վազում էին դեպի իրեն,- Քեզ հետ ամեն ինչ կարգի՞ն է,- հարցրեց պատանին, ոտքից գլուխ շոշոափելով տղային։

- Այո՛, անգամ ես իմ կուբիկները գտա՛,- Վագը ցույց տվեց կուբիկների տուփը։

- Որքա՜ն ուրախացա քեզ տեսնելով,- ուրախացած ողջագուրվեց աղջիկը։

- Ես էլ եմ ուրախ, բայց մի բան չեմ հասկանում,- տխուր արտաբերեց տղան։

- Ի՞նչն է անհասկանալի,- հետաքրքրվեց աղջիկը։

- Ա՛յն, թե ինչու՞ է ամեն տեղ լուսինը՝ այնտե՛ղ կիսալուսինն էր, այստե՛ղ լիալուսինն է, ինչու՞, իսկ որտե՞ղ է արևը։

Կանաչ ճյուղերի մեջ խճճված հայտնվեց Գրինյուսը և մի քանի պտույտ անելով ազատվեց խանգարող ճյուղերից,- Գնո՛ւմ ենք դեպի՛ Արևի լեռը,- հայտարարեց նա,- Նրանք գլխի՛ են թե որտե՞ղ կարող է լինել տղան և հիմա ավելի սարսափելի ուժի վերածված գալիս են այստեղ,- ծերունին ավարտեց խոսքը, փաթաթվեց երեխաներին և անհետացավ․․․

среда, 17 ноября 2021 г.

                                                      

                                                            ՊԱՅՔԱՐ

Արեգանին փոքրիկ խմբով հայտնվեց Սև այգու բարձր սարի լայնանիստ գագաթներից մեկի վրա։ Այնտեղ օրը սպիտակ էր, իսկ երկնքում տարօրինակ կերպով լողում էր կիսալուսինը։

- Դուք և՞վս նկատեցիք,- աչքը լուսնից չկտրելով հարցրեց Արեգանին։

- Եթե խոսքը լուսնի մասին է, ապա ինչպե՞ս կարելի էր չնկատել,- պատասխանեց Գրինյուսը։

- Այնտե՛ղ լիալուսինն է, այստե՛ղ կիսալուսինը՝ չե՞ք կարծում այս երկու երկրները չեն կարող ընդհանուր ոչինչ ունենալ,- նկատեց Արեգանին։

- Իսկ չե՞ք կարծում, որ այդ երևույթը մեզ համար առնվազն առայժմ երկրորդական է, քանի որ մենք եկել ենք այստեղ տղայի համար,- միջամտեց Դավիդը։

- Այո՛ և ստիպված ենք լինելու բախվելու թե՛ Կուբիկ-Վանդևի և թե՛ բորենիների հետ,-տխուր պատասխանեց Գրինյուսը։

Մեղմիկ քամին տարօրինակ շշնջոց բերեց,- Արեգանին հետաքրքրված նայեց Գրինյուսին,- Սա ի՞նչ է նշանակում։

- Սիրելի՛ բարեկա՛մ, ընկուզենին է մեզ հուշո՛ւմ։

- Եվ ի՞նչ է ուզում ասել քո ընկուզենին։

- Նա տղայի մասին է հուշո՛ւմ։

- Հետաքրքի՛ր է,- առաջ եկավ Էդգարը։

- Մենք պետք է քաղաք մտնե՛նք,- շարունակոց ծերունին,- Որքա՞ն էլ այն վտանգավոր լինի։ Տղան միակ հսկա ընկուզենու ճյուղերի մեջ է թաքնված,- Լսելով, առանց հապաղելու, Արեգանին ուղղվեց քաղաք, նրան հետևեց Դավիդը, իսկ Գրինյուսը փաթաթվեց պատանուն և աղջկան անհետացավ։

Բորենիների անակնկալ հարձակումը հանկարծակիի էր բերել ամբոխին։ Ընդամենը ժամերի ընթացքում քաղաքի փողոցներով արյունը հոսում էր ջրի պես։ Նույնիսկ այդ զարհուրելի պահին ոչ ոքի մտքով չէր անցնում հրաժարվել ավարից։ Նրանք չէին խորշում անգամ այն պահին, երբ  յուրայինը գալարվում էր սեփական արյան մեջ։ Պահ առ պահ փողոցները հագենում էին տներից դուրս թափվող ավարով, որը հաճախ անտեր էր մնում, երբ ավարառուն զոհ էր դառնում բորենիների ժանիքներին։

Չնայած օրը ցերեկ էր, բայց մշտապես երևում էր կիսալուսինը, կարծես հսկելով իր ստեղծած ուժին։

Թվում էր ամբոխը դատապարտված էր, երբ արևմուտքից երևաց  նույն հերթականությամբ դասավորված Կուբիկ-Վանդևի բանակը, որի սև քառակուսու ամեն անկուններից դուրս էին ցցված մի քանի սուր ժանիքներ։

- Հարձակվե՛լ,- բորենիներին շփոթության մեջ գցեց Լիվանի հրամանը յուր կախարդող ձայնով։

Հարձակումը ագռավների և մողեսների կողմից սկսվեց սրընթաց վայրէջքով։ Նրանք ճանկելով օդ էին բարձրացնում բորենիներին և այնտեղից բաց թողնում քարերի մեջ։ Շուտով Կուբիկի բանակը այնքան տարվեց մարտի առավելությամբ, որ սկսեց նույն կերպ վարվել լիալուսնի ստեղծած ամբոխի հետ։

- Ինչո՞վ եք զբաղված, անմիտնե՛ր՝ միայն բորենիների՛ն, հանգիստ թողե՛ք ամբոխին իր ավարով,- բղավեց Լիվանը։

Քաղաք ներխուժած թռչող բանակի և բորենիների միջև շարունակվում էր կատաղի մարտը, երբ հսկա ընկուզենու տակ հայտնվեց Արեգանու խումբը։ Նկատելով նորեկներին երկու ուժերի միջև շփոթ առաջացավ։

- Ի՛մ հետևի՜ց,- գոչեց Մուրադը, թողնելով Վանդևի բանակին, հարձակվեց Արեգանիի խմբի վրա։ Քանի որ օրը դեռ կեսօր էր, նրանց համար դժվար չէր կռվելը կախարդական սրերով։

Ագռավամարդը Արեգանիին յուր խմբով տեսնելով , հանկարծակիի եկավ, կատաղած անցավ հարձակման։ Սակայն, այն պահին, երբ ուզում էր Արեգանիին կտցահարել, հայտնվեց Մուրադը և նա ակամա ճանկեց բորենուն, վեր սլացավ։

Վերևից Կուբիկ-Վանդևը և Լիվանը ևս նկատեցին Արեգանիի խմբին, սակայն մարտի ելքը նրանց քիչ էր հուզում, ուստի մեկը սև կուբիկի կերպարանքով, մյուսը սև գավազանին նստած փնտրում էին տղային։ Նրանք համոզված էին՝ առանց պայքարի կա հաղթանակ և այդ հաղթանակը նիանց բերելու էր տղան։

Այդ խառնաշփոթում Արեգանին վեր սլացավ, մոտենալով Դավիդին,- Ես տեսա՛ կուբիկների տուփը, զգույշ եղե՛ք, որպեսզի նորից չկորցնե՛նք,- հրահանգեց նա, ապա ուղղվեց Վանդևի կողմը։ Վանդևը իր հերթին տեսնելով Հավերժության ամրոցի տիրակալին, կատաղությունից բղավեց,- Ա՛յդ անբան նախարարների խումբը պե՛տք է Ֆլամեին բաժին դարձնե՛լ ,- նա փորձեց  հարձակվել Արեգանիի վրա, բայց առաջ գնալ չհաջողվեց՝ Վանդևը խճճվել էր վեր սլացող լիանայի ճյուղերի մեջ։ Տեսնելով, Արեգանին հարվածն ուղղեց Լիվանին, որն այդ պահին համախոհին օգնության էր շտապում։

Մարտը թեժացավ, երբ Արեգանիի խմբի ազատությունը ակնհայտ դարձավ բոլորին։

Օդում Դավիդը միացավ Արեգանիին, իսկ ներքևում Էմմին ու Էդգարը արևային սրերով, Գրինյուսի հետ կարողանում էին հակահարված տալ երկու տարբեր սև ուժերին։ Այդ կռվի մեջ ամենավտանգավորը չղջիկ-թիկնապահներն էին՝ նրանք կպչում էին զոհի մարմնից և ծծում արյունը։

Պատանին և աղջիկը հաջողությամբ դիմադրում էին թշնամուն, երբ թիկունքից նրանց վրա հարձակվեցին չղջիկները։ Էմմին ցավից չճաց, երբ նրանցից մեկը կառչեց նրա ուսից․

- Օգնի՛ր Էդգա՛ր․․․

- Անիծյալները ավելի սարսափելի են, քան մնացած բոլոր ուժերը,- ասաց պատանին, փորձելով ազատվել հարձակվող չղջիկներից

- Սրտիկնե՛րը,- հուսահատ ձայն տվեց Էմմին։

- Փորձե՛նք՝ Ագռավները չեն երևում։

- Գրողի ծոցը այդ սև հրեշները, էլ չեմ դիմանում,- պատասխանեց աղջիկը և առաջ մեկնեց ձեռքը,- Վառվեցե՛ք սրտիկնե՛ր,- երբ բոցկլտացին երկնագույն կրակները՝ ոչ միայն չղջիկները թուլացան ետ քաշվելով, այլ նաև բորենիները ոռնալով պառկեցին գետնին,- Ա՜յ քե՛զ հրա՜շք,- զարմանքով ծոր տվեց Էմմին։

Երկինքը նկատելի սևացավ, փչեց թույլ քամի,- Ագռավամա՛րդն է,- զգուշացավ պատանին և նրանք հերթական անգամ փրկեցին սրտիկները անճոռնի կտուցից։

Հետզհետե Արեգանիի և Դավիդի հարվածներից  փողոցների արյան գույնը ծածկվում էր սև երամի և մողեսների լեշերով, բայց լուսնից իջնող սև կետերը անդադար լրացնում էին ագռավների պակասող շարքերը, իսկ մշուշապատ արևմուտքից՝ հրե գագաթից մարտի դաշտ էին շտապում մողեսները Արեգանիի և Դավիդի համար պայքարը դարձնելով դժվարին։

Գրինյուսը լիանայի ճկուն ճյուղերով ոչ միայն օգնում էր ընկերներին, այլ նաև հարմար պահ էր փնտրում, հակառակորդից խլելու կաշվե տուփը։

 Վանդևը մարտից հոգնած, շտապեց լիցքավորվել գավազանից, նկատելով, Գրինյուսը փաթաթվեց տուփին և ուժգին քաշեց ներքև։ Տուփն անհետացավ սաղարթախիտ ընկուզենու ճյուղերի մեջ։ Վանդևը կատաղությունից հպվեց գավազանին, ապա ողջ ուժով բղավեց,- Գտնե՛լ տղայի՛ն, գտնե՛լ կուբիկնե՛րը,- Երբ Լիվանը հարձակվեց Արեգանիի վրա, նրան միացավ Վանդևը, սակայն Դավդի մեկ հարվածից Կուբիկի ժանիքը ջարդվեց և նա ավելի կատաղած բղավեց,- Գտնե՛լ, ետ բերե՛լ տղային կուբիկների հետ միասին․․․

Երբ կուբիկների տուփը ընկավ ընկուղենու ճյուղերի մեջ, Վագը, որը մինչ այդ թաքնվել էր ճյուղերի մեջ և հետևում էր ընթացող քաոսին, տեսնելով, ձեռքը դանդաղ տարավ տուփին,- Իմ կուբիկնե՛րը,- վերցրեց, հպեց կրծքին, ապա նայեց վեր՝ բացի կանաչ ճյուղերից ոչինչ չերևաց։ Նա ձեռքով ետ տարավ ճյուղը, երևաց կիսալուսինը,- Այնտե՛ղ լիալուսին է, այստե՛ղ կիսալուսին է՝ ոչինչ չե՛մ հասկանում,- ուսերը թոթովեց նա։ Կուբիկների տուփը շարժվեց, նա վախեցած ուժգին սեղմեց այն, որպեսզի չբացվի,- Ո՛չ, այս անգամ ո՛չ․․․,- Հազիվ էր խոսքն ավարտել տղան, երբ մի հզոր ուժ նրան ծառից առավ ու տարավ․․․ 


вторник, 16 ноября 2021 г.

 

                                                          ՓԱԽՈՒՍՏ


Վանդև-Կուբիկը տիրելով հաղթանակի ևս մեկ խորհրդանիշին, ոգևորված մոտեցավ Լիվանին,- Հրաման արձակի՛ր, որպեսզի բանակը շարվի հրապարակում,- քիչ հետո բանակը շարված էր։ Պատվանդանին՝ իրենց հերթին կանգնած էին Լիվանն անբաժան սև գավազանով, Վանդև-Կուբիկը իննը կուբիկներով, այնուհետև կարգապահ շարված էին չղջիկ-թիկնապահները, իսկ վերջում նստած էր նախարարաների հարյուր երեսուն հոգանոց շարքը։ Հրապարակում շարված էին Ագռավամարդու սև բանակը, սուր դնչերով մողեսների եռանկյուն կազմած շարքը, իսկ Ֆլամեն Վանդևի հրամանով, հրե կնոջ վերածված, մնացել էր հրապարակի վերջում։

Խոսափողին մոտեցավ խորամանակ Վանդևը, բազմանշանակ նայեց Լիվանին, ապա սկսեց․

- Այս պահին իմ խոսքը կհնչի՛ և որպես նորությու՛ն և որպես հրամա՛ն,- նա ոգևորված ձեռքը դրեց կուբիկների տուփին,- Բարու կամակատարը բանտվա՛ծ է և մեր այս հզոր ուժը,- ձեռքով ցույց տվեց շարքերը,- Լիարժեք դարձնելու՛ համար, անհրաժեշտ է գտնե՛լ տղային,- բոլորի հայացքները փոխվեց զարմանքի,- Այո՛, այո՛ և տղային պետք է փնտրե՛լ Սև այգում։ Այն խելագար ամբոխը նրան տարա՛վ ա՛յն պահին, երբ մենք կարևոր հարց էինք քննարկո՛ւմ,- նա մեկ անգամ ևս մի խորամանկ հայացք նետեց համախոհին և ավելի բարձր ձայնով հնչեցրեց հրամանը,- Այսօր մեր խնդիրը Սև այգի՛ն է։ Առա՛ջ, դեպի՛ Սև այգի,- հրամանից հետո, նա ավելի մեղմ տոնով շարունակեց,- Իմ զավակնե՛ր, մե՛նք լիալուսնի ծնունդն ենք, իսկ նրանք՝ բորենիների ցեղը, կիսալուսնի։ Չե՞ք կարծում, որ մենք և նրանք շատ ընդհանուր բաներ կարող ենք ունենալ։ Մեր ճամփան դեպի ամուր հաղթանակ դժվար է լինելո՛ւ, Գուցե՞ հենց բորենիները սխալ հասկանան մեզ և անգամ մի պահ դուրս գա՛ն մեր դեմ, սակայն, երբ հասկանան, չեմ կասկածում, որ կմիանան մեզ։

Առա՜ջ դեպի՛ Սև այգի,- Վանդևը ձեռքը բռունցք վեր բարձրացարած ավարտեց ճառը, բայց կարծես ոչ ոք չէր պատրաստվում տեղից շարժվել։ Նկատելով, նրա դեմքը կատաղությունից կարմրեց, որը չէր կարող չոգևորել Լիվանին,- Հրաման տու՛ր նրանց դեպի՛ Սև այգի,- խոցված մրմնջաց Վանդևը, ետ քաշվելով խոսափողից։

Սև գավազանը ձեռքին, Լիվանը տիրական առաջ եկավ,- Առա՜ջ, դեպի՛ Սև այգի,- գոչեց նա և ձեռքը տարավ կոկորդին՝ նրա բերանից դուրս եկավ սև շղարշը և տարածվեց հրապարակով։ Բանակը կախարդվածի պես կրկնեց․

- Առա՜ջ․․․

Վանդևը կատաղությունից սկսեց հոլի պես պտտվել, վերածվելով սև կուբիկի սլացավ վեր,  նրան հետևեց սև գավազանին նստած Լիվանը, այնուհետև չղջիկ-թիկնապահները և մնացած բոլորը։ Երբ հրապարակը դատարկվեց, այնտեղ մնացին նախարարները, որոնց համար անսպասելի ետ եկավ Վանդևը, հոլի պես պտտվելով հոխորտաց․

- Գերիների համար գլխով եք պատասխանատո՛ւ,- երբ Կուբիկ-Վանդևը նորից անհետացավ տեսադաշտից, կարծես նրանք ուշքի գալով քրթմնջացին․

- Այո՛ իհա՞րկե,- իսկ մյուս գեր նախարարը ի միջայլոց թափահարեց ձեռքը, քթի տակ մրմնջալով,- Դեռ կհասցնենք հետևել գերիներին կամ էլ բանտախցից ու՞ր պիտի փաղչեն։ Կարելի է առիթից օգտվել և մի քիչ հանգիստ առնել, այլապես այսքան լարված օրերից մենք հոգնում ենք,- կարճ ժամանակ հետո հրապարակից լսելի էր մրափի ձայները։

Գերիները, յուրաքանչյուրն իր մենախցում ուշքի եկան։ Թէև ընդհանուր ներքնահարկը լուսանցքներ չուներ, բայց ներսի մենախցերը լինելով երկաթյա ճաղերով, գերիները լսելի էին միմիանց։ Արեգանին նստած հատակին, Ագռավամարդու հարվածներից տնքացող գլուխն առել էր ձեռքերի մեջ։

- Արեգանի՜,- երբ լսեց իր անունը, բարձրացրեց գլուխը․

- Ո՞վ է։

- Ես եմ՝ Էդգարը։

- Իսկ մյուսները որտե՞ղ են։

- Չգիտե՛մ։ Գլուխս տնքում է, հազիվ կարողացա ուշքի գալ։ Գուցե նրանք էլ նույն վիճակու՞մ են։

- Ի՞նչ վիճակում էլ լինենք, պետք է ելք գտնե՛լ այստեղից դուրս գալու,- վճռեց նա և սկսեց ձայն տալ,- Գրինյու՜ս, ու՞ր ես, ձայն հանի՛ր,- արձագանք չեղավ,- Էդգա՛ր, կարծում եմ նա այստեղ է, բայց գիտակցությունը կորցրած, ինչպես մենք։ Ձայն տու՛ր Էմմիին, լուսավե՛ք շուրջը։

- Էմմի՜,- ոգևորված սկսեց ձայն տալ նա,- Էմմի՜․․․

- Այստե՛ղ եմ,- անթափանց խավարի մեջ լսվեց աղջկա հազիվ լսելի շշնջոցը։

- Վե՛ր կա՛ց Էմմի՛,- թախանձեց պատանին։

Աղջիկը երերալով ոտքի կանգնեց,- Ստացվե՛ց։

- Իսկ հիմա պետք է օգտվե՛լ սրտիկներից՝ Գրինյուսին օգնություն է հարկավո՛ր։

- Այո՛ իհա՞րկե,- զգաստացավ աղջիկը և շտապեց ձեռքը մեկնել առաջ, նրան միացավ պատանին․

- Վառվեցե՛ք սրտիկնե՛ր,- ներքնահարկում տարածվեց երկնագույն լույսը, երևաց Գրինյուսի խուցը, ուր նա ընկած էր հատակին։

- Սրտիկները ուղղեցե՛ք նրա կողմը,- շտապեց հրահանգել Արեգանին։

Երբ նրանց հաջողվեց ուշքի բերել ծերունուն, նա դժվարությամբ նստեց և խորը հոգոց հանեց,- Որտե՞ղ եմ,- շշնջաց նա, որի արձագանքը տարածվեց ողջ ներքնահարկով։

- Դու այստե՛ղ ես՝ մեզ հետ բանտված,- լսվեց Արեգանիի պատասխանը։

- Ա՜ հիշեցի՛, այդ անիծյալ Ագռավամա՛րդը․․․

- Գրինյու՛ս, ուշքի արի՛, կարծես դրսի աղմուկը դադարել է։ Մենք պե՛տք է օգտվե՛նք առիթից և շտապե՛նք առաջինը գտնելու տղային, այլապես իսկապես կպարտվե՛նք,- հորդորեց Արեգանին։

- Ինչպե՞ս, չէ՞որ մենք փակված ենք,- երկաթյա ձողերը ուժգին ցնցելով, նեղսրտեց պատանին։

- Ահա՛ այսպե՛ս,- հնչեց Գրինյուսի երգեցիկ ձայնը և նրա կիսախանձված ու սևացած ճյուղերից սկսեց երկարել դալար ու կանաչ մի շիվ՝ այն դուրս եկավ խուցից, երկարելով մոտեցավ Արեգանիի խուցին, կառչեց երկաթյա ցիցից, դուրս քաշեց այն։ Փոքրիկ դռնակը բացվեց։ Արեգանին երկտակված, մի կերպ դուրս եկավ, ձգվեց, ապա ձեռքը տարավ գլխին․

- Կտուցի   հարվածից գլուխս տնքում է։

- Իսկ ես որքա՜ն անփույթ եմ,- ճակատին թմփացնելով, Գրինյուսը կանաչ շիվը երկարացրեց և փաթաթեց Արեգանիի գլխին, ապա ետ քաշեց։

- Շնորհակա՛լ եմ,- թեթևացած շունչ քաշեց նա,- Այդ անճոռնու կտցի հարվածից, կարծես գլուխս երկու կես էր եղել,- Արեգանին ոգևորված սկսեց բացել մյուս խուցերի դռները։ Երբ վերջապես չորս գերյալները ուղղվեցին դեպի դուռը, հեռավոր անկյունից մեկը ձայն տվեց․

- Հե՜յ, իսկ ե՞ս,- նրանք զարմանքով ետ նայեցին։ Սրտիկների լույսի ներքո երևաց Դավիդը։

- Դավի՞դ,- տեսնելով, մոտ վազեց Արեգանին,- Դու՞․․․

- Ա՛յդ սև թռչունը գլխիս այնպես է հարվածե՛լ, որից հազիվ ուշքի եկա,- բողոքեց նա, ձեռքը տանելով գլխին։

- Գրինյու՛ս օգնի՛ր,- հրահանգեց Արեգանին և Դավիդը միացավ ընկերներին, բոլորը միասին մոտեցան գլխավոր ելքին։ Որքա՜ն եղավ նրանց հիասթափությունը, երբ այն դրսից կողպված գտան։

- Գրինյու՛ս, մեր հույսը դարձյալ դու՛ ես,- դիմեց Արեգանին,- Մի ելք գտի՛ր։

Ծերունին անխոս, ամենաբարակ շիվը երկարացրեց, դուրս հանելով դռան տակից և անսպասելի բոլորի համար գոչեց,- Գտա՛,- երկաթյա ծանր դուռը ետ գնաց, փականը զնգալով ընկավ գետնին։

- Զգու՛յշ, նրանք կարող են մեզ լսել,- շշնջաց աղջիկը։

Առաջինը Արեգանին եթերային քայլերով լքեց զնդանը, նրան հետևեցին մյուսները։ Նրանք ավելի անհանգստացան, երբ հրապարակում գտան միայն մրափած նախարարներին․

- Նրանք գնացել են տղայի հետևից, իսկ հիմա՛ Արևը մեզ օգնակա՛ն,- կիսաձայն ասաց Արեգանին, հայացքը վեր հառած։ Մշուշը ճեղքելով, երևաց փոքրիկ թռչնակը, այնուհետև նրանց վրա թափվեց լույսի հեղեղը, որից երևացին փայլող սրերը։

Նախարարները լույսից ճպճպացնելով աչքերը խառնվեցին իրար։

- Տղային գտնելո՛ւ ժամն է,- հաղթական գոչեց Արեգանին և վեր սլացավ Դավիդի հետ։ Գրինյուսը փաթաթվելով Էմմիին և Էդգարին անհետացավ։ նախարարները խուճապահար նետվեցին դեպի ներքնահարկ, երբ նրանք տնտղում էին բացված դռները երևաց Սամարան․

- Ահա՛ պարտության սկիզբը,- ապա նույն կերպ անհետացավ դռների մեջ։

- Վհու՜կ,- նրա հետևից բղավեցին մի քանի նախարարներ․․․


воскресенье, 14 ноября 2021 г.

                                                         

                                                       ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ


Չնայած Արեգանիի կախարդական սրի շեշտակի հարվածներից Լիվանը թուլանում էր, բայց նա նորից վերալիցքավորվում էր սև գավազանից։ Դավիդը Արեգանիին օգնության հասավ այն պահին, երբ լուսանցքից թափվող լույսի հեղեղը ետ քաշվեց, իր հետ տանելով նրանց սրերը։ Նրանք մնացին թևաթափ կանգնած, հասկանալով արդեն մայրամուտ է։

Սրահ մտավ Վանդև-Կուբիկը, այնուհետև այն դարձավ լեփ լեցուն ագռավներով ու մողեսներով։ Վերջում մի կերպ ներս խցկվեցին Գրինյուսը, պատանին ու աղջիկը։

Վանդևը պտտվելով վերստացավ մարդկային կերպարը, մոտեցավ Արեգանիին,- Կարծում եմ հարկ չկա հիշեցնելու, որ դու՛ք պարտվող կողմն եք և ստիպված եք մեզ հանձնելո՛ւ մեր եղբայրներին՝ այսինքն այն կուբիկների տուփը,- նա ցույց տվեց Էմմիին, որի վզից կախված էր կաշվե տուփը։

- Դեռ վաղ է տոնելու հաղթանակը,- պատասխանեց Արեգանին։

- Չե՛մ կարծում,- հաղթական դիրք ընդունելով, պատասխանեց Վանդևը և երեք անգամ ծափ տվեց։ Սրահի հեռավոր դռնից երևաց համարյա մերկ Սամարան։ Երբ նա անցնում էր պատանու և աղջկա մոտով, նրանք զարհուրած իրար նայեցին։

- Սամարա՛, մի՛ շտապիր, ցույց տու՛ր նրանց քո պատիժը,- հրամայեց Վանդևը։

Սամարայի վիզը շրջանակված էր կարմիր գծով, տեղ-տեղ երևում էին արյան կաթիլներ։ Վանդևի հրամանով նա երկու ձեռքերով բարձրացրեց սեփական գլուխը և նորից տեղը դրեց, որից արյան կաթիլները սկսեցին գլորվել մարմինն ի վար։

- Դու՛ք դաժան եք,- ճչաց աղջիկը և երկու ձեռքերով փակեց աչքերը։

- Այո՛ աղջի՛կ, նա ևս կամակոր էր, երբ պահանջում էինք ոսկյա շիվը և պահանջը արդարացի էր,- ցուցամատը թափահարելով պատասխանեց Կուբիկը։

Սամարան մոտեցավ, թեթևակի խոնարհվեց երկու առաջնորդներին,- Դուք միայն հրամայե՛ք և ես կոչնչացնե՛մ այդ աղջկան։

- Ո՛չ Սամարա՛, ո՛չ հիմա՝ նրանք դեռ մեզ պետք են,- համարյա բղավեց Լիվանը, գավազանը հարվածելով հատակին։ Կինը լուռ ետ քաշվեց։

- Մենախուց տարե՛ք ամրոցի տիրակալին,- հրամայեց Լիվանը։ Վանդևը կատաղած համախոհի առավելությունից նույնպես բղավեց,- Հրե գագթի աղետը կդարձնե՛մ կործանիչ՝ անգամ դուրս կհանե՛մ այս խղճուկ լեռնաշղթայից։

- Այդպիսով քեզ ոչինչ չի մնա,- պատասխանեց Լիվանը մի խեթ հայացք գցելով նրան։

- Այո՛, եթե համառում են ես կընդառաջվեմ․ «Ո՛չ ինձ, ո՛չ քեզ» կարգախոսով։

- Կոլեգա՛, դու վտանգավոր ես դառնում անգամ յուրայիններիդ համար,- վրդոհված առաջ եկավ Լիվանը։

- Ո՛չ այնքան, որպեսզի անհանգստանաք՝ հա՜, հա՜, հա՜․․․,- բարձր ծիծաղելով սկսեց հոլի պես պտտվել, վերածվելով կուբիկի, և նորից ետ պտտվեց, մնաց տեղում կանգնած,- Ահա՛ և ես իմ անսահման հնարավորություններով,- ձեռքերը տարածելով գոռոզացավ նա։

Ներս ընկավ Ֆլամեն՝ տեսնելով, աղջիկն ու պատանին պատ կազմեցին, պաշտպանելու Գրինյուսին։

- Ֆլամե՛ մնա՛ հրապարակում՝ սա քո տեղը չէ՛,- կշտամբեց Լիվանը, գավազանը հատակին հարվածելով։ Հրե կինը մի պահ բռնկվեց, ապա ցածրանալով դուրս սողաց, դառնալով բազմահազար թռչուններ, վեր սլացավ։

- Աղջի՛կ վերադարձրու՛ տուփը,- պահանջեց Լիվանը, ընդհուպ մոտենալով նրան։

- Ո՛չ,- Էմմին երկու ձեռքերով սեղմեց տուփը։

- Ուժով վերցնե՛լ,- հրամայեց նա։

Սրահ լցվեցին անթիվ թռչող արարածներ, իսկ ալարկոտ նախարարները սկսեցին գրել ու կնիք խփել, հաստատելով Լիվանի հերթական հրամանը։

Չղջիկ-թիկնապահները օդ բարձրացան, կարգապահ շարքով հարձակվեցին աղջկա վրա, իսկ ագռավների կտուցի հարվածներից աղջիկն ու պատանին հազիվ էին մնում ոտքի վրա։ Որքան էլ անմխիթար վիճակում լիներ Գրինյուսը՝ նա ճյուղերով նեղում էր և գետին տապալում չղջիկներին, ագռավներին ու մողեսներին։

- Կա՛նգ առե՛ք,- լսվեց Վանդևի հրամանը, երբ բոլորը ետ քաշվեցին նա առաջ եկավ,- Հանձնի՛ր տուփը և ազատ կարձակվեն քո ընկերները։

- Ընկերնե՞րը,- զարմացավ Էմմին, հարցական նայեց Էդգարին,- Մի՞թե այնտեղ միայն Արեգանին չէ։

- Նա շատ է երկարացնում, Ագռավամա՛րդ, կարծում եմ գիտես, թե ինչպե՞ս տիրանալ տուփին, ինչը մեզ է պատկանում,- Վանդևը մի կողմ քաշվեց։

Ագռավամարդը բացեց սև թևերը, օդ բարձրացավ և այնտեղից հարձակվեց աղջկա վրա։ Նրա կտուցի հարվածից Էմմին երերաց ու վայր ընկավ։ Էդգարը փորձեց օգնել նրան, բայց հաջորդ հարվածը իջավ նրա գլխին։ Ագռավամարդը կուբիկները հանձնեց Վանդևին։ Գրինյուսն իր հերթին ուզեց խանգարել նրան, բայց Լիվանը գավազանի մեկ հարվածով գետին տապալեց ծերունուն։

Վերջապե՜ս, հակառակորդը ջախջախվա՛ծ է՝ հա՜, հա՜, հա՜․․․Եվ ես շուտով այս երկրի լիարժեք տերը կդառնա՛մ, հա՜, հա՜, հա՜․․․ Սրանց էլ փակե՛լ մյուս մենախցերում։ Հեռու չէ այն ժամանակը, երբ ես աշխարհակալ կդառնա՛մ, հա՜, հա՜, հա՜․․․

- Դու նախ դարձի՛ր այս երկրի լիարժեք տերը, հետո երազի՛ր աշխարհակալության մասին,- հեգնեց Լիվանը, բերանը մոտեցնելով նրա ականջին։

- Թույլ տու՛ր ինքս որոշել իմ անելիքը և մի՛ մոռացի՛ր՝ դու ընդամենը լավ հտեռոր ես, իսկ ես՝ ես եմ քեզ կյանք տվողը։

- Այո՜,- ծոր տվեց մի աչքանին,- Տեսնում եմ փառասիրությունդ կուրացնում է քեզ։

- Ես հրամայեցի փակե՛լ նրանց,- առանց Լիվանին պատասխանելու վրդոհվեց նա, տեսնելով հապաղում են հրամանը կատարել,- Դուք խլացե՞լ եք,- այս անգամ կոկրդով մեկ ճչաց նա։

Զինվորները սկսեցին անգիտակից գերիներին քարշ տալ ներքնահարկ, իսկ նախարարները գրել ու կնիք խփել․․

-

суббота, 13 ноября 2021 г.

   

      ԲԱՆՏԱԽՑՈՒՄ   Հավերժության ամրոցի տիրակալը գիտակցության գալով, իրեն գտավ քարե սառը հատակին պառկած։ Նայեց վեր՝ քարե առաստաղի արանքից երևում էր մշուշապատ երկինքը, իսկ պատերն առանց լուսամուտ էին։ Նա մի կերպ նստեց և երկու ձեռքերով բռնեց ցավից տնքացող գլուխը։ Մատները թրջվեցին,- Վիրավոր եմ,- խուլ շշնջաց նա, գլուխը անզոր կախեց։

Լսվեց դռան ճռռոցը։ Մինչ Արեգանին կարող էր մթության մեջ զանազանել ներս մտնողներին․ երկու հոգի մոտեցան նրան և թևերից բռնած քարշ  տվեցին աստիճաններով վեր։ Քիչ հետո նա վիրավոր գլխով և շղթայակապ կանգնած էր հրապարակում՝ Լիվանի և Վանդևի դիմաց։

- Դու Հավերժության ամրոցի տիրակա՛լն ես,- սկսեց Վանդևը։

- Այո՛,- գլուխն ուղղելով, պատասխանեց Արեգանին։

- Եվ անգո մարդ արարծի համար։ Ես՝ այսինքն մենք,- խոսքն ուղղելու հետ մեկտեղ ինքնավստահ նայեց համախոհին- Խավարի և նյութի տիրակալն ենք և յուրաքանչյուր նյութապաշտ էակ պաշտում է մեզ։

- Ինչպիսի՞ ինքնավստահություն,- հեգնեց Արեգանին։ 

- Այո՛, ինքնավստահ եմ, քանի որ մենք մարդուն տալիս ենք ա՛յն, ինչը շոշափելի է և այն նյութի աշխարհն է, որի համար նույն մարդը պատրաստ է նմանակի կոկորդը պատռել։ Ի՞նչ ես տալիս դու՝ մի՞թե գեղեցկությամբ և բարությամբ կարող ես գոհացնել նրան։

- Քո խոսքը իսկական մարդու մասին չէ՝ գոյություն ունի երկու մարդկային տեսակ՝ սպառող և արարող։ Դու գոհացնում ես սպառող տեսակին։

- Ինչպիսի՞ կարճամտություն,- հեգնեց Վանդևը,- Իսկ արարողը չի՞ կարող սպառող լինել։ Ինչպես միշտ չարաչար սխալվում ես՝ այո՛, հիմանականում գոյություն ունի երկու մարդկային տեսակ և այն քո իմացած հատկանիշները չեն, այլ ուժեղի և թույլի մասին է խոսքը։ Ինչպես միշտ թույլը երկրպագում է ուժեղին և կարևոր չէ նրա ով լինելը և այդ ուժեղը ուժեղ է մեզանով։ Մի՞թե հնարավոր է թվարկել մեր անսահման հնարավորությունները, պարզապես դու՛, Արևի զավակ ընդունիր պարտությունդ և հրամայի՛ր աղջկան մեղ վերադարձնելու տուփը։

- Սպանի՛ր նրան և վերցրու՛ այն, եթե այդքան վստահ ես։

- Մեծ ջանք չի պահանջվում այն խլել նրանից, չէ՞որ նա, ինչպես և դու մեր պատանդն եք։ Ո՜չ․․․,- Վանդևը միտքը կիսատ, մատը դրեց շուրթին, կարծես զգուշանալով ինչ որ բանից։

Արեգանին ցավից դեմքը ծամածռելով, ձեռքը տարավ գլխին,- Դու չես սպանի նրան, քանի որ չունես գլխավորը։

- Եվ ո՞րն է քո իմացած գլխավորը,- ակամա նյարդայնացավ Վանդևը։

- Կասե՛մ, ինչու՞ ոչ՝ տղային, դու չունե՛ս տղային, որին կորցրել ես քո իսկ կողմից դավաճանված ամբոխի մեջ, իսկ առանց նրա, ի՞նչ են քո կուբիկները և այդ շիվը՝ թեկուզ ոսկյա․․․,- Արեգանին հազիվ էր ավարտել խոսքը, երբ դռնից ներս թռավ մի փոքրիկ թռչնակ, նստեց նրա գլխին, սկսեց բարձր գեղգեղալ, թևերով հպվելով նրա գանգուրներին։ Արեգանին թեթևություն զգաց, ձեռքը տարավ գլխին, շշնջաց,- Գրինյու՜ս, իմ հավատարիմ բարեկամ։

Մինչ այդ, Լիվանը լուռ հետևում էր հակառակորդների երկխոսությանը, բայց թռչնակի հայտնվելը և Արեգանիի տրամադրության փոխվելը հունից հանեց նրան և նա կատաղությունից հոխորտաց,- Ա՛խ դու՛, անիծյա՛լ թռչնակ,- նա վեր բարձրացրեց ոսկյա շիվը, այն երկարելով վերածվեց սև գավազանի և ուժգին իջավ Արեգանիի ուսին, որտեղ թառել էր թռչնակը։ Թռչնակը խուսափեց հարվածից, բայց Արեգանին տնքաց ցավից։ Փոքրիկ թռչնակը շարունակում էր ծլվլալով թռչկոտել սրահում, կատաղեցնելով Վանդևին ու Լիվանին։

Բացվե՛ք դռնե՛ր,- կարծես անզորությունից կատաղած հրամայեց Կուբիկը և բացվող տասնյակ դռներից ներս թափվեցին անթիվ ագռավները, ականջ ծակող աղաղակով։ Սև երամը հարձակվեց Արեգանիի վրա, իսկ թռչնակը վեր սլացավ և թևերով հպվեց առաստաղին՝ բացվեց կլոր լուսանցքը և այնտեղից ներս թափվեց լույսի հեղեղը, ողողելով հավերժության ամրոցի տիրակալին։ Ագռավները ծղրտալով նահանջեցին։

- ՈՒ՞ր անբաննե՛ր,- բղավեց Վանդևը։ 

Առաջ եկավ Լիվանը, սև գավազանը ճոճելով,- Դե հիմա մենամարտի՛ր քո թռչնակով,- խոսքի հետ նա մի ուժգին հարված իջավ, այս անգամ Արեգանին խույս տվեց և ձեռքն առան թափվող շողքից կախված փայլուն սուրը։ Սկսվեց մարտը նրա և Լիվանի միջև․․․

Հրապարակի երկինքն ու գետինը հագեցված էր թռչող և այլ տարատեսակ արարածներով։ Էմմիին ու Էդգարին երբեմն հաջողվում էր դիմադրել նրանց, բայց հիմնականում ուժգին հարվածներից  տապալվում էին գետնին և ցավից տնքում, նորից մի կերպ ոտքի կանգնելով։ Վերջապես նրանց օգնության եկան Գրինյուսը և Դավիդը իր շողշողուն սրով։ Տեսնելով, Էմին ու Էդգարը ոգևորվեցին՝ ոչ միշտ, բայց նրանց հաջողվում էր բռնել շարքային ագռավների ոտքերից և բմբլահան անել թևերը, զրկելով նրանց թռչելու հնարավորությունից։ Գրինյուսը լիանայի ճյուղերով ներքև էր քաշում մողեսներին, փաթաթվելով վզներից խեղդամահ անում, իսկ Դավիդը սրով գետին էր թափում մի անգամից մի քանի արարծների։ Կարելի էր համարել մարտի առավելությունը նրանց կողմն էր, մինչև հայտնվեց Ֆլամեն և իր մեջ առավ Գրինյուսին։ Տարածվող ջերմությունից ագռավներն ու մողեսները ճողոպրեցին, իսկ Գրինյուսը ինքնապաշտպանության պղտոր ջրի շիթերը բաց թողեց Ֆլամեի վրա։ Բարձրացավ խեղդող ծուխն ու գոլորշին։ Դավիդը հազալով ետ քաշվեց։ Կիսատվող Ֆլամեին լրացնում էին նրա հրե զավակները և Գրինյուսի ուժերը նկատելի ջլատվում էր։

- Էդգա՛ր սրտիկնե՛րը,- կարծես հիշելով, գոչեց աղջիկը։

- Այո՛, սանձե՛լ է պետք այս անիրավին,- Վառվեցե՛ք սրտիկնե՛ր,- միաբերան գոչեցին նրանք։ Փոքրիկ երկնագույն կրակներից Ֆլամեն իջնելով տարածվեց գետնով, մի կողմ քաշվելով, հայտնվեց հրապարակից դուրս, նորից վերածվեց հրե կնոջ։ Նրանք ստիպված թաքցրեցին սրտիկները, երբ նորից երևացին ագռավների և մողեսների բանակները համալրված։

- Տե՛ս, նրանց շարքերը ավելի են խտացել,- սարսափահար նկատեց աղջիկը։

- Այո՛, բայց մ՛ի մոռացիր, թե որքա՛ն շատ էին նրանց ձագերը այն լեռնային միջանցքում։

Հոլի պես պտտվելով, սրահից դուրս եկավ Վանդևը, վերածվելով Կուբիկի, անցավ դիվային բանակի գլուխը, հրամայելով,- Նե՛ս, դեպի՛ սրահ։

- Այնտեղ Արեգանի՛ն է- գոչեց Էմմին,- Նրանք կհոշոտեն նրան, որտե՞ղ է Դավիդը,- շուրջը նայելով, աղջիկը շտապեց ներս մտնել, նրան հետևեցին Գրինյուսն ու Էդգարը։  

четверг, 11 ноября 2021 г.

                                                       

                                                                 ՈՍԿՅԱ ՇԻՎԸ 


Սև ամպերը ճեղքելով, երևաց լիալուսինը։ Նրա աղոտ դեմքից մի սև կետ պոկվեց, սրընթաց իջավ, ընկնելով տափաստանի քարաքոսների մեջ, սկսեց մեծանալ, առնելով կնոջ կերպարանք։

Նա ոտքի ելավ, ձգվեց, կարծես թարմացնելու թմրած մարմինը, ապա տնտղեց շուրջը, քայլեց, մինչև հասավ քաղաքի հրապարակ։ Լիվանը, որը, ինչպես գիտենք մնացել էր այնտեղ թիկնապահների և նախարարների հետ, նկատելով հերարձակ ու կիսամերկ կնոջը, ընդառաջ գնաց նրան,- Սամարա՜,- շողոքորթ բացականչեց նա,- Վերջապե՛ս եկա՛ր,- երբ նա հայտնվեց կնոջ դիմաց, ձեռքը մեկնեց նրան,- Տու՛ր ինձ շիվը, այն ինձ է պատկանում։

- Ո՛չ, այն ինձ է վստահված, որպես զենք, պայքարելու Հավերժության ամրոցի դեմ։

- Դեմ չեմ քո պայքարին, բայց այն ինձ հանձնելով՝ ավելի ապահով ու ուժեղ ձեռքերում կհայտնվի,- պնդեց մի աչքանի առաջնորդը և մի հայացք գցեց լուսնի կողմը։

- Ո՛չ պարոն, չե՛մ տա, այն որքանով ձերն է, նույնքան և իմն է,- Սամարան մնաց անդրդելի, հպարտ կեցվածք ընդունելով։

Վանդև-Կուբիկը իր բանակով հրապարակ բերեց գերյալներին, բանակը նորից կարգապահ շարվեց, սպասելով հրամանի։ 

Էդգարը ընկած տեղից նստեց, տեսնելով Արեգանիին անգիտակից, տեղից վեր թռավ, ձեռքն առաջ մեկնելով, նրան միացավ Էմմին և միասին գոչեցին,- Վառվի՛ր սրտիկ,- Արեգանին աչքերը բացեց, ծանրացած ոտքի կանգնեց։

- Ա՛խ դու անիրավ՝ մեր մեր ներկայությամբ մեր դե՞մ ես գործում,- մինչ հարված ստանալը, նրանք հասցրեցին թաքցնել սրտիկները։

Ագռավների առաջնորդը կատաղեց, բարձրացավ ուժեղ քամի, միայն մեկ անգամ փայլատակեց կուրացնող կայծակը։

Լիվանը մի ծածուկ հայացք գցեց Սամարային, որը աշխատում էր մնալ աննկատ։

Արեգանիին քարշ տվեցին մութ զնդանը։

- Հավերժության ամրոցի տերը բանտված է,- հաղթական դիրք ընդունելով, գոչեց Կուբիկը,- Նշանակում է մենք հաղթանակի շեմին ենք, իսկ դու՛, աղջի՛կ այլ ընտրանք չունես, վերադարձրո՛ւ մեզ ա՛յն, ինչը իսկապես մեզ է պատկանում։

Չղջիկ-թիկնապահները շրջապատեցին տերերին,- Սամարա՛ մի՞թե ասելիք չունես,- ձեռքերը ետևն արած, Կուբիկը դանդաղ մոտեցավ կնոջը։

-  Դուք ինձ ևս հակառակո՞րդ եք համարում, չէ՞որ ես նույնպես լուսնի ծնունդն եմ, թէև քիչ ուշացած։

- Խորամանկ կի՛ն, եթե փորձում ես ընդդիմանալ մեզ, ապա այո՛, հակառակորդ ես,- ըմբոստացավ Վանդևը, մի կող քաշվելով։ Հրապարակով թնդաց նրա հրամանը,- Պատժե՛լ նրան և տիրանա՛լ ոսկյա շիվին։

Հրապարակը դղրդաց խլացնող անսովոր աղմուկից, միաժամանակ երկինքը մթնեց։ Վայրկյաններ տիրեց խավարը։ Երևաց լուսնի դժգոհ դեմքը, նորից թաքնվելով սև ամպերի տակ։

Այդ իրարանցման մեջ պատանին ու աղջիկը հուսահատ նստել էին, թիկունքով իրար հենված, մի պահ կարծես նրանց մոռացել էին։ Երբ խավարը անցավ, երևացին Լիվանն ու Վանդևը՝ Լիվանը ինքնագոհ՝ ձեռքի մեջ շուռ ու մուռ էր տալիս ոսկյա շիվը, իսկ Սամարան անհետացել էր․․․