среда, 17 апреля 2019 г.

Հուսադրող վրանները (596-րդը)


Որքան էլ ցրտեր եղանակը,  արաբ երիտասարդներին ոչինչ չէր կարող խանգարել ակտիվ կյանք վարելու, անգամ վրաններում։ Ուստի յուրաքանչյուր անգամ գումար ստանալը նրանց համար վեր էր ածվում իսկական տոնի։ Ողջ օրը գնդակ խաղալուց հետո, երեկոյան սկսում էին ճաշ պատրաստել, ինչն արդեն սովորույթ էր դարձել համարյա բոլոր մուսուլմանների մոտ։
Յուրաքանչյուրը, գումար ստանալով, շտապում էր մարկետ, գնումներ կատարելու, վերադառնալուց հետո, մինչև ուշ երեկո հերթ էր կանգնում դրսի սալօջախների մոտ։
Հատկապես նման օրերին, դառնում էի անգո և թվում էր՝ ես անտեսանելի եմ, սակայն ես կայի և վաղուց ճամբարում էի։ Նման տխուր իրականությամբ քաշվել էի իմ անկյունը՝ փորձելով իսկապես անէանալ աշխարհից, երբ եկավ Նաիրին։
-          Նոր վրաններ են տեղադրել, նրանց մեջ արյուն են վերցնում, ինչու՞ չեք գնում։
-          Դու արդեն տվե՞լ ես։
-          Այո՛, այ մարդ գոնե արյուն տանք,  դեռ ոչինչ, որ չենք լուսանկարվել,- ասաց նա և մի տեսակ հոգնած ու գոհ փլվեց անկողնուս։ Նրան թողնելով իր հույզերի հետ՝ շտապեցի դուրս։

Իսկապես, ճամբարի ամենավերջում՝ ճաշարանի հետևի մասում տեղադրված էին մյուս վրաններից տարբերվող երկու գմբեթաձև վրաններ։ Ինչպես ամենուր, այնտեղ էլ հերթը շատ էր և, բացառապես տղամարդիկ էին։ Նրանք թառել էին նստարաններին, իսկ մի մասը պարզապես նստել էր գետնին։ Օրն արևոտ էր, համարյա բոլորը մի աչքով էին նայում, քանի որ արևի ծակող շողքը ստիպում էր միշտ փակ պահել մյուս աչքը։ Լրացրի հերթը։ Շարքի առջևում կանգնածներն աշխատեցին փակել նաև մյուս աչքը, որպեսզի չզիջեն ինձ, որպես միակ կնոջ։
Հուսահատված ետ էի վերադառնում, երբ շարքին միացավ Ֆաթիման, ուրախացած մնացի տեղում, ուրախությունս կրկնապատկվեց, երբ վրանից դուրս եկավ Էլչիմը։ Առանց ժամանակ կորցնելու՝ մոտեցա նրան, ինձ հետևեց Ֆաթիման։ Նա իր մայրենիով, ես իմ ռուսերենով միանգամից դիմեցինք Էլչիմին՝ օգնելու արտահերթ ներս մտնելու համար։ Նրան մնում էր մի պահ շվարած մեզ նայել, ապա պատասխանել․
-          Տվե՛ք բժշկական քարտերը տեսնեմ ի՞նչ կարող եմ անել, չնայած հույս չունեմ,- կիսամերժողական պատասխանից հետո, նա մեր փաստաթղթերով ներս մտավ։
Ես ու ֆաթիման հաղթանակածի տրամադրությամբ մի հայացք գցեցինք առաջին կանգնածին, իսկ նա, իր հերթին, մեզ արժանացրեց իր թարս նայվածքին։ Այն մեզ  չհուզեց, երբ Էլչիմը դուրս եկավ՝ առանց մեր թղթերի։
-          Սպասե՛ք, հիմա ձեզ կկանչեն,- ռոսերենով ինձ ասաց, իսկ Ֆաթիմայի լեզվով նրան։
Ավելի ոգևորված՝ մենք շարքից դուրս եկանք, կանգնեցինք անմիջապես դռան առջև, որպեսզի մեր տեղը հանկարծ ուրիշը չմտներ։
Սպասեցինք միայն մի քանի րոպեներ։
Բրեզենտե դռան արանքից երևաց աշխատակցի գլուխը, նա մեզ ձեռքով ներս հրավիրեց։ Այնուհետև Ֆաթիմայի հետ ներս մտանք տարբեր դռներից։
Վրանը ներսից բաժանված էր մասերի, որտեղ ինձ ուղեկցեց դռնից երևացած գլուխը. այնտեղ սպասում էին երեք կին-աշխատողներ։ Նրանցից միայն մեկն էր արտահագուստով։
Ինձ մոտեցավ հիսունն անց, երկար, թափված գանգուրներով, նիհար կինը, պահանջեց բարձրացնել հագուստս ( ակամա հիշեցի պատերազմի մասին ֆիլմից կադրեր, երբ գերմանացի գեստապոյական կանայք նման կերպ ստուգում էին գերյալ կանանց)։ Մաշկս զննելուց հետո, նա ինձ կռացրեց և սկսեց մանրակրկիտ նայել գլխիս մաշկը՝ մազերով հանդերձ։ Երբ ոչ մի կենդանի արարած էլ չգտան, նստացրին աթոռին, արտահագուստով կինը ծակեց իմ երակը։  Քիչ էր մնում սրվակը լցվեր, երբ գլուխս սկսեց թմրել, նա նայեց դեմքիս և արագ հանեց ասեղը։ Այնուհետև պառկեցրին, մի կտոր շաքարով գլուխս կարգի բերեցին։ Քիչ հետո օրորվելով դուրս եկա, քայլեցի հաջորդ վրան՝ քարտի հետևից, որի հակառակ երեսին մեծ կնիք էին խփել։
Որքան էլ երևույթը տհաճ լիներ, ուրախ էի, քանի որ արդեն մեկ քայլով, իսկապես, մոտեցել էի «տրանսֆերին»։

Комментариев нет:

Отправить комментарий