понедельник, 22 апреля 2019 г.

Նրանք եկան անձրևի հետ(596-րդը)


Վրացի ընտանիքը նոր վրանում  փակվեց ինքն իր մեջ։  Բաչոի ու Նաիրիի հեռանալով, այլևս ընտանիքից դուրս նրանք ոչ ոքի հետ չէին շփվում։ Որքան էլ դժվար, ինձ վիճակված էր լինել նրանց դրկիցը, իսկ նրանք նոր միջավայրում իմ միակ հին ծանոթներն էին։ Օրեր հետո,մի առավոտ, մոտեցավ Նաթոն՝ թեյնիկը ձեռքին։
-          Թեյ կուզե՞ք։
-          Այո՛, քանի որ այստեղ  միացնելու հարմարանք չկա,- պատասխանի հետ բաժակը պահեցի, որպեսզի լցներ։
-          Գիտե՞ք՝ վաղը մեզ նույնպես տանում են Թրիր լուսանկարելու,- թեյը լցնելիս՝ հայտնեց նա։
-          Ո՛չ,- որքան էլ անտեղյակությունից տխրեի, նրա հայտնած լուրն ինձ ուրախացրեց։
-          Երբ թեյ եք ուզում, մոտեցեք մեր թեյնիկից վերցրեք՝ անկախ այն բանից, մենք այստեղ ենք, թե ոչ,- ասաց նա՝ ժպտալով հեռացավ՝ նրա ժպիտը թախծոտ էր։ Ես միայն գլխով արեցի, որպես շնորհակալություն, քանի որ արդեն վաղուց խոսելն ինձ համար դադարել էր շփման միջոց լինել, իսկ նրա տրամադրությունը հեռու էր զրուցակից լինելուց։
Երեկոյան սկսվեց տեղատարափ անձրևը, միաժամանակ բակ մտան մի քանի ավտոբուսներ՝ հին փախստականների տեղը լրացնելով նորերով։ Ջրի շիթերը չռռում էին ավտոբուսների չորս կողմերից, իսկ փախստականներն, իջնելով՝ աշխատակիցների ուղեկցությամբ, երեխաները թևերից կախ ընկած, շտապում էին ճամբարի պռկին գտնվող կանաչ վրանը, որը կառուցվել էր  այդ  նպատակով։ Այնտեղ նրանց անմիջապես շարք էին կանգնեցնում և հերթով ստուգում էին Թրիրում ստացած փաստաթուղթը։ Այնուհետև բաժանում էին սպիտակեղեն և յուրաքանչյուր աշխատակից հերթով մի քանի հոգու ուղեկցում էր տարբեր վրաններ։ Անձրևը բոլորին ստիպում էր  ամեն ինչ կատարել վազքով, ուստի նույնկերպ վազելով ու  հևալով, եկավ Սևդան։
-          Բարի երեկո,- մաղթեց նա և հոգնությունից ընկավ միջանցքում դրված կարմիր նստարանին։
-          Բարև, ի՞նչ է պատահել։
-          Գիտե՞ք մեզ «տրանսֆեր» են անում,- ուրախացած հայտնեց նա։
-          Շնորհավորում եմ,- պատասխանի հետ՝ հոգուս խորքում էլ  սարսափելով ավելի մենակ մնալուց։
-          Բայց Էլչիմը չի ուզում տեղափոխվել։
-          Ինչու՞,- զարմացա ես և քիչ սրտապնդվեցի լսածից։
-          Նրա հորաքույրը Գերմանիայում է ապրում, դիմում է ներկայացրել, որպեսզի մեզ տեղափոխեն  իր մոտ։
-          Իսկ դա հնարավո՞ր  տարբերակ է։
-          Նա հաշմանադամ է և խնամքի կարիք ունի, այո՛, հնարավոր է։
-          Քո սրտո՞վ է նրա որոշումը։
-          Ինձ համար միևնույն է, միայն թե դուրս գանք այստեղից, աղջիկս հաճախ հիվանդանում է, չգիտեմ՝ սնունդի՞ց է, թե՞ ցրտից,- տխրեց նա, այնուհետև ժպտալով շարունակեց,- իսկ գիտե՞ք նոր փախստականների մեջ հայ ընտանիք կա։
-          Ո՛չ։
-          Նրանք տեղավորվեցին մեր վրանը, որպեսզի Կամայենց մոտիկ լինեն։
-          Ծանոթնե՞ր են, թե՞ բարեկամներ։
-          Ո՛չ, պարզապես, որպես հայրենակիցներ, Ազոն բերեց տեղավորեց։
-          Ճիշտ է արել։ Այստեղ մենակությունը սարսափելի է։
-          Եկե՛ք գնանք մեզ մոտ։
-          Ո՛չ, ուզում եմ  ավարտել այս գործը,- նրան ցույց տվեցի Նաիրիի գնած տետրը։
-          Ա՜, դուք գիրք եք գրում, գիտեմ։ Ինչի՞ մասին է,- հետաքրքրվեց նա։
-          Մարդու,- իմ  պատասխանից նա զարմանքով նայեց ինձ։
-          Մարդու՞, հետաքրքիր է, իսկ ես կա՞մ այնտեղ՝ որպես մարդ։
-          Իհարկե, բայց ոչ այս գրքում՝ հաջորդում անպայման, սա ընդհանուր մարդկության մասին է․․․ այն վերնագրել եմ «Մարդն ընդդեմ մարդկության»։
-          Այդքան շատ ի՞նչ կարելի է գրել մարդու մասին։
-          Չգիտեմ, վերջում կերեևա։
-          Գիտե՞ք՝ բոլորը ինձ հարց են տալիս, թե այդ կինն ի՞նչ է գրում այդքան  շատ, իսկ ես չգիտեմ՝ ինչ պատասխանել։
-          Այդպես ավելի լավ է։
-          Մեր վրանում ապրող հային նորից հիվանդանոց տարան։
-          Ո՞ր մեկին։
-          Երևի տեսած կլինեք՝ նիհար, փոքրամարմին կին է, անունը՝ Հասո։
-          Գուցե տեսել եմ,- չկողմնորոշվելով ուսերս վեր քաշեցի ես։
-          Հիշու՞մ եք՝ միասին եկեղեցի եք գնացել։
-          Ա՜, այն հղի կի՞նը,- հիշելով ծոր տվեցի ես։
-          Այո, բայց նա հղի չէր, հիվանդ է։
-          Ցավում եմ, Իսկ ի՞նչ հիվանդ է։
-          Աղիքները չեն գործում և ամիսը մեկ անգամ արհեստական մաքրում են։
Տխրեցի։ Այդ միջոցին չմուշկ քշող պատանին ուժով մեկ հարվածեց իմ մահճակալին, Սևդան տեղից վեր թռավ, իսկ ես մոռացա՝ ինչի համար էի տխրել․
-          Սա ի՞նչ էր։
-          Այստեղ այդպես է։
-          Մեր վրանն էլ է մեծ, բայց նման բան չկա, մեր մահճակալները դրված են նաև մեջտեղում և ամենուր։
-          Այո՛, ձեզ մոտ համեմատաբար հանգիստ է, իսկ առաջին անգամ, երբ մտա ձեր վրան նույնպես վախեցա, բայց ավելի վատ տեղ ընկա։
-          Կարևորը ժամանակավոր է, ի դեպ ե՞րբ են ձեզ  լուսանկարելու։
-          Չգիտեմ, ասում են՝ վաղը պետք է Թրիր գնանք։
-          Լավ կլիներ, մենք կարողացանք այստեղ նկարվել։ Էլչիմը արտահերթ մեզ էլ տարավ։
Աղմուկն ավելի սաստկացավ, երբ վրան մտան տասնյակի մոտ նորեկներ՝ մենեջեր Նաթիի ուղեկցությամբ։
-          Դե ես գնամ, տեսնում եմ՝ զրուցելն անհնար է դառնում,- Սևդան դուրս եկավ, ինքս  մնացի նստած։
Նաթին սկսեց պտտվել իմ մահճակալի շուրջը, մոտեցավ ինձ։
-          Մենա՞կ եք,- հարցրեց նա, ցույց տալով մահճակալը, իսկ երկրորդ հարկում, երևում էր Նաիրիի թողած հյութն ու  չհարդարված անկողինը։
Ոչ այն էր սուտ խոսեի, ոչ այն էր խոստովանեի, ուստի միայն գլուխս բացասաբար շարժեցի։ Նա մի պահ նայեց ինձ, ժպտաց, ձեռքը բարեկամաբար դրեց ուսիս, կամաց շշնջաց,- Ամեն ինչ կարգին է,- ես կարողացա հասկանալ՝ նա մահճակալը զիջեց ինձ։

Комментариев нет:

Отправить комментарий