воскресенье, 14 апреля 2019 г.

Նրանք գալիս էին կամավոր(596-րդը)


Ինչպես միշտ, վրանի կենվորների համար լուսաբացն սկսվում էր Էրմանի խմբակային աղոթքով, բայց ինչու՞ անպայման իմ մահճակալի մոտ, մինչ օրս էլ չեմ կարողանում հասկանալ։
Մյուս վրաններն ավելի վաղ էին արթնացել։ Տեղափոխվում էին հարյուրավոր մարդիկ։ Եթե առաջ ինձ համար օտար էր տեղափոխության արարողությունը, քանի որ կարծում էի դեռ վաղ էր՝ այժմ մի տեսակ ցանկություն էր առաջանում հայտնվել նրանց շարքերում, բայց հասկանալի պատճառով իմ ցանկությունն ակամա փոխվում էր տխրության և մնում էի կողքից նայելով, իսկ հոգուս խորքում՝ հերթի սպասելով։
Ավտոբուսները դեռ չկային, բայց մարդիկ այնպիսի արագությամբ էին նախապատրաստվում  և, դեռ լույսը չծագած, ձեռք բերած իրերով հայտնվում էին անցակետի մոտ, թվում էր՝ նրանք փախչում են ճամբարից, որտեղ եկել էին կամավոր և իհարկե մեծ ջանքերով։
Երկինքը կապտելու հետ բակ մտան չորս ավտոբուսները։ Սպասողների մեջ նկատելի շարժ անցավ, և յուրաքանչյուրն, իր բաժին ծանր ճամպրուկը քարշ տալով, մի կերպ հայտնվեց ավտոբուսի դռան մոտ։  Երբ ավտոբուսները շարժվեցին՝ տանելով իրենց հետ փախստականներին, հետևում թողնելով միայն մեծ ցանցերով կեղտոտ սպիտակեղեն,  թվաց՝ ճամբարը թեթևացած շունչ քաշեց։ Խաղաղ էր ամենուր, լսվում էր միայն  մոտակա օդնավակայանից վեր խոյացող ինքնաթիռների հռնդյունը։
Գերմանացի հայր ու աղջիկը սկսեցին մաքրել լվացարանները և զուգարանները ուժեղ ջրի շիթով։ Ճաշարանը դատարկ էր և մաքուր։ Առանց հերթի վերցրի նախաճաշը, այնուհետև շտապեցի լողանալ։
Օրը բաժանվեց երկու կեսի, թվաց մի քանի ժամ հետո ավտոբուսները վերադարձան նույն ուղևորներով, բայց ավտոբուսներից իջնում էին անծանոթ և ավելի օտար դեմքեր, իսկ գուցե հոգի՞ս էր օր օրի խռովում մենակությունից։ Գուցե․․․
Նոր փախստականները հիմնականում քրդեր և աֆղաններ էին։ Արաբներ համարյա չկային։
Հաջորդ առավոտյան ճամբարն արդեն եռռում էր։ Աղմուկն ավելի անտանելի էր դարձել։ Նորեկ երեխաներն էլ ավելի չարաճճի էին ու շարժունակ։ Նրանք մի տեսակ վայրի էին դառնում, երբ իրար հրմշտում էին՝ թքելով իրար վրա։ Նրանց ծնողները երկար ժամեր տարված էին մահճակալների  սավանապատումով, իսկ աշխատակիցները վրաններից հայթհայթում էին օգտագործված սպիտակեղեն՝ տրամադրելու մահճակալակացարանային կառուցապատմանը։
Վերջապես՝ ուշ գիշերին ճամբարի վրա ծանր մրափ իջավ։ Միայն երկու «սեքյուրիթի» պահակակետում դուրս ու ներս էին անում։
Նաիրին արթնացավ վաղ։
-          Այսօր գումարի օր է։ Գիտեք չէ՞, միշտ, նոր փախստականներ բերելու հաջորդ օրը գումար են տալիս, հայտարարեց Նաիրին,ցատկելով հատակին,- գնում եմ նախաճաշի, տվե՛ք ձեր քարտը։
Այդ պահին դուռը բացվեց, լացելով ներս մտավ վրանի վերևի անկյունում ապրող փոքրիկ արաբը, իսկ հայրը նրա հետևից ոտքով դնգստում էր արդեն հեկեկացող տղային։ Քարտը Նաիրիին տվեցի, իսկ ես շարունակեցի հետևել խեղճ երեխային։ Նա մոտեցավ ընկավ արձանի պես նստած մոր գիրկը, իսկ նա, առանց փոխելու դեմքի արտահայտությունը, թեթևակի շոյեց քրտինքից թրջված տղայի գլուխը։ Այնուհետև տղան նստեց մոր կողքը, սկսեց խոսել ու խոսել լաց լինելով, իսկ այդ փոքրամարմին, կուչ եկած կինը խուլ շշնջում էր և շարունակ շոյում էր փոքրիկի գլուխը։

Комментариев нет:

Отправить комментарий