четверг, 18 апреля 2019 г.

Ռամադանը (596-րդը)


Ինձ համար աշխարհում բոլոր գոյություն ունեցող կրոնների սկիզբը միակ Աստվածն է, իսկ յուրաքանչյուր կրոնի հիմնադիրը՝ սեփական գաղափարով հավերժանալու անհատն է, և ինչպես պատմությունը ցույց է տվել,  կրոնի յուրաքանչյուր ճյուղ կրում է մարդ- անհատի անունը, և բոլոր կրոնական տոները բխում են նույն Աստվածաշնչյան աղբյուրից՝ աննշան փոփոխությունների ենթարկված։
Քանի որ չեմ հասկանում քրիստոնյա աշխարհի տոները, առավել ևս չեմ կարող հասկանալ իսլամական աշխարհինը,  իսկ նրանք ճամբարում, որպես մեծամասնություն,  վաղ առավոտից նախապատրաստվում էին նշելու իրենց համար կարևոր տոներից մեկը՝ «Ռամադանը»։
Փոքր վրանում ջանասիրաբար պատրաստում էին արաբական ազգային կերակուրներ, ինչպես արդեն նշել եմ, հիմնականում բրինձ։ Աշխատանքներին հետևում էր և անհրաժեշտ մթերքներով տղաներին ապահովում էր Յուսուֆը, բայց որտեղից և ինչպես՝ ոչ ոք գլուխ չէր հանում։
Ընթրիքին վրանի տղաները քրիստոնյաներին և մյուս պասիվ մուսուլմաններին բաժանեցին բրնձով փլավ, սոուս և մեկական բանան։
Պարտադիր չէր սոված լինել, բոլորը վերցնում էին՝ սովորության համաձայն, այնուհետև համտեսելուց հետո ետ հրում՝ ուտելով միայն սոուսը և բանանը։ Ինձ համար հետաքրքիր էր՝ ինչու՞։ Երբ ինքս էլ համտեսեցի այն, պարզվեց՝ փլավն այրված համ ուներ։
Խոհարարներին չվիրավորելու համար հերթով դուրս էին գալիս, փլավն աննկատ  շպրտում աղբամանը։ Ես նույնպես հետևեցի նրանց օրինակին, պարզապես չուտելով այն։
Ընթրիքը վաղուց ավարտվել էր։ Արաբ տղաները նույն փութաջանությամբ վրանի մի ծայրից մյուսը սեղան էին պատրաստում սպասվող հյուրերի համար։ Եվ, ահա, երբ արդեն  հատվել էր սեղանի շուրջը նստածների համբերությունը, սպասվող հյուրերի փոխարեն եկավ հյուրը՝ նիհար ու բարձրահասակ մի գերմանուհի, նրան բոլորս առաջին անգամ էինք տեսնում։ Երկար համբերությանը զոհ դարձած տղաները,  սկսեցին արագ և իհարկե ախորժակով ըմբոշխնել սեփական ձեռքերով պատրաստած ուտեստները։
Կարճ ժամանակ անց հյուրը հրաժեշտ տվեց։ Նրան ուղեկցեց Յուսուֆը, այնուհետև  շտապեց միանալ ընկերներին։
Գուցե ուտելի՞քը վերջացավ, գուցե հոգնությո՞ւնը հաղթեց, ինչևէ, շուտով սկսեցին  հավաքել երկար սեղանը, իսկ փլավով կաթսան՝ քիչ կիսատված այդպես էլ մնաց հատակին, վրանի կենտրոնում։
Ինչպես միշտ Էրմանի նամազն ավետեց լուսաբացը։ Այն տևեց այնքան, մինչև երկինքը կապտեց, որից հետո, յուրաքանչյուրն՝ իր փոքրիկ փալասով, տեղափոխվեց դուրս, սկսեցին նրանց միանալ մյուս վրանների մուսուլմանները։  Պարզվեց՝ նրանք նամազով  սկսում են և շարունակում «Ռամադանը»։
Աշխատանքը եռում էր: Տոնի հիմնական մաս էր կազմում ուտելիք պատրաստելը, ուստի բոլոր գազօջախների մոտ հերթեր էին գոյացել։
Կեսօրից հետո, բակ մտավ հատուկ խոհարարական մեծ մեքենան՝ մի քանի գերմանացի խոհարարներով հանդերձ։ Այն կայանեց ճաշարանին մոտիկ, խոհարարները սկսեցին պատրաստել նույն սոուսից և բրնձե փլավից, ինչպիսին փոքր գազօջախներին պատրաստում էին մուսուլմանները։
Ընթրիքի ժամը մոտենում էր, բայց այն ժամանակին պատրաստ լինելուց դեռ հեռու էր, չնայած նախատեսված էր, որպես ընթրիք բոլոր ազուլների համար։
Հերթը վաղուց ուժի մեջ էր։ Մի քանի շարքից շարվել  էին մուսուլմանները՝ համարյա ճամբարի ողջ երիտասարդությունը։
Բավականին ուշ էր, երբ սկսեցին ընթրիքը բաժանել։ Բաժանում էին գերմանացի խոհարարները։ Նրանք մեքենայի վրայից չգիտեին՝ վեր պարզած ձեռքերից, որը, քանի անգամ էր վերցնում բաժանվող ուտելիքը։ Այնպիսի տպավորություն էր, կարծես, քրիստոնյաները սպասարկում էին մուսուլմաններին։
Երբ հերթը վերածվեց պարզապես զանգվածի, քրիստոնյաները մի պահ դուրս մղվեցին՝ մնալով դիտորդի դերում, բայց երբ հերթ կանգնածները սկսեցին յուրաքանչյուրը մի քանի անգամ փախցնել ընթրիքը, նրանք փորձեցին վերադառնալ  հերթի մեջ։
Մուսուլմանները սկսեցին իրար քաշքշել։ Աղմուկն ու խառնաշփոթը փոխվեց ծեծկռտուքի։ Առջևում կանգնած աֆղաններն ու արաբները իրար ծեծում էին ամենավայրի կերպով։ Քրիստոնյաները նորից դուրս մղվեցին հերթից։ Անկարգությունը շարունակվեց այնքան ժամանակ, մինչև լսվեց ոստիկանության մեքենայի ազդանշանը։ Բոլոր ծեծվողներն ու ծեծողները ոտքի կանգնեցին, իսկ ամենատակի երիտասարդը,  թվաց՝ ցեխից էր շինված։ Ոստիկանների ներկայությունը մեզ համար բարեբեր եղավ, չնայած արդեն ուշ էր ընթրելու համար, բայց մեզ էլ  բաժին հասավ մի քիչ սոուս և փլավ, իհարկե, առանց նրանց կողմից նախատեսված տոնական հյութի և մրգի։ Այսպիսով, ճամբարում առիթ ունեցա ծանոթանալու իսլամական աշխարհի կարևորագույն  տոներից մեկին։

Комментариев нет:

Отправить комментарий