воскресенье, 30 июня 2019 г.

Փաստաբանը մերժեց (596-րդը)


-          Մի շաբաթից կգա՞ս Կոբլենց,- տանից դուրս գալուց հարցրեց Մանեն։ Նրա հարցին  արձագանքեց իմ մշտական զարմանքը։
-          Ինչի՞ համար։
-          Պետք է քեզ համար փաստաբան գտնենք,- Իհարկե  տխրեցի, քանի որ ես էլ պետք է ընկնեի նման քաշքշուկների մեջ, ինչպես բոլոր ազուլներ՝ բացառությամբ սիրիացիների և մի քանի այլ մուսուլմանների, որոնք Գերմանիայի կողմից ստացել էին բոլոր արտոնությունները։
-          Կգամ,- համաձայնվեցի և դուրս եկա։

Միշտ մենակ էի, բնականաբար և հոգով մոլոր, ուստի յուրաքանչյուր ավտոբուսից հետո, մի քանի ժամ կանգառում կորցնելը ինձ համար դարձել էր սովորական, միաժամանակ անտանելի այդ սովորականը։
Տեղ հասա, երեկոյան վեցից հետ։ Ուզում էի խանութ գնալ՝ մի քանի ուտելիք գնելու, քանի որ առավոտից ոչինչ չէի կերել, բայց երբ անձրևներից մամռակալած աստիճաններով վերջապես իջա ներքնահարկ, ինչպես ամեն անգամ, ախորժակս կորցրի, քանի որ այնտեղից  փչում էր անտանելի տիղմահոտը։ Ներս ընկա, տապալվեցի անկողնուն մինչև հաջորդ առավոտ։
Առավոտյան արթնացա ծանրացած գլխով, թմրած թևերեվ, ուռած աչքերով։ Երերալով հասա լվացարան, երկա՜ր լվացվեցի, դուրս եկա՝ րոպե առաջ ներկայանալու սոցիալին։ Ինչպես միշտ, ֆրաու Շուլցը տեղում էր։ Նա, մաստակը ծամելով, գլուխը բարձրացրեց համակարգիչից։
-          Հալլօ,- տեսնելով ինձ՝ արտաբերեց նա,- Ի՞նչ կա։- Իհարկե ուրախացա նման հարցից, քանի որ, դա նշանակում էր՝ «ամեն ինչ կարգին է»։
-          Ոչինչ, պարզապես եկա ներկայանալու,- անկապ պատասխանեցի նրան։
-          Չուզ,- անմիջապես հետևեց ֆրաու Շուլցի պատասխանը, որն էլ ինձ դուրս մղեց գրասենյակից։
Որքան էլ կոպիտ կամ անտարբեր լիներ ֆրաու Շուլցի վերաբերմունքը, միևնույն է՝ գոհ էի մնում միայն նրա համար, երբ խնդիրներ չէին ծագում իմ կողմից, թեկուզ թյուրիմացաբար, ինչպես լինում էր երբեմն։ Ուրախացած դուրս եկա, ուղղվեցի հիվանդանոց։ Պետք է անցնեի հեթրական բուժզննումը, բայց այն փակ գտնելով, վերադարձա։
Վաղ առավոտյան զանգահարեց Մանեն․
-          Ե՞րբ կարող ես գալ Կոբլենց,- Իհարկե սպասում էի նման հարցի, բայց չգիտես ինչու՞ նորից տհաճություն զգացի պարտադրված լինելուց։
-          Ազատ եմ, քամու պես, տես թե քեզ ե՞րբ է հարմար։- Իմ անտեր վիճակը վերագրեցի ազատության, և այն ինձ համար իհարկե այլ հասկացություն ուներ։ Նա նշեց  հանդիպման ժամը, իսկ տեղն ինձ համար միայն կայարանն էր, քանի որ ցանկացած քաղաք ինձ համար կայարան էր՝ Կոբլենցը նույնպես։
Առաջին անգամ ճանապարհ էի դուրս գալիս առանց ճամպրուկի։ Ինձ զգում էի ինչպես ճախրող թռչուն։ Ավտոբուսից հետո նստեցի գնացք և ընդամենը մեկ ժամ հետո Կոբլենցի կայարանում էի։ Դեռ նոր էի մտել սպասասրահ, երբ զանգ եկավ հեռախոսի վրա։ Մանեն էր։ Դուրս եկա հակառակ կողմից՝ նա շտապում էր դեպի իմ կողմը։ Իհարկե ուրախալի էր ինձ համար, քանի որ միշտ չէ, երբ առաջին անգամից կարողանում էի գնալ ճիշտ ուղղությամբ։
-          Բարև, որքան հեշտ գտանք միմիյանց,- ուրախացա՝ տեսնելով նրան։
-          Արի արագացնենք, Պետերը սպասում է քիչ հեռվում։
-          Նա՞ է քեզ բերել։
-          Այո։
-          Ինչ լավ է, բավականին ժամանակ կշահենք, երեխաները երկար չեն մնա առանց քեզ,- ուրախացա ես, և վազեցինք դեպի երևացող մեքենան։
Պետերը, ոչ այնքան կենսուրախ մարդ էր, որքան հավասարակշռված։ Նա ժպտալով պատասխանեց իմ «Հալլօին», և մենք նրա մեքենայով սլացանք Կոբլենցի փողոցներով՝ փաստաբան գտնելու։
Շենքը, որտեղ մտանք, քաղաքի կենտրոնում էր։ Այն մեկ հարկանի, հին շինություն էր։ Ներսը նույնպես անշուք էր՝ կահույքը հնամաշ։ Մեր գտած փաստաբանը տարիքով  տղամարդ էր, նիհար, բարձրահասակ, շիկահեր, սառը հայացքով։ Փաստաբանի մոտ մտանք միայն ես և Մանեն, իսկ Պետերը մնաց նախասրահում։
-          Հալլօ,- բարևելուց հետո առաջացանք։
-          Հալլօ, նստեք,- պատասխանեց ֆաստաբանն, ապա լսեց իմ պատմությունն, ավելի ստույգ պատճառը, այնուհետև մերժողաբար տարուբերեց գլուխը,- Գիտեի ձեզ արդեն մերժել են։ Ներեցե՛ք, բայց ես միայն մերժված գործեր եմ վերցնում, որոնք շտապ են, իսկ ձեր դեպքում չեմ կարող, դիմեք ուրիշ փաստաբանի։
-          Իսկ ինչու՞ սկզբից այդպես չէիք ասում, երբ հեռախոսով խոսում էիք։ Մենք բավականին երկար ճանապարհ ենք անցել, երկու փոքր երեխաներին տանն եմ թողել։ Նորից որտեղի՞ց այսքան կարճ ժամանակում, նման մեծ քաղաքում փնտրենք ու փաստաբան գտնենք,- տեղին վրդովեց Մանեն։
-          Ցավոք, ոչնչով օգնել չեմ կարող, բոլոր հայերին մերժում են, ահա՛, տեսեք, թե որքան գործ է հավաքվել գլխիս՝ բոլոր այս գործերը մերժված հայերինն են,- պատասխանեց նա՝ ցույց տալով շարված գործերը։- Ձերը վերցնեմ, որպես ի՞նչ։
-          Ինչու՞ են հայերին մերժում,- անսպասելիորեն հարց տվեց Մանեն, որից փաստաբանը մի պահ նայեց մեր մերժված դեմքին, ապա պատասխանեց։
-          Որովհետև հիմնավոր պատճառ չեն ներկայացնում։ Պատճառները նեղ անձնական են, ուստի և մերժվում են։
Նրա պատասխանից մենք մնացինք լուռ ու գլխիկոր, քիչ հետո Մանեն նորից դիմեց նրան․
-          Հիմա մենք ու՞ր գնանք։ Ստացվում է՝ այսքան ճանապարհն անտեղի՞ ենք եկել։
-          Ո՛չ, անտեղի չեք եկել։ Կարող եմ ուրիշ փաստաբանի հասցե տալ, ազգությամբ թուրք է, հուսով եմ՝ ձեզ չի մերժի։
-          Տվե՛ք,- կարծես մի բան ունենալու համար ի միջիալյոց արտաբերեց Մանեն, և մեզ մերժող գերմանացի փաստաբանը տվեց թղթի մի կտոր՝ վրան գրված թուրք փաստաբանի հասցեն։ Իհարկե դուրս եկանք անտրամադիր։ Պետերը տեսնելով ոտքի կանգնեց։
-          Ինչ որ բան այն չէ՞։
-          Նա մեզ մերժեց, մեր գործը չվերցրեց,- ավելի շուտ բողոքեց Մանեն, քան պատասխանեց նրա հարցին։
-          Հիմա ի՞նչ պետք է անենք, ե՞տ գնանք,- զարմացավ Պետերը։
-          Ո՛չ, նա մի հասցե տվեց, ասաց այդ փաստաբանն ազգությամբ թուրք է,- պատասխանի հետ Մանեն հասցեն տվեց Պետերին։ Նա աչքի տակով նայեց հասցեին․
-          Սա մոտերքում է, նույնպես կետրոնում է։
Մանեի ընտանիքի բարեկամ Պետերի բացատրելուց հետո, նորից նստեցինք նրա  մեքենան և  տևական ժամանակ ընթանում էինք Կոբլենցի փողոցներով։

пятница, 28 июня 2019 г.

Ճանապարհնե՜ր, ճանապարհնե՜ր․․․(596-րդը)


Տուն մտնելով՝ հավաքվեցի, որպեսզի հաջորդ օրը մեկնեի Մանեի մոտ, քանի որ իսկապես լինում էին պահեր, կարծես աշխարհի բոլոր քարերը կախ էին ընկնում սրտիցս և անկարող էի մենակ քարշ տալ այդ ծանրությունը։ Թվում էր՝ օդը կոկորդիցս ներքև չէր իջնում, և ուր որէ մարմինս անշունչ կփռվեր գետնին, իսկ ու՞մ ինչ, թե մի ազուլ էլ պետք է պակասեր աշխարհից։ Ուստի անհայտ ներքնահարկում ամեն անգամ ուժերս հավաքում էի ողջ մնալու, և ստացվում էր, թեկուզ ամեն առավոտ ինձ դուրս էի նետում՝ նորից օդ հավաքելու։
Նույն ճամպրուկը, նույն ճանապարհով քարշ տալով ավտոբուսից ավտոբուս, իսկ հերթական ավտոբուսից էլ գնացք և ահա վերջապես կանգ առա Մանեի դռան առջև։
Ինչպես արդեն նշել եմ՝ բնակարանն անհարմար էր ու փոքր, բայց հարազատ դեմքերի ներկայությունն այն մղում էր ետին պլան և ամիսների լռությունից հետո մենք սկսում էինք շատախոսել։ Ինչպես միշտ, փոքրիկ Էռնան գիրկս էր։ Քիչ հետո արթնացավ նաևՀելենը։ Ինձ մնում էր համակերպվել տրված երջանկությանը՝ թեկուզ շատ հոգնած լինելով։
-          Ինչպե՞ս են գործերդ,- հետաքրքրվեցի, երբ սուրճն արդեն պատրաստ էր։
-          Լավ, բայց մեր փաստաբանը համը հանել է, հիմա մենք սպասում ենք նորից կանչեն հարցազրույցի,- ակամա տխրեց Մանեն։
-          Գոնե նոր բնակարանի հույս կա՞, ախր սա շատ փոքր է,- հոգնությունից հարցրի ես՝ ակամա տենչալով առանձին մի անկյուն՝ գոնե մի պահ հանգստանալու։
-          Չգիտեմ, մեզ նոր բնակարան չեն ուզում տալ։ Ասում են՝ գնացեք գյուղում ապրեք, եթե մեծ բնակարան եք ուզում, դե մենք էլ ինչպե՞ս գնանաք։ Այստեղ աշխատանքի գնալու համար հարմար է՝ գոնե գնացքը մոտիկ է, համ էլ շատ հարցեր կան, ես էլ պետք է աշխատեմ, երեխաներին մանկապարտեզ պետք է տամ, ինչպե՞ս գնանք՝ մեքենա չունենք, իսկ այստեղ՝ գյուղերում ոչ մանկապարտեզ կա, ոչ խանութ, ոչ բուժկետ, ոչ էլ նորմալ տրանսպորտ է աշխատում։։
-          Այո՜, ճիշտ ես, այնտեղ՝ Արենիրում  էլ էր այդպես։
-          Մեր շենքի երկրորդ հարկում մի բնակարան է ազատվում, տեսնենք կտա՞ն մեզ։
-          Մե՞ծ է։
-          Համարյա այս բնակարանի չափ է, բայց երկու ննջարան ունի, դե եթե տան, էլի վատ չէր լինի, գոնե դու քնելու տեղ կունենայիր։
-          Իմ մասին մի մտածիր, ես հյուր եմ գալիս ու գնում։ Պարզապես այս բնակարանը փոքր է ու միշտ ցուրտ, երեխաներն էլ փոքր են, այ դրա համար կուզենայի տային։
-          Սպասում ենք, տեսնենք, ինչ կասեն,- պատասխանեի հետ, Մանեն սկսեց երրեխաներին հագցնել, իսկ նրանք անդադար աղմկում էին ու վազվզում․․․
Հախենբուրգը, ինչպես և Մանդերշայդի փողոցները՝ բավականին թեքություն ունեն, կարծես քաղաքը փռված է տափակ բլրի վրա, բայց կանաչն այնքան խեղդող չէ, ինչպես այնտեղ։ Շենքերը համարյա նույնն են՝ առանց ճարտարապետական ոճի և նույն՝ հազար վեց հարյուրականների ժամանակաշրջանի։ Եվ թվում է Գերմանիան հիմնադրվել է հենց այդ թվերին։ Ինչպես Մանդերշայդում, այնտեղ էլ փողոցները  սալիկապատ ու ասֆալտապատ են  և բարեկարգ։ Մաքրություն, որպես այդպիսին խիստ չէ, պարզապես չկա թափված թուղթ ու պոլիէթիլեն։ Շենքերի լուսամուտներն ու պատշգամբները սևացել են տարներով նստած կեղտ ու փոշուց։ Գերմանիայում ամենուր համարյա այդպես է, քանի որ շենքերից մեծ մասը անբնակելի է, այդ շենքերը պահպանվում են, որպես հուշարձան, իսկ թափուր նոր տները վաճառվում են։ Մանդերշայդը չուներ կենտրոնը խորհրդանշող հրապարակ, ինչպես Հախենբուրգը։ Չուներ մարդաշատ վայր։ Այն զուտ, ինչպես նշել եմ՝ տուրիստներով մի պահ լցվում էր ու դատարկվում, իսկ Հախենբուրգը համեմատաբար մեծ է, ունի փոքրիկ հրապարակ, փոքրիկ, դեղին առյուծի արձանիկով։ Այն գույնով  և ոճոճով չի համապատասխանում շրջապատած շենքերին և հրապարակի քարե գույնին։ Այդ արձանին նայելիս՝ ինձ միշտ թվում է՝ այն շատ հետո, մեկը բերել, գիշերով  թաքուն տեղադրել է այնտեղ, հրապարկը տգեղացնելու։ Այդ հրապարակը տարին բոլոր մարդաշատ է՝ հատկապես շաբաթ և կիրակի օրերին։ Հիմնականում թոշակառու գերմանացիները այցելում են այնտեղ գտնվող  կաթոլիկ և բողոքական եկեղեցիները, ինչպես նաև սրճարան -ռեստորանները, որտեղ հիմնականում մատուցում են սուրճ, թխվածքների տեսականի, իսկ իտալական ռեստորաններում հիմնականում պիցցա։ Այդ փոքրիկ քաղաքում, կարծես մարդիկ բաժանված են խմբերի՝ ազուլները երբեք եկեղեցի չեն հաճախում, քանի որ մեծամասնությունը մուսուլմաններ են։ Նրանց կարելի է հաճախ տեսնել, ինչպես Մանդերշայդում՝ Լիդլ տանող ճամփին և հրապարակին կից ավտոկայանում։
Ճանապարհնե՜ր, ճանապարհնե՜ր՝ ամիսը մեկ կամ երկու անգամ; Անհարմար ու ծանր հոտով ավտոբուսներ, որոնք միշտ գալարվում են ոլորաններով, տանջելով մի քանի մարդկային հոգնած մարմիններ, այդ թվում նաև ինձ, իսկ հոգնության առյուծի բաժինն ընկնում է երեխաներին։ Երբ իմ նստած տեղից երկար հետևում եմ այդ երեխաներին՝ թվում է գոյատևում է ուժեղագույնը, ինչպես Սպարտայի դպրոցում։

четверг, 27 июня 2019 г.

Դասերն ավարտվեցին (596-րդը)


Երկրորդ օրը, ուղիղ մեկ ժամ ուշացած՝ դասարան մտավ սոմալեցի մի երիտասարդ՝ առանց լվացվելու, քունը դեռ գլուխը։ Կարծես դեռ տքնում էր արթնանալ՝ աշխատելով բացել կիսախուփ և ուռած աչքերը։ Նստեց ամենավերջում, անտարբեր նայեց այս ու այն կողմ։ Դասատուն ստիպված էր նրան տալ իր գիրչը, իսկ տետրի հարցն ավելի լուրջ եղավ, ես էլ ստիպված էի հրաժեշտ տալ իմ տետրի մի քանի թերթերի, բայց դեռ չէինք սկսել գրել, երբ նա տեղից վեր կացավ, ալարկոտ ուղղվեց դեպի դուռը։ Դասատուն զարմացած նայեց նրան, իսկ նա իր հերթին բռնեց փորը՝ ծամածռելով դեմքը։ Դասատուին մնում էր գլխի շարժումով համաձայնվել, և նույն պահին նա աշխուժացած լքեց դասարանը։ Առաջին և վերջին անգամ տեսա նրան դասարանում, բայց հաճախ տեսնում էի խանութի ճամփին՝ նույն գզգզված ու անլվա տեսքով։ Թվում էր՝ նա այդպիսին ծնվել էր և դեռ չէր հասցրել արթնանալ։
Դասերը տևեցին երկու ամսից ավել։ Այն բոլորի համար  մի տեսակ երկար թվաց։ Վերջին օրերին դասերին համարյա միշտ ներկա էինք լինում մի քանի հոգի։ Դասերն արդեն վերջանում էին։ Դասատուն կարևոր հայտարարություն արեց, որից ոչինչ  չհասկացա, ուստի դիմեցի չեչենուհուն։
-          Ի՞նչ է ասում նա։
-          Նա ասում է՝ քանի որ սկսվել է «Ռամադանը», ուստի դասերն ավարտվում են քսանվեցին, այսինքն մի քանի օր ավելի վաղ, քան պետք էր,- բացատրեց նա։
-          Դու ամբողջ օրը տանն ես, որտեղի՞ց ես սովորել գերմաներենը,- հետաքրքրվեցի, քանի որ իսկապես հետաքրքիր էր ինձ համար, չէ՞ որ ես էլ էի տանը շատ կարդում և վերջապես ամեն օր դասի էի գնում․․․
-          Աղջիկս դպրոց է հաճախում, դե ես էլ օգնում եմ նրա տնային աշխատանքներին, բայց կարծում եմ՝ դեռ այնքան էլ լավ չգիտեմ, խոսելու համար փորձ է հարկավոր, իսկ փորձի համար մարդիկ, որպեսզի հնարավոր լինի շփվել։
-          Իսկ հաջորդ դասերը ե՞րբ են սկսվելու,- իմ խնդրանքով դասատուին հարցրեց նա։
-          Ստույգ չեմ կարող ասել, բայց երևի սեպտեմբերի կեսերից,- պատասխանեց դասատուն, սկսեց  բարձր ծիծաղել։
-          Վաղը, երեկոյան համեցեք մեզ մոտ՝ Ռամադանին մասնակցելու, մենք շատ ուտելիք ենք պատրաստելու,- չեչենուհին դիմեց դասատուին, նա էլ իր կողմից սիրալիր ժպտաց և համաձայնվեց։ Իհարկե հոգուս խորքում ես էլ չէի հրաժարվի, բայց պարզվեց գտածս «բարեկամները» դեռ օտար էին։
Երբ դասն ավարտվեց, ներկա գտնվողներն իրար հրաժեշտ տվեցին, մինչև հաջորդ դասերի սկսվելը, այսինքն սեպտեմբեր ամիսը։ Չնայած ոչ ոքի հետ չէի մտերմացել, բայց բաժանումը տխրեցրեց ինձ։ Գուցե մշտական ուղեկից մենակությու՞նն էր, որ վաղուց ծանր նստած էր սրտիս վրա։ Գուցե։

Մուսիի կինը (596-րդը)


Դասերը սկսվում էին հաջորդ օրը։ Նորից պետք է դասի գնայի։ Ինչպես արդեն նշել եմ, իմ ամենաչսիրած զբաղմունքն էր, և այն բերել էի մանկությունից, եթե հաշվի առնենք նաև, թե որքան անընդունակ աշակերտ էի էրիթրացիներից, աֆղաններից և պարսիկներից հետո՝ այս դեպքում անտեսելով արաբներին։
Երկու շաբաթյա դադարից հետո, առաջին օրը դասի էին եկել աֆղան ամուսինները և  երիտասարդ աֆղանը, իհարկե նաև ես։
Ընդմիջումից հետո, եկավ նաև Մուսին՝ կնոջ հետ։ Նրանք իրենց հետ բերել էին ութ ամսական որդուն։ Այդ փոքրիկի աչքերը կանաչ էին, ինչպես զմրուխտը։ Նա զարմացած, երկար նայում էր շուրջը։ Մայրը նրան դրեց հատակին, միացավ դասին՝ նստելով իմ կողքի աթոռին։
-          Բարև ձեզ։
-          Բարև, Մուսիի կի՞նն եք,- հարցրի, չնայած մի անգամ տեսել էի նրանց միասին մարկետում։
-          Այո, երեխաները փոքր են, ամեն անգամ չեմ կարողանում մասնակցել դասերին,- բողոքեց նա։
-          Քանի՞ երեխա ունեք։
-          Երեք։
-          Քանի՞ տարեկան եք։
-          Քսանվեց, մեզ մոտ վաղ են ամուսնանում։ Մեծ աղջիկս արդեն երկրորդ դասարան է։
-          Մի տեսակ ստացվում է՝ ծնվել եք ամուսնանալու համար։
-          Ոչ, նաև միաժամանակ բարձրագույն եմ ավարտել։ Անկեղծ՝ չեմ դժգոհում, ես երիտասարդ կլինեմ, երբ իմ երեխաները կյանք կմտնեն։
-          Մի կողմից լավ է, մյուս կողմից էլ, մինչև նրանք մեծանում են, մեզանից բան չի մնում։
-          Դուք ինչպե՞ս եք,- հարցրեց նա ցածրաձայն, քանի որ դասատուն դասը սկսել էր։
-          Շնորհակալ եմ, լավ։
-          Ձեր աղջկան բարևեք, նա մեզ շատ է օգնել։
-          Որտեղի՞ց գիտեք իմ աղջկան,- զարմացա ես։
-          Մուսին ձեզ միասին տեսել էր պատշգամբից և ճանաչել էր նրան։ Ճամբարում միասին էինք։
-          Նա պատմում էր չեչեն ընտանիքի մասին, պարզվում է՝ դուք եք այդ ընտանիքը։ Անպայման կբարևեմ։
-          Մենք պարտական ենք նրան, երեխան գրկին, ինքն էլ հյուծված, ոչ ոքի չէր մերժում։
-          Այո, եթե հարցն առողջությանն էր վերաբերվում, ինչպե՞ս մերժեր։
-          Այստե՞ղ եք եղել արձակուրդներին։
-          Այո, եթե հաշվի չառնենք հարցազրույցի գնալը։
-          Ձեզ  հիմա են կանչել, իսկ մեզ վաղուց արդեն մերժել են,- ակամա տխեց նա։
-          Ի՞նչ տարբերություն, վաղուց մերժվել, թե մի քանի ամիս առաջ կամ հետո։
-          Այո, բայց ինձ համար չեմ մտածում, պարզապես դժվար կլինի երեխաների հետ։ Շատ եմ անհանգստանում նրանց համար։
Երբ մեր զրույցը քաղցրացավ, դասատուն հայացքով հասկացրեց՝ լռել և մենք լռեցինք։

среда, 26 июня 2019 г.

Խուճապը ստիպում է սխալ որոշում կայացնել (596-րդը)


Իրավունք չունեի բացակայելու Մանդերշայդից, և այդ իրավունքը փոխվել էր վախի՝ ես վախենում էի սոցիալից։
Հաջորդ առավոտյան ճամփա ընկա։ Արդեն ծանոթ, Գերմանիայի ճանապարհները հիմնականում անցնում էին անտառներով և ահա անտառամիջյան  ճանապարհներից մեկում անսպասելի կանգ առավ գնացքը, բոլորը դուրս նայեցին։ Իհարկե ես ոչ միայն դուրս նայեցի, այլև նայելու հետ մեկտեղ, ճամպրուկս քարշ տալով մոտեցա ելքին։ Մի ակնթարթում աշխարհը ցրտեց և մտովի ինձ համարեցի արդեն կորած ու անհայտ։ Ուզում էի դուրս գալ ու փախչել կանգնած վագոնից, բայց ու՞ր, չէ որ բոլորը հանգիստ էին տանում գնացքի խափանումը, չգիտեմ․․․ գուցե մենակությու՞նն էր իմ սարսափի ակունքը։ Գուցե։ Ցանկանալով անհետանալ ստեղծված իրադրությունից՝ առաջ էի մղվում՝ քարշ տալով ճամպրուկս։ Գուցե իմ խուճապը տեղի՞ն չէր, բայց նախազգացումս տեղը տեղին էր։ Հայտարարվեց՝ ճանապարհի խափանման պատճառը հրդեհն է: Հետևաբար, ցանկացողները պետք է լքեին գնացքը, եթե չէին ուզում նորից վերադառնալ Կոբլենց։
Որքան էլ սխալված չլինեի, երևի բոլորից առավել էի սարսափում, քանի որ առանց այդ էլ ուշ էի դուրս եկել Հախենբուրգից։ Թվում էր՝ գնացքը խափանվել է՝ գողանալու իմ մնացած ժամանակը, որպեսզի ի վերջո հայտնվեմ դրսում, ավելին՝ անտառում։ Դուրս եկա, քայլեցի՝ չիմանալով, որ կողմ գնալ, այնուհետև նորից, առանց մտածելու, նստեցի նույն գնացքը, և այն ըստ հայտարարության ետ էր դառնում Կոբլենց։ Տեղս չէի գտնում, մտածելով․ « Ասենք թե հասա Կոբլենց, այնուհետև ու՞ր, ո՞ր կողմ, չէ՞ որ օրը վերջանում է», բայց հանկարծ գնացքը նորից կանգ առավ, քարշ տալով ճամպրուկս՝ շտապեցի դուրս նետվել և ինչպիսի՜ հաջողություն՝ ստացվեց։ Գնացքը շարժվեց, իսկ ես մնացի բոլորի հետ կանգնած կանգառում։ Պատահած անհաջողությանը հետևեց հաջողությունը։ Չէր անցել վայրկյաններ, երբ հաղորդեցին եկող՝ հաջորդ գնացքի մասին։ Բոլոր ուղևորների հետ ես էլ նստեցի։
-          Գնացքը շարունակում է ճանապարհը,- արված հայտարարությունից հետո գնացքը շարժվեց։ Ինձ մոտ  շատ հազվադեպ է պատահում  չսխալվելը, ահա այդ հազվադեպերից մեկը, որն ինձ փրկեց անմիտ վերադառնալուց դեպի մեծ քաղաք, այն ինչ, մինչև Վիտլիխ մնացել էր ընդամենը մեկ կանգառ։ Ահա՛, թե ինչպես է խուճապը ստիպում մարդուն սխալ որոշում կայացնել, իսկ հաճախ այն կարող է փոխել մարդու ողջ կյանքը, իհարկե ոչ նման դեպքում։
Օրվա ճամփորդությունը սկզբից էլ, կարծես ինձ տանում էր դեպի ոչ մի տեղ, սակայն, որքան էլ մոլորյալ լինեի, հերթական ավտոբուսն ինձ հասցրեց Մանդերշայդ, երբ օրն արեն թաղվել էր մայրամուտում։ Ինչպես միշտ, վախվորած բացեցի դուռը։ Սկզբում վերև նայելով՝ մուկ չընկավ գլխիս, այնուհետև ներս մտա։ Որոշ ժամանակ մնացի լուսամուտի մոտ կանգնած, ապա կուչ եկա երկտեղանոց հնամաշ բազմոցին, այդպես էլ քնեցի։

вторник, 25 июня 2019 г.

Թվում էր՝ իմ կյանքը թողել եմ հետևում և գնում եմ դեպի անորոշություն(596-րդը)


Նստեցի դեպի կայարան մեկնող ավտոբուսը, բայց, դեռ տեղ չհասած, անծանոթ մի փողոցում վարորդը հայտարարեց կանգառի վերջը։
Իմ վատ կողմնորոշումով մի պահ մնացի շվարած նստած։ Ակնթարթորեն այն փոխվեց հուսահատության և արդեն մտովի փողոցում տեղ էի փնտրում գիշերելու, երբ վարորդը մոտեցավ ինձ․
-          Ու՞ր եք գնում։
-          Կայարան։
-          Անծանո՞թ եք։
-          Այո։
-          Ահա, այս անկյունի վրա է կայարանը, մի քանի մետր ոտքով քայլեք և այն կտեսնեք,- բացատրեց համբերատար վարորդն, ինչպես ընդունված է գերմանացու մոտ։ Սրտապնդված իջա ավտոբուսից։ Ոչ այնքան հասկացա նրա բացատրածը, որքան շոյվեցի վերաբերմունքից և այդ պահից անգամ, եթե մնացած կյանքս մոլորված մնայի այդ քաղաքում, հոգ չէր։
Իսկապես, անմիջապես անկյունից երևաց ծանոթ կայարանը։ Ուրախացած արագացրի քայլերս։ Այդ պահին, այնքան ինքնավստահ էի, անգամ սովածությունս մեղմելու համար փորձեցի մի բան գնել ուտելու, բայց իհարկե չկարողացա, քանի որ բոլոր ուտելիքներն անծանոթ էին, իսկ երբ պատահում էր գնում էի, ստիպված դեն էի շպրտում, համտես անելուց հետո։
Նստեցի Կոբլենց մեկնող գնացքը, այդ պահից ինձ զգում էի պաշտպանված անծանոթ աշխարհից, որտեղ ամեն վայրկյան մոլորվում էի և համարյա ամբողջ ճանապարհին ճանապարհ փնտրում։ Իհարկե դրանով չավարտվեց իմ անհանգստությունը։ Այս անգամ ուշադիր հետևում էի յուրաքանչյուր կանգառի։  Վերջապես հասա Կոբլենց՝ այն վերջին կանգառն էր, և բարեբախտաբար սխալվելն անհնար էր։ Կայարանն արդեն հարազատ էր ինձ համար, որքան էլ մենակ լինեի, քանի որ միշտ այդ կայարանից էի մեկնում Մանեի տուն և հակառակը։
Անչափ դժվար էր ինձ համար երթևեկել Գերմանիայով՝ առաջին հերթին անծանոթ էի, իսկ մյուս դեպքում, ինչպես արդեն նշել եմ այն թանկ հաճույք էր ինձպեսների համար։ Հերթական անգամ սպասեցի ավտոբուսին՝ շարունակելու ճանապարհը դեպի Հախենբուրգ, որտեղից պետք է վերցնեի անձնական իրերս՝ ետ գնալու Մանդերշայդ։ Մոլորված ու անկոչ հյուրի զգացումով ճամփորդում էի՝ գիտակցելով իմ ով լինելը  անսահման ու կանոնակարգված մի երկրում, որտեղ ամեն անգամ աշխատում էի չխախտել կարգը և, ակամա, իմ պահվածքն ինձ ավելի էր նսեմացնում։ Իմ գլխում միշտ հնչում էր նախատինքը, որը կարծես ամեն վայրկյան թելադրում էր իմ բաժին  իրավունքը։
Նման  դեպքում, մարդու ձեռքով գրված օրենքը վեր էր մարդուց, ինքս էլ ենթակա այդ նույն օրենքին, սլանում էի  անսահման ոլորաններով, որ անցնում էին սարերի, ձորերի, անտառների և որքան էլ զարմանալի է՝ գետերի միջով՝ ամուր կպած ավտոբուսի նստարանին։ Այդ ամբողջ ընթացքում մի միտք հանգիստ չէր տալիս ինձ․ «Մարդը որքա՞ն պետք է սիրի իր երկիրը, որպեսզի կարողանա նման կերպ շենացնել ու ծաղկեցնել այն, բայց հետո համոզվում էի՝ այս դեպքում ոչ այնքան մարդն է, որքան բնությունը՝ հզոր բնությունն է զարդարում մարդու շրջապատը՝  հաճախ անձրևի տեսքով՝ ջրելով դրախտ հիշեցնող կանաչը, բայց չէի մոռանում նաև հետևություն անել՝ առանց հայրենասեր ժողովրդի, թեկուզ ոսկե անձրև մաղեր ամեն առավոտ և  նորից ճզմվում էի  նստարանին՝ հիշելով իմ հայրենիքում  ագահ տերերի կողմից անապատի վերածվող բնությունը, ուր անխնա հատվում էին արհեստական աճեցված նվազ անտառները։
Միտքս ոչնչով հնարավոր չէր հանդարտեցնել։ Անվերջանալի ճանապարհներն իմ միակ մխիթարությունն էին, իսկ երջանկությունը պահի թրթիռով հայտնվում էր իմ դեմ, երբ ճանապարհի բանուկ մասում երեևում էին վայրի կենդանիներրը։ Վարորդը համբերատար արգելակում էր մեծ ավտոբուսը և առանց ազդանշանի սպասում այնքան, մինչև քմահաճ կենդանին անհետանում էր անտառի խորքում, իսկ իմ հայրենիքում այն կհամարվեր հաջողված որս։
Հոգուս խորքում անվերջանալի քաոս էր, այն խանգարում էր տեսնելու, լսելու իրականությունը։ Անգամ չգիտեի՝ Թրիրում ինձ տված նոր թղթերի մասին, մինչև Մանեն այն հանեց պայուսակից։
-          Ա՜, սա հարցազրույցն է, միանգամից տվել են քեզ, այլևս նամակի պետք չէ սպասել,- բացատրեց նա՝ ծանոթանալով բովանդակությանը։
-          Ի՞նչ կասես,- անհանգստացած հետաքրքրվեցի, քանի որ նրա կարծիքը կարևոր էր ինձ համար։
-          Դու քո մասին համարյա շատ քիչ բան ես պատմել։
-          Չէի կարողանում ազատ խոսել, ինձ ճնշված ու ոչնչացված էի զգում։
-          Ինչու՞։
-          Չգիտեմ, բայց ինչպես դու ասում էիր՝ նրանք սովորական ու հասարակ մարդիկ  էին՝ այնքան էլ այդպես չէր։
-          Ինչու՞ ես այդպես խոսում,- զարմացավ Մանեն։
-          Այն, ինչ այն պատերի ներսում զգում էի, բառերով անկարող եմ բացատրել։ Միայն կարող եմ ասել՝  որքան էլ հանդուրժեին ինձ, նրանց համար չորրորդ կարգի մարդ էի, և դա ակնհայտ էր։
-          Միայն դու՞,- փորձեց կատակել Մանեն։
-          Ավելի՞ ստույգ՝ ինձ պեսները։
-          Ամեն ինչ կարգին է, մի անհանգստացիր,- հուսադրեց Մանեն, երբ ավարտեց աչքի տակով անցկացնել թղթերը։
-          Ինչ էլ լինի, այլևս ոչինչ փոխել չեմ կարող,- հետևություն անելուց հետո, իհարկե ավելի տխրեցի։
-          Մի տխրիր, դեռ ոչինչ հայտնի չէ,- հուսադրեց Մանեն։
Գիտեի՝ Մանեն այդպես էր ասում՝ որպես հարազատի՝ աշխատելով  ինձ հանգստացնելու, թե հուսադրելու, բայց և իսկապես ոչինչ փոխել չէի կարող, ուստի հարմարվեցի եղածի հետ և, իրերս հավաքելով, հաջորդ օրը ճանապարհ դուրս եկա՝ ավելի վհատված։ Թվում էր՝ իմ կյաքը թողել եմ հետևում և գնում եմ դեպի անորոշություն, որտեղ ինձ համար չէր կարող լինել  պարզ ու շիտակ՝ առավելևս դրական  մի պատասխան։

понедельник, 24 июня 2019 г.

Ինքս կարող եմ մեռնել մարդկային անտարբերությունից (596-րդը)


Դռների մեջ երևաց հերթական անծանոթ տղամարդու գլուխը՝ կարդալով բախտակցիս անունը։ Նա տեղից վեր կացավ, անվստահ հետևեց ըստ երևույթին իր թարգմանչին։  Մնացի մենակ։ Մեծ սրահի երկար սեղաններին դարսված էին անթիվ գրքեր, և որքան էլ թերթում էի այդ գրքերը, միևնույն է ոչինչ չէի հասկանում։ Բնականաբար այնտեղ ամեն ինչ գերմաներեն էր։ Անկյունում դրված մեծ դրոշը, կարծես ամեն վայրկյան այդ մասին էր հուշում նվաստիս, ուստի վերադարձա, նստեցի տեղս։ Հերթական անգամ դուռը կիսաբացվեց, երևաց արդեն  ծանոթ հայ թարգմանիչը։
-          Եկե՛ք ինձ հետ,- հրահանգեց նա։
-          Նորից դու՞ք եք թարգմանելու ինձ,- հազիվ նրա հետևից հասնելով՝ հարց տվեցի ես։
-          Առայժմ հայտնի չէ,- աշխատանքը կատարողի պես անտարբեր պատասխանեց նա, որից ավելի կուչ եկա՝ աշխատելով ետ չմնալ նրանից։
Միջանցքում երևաց երիտասարդ, լիքոտ, շիկահեր, պարզ ու հասարակ հագնված մի ուրիշ գերմանուհի։
-          Բարի օր,- առանց կանգ առնելու մաղթեց նա։
-          Նա է վարելու հարցազրույցը,- հուշեց թարգմանիչը՝ միաժամանակ հետևելով կնոջը, իսկ ես՝ թարգմանիչին։
Սենյակը, որտեղ մտանք, լուսավոր էր ու մեծ։ Նորից տեղավորվեցի թարգմանչի առաջարկած աթոռին՝ թարգմանված և հրատարակված գիրքը և հայերեն պոմը դնելով սեղանին։ Երբ այն թարգմանիչի միջոցով փոխանցեցի հարցազրույց վարող կնոջը, նա աչքի տակով անց կացրեց այն, ապա հարցրեց․
-          Ո՞վ է թարգմանել։
-          Մի դասախոս, ԵՊՀ-ից Նանա Բերբերյան անունով։
-          Դասախո՞ս,- զարմացավ տիկինը։
-          Այո, նա անգամ գրքեր է հրատարակում։
Իմ պատասխանը զարմանք պատճառեց և՛ թարգմանչին, և՛ տիկնոջը։ Նրանց զարմանքի մեջ կար հիասթափություն և թերահավատություն, և այն ավելի շատ նսեմացնում ու ոչնչացնում էր ինձ, քան այդ Նանային։ Գիրքը խնամքով ետ տվեց՝ վերցնելով առաջին էջի կրկնօրինակը։
Որքան էլ հարցերը ինձ վերաբերվեին և այդ հարցերում արտառոց ոչինչ չլիներ, միևնույն է, ինձ զգում էի ավելի նսեմացած, ավելի ճզմված, բայց կրկնում եմ՝ արտառաոց կամ վախենալու ոչինչ չկար։ Հարցազրույց վարող կինը, ինչպես շատ գերմանացիներ, իմ կողմը չէր նայում, նա խոսում էր բացառապես թարգմանչի հետ, այնուհետ թարգմանվում էր տրված հարցը, որից կորցնում էի ամենապարզ ու հասարակ պատասխանը, երբ զգում էի, թե որքան թերահավատորեն է իմ պատասխաններին մոտենում հարցազրույց վարողը։ Սկսում էի դուրս տալ  բառերի շարանը, առավել ևս, երբ թույլ է զարգացած իմ բանավոր խոսքը։ Գուցե այն մարդկային որա՞կ է։ Ինչևէ, եթե կա նման որակ, ապա միայն զգացմունքային է և հեռու սառը դատելուց կամ գործելուց։ Ահա՛, որտեղից իմ անտեղի հուզմունքն ու հոգու միապաղաղ ալեկոծությունը, որը բերում էր մտքերիս խեղմանը և ինքնազգացողությանս խաթարմանը։ Իսկ գուցե անտեղի՞ չէր իմ զգացածը։ Գուցե։ Քանի որ ինքս կարող եմ մեռնել մարդկային անտարբերությունից։
-          Այսքանով վերջ ձեր հարցազրույցին, այն տևեց երեք ժամ և քսան րոպե,- վերջապես հայտարարեց թարգմանիչը, երբ արդեն հազիվ էի մնում աթոռին նստած, բայց այն ինձ չոգևորեց, քանի որ հարց ու պատասխանի ժամանակ ինձ զգում էի նվաստացած ու լարված։ Գուցե իսկապե՞ս յուրաքանչյուրի մեջ կա բնածին, քողարկված խտրականություն, որը կարող է աննկատ գլուխ բարձրացնել՝ ոչնչացնելու դիմացինին։ Գուցե։
Ոտքի կանգնեցի, հատակը բավականին փափկել էր, և թվում էր՝ ուր որ է կխորտակվեմ, բայց այդպես չեղավ։ Թարգմանչի հետ միասին դուրս եկանք միջանցք։
-          Դե՛, ձեզ բարի ճանապարհ,- քայլելով մաղթեց նա, ապա աշխատեց առանց կանգ առնելու արագ անհետանալ իմ տեսադաշտից՝ համենայնդեպս նրա շտապողականությունն ինձ այդ էր հուշում, և այդ պահին նա ինձ համար ավելի օտար էր, քան ցանկացած այլազգի։ Նորից խռովեցի աշխարհից, մնացի մենակ ու մոլոր օտար քաղաքի անծանոթ մի փողոցում։ Երկու անգամ շենքի շուրջը պտույտ կատարեցի, ի վերջո հասա կանգառ, որտեղ մեծ թվերով գրված էր ավտոբուսների համարները։