воскресенье, 21 апреля 2019 г.

Արտասունքը սնվում է հոգու ավերակից(596-րդը)


Վրանը, որտեղ մենք տեղափոխվեցինք, մի քանի  անգամ մեծ էր փոքր վրանից, սակայն թվաց՝ այն հարյուրապատիկ անգամ մեծ է ու դատարկ։ Մեր և վրացիների մահճակալները տեղադրվեցին վրանի կենտրոնում։ Մեզանից անմիջապես հետո ազատ էր, որպես միջանցք՝ բոլոր հարյուր հիսուն հոգու ելք ու մուտքը անցնում էր այդ միջանցքով։ Մեր մահճակալների շուրջը երեխաներն արեն վազվզում կամ հեծանիվ ու չմուշկ էին քշում։ Աղմուկն անտանելի էր, և այդ աղմուկից  հոգուս մեջ հնչող հույսի ձայնը լռեց։ Դատարկությունը մի տեսակ զնգում էր ամենուր, և նրա անտարբերության արձագանքը խեղդում էր կոկորդումս կուտակված հեկեկանքը։ Այս դեպքում չկար սարսափ, կար սպանող հուսահատություն, որից իմ եղունգները ճանկռոտում էին անտես, լպրծուն պատը։ Այն հայտնվել էր իմ դեմ և դարձել անանցանելի պատնեշ։ Իմ մխիթարանքը թափվող արտասունքն էր, իսկ լեզուս պապանձվել էր։
Նոր վրանը ցուրտ էր՝ իսկապես ցուրտ էր։ Այնտեղ բոլոր դեմքերը պաղ ու անծանոթ էին։ Սավաններից այն կողմ, թաքնված մարդիկ, կարծես, թաքնվել էին աշխարհի հոգսերից, և, պատեհ ժամի սպասումով, երբեմն մի գլուխ էր ցցվում դուրս, նորից անհետանում։
Տեղավորվելուց հետո, դուրս եկա բակ։ Փնտրում էի մեկին՝ թեկուզ դեմքով ծանոթ, այլապես ինձ թվում էր ուր որ է պետք է սիրտս պայթեր, իսկ առանց սրտի բոլորս գիտենք անհնար է ապրել, ուստի խորը շունչ քաշեցի, քայլեցի։ Նեդան շտապում էր լվացարանների կողմը՝ տեսնելով ինձ, մոտեցավ։ Որքան էլ մեր ծանոթությունը մակերեսային լիներ, նրան տեսնելով ուրախացա, բայց նոր վրանում գլուխ բարձրացրած լացս ոչ մի կերպ չէր ուզում նահանջել․․․
-          Որտե՞ղ ես,- հարցրեց նա ձեռքի օգնությամբ։
-          Այնտեղ,- հազիվ լացս զսպելով՝ պատասխանեցի՝ ձեռքով ցույց տալով չորրորդ վրանի կողմը։ Նա այլևս չշարունակեց ճամփան, բռնեց ձեռքս և տարավ դեպի երկրորդ վրանը, որտեղ էլ տեղափոխվել էր նա ամուսնու հետ։։
Նեդան և ամուսինը տեղավորովել էին մեջտեղի դռանը կից և սավանապատելով մահճակալը քիչ տարածության հետ, դարձրել էին փոքրիկ բնակարան, որտեղ կարելի էր ապրել, առանց որևէ մեկին տեսնելու և հազիվ թե նրանք խորթություն զգային՝ հեռանալով փոքր վրանից։ Ամուսինը, մեզ տեսնելով, պառկած տեղից նստեց։ Նեդան ինձ աթոռ առաջարկեց, ապա շտապեց թեյ պատրաստել։  Խմել  չկարողացա, ակամա սկսեցին թափվել արտասունքներս։ Մի քիչ լացելուց հետո, փորձեցի լռել, բայց արտասունքներս հոսում էին ու հոսում, ու ես դողում էի աշնան տերևի պես։ Լացում էի և լացում, կարծես աշխարհի բոլոր գետերն իմ մեջ էին կուտակվել և, ահա, փորձում էին իմ աչքերից դուրս հորդել։ Եկավ Յուսուֆը, նստեց իմ կողքը, գլուխն առավ ձեռքերի մեջ, և նույնկերպ լուռ դուրս եկավ։ Ես լացում էի և լացում՝ հերթով իմ դեմ հայտնվում էին տարբեր դեմքեր՝ յուրաքանչյուրը յուրովի փորձելով հանգստացնել իմ ալեկոծված հոգին, սակայն բոլորն էլ անզոր հեռանում էին։
Գնչուհին  նստել էր  դիմացի անկյունը,  նա լուռ նայում էր ինձ։ Նրա հայացքը խոսուն էր և հանգիստ։ Մի պահ այդ կնոջ հայացքը ձգեց ինձ, ակամա լռեցի՝ խմելով Նեդայի տված թեյը, ապա երկա՜ր ժամանակ լաց լինելուց հետո, ավելի հոգնած ու տագնապած, վերադարձա իմ նոր կացարանը։ Այն ավելի մեծ ու անշուք թվաց, քան առաջին անգամ, երբ ներս էի մտել։ Ցուրտը մի տեսակ սողոսկեց իմ մարմինը և այդպես մնաց։ Դողալով կուչ եկա օտար ու անշուք  անկյունում։
Իմ մահճակալով վերջանում էր շարքը, և սկսվում էր երկար ու լայն միջանցքը՝ մի դռնից  մինչև մյուս դուռը, և այդ ամբողջ երկարությամբ անկառավարելի երեխաները միահամուռ վերից վար, մեծ արագությամբ սլանում էին չմուշկներով, որից դղրդալով ճոճվում էր հատակը, իսկ հաճախ անհաջող ընթացքից հարվածում էին մահճակալներին։ Ոչ ոք նկատողություն չէր անում նրանց, անգամ գլուխները չէին հանում սավաններից։ Ամենաանտանելի կերպով աղմկողը մի պատանի էր՝ նրա դիմագծերը հիշեցնում էին սիբիրյան ցեղերին, սակայն նրա մայրը մոլեռանդ մուսուլման էր և աղոթում էր արաբերեն։

Комментариев нет:

Отправить комментарий