пятница, 5 апреля 2019 г.

Քայլում էի, որպեսզի ապրեի(596-րդը)


Հորդ անձրևն՝ իր թխկթխկոցով, երկար ժամանակ շարունակում էր լրացնել վրանում տիրող աղմուկը։ Կարողացա դուրս գալ նախաճաշելուց բավականին ժամանակ անց, երբ վերջապես անձրևը դադարել էր։ Քանի որ արդեն մի անգամ դուրս էի եկել ճամբարից, նորից քայլեցի,  անցակետով դուրս եկա։  Այնտեղ կանգնած էր թխադեմ  «սեքյուրիթին»։ Նա բարեկամաբար ժպտաց՝ առանց ուշադրություն դարձնելու իմ անցաթղթին, որը միշտ պատրաստ պահում էի ձեռքիս։ Այդ պահին աշխարհի բոլոր «սեքյութիթիներն» ինձ համար դարձան գթության մարմնացում, և քայլեցի՝ քայլեցի այնպես, կարծես հարյուրամայա դատապարտությունից դուրս էի պրծել, և, ահա, քայլում էի անվերջ թվացող ազատության մայրուղով։ Երբեմն իմ հոգու անդորը խախտում էին ընթացող մեքենանաները, բայց այդ դեպքում նրանց շարժիչների աղմուկը իմ ականջներին հասնում էին վերածված Մոցարտի օրորոցայինին։
Շուրջ բոլորը շնչում էր ազատությամբ։  Ինքնամոռաց տարվել էի փթթող գեղեցկությամբ։ Հեքիաթի էր նման  իմ շուրջը՝ խոր աշնանը ես գտել էի կանաչ դրախտը։ Քայլեցի այնքան, մինչև զառիվար ճամփով հասա գլխավոր ճանապարհին։ Այնուհետև, հետիոտին նախատեսված սալիկապատ ճամփով քայլեցի դեպի վեր։ Բացի ճանապարհից, շուրջ բոլորը կանաչ էր, և այդ կանաչի միջից հերթական հետիոտին աչքով էին անում երբներանգ ծաղիկները։ Ամենախորհրդավորը գետնին կպած երիցուկների գլխիկներն էին, նրանք սպիտակ թերթիկներով ծիկրակում էին կանաչի միջից, իսկ ճամփեզրի անծանոթ կարմիր ծաղիկը, կարծես խոնարհվում էր անցորդներին։
Քայլեցի այնքան, մինչև հասա Ֆրանկֆուրտ-Հանի ավտոկայանը, որտեղ միայն երկու աֆրիկացի ազուլներ էին, եկավ ավտոբուսը, նրանք նստեցին։ Հսկա ավտոբուսը շարժվեց ընդամենը երկու ազուլ-ուղևորոովներով։ Այդ պահին հիշեցի իմ հայրենիքի մայրաքաղաքի հնամաշ ու փոշոտ «գազելները», որոց մեջ մարդիկ մի կերպ խցկվում էին ու  իրար հենված երթևեկում, երկար րոպեներ նմանվելով շախմատի ձիու, ինչպես ես հաճախ ստանում էի, նստելով երկհարկանի մահճակալին․․․
Սկսեց բարակ անձրև մաղել։ Շտապեցի ճամբար։ Պահակակետն անցնելուց հետո տեղաց հորդառատ անձրև, վազեցի դեպի վրան, բայց միևնույն է՝ արդեն  թրջվել էի։
Երեկոն խառնվեց անձրևին և տեղատարափ թափվեց ամենուր։ Կարծես, հոգնելով վրաններին թմբկահարելուց՝ շուտով անձրևը լքեց երեկոն, իսկ խաբված մթնշաղը վերածվեց անթափանց խավարի։
Աշնան ցրտերի հետ օրերը սկսել էին կարճանալ, ուստի ճամբարում առյուծի բաժինն ընկնում էր քնելուն և նստելուն։
Դեռ մութ էր, երբ նստեցի անկողնուս Էրմանի հերթական մրմնջոցից։ Աղոտ լույսի տակ նա կանգնած առանձին աղոթում էր, իսկ մի քանի մուսուլմաններ շարք կանգնած միայն շրթունքներն էին շարժում և պահի տակ բարձրաձայն միասին կրկնում․ «ալլահ ակբար»։
Իհարկե, ոչինչ չէի հասկանում նրանց ամենօրյա նամազից, բայց ինձ առատորեն բաժին էր հասնում գլխացավը, ուստի մի կերպ հագնվում էի և շարքի միջով դուրս գալիս՝ միշտ ինքս ինձ հարց տալով․ «Ինչու՞ հատկապես իմ մահճակալի մոտ»։ Բայց քանի որ իմ հարցը միայն ես էի լսում, այն մնում էր անպատասխան։
Փոքր վրաններն այլևս չկային, բաց տարածությունում փչում էր անտանելի քամին, կարծես այն իր հետ բերում էր մանր ջրի կաթիլներ՝ հպելու իմ դեմքին՝ այրվող գլուխս հովացնելու։
Հերթական անգամ վերադարձա վրան։ Աղոթողների խումբը մուշ- մուշ քնած էր։
Աֆղանը դեռ ճաշը չէր բերել՝ երբ վազելով եկավ Սևդան․
-          Բարի օր, գնում ենք սուպերմարկետ, գալի՞ս եք,- հևալով արտաբերեց նա։
-          Իհարկե, ե՞րբ,- ուրախացած անակնկալի եկա ես։
-          Ճաշից հետո։
-          Կգամ, շատ պակաս բաներ ունեմ։
-          Դե պատրաստ եղեք, ձայն կտամ,- ասաց նա՝ վազելով ետ գնաց։
Ես պատրաստվեցի, հագա նաև միակ կոշիկներս՝ անհարմար երկար ճանապարհ գնալու համար, բայց այլընտրանք չունեի։ Դուրս եկա բակ, երևաց Սևդան։ Նրա հետ՝ երկար, թափված մազերով, մազերի ուղիղ կեսը դեղին ներկած երիտասարդ մի կին կար։
-          Բարև ձեզ,- հասնելով ինձ՝ հայերենով բարևեց անծանոթուհին, ապա ժպտաց,- անունս Կամա է։ Դուք Ջանո՞ն եք։- թույլ չտալով ներկայանալ՝ ինքն առաջինը հարցրեց իմ անունը։
-          Երևի,- արդեն սովոր լսելու տարբեր անունների՝ պատասխանեցի նրան։- Բարև ձեզ․․․
-          Լա՞վ եք…Միշտ ուզում եմ Սևդայի հետ ձեզ տեսության գալ, բայց ոչ մի անգամ հարմար չի լինում,- գանգատվեց, թե արդարացավ  նա, չիմացա։
-          Մենք առաջին անգամ ենք հանդիպում, այ երբ ծանոթացանք, այսուհետ կնեղանամ, եթե չգաք,- իմ հերթին կատակեցի ես։
-          Լվացքատանն աշխատանք եմ գտել, երկու փոքր երեխաների հետ դժվար է լինելու,- տեղին արդարացավ նա, և մենք տևական ժամանակ լուռ քայլում էինք։

Комментариев нет:

Отправить комментарий