суббота, 6 апреля 2019 г.

Դեպի Թրիր(596-րդը)


-          Վաղը բոլորին Թրիր են տանելու,- հայտնեց Նաիրին, երեբ հոգնած ընկա անկողնուն։
-          Ինչ լավ կլիներ,- ուրախացա ես,- իսկ չգիտե՞ս, ինչի՞ համար։
-          Ռենտգեն պետք է անցնենք, թե արդյոք որևէ վարակիչ հիվանդություն չունենք։
-          Եթե ունենայինք, այս ժամանակահատվածում արդեն հասցրած կլինեինք մեկս մյուսին վարակել,- իմ արտահայտած մտքի վրա ինքս էլ ծիծաղեցի։
-          Այո՛, շատ ուշացրեցին, բայց դե լավ է ուշ, քան երբեք,- պատասխանեց նա, վերցրեց հավաքված լվացքը, ուղվեց դեպի ելքը։- Հագուստս տամ լվանան, որպեսզի վաղը հագնելու բան ունենամ։
Լուսաբացին լսվող շշուկներն ստիպեցին աչքերս բացել՝ Ջամիլը, կանգնած իմ մահճակալի կողքին, պատրաստվում էր նամազի, քիչ անց  նրան միացավ Էրմանը, ապա մյուս մոլեռանդ մուսուլմանները, իհարկե մի պահ կիսաարթուն ճզմվեցի անկողնում, այնուհետ մի կերպ դուրս եկա բակ։ Մութը դեռ նստած էր ճամբարին, անցակետից ինձ էին նայում երկու «սեքյուրիթիներ»։ Քայլեցի դեպի «իմ ցանկապատը»։ Այնտեղ, կարծես, գիշերն իր անտես ձեռքով տեսադրել էր մեծ ու կանաչ փայտաշեն մի վրան։ Զարմանքով ուսումնասիրեցի այն։ Տնակը յուրաքանչյուր կողմից երեք ելք ուներ՝ ապակե դռներով։ Նայեցի, ներսը դատարկ էր։
Վրանն իմ սրտով էր, քանի որ ցանկապատի մոտ կանգնելիս, այն ինձ պաշտպանում էր քամուց, ավելին՝ ես մնում էի աննկատ վրանների կողմից։ Ճամբարի պռկին մնացի մինչև հորիզոնը կապտեց։ Լուսաբացին օդը բավականին ցրտեց։
Փոքր վրանից ոչ ոք նախաճաշի չգնաց։ Բոլորը պատրաստվում էին մեկնել Թրիր։ Հինգ մեծ ավտոբուսներ շարվեցին ճամբարի մուտքի երկայնքով։ Կարծես՝ ողջ ճամբարն այնտեղ էր հավաքվել, այնքան շատ էինք։  
Օրը ցուրտ էր։ Վարորդներից յուրաքանչյուրը, կանգնած իր ավտոբուսի կողքին, բարձր պահում էր մեկից հինգ թվեցից մեկը։ Ես պետք է հերթ կանգնեի հինգերորդի մոտ։ Ինչպես մյուսներին, այնպես էլ ինձ, ավտոբուս բարձրանալիս տվեցին թղթե տոպրակով նախաճաշ, մեկ խնձոր և ջուր։
Ավտոբուսում հիմնականում փոքր վրանից էինք։ Ես կարողացա տեղավորվել հետևի մասում՝ օծանելիքի բույրով հագեցած երիտասարդի կողքին, ով մինչև Թրիր բարձր խոսում էր հեռախոսով, հաճախ զարմացած նայում իմ կողմը։ Գուցե զարմանու՞մ էր իմ համբերության վրա․․․Գուցե․․․
Նույն ճանապարհն էր՝ Թրիրից Հան, սակայն չկար առաջին անգամվա բնության շուքը։ Աչքերս կույր էին՝ տեսնելու գեղատեսիլ բնությունը։ Այլևս ինձ չէր գերում հավերժական կանաչը և անտառային սաղարթը, քանզի իմ էությունը փոխվել էր 596-րդի։
Քաղաքի՝ երկար ու բանուկ փողոցներից մեկի աջակողմյան մասում իրար հետևից կայանեցին մեր  ավտոբուսները։ Եվ որքա՜ն զարմանք չռված աչքերով, երբ մեզ մի քանի երկար շարքերով շարում էին փողոցում։ Ավտոբուսները դատարկվելուց հետո, երկու հսկիչների ուղեկցությամբ՝ քայլեցինք բազմահարկ կլինիկայի բակը։ Այնտեղ մեզ դիմավորեց խիստ հայացքով, կարճ խուզված մազերով, մկանոտ, սևազգեստ երեսուննանց մի երիտասարդ, ըստ երևույթի, նույնպես հսկիչ էր, բայց զինված հսկիչ, իսկ կարգը պահպանելու համար, բացի զենքից, ձեռքին նաև սև մահակ ուներ։ Հայացքս սահեցրեցի շարքերով, հինգ շարք էր՝ ես մեջտեղի շարքում էի։ Դարձյալ բոլորը տղամարդիկ էին։ Շարվածները միահամուռ դողում էին առավոտվա ցրտից, ես էլ նրանց մեջ հազիվ էի մնում ոտքի վրա կանգնած։ Երբ ստվերոտ տեղից փորձում էինք արևի տակ կանգնել, հսկիչն առանց խոսքի, ձեռքի մահակի շարժումով մեզ ետ էր բերում շարքի մեջ։ Պատմական Թրիրն այլևս ինձ համար բարձրահարկ մի բժշկական կենտրոն էր, իսկ գերմանացին՝ սև մահակով ինձ շարք վերադարձնող հսկիչ։
Ժամերն անցնում էին, սակայն թվում էր՝ հերթն առաջ չէր գնում։ Ես շարունակում էի շարքում դողալ՝ անիծելով աշխարհի բոլոր հսկիչներին։ Մատներս այլևս չէի զգում, երբ վերջապես հսկիչը թույլ տվեց ներսի աստիճաններին սպասել։ Ներսի ջերմությունն ինձ ստիպեց անեծքս ետ վերցնել հսկիչներից։
Երբեմն լուսամուտից դուրս էի նայում․ բակում հերթը նույնն էր, ըստ երևույթին բերում էին նաև այլ ճամբարներից, և ավտոբուսներից մինչև երրորդ հարկը մշտապես մի քանի շարքերով հերթ էր։ Հիմնականում երիտասարդներ էին՝ աղմկող ու անհանգիստ։
Հերթը դանդաղ, բայց սկսեց առաջ շարժվել։ Վերջապես աստիճաններից հասա երրորդ հարկի միջանցքը, որտեղ ծայրից ծայր խիտ շարք էին կանգնած կանայք՝ մեծ ու փոքր երեխաներով, իսկ տղամարդիկ խառնված նրանց կողքին էին։ Տոթը նկատելի նեղում էր բոլորին, լսվում էր երեխաների անդադար լացի ձայները, իսկ մեծերը լուռ համբերությամբ սրբում էին քրտինքը։ Այլևս հերթ գոյություն չուներ՝ հաղթում էր կարգազանցը։ Անդադար հրմշտոցից, վերջապես, հայտնվեցի ռենտգեն սենյակի դռան առջև և ընկա հերթական ներս մտնողի տեղը։ Ոտքերիս թմբիրը քիչ-քիչ անցավ, դեռ չէի հասցրել հանգստանալ, երբ ինձ նկատեց բարձրահասակ, խիտ ու շիկահեր մազերով, հաճելի դիմագծերով հերթը պահող գերմանուհին։
Ճաշի ժամը վաղուց անցել էր, երբ դուրս եկա բակ։ Շարքերը նույնն էին։ Նստեցի ավտոբուսը, նախաճաշեցի։ Շարժվեցինք, երբ վարորդը մի քանի անգամ հաշվեց նստատեղերից դուրս ցցված մեր գլուխները։ Ետդարձի ճամփին հոգնությունը իջել էր բոլորի վրա։ Ավտոբուսում լռություն էր, անգամ լռել էր հեռախոսով անդադար ու բարձր խոսող տղան, միայն օծանելիքի հոտն էր նույնությամբ նեղում ինձ, որից փրկությունը բնականաբար միայն տեղ հասնելն էր։
Ինչպես առաջին անգամը, երեխաները կախ էին ընկած կիսանինջ մորերի գրկից։
Չորորդ անգամն էի անցնում նույն ճանապարհով։ Բացի առաջին անգամից՝ յուրաքանչյուր անգամ իմ մեջ կռիվ էին տալիս անհատականությունն ու 596-րդը։ Իհարկե հաղթում էր վերջինը, և ես տխուր նայում էի լուսամուտից։
Միայն ընթրիքին ավտոբուսները մտան ճամբար։ Ոչ ոք չգնաց ընթրելու, բոլորը վաղ պառկեցին։

Комментариев нет:

Отправить комментарий