понедельник, 15 апреля 2019 г.

Կան պահեր, երբ ուզում ես այլևս ոչ մի տեղ չվերադառնալ(596-րդը)


-          Վաղը նորեկների համար եկեղեցին հագուստ է բաժանելու,-  հայտնեց Նաիրին, երբ վերադարձանք վրան,- Գնալու՞ եք, ասում են՝ մեզ էլ են տալու։
-          Այս անգամ էլ կփորձեմ, մրսում եմ։
-          Այնտեղ մի քիչ ճարպկություն է պետք,- ավելացրեց Նաիրին։
-          Որը ես չունեմ, եթե իմանայի՝ կհայտնվեմ նման իրավիճակում, մանկությունս անտեղի խաղերով չէի սպառի, մի քիչ կպարապեի ճարպկությանս վրա։
-          Հասկացա՝ հեգնում եք։
-          Չեմ հեգնում։ Պարզապես անկարող եմ։
-          Իսկ մյուսներն ինչպե՞ս են կարողանում։
-          Դե՜, նրանք կամ մանկությունն անտեղի չեն անցկացրել, կամ էլ այդ նպատակն է հետապնդում նրանց, քանի որ, երբ կողքից նայում եմ, ոչ մի տխուր փախստական չեմ տեսնում, առավել ևս, երբ հագուստի ու փողի օրերն են,- նյարդայնացած արտաբերեցի  ես,- Ի՞նչ կասես դրան։
-          Դուք ճիշտ եք, բայց պետք է հաշվի առնել, նաև, որ հաճախ մարդը գործում է՝ իրավիճակից ելնելով։ Գուցե նրանք այդպիսով փորձում են կորցրա՞ծը ետ բերել։
-          Գուցե,- տարակուսած վեր քաշեցի ուսերս․ ավելի տխրելով նորից դուրս եկա վրանից։
Արևն արդեն թիկն էր տվել մայրամուտի ուսին։ Շարունակեցի քայլել։ Դուրս եկա ճամբարից՝ մի տեսակ ցանկանալով կորչել, անհետանալ, այլևս ոչ մի տեղ չվերադառնալ։
Ինքնամոռաց լացում էի ու լացում և կարծես այն քերում տանում էր իմ հոգում ծանրացած բեռը, որն աղի համ ուներ, երբ լցվում էր բերանս։ Զգաստացա, երբ ճանապարհն անծանոթ թվաց։ Շատ էի հեռացել ճամբարից։ Շտապեցի ետ դառնալ։ Սկսեց բարակ անձրև մաղել։ Վրան մտա թրջված ու հոգնած։
Օրն ավարտվեց Էրմանի՝ երեկոյան նամազով և անպայման իմ մահճակալի կողքին ծալապատիկ շարված։

Комментариев нет:

Отправить комментарий