пятница, 31 мая 2019 г.

Դասատուն ինձ զրկեց սերտեֆիկատից (596-րդը)


Վերջապես անձրևը դադարեց։ Նախաճաշելուց հետո նորից դուրս եկա քայլելու՝ մտածելով, գուցե երկար նստե՞լն է ազդում ինքնազգացողությանս վրա, բայց պարզվեց՝ իմ իմացած փողոցները մայթեր չունեն։ Դեպի վեր տանող ճամփան ոլորաններով կորչում էր երևացող տների արանքներում, իսկ դեպի ներքև տանողը բաժանվում էր մի քանի ճյուղերի, անհետանում կտրուկ շրջադարձում։ Գուղի յուրաքանչյուր թիզը սալիկապատված էր։ Քայլում էի, տխուր մտորում, թվում էր՝ այս երկրի ժայռերն էլ են ենթարկվում հզոր տնտեսությանը և ոչ մի տաշեղ ցրիվ չեն տալիս դաշտ ու հանդերում։ Այս դեպքում էլ ակամա և ցավով հիշեցի իմ քարաստան-հայրենիքը, որտեղ իսկապես երկիրը քար ու սարից է կազմված։ Միաժամանակ, որքա՜ն թանկ արժե այդ նույն խանգարող քարը, որն ամենուր է՝ բակում, դաշտում, սարում, գյուղում, փողոցում՝ ամենուր և իսկապես որքա՜ն թանկ կարող է արժենալ այն, եթե մարդը ցանկանա նույնկերպ սալիկապատել իր շրջապատը, իսկ գուցե չսալիկապատելը միջոցի՞ խնդիր է։ Գուցե: Իսկ ավելի ստույգ այն նման է մշակույթի։ Չէ՞ որ գերմանացին էլ նույն կարիքավորն ու հարուստն է, իսկապես մշակույթի և երկիրը սիրելու խնդիր է, իսկ մենք սովորել ենք սիրել ու գնահատել ուրիշինն ու պատմական հայրենիքը։
Առավոտյան եկավ մեքենան, մեզ դասի տանելու՝ այս անգամ վարարոդը երիտասարդ կինն էր։ Ֆաթիմային, ալբանացի կնոջը և ինձ տարավ հերթական անգամ դպրոց։ Դասարանը մարդաշատ չէր։ Դասատուն նկատողություն արեց ինձ դասին չներկայանալու համար և զրկեց սերտեֆիկատից։ Չտխրեցի, քանի որ սերտեֆիկատ ստացողներն էլ, ինչպես ես, գերմաներեն չգիտեին։
Երեկոյան վերադարձավ Սոմալին, իսկ Ֆաթիման, գումարը ստանալով, նորից մեկնել էր որդուն տեսության։ Ինձ համար սկսվեց խաղաղ օրերը, ժամանակավորապես ձախ ականջս հանգիստ էր։
Ուշ երեկոյան նորից հնչեց դռան զանգը։ Գյուղապետն էր։
-          Հալլո, ահա՛, նորից բերել եմ բանալին, որպեսզի աշխատանքն ավարտես,- ասաց նա՝ բանալին սեղանին դնելով։
Ինձ համար արդեն դժվար չէր աշխատելը, որքան էլ անակնկալ լիներ, առավել ևս, եթե ամենավերջին՝ երրորդ հարկն էր մնում մաքրելու, ուստի գործին սովորած մարդու պես ժպտացի՝ անգամ սուրճ հյուրասիրելով արդեն մեր բարեկամ գյուղապետին, նաև մեր միակ այցելուին։
Առավոտյան շարունակում էր մաղել գիշերվանից սկսած բարակ անձրևը։ Այն նկատելի էր դառնում միայն գետնի թացությունից։ Լուսամուտից նայում էի արթնացող բնության համայնապատկերին։ Ամենուր զգացվում էր կենդանության շունչը, իսկ տանիքների ծխներույզները, կարծես, հոգևարքի մեջ էին։ Նրանք երբեմն էին ծխե քուլաներով  բարձրանում վեր։ Ամպերն արագ մանևրում էին հյուսիսից հարավ և հակառակը, իսկ  հազվադեպ երևում էր կապույտ երկնքից մի կտոր, բայց այն արագ կորչում էր սև ամպերի ծալքերում։
Թվում էր՝ հեռվից երևացող ծառերի գագաթները մխրճվել էին ամպերի մեջ, իսկ նրանց առջև փռվել էր կանաչ արտը։ Արտի մի կտորը դեռ չէր կանաչել՝ այն նման էր խռովածի, և կարծես արթնացած կանաչը սփոփում էր նրան՝ զարդարելով շուրջը։
Առաջին ծխնելույզը վաղ էր արթնացել։ Նրա սպիտակ ծուխը տարածվում էր շուրջը՝ մատնելով քամուն։
Ողջ գիշեր տեղացած անձրևը նորից լվացել էր տանիքներն ու բակերը, իսկ կանաչը, ինչպես միշտ, փայլում էր։ Կարծես, փոշին խռովել էր անդադար անձրևներից և հեռացել գյուղից՝ բույն դնելով իմ հայրենիքի պես մի երկրում, որտեղ յուրաքանչյուր շարժումից փոշու ամպ է գոյանում և ոգևորված երկար մնում օդի մեջ։
Առավոտյան ամպերը մի քիչ էլ թափվեցին՝ նորից լվանալով ամենուր, այնուհետև կարծես հոգնեցին իրենց լինելուց, դանդաղ քաշվեցին հեռուները։ Երևաց արևը։ Օդը տաքացավ։ Իսկական գարունը շնչում էր ու փթթում։
Սոմալին դեռ քնած էր։ Դուրս եկա, գնացի՝ շարունակելու աշխատանքը։ Վերջին օրը երկար աշխատեցի, բավականին ուշ ավարտեցի։ Երբ վերադարձա, Սոմալին արդեն խոսում էր հեռախոսով։ Դեռ նոր էի հասցրել մտել սենյակ, երբ հնչեց դռան զանգը։  Ուշացումով Սոմալին բացեց դուռը, ներս մտավ նիհար, բարձրահասակ մի տղամարդ, ով սկզբում անծանոթ թվաց։
-          Հալլօ։
-          Հալլո,- միաբերան կրկնեցինք ես և Սոմալին, ապա հարցական հայացքներս մեխեցինք անծանոթի վրա։
-          Ես սոցիալն եմ,- բառերը շեշտելով արտասանեց նա։
-          Ա՜,- այս անգամ ծոր տվեցինք մենք՝ իսկապես հիշելով ազուլի բարևը վերցնող և ազուլի կողմը նայող բարի աշխատակցին,- Սոցիա՜լը,- բացականչեցինք մենք նորից միասին, քանի որ զարմացած էինք՝ սոցիալն առաջին անգամ ոտք էր դրել  ազուլների շենքը։
-          Հեռուստացույց,- ասաց նա, ես ու Սոմալին այս անգամ լուռ իրար նայեցինք,- TV-, շարունակեց նա՝ ձեռքերով ցույց տալով քառակուսին։
-          Ա՜․․․․,- իսկապես և վերջապես հասկանալով՝ նորից միասին ծոր տվեցինք մենք, ապա նրան ուղեկցեցինք ընդհանուր սենյակը։ Ես առաջ անցա, ձեռքս դրեցի այրվող ջեռուցմանը։
-          Այո, այո, գիտեմ,- պատասխանեց նա, ապա մի քանի անգամ միացրեց, անջատեց հեռուստացույցը։  
-          Ոչինչ չի ստացվում,- տխրեց նա, այնուհետև մի քանի հարցեր տվեց մեզ։ Ես և Սոմալին հիմնականում պատասխանում էինք՝ առանց հասկանալու հարցի իմաստը։
-          Լավ է, լավ է, - կրկնում էինք մենք։ Ա՜խր, թեկուզ հասկանայինք, ի՞նչն էր լավ։
Երբ սոցիալի բոլոր ջանքերն ապարդյուն անցան։ Նա արագ հրաժեշտ տվեց մեզ՝ կարծես փախչելով այդ անդուր ու մութ հարկից, որն, առանց էլեկտրականության, նման է լքված գետնանցումի, եթե այդ ամենին գումարենք նաև իմ ու Սոմալիի անիմաստ պատասխանները։ Սոցիալի գնալուց հետո, Սոմալին ավելի ոգևորված սկսեց խոսել հեռախոսով։ Արդեն ուշ ժամ էր, նա դեռ խոսում էր, իսկ նրա հարցականները ծակում էին իմ տանջված ականջները։

Իմ աշխատանքը և «Փարթին» (596-րդը)


Շենքի բակում մի քանի վրաններ էին տեղադրված։ Ինչպես խոստացել էի, օրվա մաքրությունն սկեցի զուգարաններից։ Այդ ընթացքում բակ մտավ մեծ մեքենան՝ խոհանոցային պարագաները կցված հետևից։ Սկսեցի ավելի արագ աշխատել՝ գիտակցելով՝ մաքրությունն անհրաժեշտ էր օրվա առիթի համար, իսկ եթե անկեղծ, նաև  իմ կարգավիճակն ինձ ստիպեց խուսափելու մարդաշատությունից։
Վարորդը սկսեց բակում տեղադրել շարժական խոհանոցը, կիրակնօրյա՝ ինձ համար անհասկանալի տոնակատարության համար։
Զուգարաններն ավարտելուց հետո, բարձրացա երկրորդ հարկ՝ շարունակելու աշխատանքը։ Եկավ գյուղապետը, դժգոհեց արաբուհուց և Սոմալիից՝ չմոռանալով «գովել» իմ աշխատանքը։
Հերթական լուսամուտը մաքրելիս երևաց բակի աղբյուրը։ Հոսող ջիր տակ տեղադրված բետոնե նավի մամուռը երկարելով ջրին կանաչ գույն էր տվել, իսկ ջուրը հոսում էր ու հոսում երևի տարին տասներկու ամիս։ Նրանից փչում էր տհաճ տիղմահոտը։ Հոսող ջուրն ստիպեց հիշել սոցիալի ուղարկած նամակը, որում հաշված էր նաև ջրի համար իմ գումարից արված պահումը։ Նորից մի հայացք գցեցի անտեր ու անօգուտ հոսող ջրին՝ ավարտելով հերթական լուսամուտը։
Հաջորդ լուսամուտից երևում էին կիրակնօրյա «փարթիի» համար կատարվող նախապատրաստությունները։ Սև մեքենան կանգ առավ, իջավ լիքոտ, երիտասարդ մի կին՝ երեխայի հետ։ Նա մեքենայի թափքից հանեց վայրի հասմիկների մի փունջ, մի մասը տվեց աղջնակին, միասին սկսեցին զարդարել երկար սեղանները՝ բաժակների մեջ դնելով  դեղին ծաղկեփնջերը։ Եկավ երկրորդ մեքենան։ Առաջին մեքենայի կնոջ նման մի կին մեքենայից իջեցրեց մթերքով մեծ զամբյուղը, այնուհետև շատերը եկան իրար հետևից՝ յուիրաքանչյուրը բերելով իր բաժին տոնական մթերքը։ Հավաքվող մարդկանց մեջ էր նաև գյուղապետը։
Երկրորդ հարկն ավելի մեծ էր, մաքրելն՝ ավելի դժվար, քանի որ հարկում տեղադրված էին նաև խոհանոցն ու բաղնիք-զուգարանը։ Օրվա աշխատանքն ավարտելուց հետո բակում հավաքված մարդկանց մեջ գտա գյուղապետին։
-          Ամեն ինչ կարգի՞ն է,- ինձ տեսնելով՝ հարցրեց նա, բայց, երբ անխոս հրաժեշտ տվեցի, նա բավականին ուրախացավ՝ վերցնելով  բանալին։ Թեթևացած շունչ քաշելու փոխարեն ընկա մտքերի մեջ՝ քանի որ կա նման հասկացություն՝ ավելի լավ է չսկսել գործը, քան մնալ կես ճամփին, ուստի, մտածելով այլևս չպետք է շարունակեմ մաքրությունը վատ աշխատանքիս համար, իսկապես տխրեցի։
Անձրևը դեռ շարունակում էր տեղալ, երբ հասա բակ։ Դիմացի հարևան Ալին՝ ինչպես Ֆաթիման էր անվանում գերմանացի Արմանին՝ տեղացող անձրևի տակ ջրի ուժգին շիթով լվանում էր բակի յուրաքանչյուր քար ու թուփը։ Ներս մտա, շարունակեցի նայել լուսամուտից, նորից հիշելով սոցիալի գանձած գումարն իմ «վատնած» ջրի համար։
Ֆաթիման դեռ աղոթում էր, իսկ գուցե երկրո՞րդ աղոթքն էր սկսել։ Սոմալին, ինչպես միշտ վերարկուով, բոբիկ նստած էր ընդհանուր սենյակում, ծղրտացող ձայնով խոսում էր հեռախոսով։

четверг, 30 мая 2019 г.

Գյուղապետի կարծիքը կարևոր էր ինձ համար(596-րդը)


Ըստ պայմանավորվածության՝ առավոտյան  պետք է երեքով գնայինք մաքրություն անելու, բայց, արի ու տես, Ֆաթիման, ինձ տեսնելով, բռնեց փորը, սառեցրեց հայացքը՝ ցույց տալով նաև ոտքի մատերից մեկը, ստույգ չեմ հիշում թե որը, սկսեց նվվալ․
-          Ամեն տեղս ցավում է։
Հուսահատված ծեծեցի Սոմալիի դուռը՝ հիշելով նրա երեկվա կայտառ տրամադրությունը, բայց նա ևս, ինձ տեսնելով, փորը բռնեց՝ առանց ոտքի մատը ցույց տալու։
Մնացի մենակ երեք հարկանի շենքի հետ։ Հուսահատված էի։ Ոչ այնքան չէի ուզում գնալ, որքան չգիտեի՝ ինչից կարելի է սկսել, բայց քիչ հետո, զգաստացա  և որոշեցի փորձել մենակ աշխատել։
Սկզբում, մուտքի դուռը բացել, մնացել էի շվարած կանգնած, այնուհետև հավաքեցի ինձ, առաջին հերթին շրջեցի հարկերով։ Շենքը անմխիթար վիճակում էր՝ հին կեղտը խառնվել էր վերանորոգումից մնացած թափոնին։ Վեր տանող աստիճանների մուգ գույնի ուղեգորգը պատված էր սպիտակ շան մազով։։
Մաքրությունն սկսեցի երրորդ հարկից։ Չգիտեմ՝ որքանով ստացվեց, բայց կարողացա մաքրել միայն մեկ հարկը։ Վերադարձա ոչ այքան հոգնած, որքան վատ ինքնազգացողությամբ։ Երբ ներս մտա, դռնից լսվում էր Ֆաթիմայի ու Սոմալիի ձայները, ինչպես միշտ, նրանք բարձրախոսները միացրած խոսում էին հեռախոսով։
Երեկոյան նորից եկավ գյուղապետը։ Ֆաթիման լսելով գյուղապետի ձայնը՝ անջատեց հեռախոսը, ձեռքը փորին դրած՝ դուրս եկավ սենյակից՝ մոռանալով կաղալը։ Մի կերպ բացատրեցի գյուղապետին՝ կարողացել եմ միայն մեկ հարկը մաքրել։ Նա լուռ անցավ ընդհանուր սենյակ, լսեց Ֆաթիմայի գանգատը։
-          Քաղաքում բնակարան գտեք, ինձ տեղափոխեք այնտեղ, որդուս էլ բերք ինձ մոտ։
Այդպես էլ չիմացա՝ գյուղապետը զարմանքի՞ց էր գլխով անում, թե՞ համաձայնվում էր օգնել, իսկ գուցե պարզապես, որպես մարդ, շփոթվա՞ծ էր․․․ Գուցե․․․
Սոմալին երևաց ավելի ուշ, կանգնեց պատի տակ՝ աշխատելով կծկված դիրք ընդունել, սակայն գլխի չընկա՝ արդյոք նկատվե՞ց նրա ջանքը գյուղապետի կողմից։  
Գյուղապետը նկատելի տխրեց,  տեղից վեր կացավ։
-          Գոնե առաջին հարկի զուգարանները մաքրեիք, շենքը դեռ ոչինչ, ասացի առիթ կա,-  կիսաձայն ավելացրեց նա։
-          Վաղը կշարունակեմ,- թե ինչու՞, բայց նորից համաձայնվեցի, թեկուզ այն գյուղապետին չոգևորեց, նա հրաժեշտ տվեց նույն տրամադրությամբ, բայց հույսով։
Գյուղապետի գնալուց հետո երկու կանայք մոռացան փորացավի մասին, նորից միացրին հեռախոսներն, այս անգամ միայն Սոմալին անցավ իր սենյակը, Ֆաթիման մնաց նստած բազմոցին։ Ես էլ թաքնվեցի իմ բաժին անկյունում՝ տխուր ու հիասթափված, քանի որ կարծում էի՝ նրանք կփոխեն իրենց որոշումը և գոնե մյուս անգամ կօգնեն ինձ ավարտել շենքի մաքրությունը, սակայն այդպես չեղավ։
Հաջորդ առավոտյան, արթնացել էի վաղ ծեգին Ֆաթիմայի լացի ձայնից, նա այդ օրն ավելի մոլեռանդ էր նամազն անում, ուստի, որքան էլ անձրևը հեղեղեր, վաղ դուրս եկա՝ գեթ մեկ անգամ ազատվելու  պարտադրված ունկնդիր լինելուց այդ կնոջ վայնասուին։

Աշխատելը վիրավորական չէր, այլ վարձատրությունը (596-րդը)


Հնչեց դռան զանգը, դուրս եկա բացելու, Ֆաթիման արդեն բացել էր։ Ներս մտավ գյուղապետը։
-          Ինչպե՞ս եք,- սկսեց նա։
-          Գութ, դանքե,- միաբերան պատասխանեցինք մենք, այնուհետև առաջին հերթին նրան ցույց տվեցի խափանված՝ գիշերուզօր վառվող ջեռուցումը։
-          Օգնեք, որպեսզի անջատեն,- մի կերպ կարողացա իրար կպցնել բառերը։ Իմ խնդրանքից խեղճ գյուղապետը տարակուսած գլխի շարժումով համաձայնվեց օգնել, թե հաղորդել համապատասխան մարմիններին, ինձ համար այնքան էլ պարզ  չէր, բայց որ նա անձամբ անզոր էր հարցը կարգավորելու, ակնհայտ էր։
-          Իմ տղան և ես ուզում ենք միասին ապրել, օգնեք քաղաքում տուն գտնել,- այս նախադասությունն էլ իր հերթին իրար կպցրեց Ֆաթիման։ Քիչ հետո մեզ միացավ նաև Սոմալին։
-          Ես էլ եկել էի ձեզանից օգնություն խնդրելու,- անսպասելիորեն, մեր բոլոր խնդիրների և խնդրանքի փոխարեն, պատասխանեց գյուղապետը։
-          Ի՞նչ օգնություն,- զարմացած հայացքներս հառեցինք նրան։ Քանի որ գերմանացին ի՞նչ օգնություն պետք է ակնկալեր անճարակ ազուլից, ուստի քնած հպարտությունն իրեն զգացնել տվեց իմ մեջ։
-          Մի շենք կա մաքրելու,- անվստահ ասաց նա։
Երեք ազուլներով իրար նայեցինք, համարյա միաժամանակ հնչեց հարցը իմ ու ֆաթիմայի բերանից, իսկ Սոմալիի հայացքից, քանի որ նա ոչ մի բառ չէր խոսում Գերմաներեն․
-          Ի՞նչ շենք է։
-          Գյուղի կենտրոնում է, շուտով այնտեղ պետք է ամերիկացիներ գան։
-          Ամերիկացինե՞ր,- մի տեսակ վրդոհված ծոր տվեց Ֆաթիման,- մեզ բերել եք այստեղ, իսկ լավ տները տալիս եք ամերիկացիներին, դեռ մենք էլ պետք է մաքրե՞նք։
-          Ինչ արած,- ուսերը թոթովեց գյուղապետը՝ տխուր ժպտալով,- հենց այնպես չեմ ասում մաքրեք, կվճարեմ։
-          Որքա՞ն եք վճարելու,- ավելի շուտ ձեռքի օգնությամբ հետաքրքրվեց Ֆաթիման։
-          Ժամը մեկ եվրո,- պատասխանեց գյուղապետը, որից Ֆաթիման բացասաբար գլուխն օրորեց։
-          Մե՞ծ է շենքը,- հետաքրքրվեցի ես։
-          Երեք հարկ է, ահա՛, բանալիները, եթե համաձայնվեք, հենց վաղվանից էլ սկսեք, քանի որ երկու շաբացից նաև առիթ կա նշելու այդ շենքում։
-          Գութ,- համաձայնվեցի առաջինը։
Ֆաթիման ու Սոմալին, իմ որոշումից վրդովմունքը հազիվ թաքցնելով, ցասումը հայացքի վերածած, նայեցին ինձ։ Ես էլ իմ կողմից ձևացրի, թե չեմ նկատում նրանց դժգոհած  դեմքերը։
Չնայած դժկամությամբ, բայց իմ համաձայնությունից հետո Ֆաթիման և Սոմալին ևս համաձայնվեցին, և մենք երեք ազուլներս գյուղապետի հետ միասին գնացինք գործին ծանոթանալու։Շենքը երեք հարկանի էր։ Մեր ապրելու տեղից այնքան էլ հեռու չէր։ Քանի որ մենք գյուղին ծանոթ չէինք, ըստ գյուղապետի՝ շենքը գտնվում էր գյուղի կենտրոնում։ Հաջորդ օրվա համար պայմանավորվելուց հետո, վերադարձանք առանց գյուղապետի՝ մեզ հետ բերելով միայն շենքի բանալիները։

понедельник, 27 мая 2019 г.

Իմ մասին լավ բաներ կգրեք (596-րդը)


Քիչ հետո ներս մտավ կարճահասակ, ածուխի պես սև մազերով, կանաչ աչքերով, ժպտերես մի երիտասարդ կին։
-          Քույրս է, ծանոթացիր,- ներկայացրեց Կաման։
-          Բարև ձեզ, անունս Լուսինե է, սա էլ իմ որդին է,- ներկայանալուց հետո, ձեռքով ցույց տվեց իր հետ ներս մտած խոշորամարմին, խոժոռ դեմքով տղային, իսկ նա առանց այլևայլության փռվեց բազմոցին։ Մայրը սկսեց կշտամբել որդուն, որպեսզի մտնելուց բարևի, բայց զարմանալիորեն այն ինձ վրա ոչ մի ազդեցություն չունեցավ, ինչպես և որդու։
-          Ու՞ր, սպասեք հաց կուտենք, հետո կգնաք,- առաջարկեց Կաման, երբ պատրաստվեցի դուրս գալ։
-          Ո՛չ, միայն սուրճ բավական էր, շնորհակալ եմ։
-          Գիրքդ ավարտեցի՞ր,- հարցրեց Ազոն։
-          Դեռ ոչ։
-          Դու էն ասա, ես կամ այնտեղ։
-          Դեռ չեմ հասել քեզ, հետո կերևա։
-          Իմ մասին լավ բաներ կգրեք։
-          Օրինակ ի՞նչ։
-          Դե՜, որ ես լավ տղա եմ,- ծոր տվեց նա,- Տան գործերն անում եմ, լավ եմ երգում,- թվարկելու հետ՝ Ազոն սկսեց բարձր ծիծաղել՝ միաժամանակ ծամելով հացն ու երշիկը։ Այնուհետև անսպասելի անհետացավ խոհանոցից՝ վերցրելով իր բաժին սուրճը։ Արդեն դուրս էի գալիս, Ազոն դեռ զուգարանում սրճում էր ու երգում։
Հրաժեշտ տալով Կամայի ընտանիքին, տոպրակները հազիվ քարշ տալով՝ հասա ավտոկայան, որտեղ արդեն սպասում էին իմ բախտակից ազուլները։ Մինչև ավտոբուսի ժամը, հեծանիվներով նույն մարդիկ մի քանի անգամ տնտղեցին նույն աղբամանները, գուցե մտածում էին՝ լավ չե՞ն տնտղել անցած անգամը։ Գուցե։
Երեկոյան ավտոբուսը շարժվեց բացառապես ազուլ ուղևորներով։ Տուն մտա հոգնած ու կրծքավանդակի տարօրինակ ցավով։ Թվում էր այդ ծանր տոպրակները ողջ ուժով ձգել էին իմ թևերի մկանները։ Դեռ չէի ընկել անկողնուն, երբ ներս մտան Սոմալին և Ֆաթիման։ Լուռ, զարմանքով նրանց նայեցի, քանի որ նրանք ավտոբուսում չէին, իսկ ինչո՞վ էին եկել։ Մեկ անգամ ևս հոգուս խորքում նախանձեցի մուսուլման ազուլներին և առանց ընթրելու տապալվեցի անկողնուն, մինչև հաջորդ օրը։

Բագրատը եկել էր բուժվելու (596-րդը)


Երբ երկու շաբաթվա համար մթերք գնեցի, մի կերպ քարշ տալով՝ հասցրի Կամայի տուն։ Դռան զանգը տվեցի, Ազոն բացեց։
-          Օ՜, բարև ձեզ, արդեն մոռացել ենք ձեր մասին, ներս եկեք,- սկսեց նա, ես էլ ծանր տոպրակները քարշ տվեցի ներս,- Կամա՜, Ջանոնա եկել,- տնով մեկ բղավեց Ազոն։
-          Ի՞նչ ես ձենդ գլուխդ գցել,-  ննջարանից եկավ Կաման՝ աշխատելով արթնանալ։
-          Բարև ձեզ,- մյուս սենյակից դուրս եկավ անծանոթ, ճերմակած, վաթսունի մոտ մի տղամարդ։
-          Բարև Ձեզ,- պատասխանի հետ հարցական նայեցի Կամային։
-          Հայրս է, մի քանի օր է, ինչ եկել է,- կռահելով բացատրեց նա։
-          Բարև ձեզ, բարի գալուստ,- նորից ձեռքով բարևեցի նրան։
-          Առաջացեք, նստեք,- վերջապես առաջարկեց Ազոն, իհարկե ուրախացա, քանի որ հոգնությունից քիչ էր մնում տապալվեի մուտքի մոտ։
-          Անունս Բագրատ  է,- ներկայացավ Կամայի հայրը և միացավ մեզ։
-          Հյու՞ր եք եկել։
-          Ո՛չ, ի՞նչ հյուր, զոռով տղաներս են ուղարկել այստեղ բուժման,- առանց տրտնջալու՝ պատասխանեց Բագրատը։
-          Իսկ ինչի՞ց եք բողոքում։
-          Քաղցկեղ ունեմ, ինչպես այստեղ եկող շատ հայերի մոտ։
-          Տեսնես ինչի՞ց է,- մտահոգվեց Կաման,- կարծես ողջ հայ ժողովուրդն է տառապում այդ հիվանդությամբ։
-          Էկոլոգիայից, սնունդից, ատոմակայանից։ Մի թիզ երկիր է, ծայրից ծայր մի քանի հոգի թունավորում են հանուն անձնական գրպանի,- վրդովվեց Բագրատը,- սովետի վախտով լավ չէ՞ր։
-          Մի՞թէ այդ ամենը ետսովետական ձեռքբերում է, բոլորն էլ սովետական ժամանակի կառույցներ են, իհարկե բացի սնունդից - նկատեցի ես,- Գուցե հիվանդության խնդիրը հենց սնու՞նդն է։
-          Իսկ ինչու՞ այն ժամանակ այդքան մեծ չէր հիվանդների թիվը,- մտահոգ հարցրեց Բագրատը։
-          Գուցե վերահսկողություն կար,- միջամտեց Կաման։
-          Բնականաբար վերահսկվում էր։ Հազարից մեկն էր հիվանդանում, հիմա յուրաքանչյուր երրորդը,- ասաց Բագրատը, ոտքի կանգնեց,- Գնամ մի հատ ծխեմ։
-          Ի՞նչ իմանանք մեծ էր, թե ոչ, այն ժամանակ գուցե ինտերնետ չկար, պարզապես անտեղյակ էինք։ Հիշեք, տասը տարի ՍՍՀՄ-ը պատերազմեց Աֆղանստանում, քաղաքացին իմացավ այդ մասին միայն նրա փլուզումից հետո,- սա էլ իմ սուբյեկտիվ կարծիքն էր։
-          Այո, ճիշտ է, բայց դե սովետը լավ էր, մեզ վերահսկում էին ռուսները,- շարունակեց Կաման, սուրճը մատուցելով,- Բագրա՜տ արի, սուրճը եղավ։
-          Ջանոն, կարծես քայլող հանրագիտարան լինի,- մեջ մտավ Ազոն՝ արագ կծելով հաց ու պանիրը, այդ ընթացքում մի քանի անգամ լուսամուտից դուրս նայելով, որտեղից երևում էին դպրոցականները։
-          Արդեն եղե՞լ եք բժշկի մոտ,- հետաքրքրվեցի ես։
-          Այո, անգամ սկսել են բուժումը, մնացածը Աստծո ձեռքին է,- այս անգամ Բագրատի խոսքի մեջ մտահոգություն նկատվեց, իսկ հայացքի մեջ սպասում կար։

воскресенье, 26 мая 2019 г.

Յուրաքանչյուրը՝ ինքն է ստեղծում իր կարագավիճակը (596-րդը)


Որքան էլ դրսում ցուրտ լիներ, գարունն աննկատ իր շունչն էր սփռում ամենուր։ Ջեռուցումն արդեն հաճելի չէր, առավել ևս գիշերուզօր։ Ինձ մնում էր առիթը բաց չթողնել և ամեն անգամ, սոցիալ մտնելիս կամ գյուղապետին հանդիպելիս, արդեն խնդրել, որպեսզի կարգավորեին ջեռուցումը, բայց օրերը շաբաթներ էին դառնում, անցնում և ոչ ոք դուռը չէր թակում սույն խնդրի համար։
Երբ գիշերները մի պահ այն անջատվում էր, կարծում էի կարգավորվել է կամ ընդմիշտ անջատվել,  բայց առավոտյան նորից միանում էր մինչև հաջորդ ուշ գիշերը։ Իհարկե, որպես արևելքի ժողովուրդ՝ Ֆաթիմային և Սոմալիին միայն ուրախացնում էր ջերմության առկայությունը, անգամ նման տոթերին, նրանք միշտ հագնված էին։ Սոմալին, ինչպես միշտ, վերարկուն չէր հանում, բայց շրջում էր բոբիկ։
Օրերը գլորվում էին՝ կազմելով իմ կյանքը, և այն սպառում էի՝ ունկնդրելով երկու օտար կանանց հեռախոսազրույցները, հաճախ նաև լացուկոծը, որը կարող էր և չլինել իմ կյանքում։
Նորից եկավ քաղաք գնալու օրը։ Ամեն անգամվա պես առաջինը դուրս եկա՝ կարծես փախչելու այդ հարկի անտեսանելի կապանքներից, որ արգելում էր լիաթոք շնչել, և օդը միշտ կանգնած էր մնում կոկորդիս, իսկ մարմինս խեղդվում էր, դառնում թույլ ու տկար։
Քիչ հետո Ֆաթիման կանգառ եկավ բարձր կրունկներով, երկար վերարկուով և, հակառակ այդ նուրբ հագուկապին՝ կոպիտ, մեծ սայլակ-պայուսակը հետևից քարշ տալով, քաղաքից մթերք բերելու համար։ Քիչ անց եկավ նաև Սոմալին՝ սպորտային կոշիկներով, նուրբ ու թափանցիկ շրջազգեստով, իսկ տակից երևում էր տաք տաբատը, կարճ գարնանային վերարկույով։ Շրջազգեստին համահունչ էր միայն գլխաշորը, ձեռքին բռնել էր մեծ, կոպիտ ուսապարկ և երկար, կապույտ անձրևանոց։
Ինչպես միշտ կարմիր ավտոբուսում միայն մի քանի ազուլներ էին՝ նրանց միացանք նաև մենք երեքով։
Գումարն ստանալուց հետո սոցիալին ևս մեկ անգամ հիշեցրի ջեռուցման մասին, այնուհետև քայլեցի քաղաքապետարան «Krankenschein» վերցնելու։ Աշխատասենյակում  նստած էր սևահեր աշխատակցուհին, իսկ մյուս սեղանի մոտ, ինչպես միշտ, ազուլի կողմը չնայող երիտասարդ գերմանացին, առնվազն իմ կողմը չնայող։ Իհարկե, արդեն պետք է որ սովորած լինեի նման վերաբերմունքին, բայց արի ու տես յուրաքանչյուր անգամ տրամադրությունս փչանում էր և լուռ մտորում էի մարդու ստեղծած կարգավիճակների մասին, որում իմ տեղն այնքան էլ նախանձելի չէր։

суббота, 25 мая 2019 г.

Պատերա՞զմը, թե՞ օտարությունը նրան ստիպեցին գիշեր ու զօր աղոթել (596)


Ներսում, հատակին նամակ կար, վերցրի, առաջացա։ Հասցրել էի միայն դուռը բանալ, եկավ Ֆաթիման՝  մի բաց նամակը ձեռքին․
-          Սոցիալը մեզանից գումար է գանձել էլեկտրականության և ջեռուցման համար,- հասկացրեց նա՝ իր սովորած գերմաներեն բառերով։ Իհարկե հավատացի, նամակի բովանդակությունը չհասկանալու պատճառով։
Քիչ հետո, մի նամակ ձեռքին, նրան միացավ նաև Սոմալին՝ դեմքի նույն արտահայտությամբ։ Ես էլ բացեցի իմ բաժին նամակը՝ պարզվեց՝ երեք նամակների բովանդակությունն էլ նույնն էր։ Մի պահ երեքով իրար նայեցինք։
-          Դու այստեղ շատ ես մնացել, դու պետք է վճարես,- սկսեց Ֆաթիման։ Ես տարակուսած նայեցի իմ բաժին նամակին։
-          Սոմալին ամբողջ օրը խոհանոցում է, գիշերները դուք լույսերը վառն եք թողնում,- տարակուսանքից անցա հարձակման։
-          Ցուրտ է, լավ ենք անում,- արդարացիորեն հակահարված տվեց Ֆաթիման։
-          Երկու սառնարան ես աշխատեցնում,- իմ այս պատասխանից արաբուհին բորբոքվեց, մտավ իմ սենյակը, ձեռքը դրեց ոչ թե տաք, այլ այրվող ջեռուցմանը, բղավեց․
-          Սա ի՞նչ է։
-          Դա Սոմալին է հանել, երբ գրավել էր իմ սենյակը- հանգիստ պատասխանեցի նրան՝ հույսով՝ նա հասկացավ իմ միտքը։
-          Nein,- վերջապես, մատը թափ տալով ինձ վրա, բղավեց Սոմալին։
Որպեսզի վեճն ավելի խորը բնույթ չստանար և երկու արաբախոս կանանցից անվնաս պրծնեի, ինձ մնում էր զանգահարել Մանեին։ Երբ տառ առ տառ կարդացի նամակը, նա հասկանալով բացատրեց հետևյալը․ «Այդ նամակից բոլորն էլ ստանում են, այն ձեր եռամսյա ընդհանուր ծախսերն է»։ Լսածից միայն լուռ նայեցի Ֆաթիմային, իսկ նա սպասողական հայացքը հառել էր ինձ վրա։ Այլևս անկարող էի բացատրել, նամակը մի կողմ շպրտեցի՝ մտքում նախատելով լեզուներ հնարողին։
-          Ի՞նչ,- հարցրեց նա՝ ավելի անհանգստացած և սպասողական։
-          Gut,- իմ պատասխանից նրանք լքեցին իմ սենյակը՝ յուրաքանչյուրը հարցական հայացքը հառած ձեռքի նամակին։
Այլևս դուրս չեկա սենյակից, չնայած առավոտից ոչինչ չէի կերել, բայց տրամադրությանս հետ փչացել էր նաև ախորժակս, ուստի գիշերը, կիսաքուն, կիասաարթուն, ինձ համար վերածվեց մղձավանջի։
Առավոտյան արթնացա Ֆաթիմայի լացի ձայնից՝ նա լուսաբացի նամազն էր կատարում։ Քիչ հետո երևաց Սոմալին հագնված։
-          Ու՞ր,- տեսնելով հարցրի նրան, քանի որ նա երեկ էր եկել ընկերների մոտից։
-          Ընկերներ,- պատասխանեց նա և փափուկ քայլերով դուրս եկավ։
Քիչ հետո իմ դուռը թակեց ֆաթիման։ Ներս մտավ երկու բաժակ սուրճով։
-          Խմենք,- ասաց նա և նստեց միակ կահավորանք համարվող մահճակալին՝ մի բաժակը դեպի իմ կողմը հրելով։ Ինձ ոչինչ չէր մնում անել, քան հաշտվել անհանգիստ հարևանուհուս հետ։
-          Սիրիայում լավ էր,- սկսեց նա՝ մի տեսակ երազկոտ ու կարոտած հայացքը հառած դեպի  անորոշություն։
-          Իսկ ինչու՞ եկար այստեղ։
-          Որդուս պատճառով։ Նա արդեն եկել էր, եկա նրան տիրություն անեմ՝ շատ միամիտ է, իսկ նա այնպիսի մի կին բերեց, որ ինձ տեսնել անգամ չի ցանկանում,- նորից սկսեց լաց լինել։
-          Վերադարձիր հայրենիք։․
-          Չեմ կարող, բայց երբ պատերազմն ավարտվի, որդուս կառնեմ կգնամ։
-          Կարծես խաղաղվել է, էլ առաջվա պես չեն կրակում։
-          Ո՛չ, թվում է, թե խաղաղվել է։ Իսլամիստները փնտրում են, տներից դուրս են հանում երիտասարդներին, տանում են ճամփեքին գնդակահարում, վախենում եմ որդուս համար։
-          Հարազատներ ունե՞ս այնտեղ մնացած։
-          Բոլորն էլ այնտեղ են, միայն ես եմ դուրս եկել Սիրիայից։
-          Որտե՞ղ են ապրում հարազատներդ։
-          Դամասկոսում, այնտեղ պատերազմ չկա, չորս եղբայր ունեմ, նրանք հարուստ էին, մի եղբայրս մեքենաների բիզնես ուներ, բայց պատերազմն ավիրեց ամեն ինչ։
-          Իսկ ծնողնե՞ր։
-          Նրանք նույնպես Դամասկոսում են, երազում եմ այնտեղ վերադառնալ, մենք լավ էինք ապրում, ամեն օր լոգանք էինք ընդունում, ահա՛, մեր նկարներն են,- ասաց նա և բացեց հեռախոսը, ցույց տվեց թանկարժեք հագուստներով, գեղեցիկ մարդկանց՝ ճոխ սեղանների շուրջը նստած,- Անկեղծ ասած նման կյանքից ոչ մի պատերազմ չէր կարող ինձ տեղահան անել, եթե որդիս ընկերներին չգերագնհատեր, և ընդհանրապես իսկական փախստականը Եվրոպա չի հասնում, այլ հարևան երկրներից է ապաստան խնդրում կամ Դամասկոս է գնում,- եզրակացրեց նա, նորից տուրք տվեց արտասունքներին։։
Պարզվեց՝ այդ տառապած կինը որդու զոհն էր։
-          Ամեն օր նրանց հե՞տ ես խոսում հեռախոսով։
-          Այո՛, հիմնականում մայրիկիս,- հեկեկալով պատասխանեց նա։
-          Իսկ ինչու՞ որդիդ Դամասկոս չգնաց մինչև պատերազմի ավարտվելը։
-          Ասում եմ չէ՞՝ նրան ընկերները խելքահան արեցին, հիմա էլ ամսեկան իր գումարից ուղարկում  է Հալեպ՝ օգնելու նրանց, որպեսզի արտագաղթեն, անգամ իմ գումարն ինձ չի մնում, ինձանից էլ է պահանջում։ Վերջին կոպեկները հավաքեցինք, ուղարկեցինք, որպեսզի հարսնացուն կարողանար գալ, և ահա՛,- ձեռքերը տարածեց նա, ապա հպեց դեմքին՝ շարունակելով լաց լինել։
-          Մի ժամանակ չէի՞ր աղոթում, թե ես էի անուշադիր։
-          Չէի աղոթում, բայց հետո սկսեցի աղոթել իմ երկրի խաղաղության, երեխաներիս հաջողության և վերջապես, որպեսզի շուտ կարողանամ վերադառնալ հայրենիք կամ միանալ երեխաներիս։
-          Այստեղ վա՞տ է։
-          Սա ի՞նչ կյանք է։ Oրեր ու ամիսներ մենակ ու մենակ, գոնե ինձ տեղափոխեին երեխաներիս մոտ,- նորից նա կարոտագին մի հայացք հառեց պատուհանից դուրս։
-          Այդ մասին ասե՞լ ես նրանց։
-          Այո, համարյա միշտ այդ հարցով եմ սոցիալ գնում։
Ինձ մնում էր լուռ համաձայնվել և գլխով արեցի, որպես հավանություն, քանի որ ինքս նույնպես երազում էի ապրել իմ աղջկա քաղաքում՝ երեխաների մոտ։ ֆաթիման դուրս եկավ՝ սուրճի դատարկ գավաթներով, գուցե, և թեթևացած սրտով։ Գուցե, ո՞վ իմանա, բայց նրա պատմությունից իմ սիրտը ծանրացավ՝ առավել ևս, եթե ոչնչով օգնել չէի կարող։