понедельник, 8 апреля 2019 г.

Բոլորը և յուրաքանչյուրը (596-րդը)


Օրն սկսվեց երեխաների վազվզոցով, մեծերի աղմուկ աղաղակով։
-          Երեկ տերտերի հետ խոսել եմ, որպեսզի այսօր ինձ էլ աշխատանք տա,- ասաց Նաիրին, նստելով անկողնու վրա։
-          Ի՞նչ աշխատանք է,- հետաքրքրվեցի ես։
-          Պետք է եկեղեցում հագուստ բաժանեմ։ Գուցե հնարավոր լինի, մի քանի տաք հագուստ վերցնել, այլապես մրսում եմ։
-          Այո՛, տեսնում եմ դու նույնպես ամառային հագուստով ես։
-          Տանն ունեմ, չբերեցի, ասացին այստեղ տալիս են։
-          Փաստորեն չեն խաբել, տալիս են, պարզապես պետք է կարողանալ վերցնել։
-          Գնում եմ նախաճաշի հետևից, ձերն է՞լ բերեմ,- հարցրեց նա, վերցնելով «Essen» քարտերը, դուրս եկավ Բաչոի և Գիոի հետ, նրանց միանալով ելքի մոտ։
Ճաշից հետո իմ մահճակալային անկյունից հետևում էի, թե բոլորն ինչպես են շտապում եկեղեցի և այնտեղից վերադառնում մեծ տոպրակներով և հիմնականում իրենց դարն ապրած ճամպրուկներով։
Անկյունում ապրող սիրիացի կինն ու երկու աղջիկները երեք արաբ տղամարդկանց հետ ներս մտան՝ մեծ թոփերով հագուստները թևերին, իսկ ճամպրուկները կամ տոպրակները հազիվ քարշ տալով հետևներից։ Նրանց հետ ներս մտան ոչ պակաս բեռնված Նեդան ամուսնու հետ։ Ես իհարկե իմ մեջ թաքուն զարմանում էի նրանց ունակությանը, իսկ ավելի ստույգ ճարպկությանը։ Զարմանքիս զգայարանը դեռ ճչում էր, երբ վերադարձան նաև աֆղանները՝ ինչպես միշտ երեք աղջիկների հետ միասին։ Ֆաթիման համարյա գետնով քարշ էր տալիս մեծ ու ծանր տոպրակը՝ լիքը հագուստով, իսկ մյուսները հետևում էին նրան։
Քանի որ եկեղեցու աշխատակիցներին անզոր էի բացատրելու, որ ես էլ կամ, գոյություն ունեմ, իսկ եթե գոյություն ունեմ, երևի ընդունակ եմ նաև մրսելու, ուստի նստած իմ մշտական դիտարանում ակամա և հաճախ հանգում էի նույն եզրակացությանը․ «Մեկ անգամ ինչխը կորցրած, մահից մազապուրծ մարդը, երբ այլևս կյանքին վտանգ չի սպառնում, նորից վերադառնում է իր էությանը՝ շարունակելով պաշտել նյութը, միաժամանակ չմոռանալով  աղոթելը։
Երեկոյան եկավ նաև Նաիրին ավելի մեծ ու հին ճամպրուկով։ Երբ այն բացեց, այլևս ինձ տեղ չմնաց, ուստի դուրս եկա՝ հնարավորություն տալու նրան փորձելու բերած հագուստը։ Շուտով նրա շուրջը հավաքվեցին վրացի տղամարդիկ և Միշան, եկավ նաև ուրիշ վրանից անծանոթ մի հայ, որին առաջին անգամ էի տեսնում( ասեմ, որ ճամբարում, իսկ հետո իմացա ամենուր՝ միայն հայերն էին զգուշանում իրարից և խուսափում մոտիկություն անել)։
Նաիրիի աժդահա լինելու պատճառով նախկին ԽՍՀՄ-ի բարեկամներին նույնպես բաժին հասավ՝  անգամ Միշան միանգամից երկու տաբատ ունեցավ, որի մասին երազել անգամ չէր կարող, իսկ խիստ ցրտերին անիծում էր կարճ անդրավարտիք հնարողին։
Եթե ոչ ոք չէր ցանկանում հերթական հագուստը վերցնել, այն սիրով ընդունում էր իմ կողքին քնող արաբ երիտասարդը, և, առանց փորձելու, խնամքով տեղավորում էր ճամպրուկի մեջ, նորից ժպտալով՝ հանգիստ նստում անկողնուն՝ կարծես սպասելով հաջորդին։
Երբ Նաիրին ավարտեց և մի ճամպրուկ հագուստից իրեն մնաց միայն մի զույգ սպորտային կոշիկ՝ դարձյալ մեծ, բայց համաձայնվեց հագնել և մեկական տաբատ ու տաք վերնաշապիկ, վերցրեց խաղաքարերը և ընկերների հետ տեղավորվեց աֆղանների նստարանին։
Հերթական անգամ եկեղեցուց վերադառնալով՝ մոտեցավ Նեդան՝ այս անգամ թևին մի քանի նոր հագուստ կախած, առաջարկեց ինձ և կարողացա  ընտրել միայն երկու հատ,  մնացածը վերցրին աֆղանները։
Նաիրիի համար երեկոն շարունակվեց թղթախաղով, երեխաների համար՝ աղմկելով, մեծերի համար՝ անվերջ հագուստ հանել հագնելով։ Իսկ ինձ մնում էր իմ անկյունից հետևել այդ ամենին։

Комментариев нет:

Отправить комментарий