пятница, 19 апреля 2019 г.

Ճամբարային համայնապատկերը(596-րդը)


Սպիտակ մշուշն ավետեց լուսաբացը։  Ճամբարը մի տեսակ ծանր էր ու թաց։  Անհամբեր սպասում էի լուսանկարող խմբին, բայց  լուսանկարող խմբի փոխարեն, կեսօրից հետո ճամբար մտան երկու մեծ ավտոբուսներ՝ փախստականների թիվն ավելացնելով ևս հարյուր քառասունով։ Հիմնականում Սիրիայից էին։ Նրանց մեջ կար սիրյահայ մի ընտանիք՝ երեք երեխաներով։ Աղջիկները չափահաս էին, իսկ որդին՝ դեռ դպրոցահասակ։ Լաց լինելով քարշ էին տալիս յութաքանչյուրն իր բաժին ճամպրուկը՝ շարվելով կարմիր պատի տակ։
Այլևս սովորական էր, և ոչ ոք, համարյա բացի երեխաներից, չէր հավաքվում նրանց շուրջը։
Միալար մաղում էր բարակ անձրևը՝ ոմանց հոգին պարուրելով թախիծով։ Նրանք երկա՜ր նայում էին մեզ, և, զարմանքի հետ ակամա, անորոշ մի հարցական էր հայտնվում դեմքներին, թվում էր՝ հենց պատի տակից էլ ետ են դառնալու։ Ահա, նման օտար ու ցուրտ էր նրանց հայացքները, իսկ փոխարենը՝ նրանց էին նայում հոգնած ու վայրի բնազդին վերադարձող հայացքներ, նայողների հայացքի իմաստը ևս հարցական էր՝ դեպի ու՞ր․․․
Շուտով բակը դատարկվեց՝ անձրևը բոլորին ներս քշեց՝ նորեկներին նոր մահճակալակացարաններ, իսկ մյուսներին  ճաշարան  հերթ կանգնելու՝ ճաշից հետո հավելյալ ճաշ, թեյ և սուրճ ստանալու։ Հերթում հիմնականը  քուրդ, աֆղան, արաբ տղամարդիկ էին և երեխաներ․․․ նրանք թեյը կամ սուրճը տեղում արագ խմում էին, իսկ ճաշն ու հացն առած դուրս էին գալիս գոհ ու կուշտ դեմքերով։
Կանայք կա՛մ թավալում էին սավանապատ անկողիններում, կա՛մ շտապում էին զուգարանների, լվացարանների կողմը՝ հետևներից քարշ տալով անխնամ երեխաներին, հաճախ լաց լինելով։
Թվաց՝ արևը, խռոված ճամբարային համայնապատկերից, այդպես էլ դուրս չեկավ, և մշուշի վրա նստեց պաղ երեկոն։
Անտես անձրևը շարունակում էր թրջել ճամբարը՝ յուրաքանչյուրին ստիպելով ծվարել իր անկյունում, միայն երեխաների համար գոյություն չուներ վատ ու լավ եղանակ։ Նրանք նույնն էին՝ դրսում կռվարար, իսկ ներսում՝ աղմկող։
Թվում էր՝ ոչ ոք չէր ենթարկվում խաղի կանոններին, սակայն կար անտես մի հզոր օրենք, և այն յուրաքանչյուրին ստիպում էր իր՝ խաղից դուրս կարգավիճակով ենթարկվել այդ անտես ուժին։ Գուցե այն իսկապե՞ս երկրի օրենքն էր, իսկ գուցե անհոգ ու կուշտ  օրե՞րը․․․ Գուցե․․․
Մեր վրանը տարբերվում էր մյուս վրաններից կենցաղով և բնակիչներով՝  ծնողները միշտ թաքնված էին սավանների հետևում, երիտասարդները ճիգ էին գործադրում, որքան կարելի էր բարձր բղավել՝ վրանի մի ծայրից մյուսն իրար ձայն տալով, երեխաները՝ մեծից փոքր, մահճակալների արանքով մրցում էին հեծանիվներով։ Միայն մատների վրա հաշված մարդիկ էին, որոնց կարծես ոչինչ խանգարել չէր կարող՝ նրանք կա՛մ աղոթում էին, կա՛մ միշտ դասավորում օրեցօր ավելացող ճամպրուկները և գոհ դեմքով մի պահ նստում մահճակալին՝ գլուխը ցած թեքած, հայացքի տակից հերևելով բոլորին։
-          Բարի երեկո,- բարձր տրամադրությամբ միաձայն բարևեցին վրացի տղամարդիկ և Միշան, իսկ Նաիրին, չնայած նրանց հետ էր, պարզապես  աշխատեց առաջինը տեղ բռնել նստարանին, մյուսները հերթով ևս տեղավորվեցին։
-          Բարի եկեկո, էս որտեղի՞ց։
-          Գնացել էինք գարեջուր խմելու, լավ օր էր,- նույն ոգևորությամբ պատասխանեց Բաչոն։
-          Նորություն չունե՞ք ինձ համար։
-          Վաղը լուսանկարվելու օր է։ Դրանից լա՞վ նորություն,- պատասխանեց Գիոն՝ ոչ պակաս ոգևորված։
-          Ինչ լավ է, դե ես դուրս գամ, որպեսզի ձեզ չխանգարեմ,- ասացի ես և մի կերպ նրանց արանքով դուրս եկա։
Դրսում անձրևը շարունակում էր բարակ մաղել։ Մի պահ մնացի կանգնած՝ չիմանալով ուր գնալ, այնուհետև քայլերս ինձ տարան դեպի հինգերորդ վրան։

Комментариев нет:

Отправить комментарий