среда, 31 марта 2021 г.

 «ԿՈՒԲԻԿԸ»

Վագը կուբիկներով տուփը վերջերս նվեր էր ստացել մանկատուն եկած մի բարեգործից։ Նա սիրում էր այդ կուբիկները, և ժամերով կարող էր տարվել խաղով, միայն թե նրան վախեցնում էր նրանցից մեկի վրայի մի աչքանի մարդու պատկերը՝ չար ու հեգնական ժպիտով։ Տղան  տուփի մեջ թաքցրեց  վախեցնող պատկերով կուբիկը, նորից տարվեց խաղով։ Հանկարծ սվվոց լսվեց։ Տարօրինակ ձայնից նա շուրջը նայեց, երբ ոչինչ չգտավ, շարունակեց խաղը։ Ձայնը կրկնվեց։ Այս անգամ այն հիշեցրեց քամու ոռնոցը։ Վագը շուրջը նայելով ոտքի կանգնեց։ Կուբիկների տուփը շարժվեց։

-        Հանի՛ր ինձ այստեղից,- լսվեց տուփի միջից։

Տղան վախեցած ուզեց  փախչել դուրս, երբ ձայնը կրկնվեց։

-        Ու՞ր ես գնում, հանի՛ր ինձ այստեղից։

Վագը մոտեցավ, զգույշ բացեց տուփը, այնտեղից տղային էր նայում մի աչքանի պատկերով կուբիկը կենդանացած աչքով։ Նա սարսափած ետ գնաց, սեղմվեց պատին մնաց ։

-        Ինձանից  մի վախեցիր, ես քո սիրելի կուբիկն եմ,- շողոքորթ խոսեց գլուխը, շարժելով նիհար շուրթերը։

-        Դու սարսափելի ես,- կմկմաց տղան։

-        Չէ՞որ միայն ասացի՝ հանիր ինձ այստեղից, ինչու՞ վախեցար տղա։

-        Որովհետև դու վատն ես։

-        Ինչու՞ ես այդպես  կարծում,- ավելի մեղմացավ գլուխը։

-        Որովհետև դու չար ես։

-        Ահա թե ի՞նչն է քեզ վախեցնում՝ առաջին տպավորությունը կարող է խաբուսիկ լինել, պարզապես մի վախեցիր, քեզ չեմ վնասի, եթե կատարես իմ բոլոր հրամանները։

-        Հրամաննե՞րը,- զարմացավ տղան։

-        Այո, հրամանները, ի՞նչ կա զարմանալու- նրա ձայնը փոխվեց, դարձավ հնչեղ ու տիրական։

-        Ի՞նչ  պետք է անեմ,- Վագը դժկամությամբ մոտեցավ կուբիկին։

-        Ամենասկզբում նայիր դուրս, ասա ի՞նչ եղանակ է այնտեղ։

Տղան մոտեցավ, լուսամուտից նայեց դուրս,-  Արև է։

-        Կարո՞ղ ես ասել, տարվա ո՞ր եղանակն է։

-        Ձմռվա վերջին ամիսն է։

-        Իսկ այժմ դու ինձ կտանե՛ս դուրս։

-        Այո, բայց տե՛ս ձեռքս չվնասես,- վախվորած, Վագը վերցրեց կուբիկը։

-        Ո՛չ, ինչպե՞ս կարող ես այդպես վիրավորել ինձ,- նկատելի վրդոհվեց կուբիկի դեմքը։

Վագը կուբիկի դեմքը դեպի վեր շրջեց, բայց շտապելուց վայր ընկավ։ Կուբիկը ձեռքից գլորվեց, հայտնվեց պահարանի տակ։

-        Վա՜խ գլուխս, հիմար տղա,- լսվեց պահարանի տակից։

Վագը մնաց շվարած, կանգնած։

-        Իսկ այժմ ինձ դուրս հանի՛ր այստեղից անփույթ տղա։

Վագը կռացավ, նայեց պահարանի տակ, երկարացրեց ձեռքը, բայց ոչինչ չստացվեց։ Նա վազեց դուրս, ետ եկավ փայտը ձեռքին, կռացավ, սկսեց հրել կուբիկին։

вторник, 30 марта 2021 г.

 «Մենք դարդի մեջ, չգիտեինք դարդն ի՞նչ է»․ Թումանյանի այս միտքը կարծես մեր մանկության մասին էր։

Ութ, իննը տարեկան երեխաներ էինք, սիրում էինք մայիսյան տոները։ Մեծ սիրով ու փափագով էինք սպասում այդ օրերին, բայց ամենա շատը սպասում էինք մայիսի մեկի շքերթին՝ այն անց էր կացվում անգամ ամենափոքրիկ քաղաքներում։ Մեր քաղաքն էլ էր փոքր քաղաքների շարքին դասվում, ավելի ստույգ շրջկենտրոնը, իսկ մեր գյուղից այն բավականին հեռու էր։

Վաղ առավոտյան դեռ անասունը հանդ դուրս չեկած, երեխաներով հավաքվեցինք ավտոբուսի կանգառը, որպեսզի չուշանայինք քաղաք գնացող միակ տրանսպորտից։

Մի ոտքի վրա կանգնած, կիսախեղդվելով հազիվ դուրս նետվեցինք ավտոբուսից, երբ տեղ հասանք։

Չնայած մայիս ամիսն էր, բայց օրն ամպամած էր ու անձրևոտ, իսկ շքերթը սկսվում էր ժամը տասնմեկին։ Երեխաներով ժամը ութին այնտեղ էինք՝ մրսած ու սոված։

Էս պատի տակ կուչ եկանք, էն պատի տակ, մինչև շքերթը սկսվեց։ Մի կարճ տարածություն էլ մենք քայլեցինք, ոգևորությունից ցուրտն ու սովը մեղմացավ։

Շքերթից հետո  մի կերպ գտանք ավտոկայանը, բայց ավտոբուսն անցել էր և մենք մնացինք շվարած։ Նադյան ինձանից մեծ էր մեկ տարով, առաջարկեց գնալ իր քեռու տուն։ 

Գիշերեցինք այնտեղ, իսկ առավոտ վաղ դուրս եկանք, որպեսզի ավտոբուսից չուշանանք։ Ավտոկայանը դատարկ էր ու անշուք։ ժամերով սպասելուց հետո, ոտքով ճամփա ընկանք դեպի գյուղ։ Դպրոցական համազգեստով էինք, առանց անձրևանոցի։ Սև ամպերը կախվել էին վերևից, կարծես ուր որ է հեղեղ պիտի թափվեր մեր գլխին, բայց այլ ընտրանք չկար, պիտի տուն հասնեինք։ Բավականին ճամփա հատելուց հետո, վերջապես հասանք մի գյուղի, որտեղ ադրբեջանցիները ավելի շատ էին, քան հայերը՝ և այս երևույթը լայն տարածում էր գտել շատ գյուղերում ու շրջաններում։ Սովետական բոլոր ազգերը եղբայրներ էին, որքան էլ ներքուստ հայը թուրքից վախենար։ Այդ գյուղում ամենա լավ ավտոն թուրքն էր քշում, ամենա մեծ հոտը թուրքինն էր, կոլտնտեսության վիլիսը թուրքն էր քշում, սոց․ հերոսը թուրք հովիվն էր․․․ Որքան էլ անունով հայկական գյուղ լիներ, այնտեղի տեր ու տիրականը թուրքն էր, ուստի մենք վախենալով գլխավոր ճանապարհով անցնել, փորձեցինք գյուղը շրջանցել կարճ ճամփով։ Ճամփաբերնի տնից մի սպիտակ գամփռ աթարի դեզից դուրս թռավ, սկսեց բարձր հաչալ, լավ էր որ կապված էր։ Շան հաչոցին երևացին մի քանի տղա երեխաներ, մենք զգաստացանք, քանի որ նրանց ձեռքին մեծ քարեր կային։ Սկսեցին թուրքերեն մեզ հայհոյել ու քարերով հարվածել։ Որքան էլ ճամփամիջի ցեխը դժվարացներ վազելը, մենք սկսեցինք վազել, հաճախ ետ նայելով։ Թուրքի երեխաների թիվը կրկնապատկվեց, իսկ մենք փախչում էինք ամբողջ ուժով։ Որքան էլ փորձեցինք անվնաս փրկվել՝ չստացվեց, շպրտվող քարերից մեկը դիպավ քունքիս, սկսեց արյունը հոսել։ Երբ այտս տաքացավ, դադարեցի վազելը, կանգնեցի ու ետ նայեցի։ Թուրքի երեխաները արդեն ետ էին դառնում, իսկ մենք հասել էինք գլխավոր ճամփին։ Մի կերպ քունքիս արյունը կանգնեցրի, բայց համազգեստս արյունոտվել էր ու ցեխոտվել։ Ինչևէ, տուն հասանք հոգնած, սոված ու մրսած, իսկ ամենասարսափելին՝  մենք մահու չափ վախեցած էինք մեր երկրում, մեր հողի վրա։

   

 

 

воскресенье, 28 марта 2021 г.

Հեռու՜ լեռներում երգն է լռել,

մի տխուր մրմունջ հոգի է մաշում,

գարնան կանաչը կարմիր է հագել,

մի՞թե նրանք են ծաղիկներ դառնում․․․

                    

Նորից եկավ գարունը, իր հետ բերեց տխուր մի մորմոք։ Հայոց աշխարհում, այն խոստացած հինգ միլիոն բնակչության փոխարեն նա բերեց հինգ հազար թարմ շիրիմներ։ Բերեց ու պաթոսախեղդ արեց բոլորին, իսկ ինքը նորից մնաց ու շարունակեց հորինել տնտեսական աճ ու ամուր՝ գոյություն չունեցող բանակ։

Ողբամ զքեզ հայ ժողովուրդ, որ աշխարհին տվել ես Արամ Խաչատրյան, իսկ քեզ պահել ես սպիտակցի հայկո, որ աշխարհին տվել ես բաղրամյան և բաբաջանյան, իսկ քեզ պահել ես  մանվել, որ աշխարհին տվել ես փառավոր հաղթանակող անհատներ, իսկ քեզ պահել ես փողի մեռած ստահակների մի ողջ բանակ և դու պարտվեցիր այն ազգին, որը երբեք չի ունեցել մարշալներ ու աշխարահռչակ կոմպոզիտորներ, չի ունեցել և չի ունենա, սակայն դու պարտվեցիր նրան, քանի որ երեսուն տարի առաջ սխալ թույլ տվեցիր քո քաղաքական կադրային հարցում։ 

Այո՛, փողոցից եկածը փողոց նետեց բնիկ հային և ինքը բազմեց օջախի գլխավոր աթոռին ու․․․








суббота, 27 марта 2021 г.

 Մինչև հայը ետ չսովորի ուրիշի դժբախտության վրա փող աշխատել, Հայաստանաը նորմալ պետություն չի դառնա։

                                                         ***

Մանրանում ենք ամեն մանր, մունր խնդիրներում, աչքաթող անելով գլխավորը։ Գլխավորը կարևորից չտարբերելով էսպես գնում ենք դեպի ոչ մի տեղ և ամեն սայթակելուն թիրախավորում ենք օտարին։

Գործով տարված մարդը չի կարող նկատել թե ի՞նչ է կատարվում վերևներում, սակայն հայի բնությունն է այլ։ Բոլորը և յուրաքանչյուրը իր մեջ տեսնում է վաղվա երկրի առաջին դեմքին։ Չկար ինտերնետ, պակաս էր նաև շատ խնդիրներ։ Յուրաքանչյուրը լուռ ծամում էր իր մի կտոր հացը և անցնում իր բաժին գործին։ Այսօր այլ է՝ տեղեկատվական դաշտը տեղի անտեղի թունավորում է մարդկանց հոգիները և գցում կամ ու կացի մեջ։ Շատերը հուսալքվում են ու հեռանում երկրից, լսելով հուսահատեցնող լուրերի տարափը։

Այսօր հայը ունի ավելի կարևոր ու հրատապ լուծման կարիք ունեցող խնդիրներ, քան զատիկի ձուն է, որը և կարող է չուտել։ Էսպիսին է հայը, նրա մոտ միշտ էլ հաղթում է անձնականը և ախորժակը։ Պետություն և հայրենիք՝ դրանք միշտ էլ եղել են կենացի թեմա, կեր ու խումի առիթ և ոչ ավելին։

Սովորում ենք հարմարվել ամեն վատին, սովորում ենք հարմարվել մեզ դավաճանող դեմքերին, անգամ սկսում ենք համակրել ու ծափահարել նմաններին։ Ինչու՞ ենք այդպիսին՝ այդպիսին եղե՞լ ենք, թե օտարներն են մեզ վեր են ածել։ Գուցե երկրորդը, բայց ո՜չ, մարդուն փոխել անհնար է, ազգին՝ առավել ևս, ուրեմն այդպիսին ենք, եթե մի քանի թերթ էլ պատմության էջերն ենք ետ թերթում, գիտակից մարդը սահմռկում է մեր բնավորության մանրությունից, եսապաշտությունից, նյութապաշտությունից։

Շատ հասարակական գործիչներ են հայրենիքը փոխել դեղին ոսկու հետ, սական նրանք կռացել են ժամանակի ծանրության տակ և անհետացել, չվայելելով ինչխը։

Չկարողացանք սովորել թշնամուց, կույր ձևացանք, չտեսնելու տվեցինք նրա հզորանալը, ներսում իրար միս կերանք, իրար կոկորդ կրծեցինք, մսաղաց սարքելով ամեն նոր աճող սերնդի համար և անտեղի ու անզոր ատեցինք թշնամուն, թույլ տալով ամեն անգամ իր յաթաղանը ներկել հայի արյան գույնով և հրճվել հայի անկայուն բնավորության վրա։

հայի բնությունն է այդպիսին, այլապես ետանկախացման տարիներին գեթ մեկ նվիրյալ նախագահ կունենար։ Բոլորը մերկ ու սոված եկան, հայրենիքը համարելով լիքը լցված կերակրատաշտ և յուրաքանչյուր նոր եկողը յուր գերդաստանով լծվեց կշտանալուն․․․

(շարունակելի)