четверг, 25 апреля 2019 г.

Դատարկ վրանը մխիթարեց ինձ (596-րդը)


Մեծ վրանը հիշեցնում էր փոքր գյուղ՝ բնակեցված տարբեր ազգերով, որոնք հիմնականում մուսուլմաններ էին և որոնց մայր լեզուն արաբերեենն էր։ Այնտեղ  յուրաքանչյուրը տարբերվում էր մյուսներից յուրովի, քանի որ համարյա ամեն ընտանիք  ներկայացնում էր մի ազգ և մի մշակույթ, ուստի ինձ համար դժվար էր։    Այնտեղ միայն ես էի միայնակ, և միայն ինձ համար էր լեզուն օտար և ես հիմնականում մնում էի նստած կամ պառկած՝ լավագույն դեպքում թափառելիս։
Չնայծ արևն աննկատ անցնում էր ամպերի տակով, բայց միևնույն է, այն խորհրդանշում էր ցերեկվա տևողությունը, թեկուզ իր սպիտակ գույնով։ Սպիտակ արևը դեռ չէր անցել սարի հետևը, երբ անձրևը դադարեց հարվածել վրանի տանիքին։ Թեթևացած շունչ քաշեցի, շտապելով դուրս։ Անցնելիս, աֆղան տարեց կինը, ինչպես միշտ, նստած էր դռանը մոտիկ մահճակալի երկրորդ հարկում։ Նրա դժգոհ հայացքը ուղեկցեց ինձ մինչև դռնից դուրս եկա։ Իհարկե, այն ոչ մի ազդեցություն չթողեց ինձ վրա, քանի որ նա և մյուս բոլորն այդ վրանում օտար էին ու հեռու։
Անձրևից հետո օդը բավականին սառն էր։ Քայլեցի դեպի փոքր վրանի կողմը։ Դռները  բաց էին, սակայն ներս չմտա, միայն դռան լուսամուտից նայեցի ներս․ այնտեղ իսկապես ոչ ոք չէր բնակվում։ Փոքր վրանի դատարկությունը մխիթարեց ինձ, ետ դարձա։
-          Ու՞ր,- ճամփին հանդիպեցի Նեդային, ով, սովորության համաձայն, երևի օրվա մեջ հարյուրերրորդ անգամը շտապում էր լվացարանների կողմը, բայց որքան էլ հետաքրքիր լիներ, թե ինչու՞ այդքան հաճախ, այդպես էլ բաժանվեցի նրանից՝ երբեք չհարցնելով այդ մասին։
-          Ոչ մի տեղ,- հասկացրի նրան։
-          Գնա՛նք թեյ խմենք,- ուրախ առաջարկեց նա, ապա շարունակեց ճամփան,-  հիմա կվերադառնամ։
Նոր էի նստել մահճակալին, եկավ Նեդան։ Նա նստեց կողքս, հայացքով տնտղեց իմ նոր կացարանը, ապա բութ մատով հավանություն տվեց։ Այդ պահին չմուշկ քշող պատանին թափով  դիպավ մահճակալին, այն ճոճվեց, Նեդան տեղից վեր թռավ՝ գլուխը հարվածելով երևի դրա համար նախատեսված ձողին։ Հասկանալով նրան՝ ակամա ծամածռվեց նաև իմ դեմքը։ Մեզ մնում էր ժպտալ, որից հետո շտապել դուրս։

Комментариев нет:

Отправить комментарий