воскресенье, 28 апреля 2019 г.

Մակեդոնացի ընտանիքը (596-րդը)


Առավոտյան մառախլապատ էր, այնուհետ փչեց ուժեղ քամին, կարծես այն եկավ ցրելու մառախուղը, որպեսզի տեղը ձյուն բերեր։ Ձյան խոշոր փաթիլները քիչ հետո ճամբարն առան սպիտակի մեջ։ Աֆրիկացիները՝ հիմնականում սոմալիցիները և էրիթրիացիները, հաճախ դուրս ու ներս էին անում հաստ ձեռնոցներով, տաք գլխարկներով, միաժամանակ բոբիկ ոտքերով, խաղալով տեղացող ձյան հետ։ Արաբները սրբիչներով և տաք շարֆերով ամուր փաթաթել էին բերանները, միայն անհրաժշտության դեպքում էին երևում դրսում՝ արագ վազելով, բոբոիկ ոտքերը կոշիկների մեջ քստքստացնելով։
Ցուրտ քամին աղմկելով շարժում էր վրանները և ամեն կողմից սողոսկում ներս՝ մարդկանց ստիպելով գամվել անկողիններին։ Միայն երեխաների համար տարին չուներ վատ եղանակ։ Ինչպես միշտ, նրանք ներսում չմուշկ էին քշում, իսկ այդ օրը դրսում, օդի մեջ փորձում էին բերանները բացած ձյան փաթիլներ  որսալ՝ իրար հրմշտելով։ Որքան էլ տեղացող ձյունը խոշորափաթիլ լիներ, ասֆալտը մնում էր սև։ Շատերն առաջին անգամ էին ձյուն տեսնում և, անակնակալի եկած, վազվազում էին։ Կարծես նրանց արագությունից առաջանում էր ձնհալը։
Հերթական անգամ ավտոբուսները շարվեցին բակում՝  նորից համալրելով վրանները նոր փախստականներով։ Հինգերերդ վրան բերեցին մակեդոնացի մի ընտանիք։ Նրանք՝ երեք երեխաներով, տեղավորվեցին աֆղաններին մոտիկ, զբաղեցնելով բավականին տարածություն: Հայրը, փոքրիշատե, խոսում էր գերմաներեն, մայրը՝ նիհար, գլխաշորով, փոքրամարմին կին էր, իսկ ավելի փոքրամարմին և ավելի նիհար նրանց դուստրն էր, որին կարելի էր գեղեցիկ համարել, եթե միշտ լուռ ու անծանոթ մնար, ավագ որդին, դստեր հակապատկերն էր՝ լռակյաց ու մտախոհ, փոքր որդին՝ Մուհամեդը՝  հինգ տարեկան էր, և բացահայտորեն սիրվում էր ծնողների կողմից, նույնքան անտարբերության էր մատնվում մեծ քրոջ ու եղբոր կողմից։ Երբ նրանք սավանապատեցին իրենց հասանելիք քառակուսին և դարձան ճամբարային կենվորներից մեկը, մորը հաճախ կարելի էր  տեսնել նստած մահճակալի երկրորդ հարկում, փոքր որդու գլուխը ծնկին դրած՝  նա երկար դիտում էր բոլորին՝ չմոռանալով մշտապես շոյել սիրելի որդու գլուխը, փոքրիկն էլ իր հերթին, միշտ կպած էր մոր փեշից։ Մյուս երկու զավակները առաջին օրերը՝ առավոտից երեկո թավալ էին գալիս սավանապատ մահճակալի մեջ․․․Ավելի ուշ աղջկան կարելի էր տեսնել ճամբարի ամեն անկունում, որտեղ վեճ կամ ծեծկռտուք էր, իսկ եթե առիթ չէր լինում, ապա նա երկար ժամանակ վիճում ու գոռգոռում էր ծնողների հետ։ Միայն մեծ որդին մնաց առաջին օրվա պես՝ լուռ ու մտահոգ․․․

Комментариев нет:

Отправить комментарий