вторник, 2 апреля 2019 г.

Օտարները, որպես յուրայիններ(596-րդը)


Վաղ ծեգին սկսված հորդ անձրևը բոլորին գամել էր տեղերում։ Ես նույպես մնացել էի պառկած։ Աշնանային կարճ օրն անցավ աննկատ։ Երեկոյան, ընթրիքից հետո եկան Էլչիմն ու Սևդան։
-          Բարև ձեզ,- բարևելուց հետո, հին բարեկամի պես, Սևդան նստեց նստարանին, իսկ Էլչիմը մնաց կանգնած։
-          Ինչպե՞ս  եք,- սկսեց Սևդան,- վաղը մարկետ ենք գնում, կգա՞ք մեզ հետ։
-          Իհարկե,- ուրախացա ես,- Էլչի՛մ, դու նույնպե՞ս գալու ես։
-          Ոչ, ես ավելի կարևոր գործ ունեմ, ճաշարանում գործ եմ ճարել։
-          Ես մեր վրանի հայ կնոջ հետ եմ գնալու,- ավելացրեց Սևդան, որը ամուսնու հակառակ պատկերն էր՝ միշտ ժպտում էր, իսկ նրա խոշոր, սև աչքերին սազում էին ճակատին թափված ուղիղ մազերը։ Էլչիմը մի քանի բառ փոխանակելուց հետո, զրույցի բռնվեց Նաիրիի հետ։
-          Լվացքատանն եմ աշխատում, եթե լվանալու շոր ունենաք, բերե՛ք,- Ինձ համար անսպասելի առաջարկեց Սևդան, ինչն իմ սրտով էր։
-          Ե՞րբ կարող եմ,- պահը բաց չթողնելով՝ հետաքրքրվեցի ես։
-          Երեկոյան յոթից մինչև կեսգիշեր, հիմա պետք է շուտ գնամ, որպեսզի հասցնեմ։
Սա աղցան է, կուտե՛ք, ինքս եմ պատրաստել,- ասաց նա և ինձ տվեց պլաստմասե հերմետիկ փակ մի աման: Այն խնամքով տեղավորեցի ցանցի մեջ, հետո միայն շնորհակալություն հայտնեցի։
-          Եկե՛ք մեզ մոտ, լվացքատանը կզրուցենք,- ասաց նա, գնաց։  Էլչիմը տեղավորվեց նրա տեղը, Նաիրիի հետ սկսեցին թուղթ խաղալ։
-          Բարի երեկո,- Մեկը բարևեց ռուսերեն՝ գլուխս շախմատի ձիու դիրքից քիչ բարձրացրի՝ օրեր առաջ ճաշարանում արաբ տղային ոտքով հարվածող սիրունատես երիտասարդն էր։
-          Բարև,- միանգամից պատասխանեցինք երեքով, նա առաջ անցավ, նստեց Նաիրիի կողքին, ստացվեց իմ դիմաց։
-          Անունս Միշա է,- ներկայացավ նա։
-          Բարի երեկո,- դեռ Միշայի բաժին թղթերը չէին հասցրել բաժանել, երբ նրանց միացավ Գյորգին և Բաչոն, բայց Նաիրին երկու վրացուն էլ Գիո էր անվանում։
Նրանց արանքում մնացի կծկված մահճակալի մեջ, և քանի որ վաղ էր թե՛ քնելու, թե՛ լվացքատուն գնալու համար, ուստի, մի կերպ անցնելով տղամարդկանց ստեղծած պատի միջով, հայտնվեցի դրսում։ Մթնշաղ էր։ Քայլեցի հավաքած վրանների դատարկ տեղով։ Այն ֆուտբոլի դաշտ էր հիշեցնում, միայն թե ասֆալտապատ։ Կանգնեցի, նայեցի հեռուն, որտեղից երևում էր լույսերի մեջ ողողված երեկոյան Հանն՝ իր վեր սլացող ինքնաթիռների հռնդյունով։
-          Բարի երեկո,- նորից հնչեց ռուսերենով, ետ նայեցի՝ Խալեդը կանգնած էր իմ դիմաց։
-          Բարի երեկո։
-          Արի՛ քայլենք։
-          Արի՛։
-          Գեղեցիկ երեկո է,- արթնացող աստղերին նայելով՝ ասաց նա։
Նույն պահին մեր առջևից անցավ մի բազմանդամ արաբ ընտանիք՝ ծնողների յուրաքանչյուրի ձեռքին մի-մի կաթսա, իսկ ութ երեխաները՝ նրանց հետևից։ Ամնենամեծը երևի տասներկու տարեկան հազիվ լիներ։
-          Աստղերի փայլը խամրեց,- մրմնջաց Խալեդը։
-          Ինչու՞։
-          Տե՛ս, թե քանիսն է շարել իրար հետևից։
-          Իսկապես, ինչու՞ են ձեր կանայք գլխաշոր կրում և շատ երեխաներ ունենում։
-          Մեզ մոտ այդպես է, հիմնականում գյուղերում։ Քաղաքում, անգամ եթե գլխաշոր են կրում, ապա նրանք նաև ուսանում են և քիչ երեխաներ են ունենում։ Այստեղ  հիմնականում գյուղերից եկածների եմ տեսնում։ Քաղաքաբնակները կիրթ են և տարբերվում են,- պատասխանեց նա՝ ձեռքով ցույց տալով այդ պահին անցնող լայնափեշ կնոջը, որի հետևից լաց լինելով վազում էր մի փոքրիկ տղա։
-          Հետաքրքիր է։
-          Դրա համար  մեր կանանց չեմ սիրում, նրանք տարբեր են։
-          Ինչու՞ չամուսնացար ռուս կնոջ հետ, այնտեղ․․․
-          Չստացվեց, բայց դեռ հույսս չեմ կտրում,- սկսեց ծիծաղել նա։
-          Այո՛, հույսը վերջինն է մեռնում, մեր դեպքում երևի արդեն մեռել է։
-          Չեմ կարծում,- պատասխանեց նա, իսկ ես նայեցի ժամին՝ յոթն անց էր։
-          Պետք է գնամ, պայմանավորվածություն ունեմ։
-          Ափսոս, մի շրջան էլ կանեինք։
-          Եվ ի՞նչ կփոխվեր։ Մեր կյանքը կկազմվեր բազմաթիվ շրջաններից, իսկ շրջանները վերջում միանշանակ մեզ կտանեին դեպի վրան, ինչպես ամեն օր պատահում է ինձ հետ։
-          Հետաքրքիր է,- զարմացավ նա,- ասում եմ չէ՞, մեր կանանց չեմ սիրում։
-          Ինչու՞, նրանք շրջան չե՞ն անում։
Նա լռեց, խորը հոգոց հանեց։
-          Բարի գիշեր,- մաղթեցի նրան և ներս մտա։ Թղթախաղը թեժացել էր։ Միշան, ինձ տեսնելով, ոտքի կանգնեց, իսկ Գյորգին տեղ տվեց, որպեսզի կարողանամ հասնել մահճակալին։
-          Մի՛ անհանգստացեք, ես դեռ լվացքատուն եմ գնում, նստե՛ք,- հայտարարեցի ես, և Միշան այդ պահին ուրախացած ընկավ իր տեղը։

Комментариев нет:

Отправить комментарий