воскресенье, 29 ноября 2020 г.

 Մենք մեզ ավելի ենք ատում, քան թշնամին․․․ 

                        ***

Մենք մեզ այլ կերպ ենք սպաանում, իսկ թշնամին զենքով։

                             ***

Թշնամին դրսից էր՝ հայրենիքը տանուլ տվողը ներսից։

                              ***

Եթե երկրի ղեկավարը պառակտելու հատկություն ունի, այդ երկրի  ժողովուրդը դատապարտված է։

                               ***

Քամին ծածուկ քշեց տարավ տապը ամռան

ՈՒ ետ գալուց հետը բերեց զովը պաղած,

Թռչունների չուն երկնքում, անձրև առատ,

Գունատ արև՝ սառած շողքով․․․

Ա՜խ աշունն էր արթնացել քամու շնչով․․․

                       ***

Ճերմակ արև, փաթիլ ձյունի

Կախված ճերմակ ամպի ծերից,

Հա  ուզում է գլորվել ցած,

Բայց արևը վեր է քաշում, թողնում կախված․․․ 


 Մեզ թվում էր թե մի պահ մենք հաղթել ենք ամենքին՝ չարին, վատին աշխարհքի՝ նախանձին լիրբ հարևանի․․․Ավա՜ղ, լոկ թվում էր և պարտվեցինք ամենքին՝ ոսկե եկող աշնանը, նոր ու սիրուն սերնդին, պարտվեցինք մենք մեր հայրենիքին ու մեր պաշտելի տգիտությանը․․․ Պարտվեցինք մեր դանդալոշ մտքերով, սուտ ու սին խոսքերով, անտակտ մեր պահվածքով, ամենքին ու թշնամուն միշտ թերագնհատելով ու ծաղրելով։ Սակայն մեծ ծաղրը մերն էր, քանզի սուտ էր միտքը մեր հաղթանակի և որքա՜ն սուտ խոսքերը, թե մեկի թե մյուսի։

Խաբում էին չորսբոլորը, կերակրում ստով մեզ՝ ամենքիս, իսկ այնտեղ, այն սարերի ու ձորերի հետևում  ողջ մնալու պայքար էր գնում, այլ ոչ հաղթելու՝ ողջ մնալու՜․․․ Հանցագործ աշխարհի ու մարդկության աչքի առջև․․․ Դեռ կյանք չտեսած ու անփորձ տղաները՝ հազարավոր տղաները հաճախ ընկնում էին, երբ փորձում էին պաշտպանվել գերժամանակակից թշնամու սպանող սարքերից, իսկ տղաները ապրել էին ուզում և գերհզոր սարքերին նրանք ստիպված էին լինում կրակել ավտոմատներից․․․ձեռքի զենքերի՜ց, որը նախատեսված չէ դեպի երկինք կրակելու․․․

Ողորմելի աշխա՜րհ, քո նիստ ու կացով, ողորմելի և ստախոս, անառակ ու տգետ կառավարող՝ դու ու՞ր, պատերազմն ու՞ր․․․ և դեռ դասալիք։ Դու, որ մարդկանք համար դարձար քայլող սև ճակատագիր, կործանեցիր բազում ընտանիքնե՜ր, ընտանիքնե՜ր և էլի ընտանիքնե՜ր, խնայելով քոնը, պահպանելով քոնը՝ պատսպառելով օտար ափերում։ 

Կյանքը մեկն է և մեկ անգամ է տրվում մարդուն և այդ վերուստ տրված մեկ անգամյա կյանքը պետք է այնպես ապրել, որ հետո կարողանաս շարունակել ապրել, այլապես շատերը կփնտրեն քեզ վրեժխնդիր լինելու, քանի որ շատերը արթնացած ավերակներում այլևս ոչինչ չունեն կորցնելու․․․

Պատերազմը փոխում է ճակատագրի ընթացքը․․․




пятница, 27 ноября 2020 г.


Պատերազմի դաշտում, երբ քեզ եմ հիշում,

Ուզում եմ փրկել ինձ շուրջս պայթող մահից,

Երբ մահն է տնքում իմ շուրջն ու ամենքում

Եվ լսում եմ ձայնդ կենարար,

Ուզում եմ վանել մահին այդ տիրակալ․․․

 Երբ միտքս խլանում է հրե արկերից,

Որից ահն է երկնքում խաղում,

Ուզում եմ ճչալ, ուզում եմ գոռալ,

Ետ վանել մահին ամենուր ինձ փնտրող․․․

Երբ ես մենակ եմ և արկն է իմ դեմ,

Արթնանում է իմ մեջ իմաստը կյանքի

Եվ ես ուզում եմ փախչել պայթյունից,

Փախչելով տանել կյանքն իմ խավարից,

Որտեղ տիրում է մշուշն ու փոշին

Եվ չանցնող մշուշում մահն է հռհռում․․․

Ուզում եմ փախչել, ուզում եմ հասնել կյանքի հետևից․․․

Սակայն ամենուր՝ թռչունների տեղ արկեր են թռչող․․․

Իսկ դու իմ միտքն ես հեռու՜ քաղաքում․․․

 

Կարճ ապրեցինք՝ մնացածը մաքառում էր։  Եկավ ու չգնաց, ո՞վ բերեց մեր գլխին փաթաթեց այդ  անծանոթ ապրումը, անունը դնելով անկախություն։ Ումից անկախացանք և ո՞րն էր մեր հարատևելու ճամփան։  

Ո՞վ գիտեր մեր տեղը թե որտե՞ղ էինք ապրում կամ ինչպե՞ս էինք ապրում։  Ոլորաններ, ոլորաններ և հետո անհայտ ու քարքարոտ մի տարածությունում մենք մեր դարդ ու ցավով, մեր նիստ ու կացով․․․

Մեզ իշխում էր ոչ միայն սովետը, այլ ողջ ազգերը, այդպիսին էր մեր կարգավիճակը՝ մեկից հացահատիկ էինք բերում, մյուսից բամբակ, հետո երկաթ, հետո վառելիք, հետո պարզապես փայտ ու թուղթ, իսկ հետո սարքավորումներ ու ավտոբուսներ, տրակտորներ և կոմբայիններ, գազ ու այլ վառելիք։ Գործարանները գիշեր ու զոր աշատում էին խալխի տվածով․․․ Մարդիկ աշխատում էին հերթափոխով․․․ Մեզ համար հաց էինք թխում, կոշիկ էինք կարում,  հագուստ էինք կարում, թունելներ էինք հորատում, ՀԵԿ էինք կառուցում, երեխա էինք կրթում, շենքեր, շենքեր՝  տարեկան պլանը կատարելու համար քանի, քանի շենքեր էին կանգնում և հազարավոր ընտանիքներ բնակարանամուտ էին տոնում։ Ո՞վ էր մտածում թե մի օր կմնանք անտուն ու անտեղ, փողոցներում կհայտնվեն շատ կրթված ու անճար մարդիկ, զարմանալով անկախության դառը կախվածությունից, իսկ շատերը ինքնասպան կլինեն անճարակությունից։

Սովետները երկիր էր գյուղացու, և բանվորի՝ ձևավորված ոսկյա միջին դասակարգով։

Կարգին թվացող մարդիկ են կարգը խախտում, օրենքը առհամարում, խափանելով հասարակ քաղաքացու առօրյան․․․ Անկախականները կարգին մարդ էին թվում․․․ Սակայն ամեն ինչ քամուն տվին ու շարունակ գոռացին՝ անկախ, հա անկախ․․․

Քանդվեց ու քանդեց երկիր սովետը։ Շատ ժողովուրդներ իրենց աջը քաշեցին, շարունակելով ապրել, առանց քանդելու և ավիրելու սովետական ձեռքբերումները, բայց արի ու տես հայերը անկախություն ուզեցին՝ տնտեսական կախվածությունը ուրիշ երկրներից համարելով մանրունք։ Միայն անկախականներն ու քանդողները շարունակեցին ավելի լավ ապրել։ Ընդամենը մի քանի շաբաթ հետո երկրի հզոր տնտեսությունից մնաց կմախքը, իսկ ժողովրդից բարոյալքված մի մասա․․․

Ասում էին ՍՍՀՄ-ը բռնադատում էր, գնդակահարում էր դավաճաններին, ներսի թշնամուն։ Այո քանդեցին երկաթյա վարագույրը և բազմացրին թշնամիներին էլ, դավաճաններին էլ, իսկ այն ավերակներում միշտ մեկ հարց է արձագանքում՝ երևի շատերն են լսել, սակայն լռում են և մեղավոր հոգոց հանում՝ «Սովետներից փրկվեցիք, մոգոնեցինք  գոյություն չունեցող «անկախություն»-ը․․․ Ու՞ր է երկրի տնտեսության ծանրությունը իր ուսերին պահող հասարակության ոսկա միջինը, որով կանգուն էր և որով ծաղկում էր երկրը։ Ցավոք՝ իսկական հասարակությունը սպանվեց «անկախության» մոլուցքով տարված։

Այո, ստացվեց՝ վտարեցին երկիր ու պետություն շենացնողներին, փոխարենը աճեցին ու բազմացան դղյակասերները և չգիտես ինչպե՞ս, ինչ հրաշքով ու հնարքով նրանք դարձան պետության «ողնաշարը»։  Եվ ներկա «ողնաշարում» ամենամեծ ու անդառնալի բացական «անկախականներն են»․․․

Այլևս չգիտենք թե ու՞ր ենք քայլում՝ մեր դեմից բա՜րձր, շա՜տ բարձր սար է նշմարվում, իսկ հետևում էլ օտարն է դարանել և մեզ մնում է կուսակցություններ մոգոնել, ներսում ուժեղ երևալու, թույլի միջոցով գոյատևելու․․․ սա անվերապահորեն տանում է պետության կորստյան և ժողովրդի մաքառման․․․

четверг, 26 ноября 2020 г.

 

Վաղ ծեգին քարքարոտ ճամփով տրակտորը շարժվեց դեպի վեր։ Ադելի հետ տեղավորվել էինք թափքի առջևի մասում, ավարի արանքներում, ուստի մեզ ոչ ոք չէր կարող տեսնել։ Ճամփեն երկար էր ու անհանգիստ։ Մենք միշտ մտահոգ էինք երեխաների համար, ուստի տեղ հասնելուն պես, երբ Արփենն էլ մնաց բակում կանգնած, մեզ մնում էր հոսող ջրի տակ մաքրել մեր ցեխոտ կոշիկները, մի թեթև մեզ կարգի բերել և հրաժեշտ տալ տան տիրուհուն։ Երկար սպասեցինք Գորիսի ավտոկայանում, բայց ի վերջո հաջողվեց ներս խցկվել Երևան գնացող արդեն լեփ լեցուն ավտոբուսը և ոտքի վրա կանգնած, հոգնած, անքուն ու սոված դիմանալ։ Վերջապես իջանք գլխավոր խաչմերուկ, որտեղից պետք է այլ մեքենայով շարունակեինք ճամփան և միայն երեկոյան մեզ հաջողվեց տուն հասնել։ 

Վալյան դժգոհեց, որ նուռը խակ էր, իսկ երեխաները զարմացան մեզ երկար նայելով՝ փոշուց, քամուց և արևից դարձել էինք անճանաչելի։

Մութն ընկավ, յուրաքանչյուրս փակվեց իր անշուք մութ ու վանող սենյակում։ Երկա՜ր ժամանակ ոչ մի տեղ  չէինք գնում, քանզի անշուք էին դարձել ճամփաները, ավտոբուսները, իսկ մարդիկ անտարբեր ու հոգնած․․․ Պատերազմ էր՝ չհայտարարաված պատերազմ․․․

среда, 25 ноября 2020 г.

 Որպեսզի շատ չերկարացնեմ  և ընթերցողին չձանձրացնեմ, ասեմ որ, այլումինե  զինվորոկան բաժակով ջուր բերեց մի ուրիշ զինվոր, տվեց ինձ, իսկ Ադելին հրավիրեց մի այլ սենյակ, իբր ջուր խմելու, քանի որ ուրիշ բաժակ չկար։ 

Մնացի առաջինը մեզ հանդիպած զինվորի հետ։ Սկսեց ինձ սիրաշահել, թե սեր խոստանալ՝ պարզ չէի հասկանում, բայց նստածս տեղից չէի շարժվում, ամուր բռնելով երկաթյա մահճակալի ձողից։ Մյուս սենյակից լսվեց Ադելի ձայնը՝ նա օգնություն էր խնդրում, դե քանի որ յուրային միայն ես էի, ուսի տեղից վեր թռա, զինվորը փորձեց ինձ ետ հրել մահճակալին, բայց հասցրեցի երկու ձեռքերով ուժգին ետ հրել նրան և նա վայր ընկավ մեջքի վրա, գլուխը հարվածելով պատին։ Բարեբախտաբար նրա հետ վատ բան չպատահեց՝ որքան էլ անմարդկային, սակայն հայ էր՝ այն էլ կռվող ու հաղթած հայ։ Դուրս պրծա, վազեցի մյուս սենյակ, որտեղ մերկ մահճակալին Ադելը դիմադրում էր հայ զինվորին, ինձ տեսնելով նա ետ քաշվեց, Ադելը լաց լինելով ուղղեց շորը և մենք առանց հրաժեշտի դուրս եկանք, ավելի ծարաված ու տխրած։

Կամավորները դեռ լողանում էին գետում, մյուսները հրդեհված տան չորս կողմն էին պտտվում, հինալով բարձր կրակի լեզվակներով։ Ես և Ադելը խորացանք այգիների մեջ և գտանք մի քանի այգիներ նռան բերքի տակ ճկռած։ Մոտեցանք պարիսպին, որպեսզի մտնենք նուռ հավաքենք, չնայած դեռ լավ չէր հասունացել։ Անսպասելի մեր դեմ ելավ միջին տարիքի, մազակալած դեմքով մի  կամավոր․

- Էս ու՞ր,- տիրական ձայնով սկսեց նա։ Ադելի հետ կուչ եկանք։

- Ուզում ենք մի քանի հատ նուռ քաղել,- վախից միաժամանակ շշնջացինք երկուսով։

- Նուռը դեռ խակ է, իսկ երկրորդը՝ սա արդեն իմ տարածքն է, գնացեք ուրիշ տեղից քաղեք,- Ես ու Ադելն իրար նայեցինք և լուռ հեռացանք։ Այնուհետև շատ այգիներ տեսանք, սակայն կամ մտնել չէինք կարողանում՝ ցանկապատ անանցանելի էր կամ էլ արդեն տեր ունեին, ուստի մի կերպ  մի պարկ խակ նուռ հավաքեցինք, քարշ տալով հասանք տրակտորի մոտ։ Արդեն բոլորը հավաքվել էին այնտեղ, իսկ թափքը տքում էր բարձած ավարից։ Երեկոն իր հետ բերեց մութը։ Բոլորը նստեցին հացի։ Ադելի հետ մի կողմ քաշվեցինք։ Երբ սկսեցին ուտել, խմել, մեզ մոտեցավ Աղվեսը իր անբաժան զենքով։

- Ինչու՞ մի կողմ քաշվեցիք, եկեք հաց ուտենք, որպեսզի շարժվենք,- նրա խոսքի տոնը հրամայական էր, ուստի մենք լուռ ենթարկվեցինք, հետևելով նրան։ Մեծ ծառի տակ մեծ շրջան էին կազմել , իսկ տղամարդկանց արանքում խցկվել էին երկու երեխաները, Ես և Ադելը միացանք շրջանին։ Ուտելիքը հաց ու պանիր էր և մոտակա այգիներից բերված բանջարեղեն, հիմնականում լոլիկ և վարունգ։ Տղամարդիկ տարբեր բաժակներով խմում էին օղին և ուտում  էին մեծ ախորժակով։ Որքան էլ սոված լինեինք, մենք բավարարվեցինք մի բաժակ ջրով և մի կտոր հաց ու  պանրով։ 

Երբ օղու շիշը դատարկվեց, տղամարդկանց գլուխները տաքացավ և ամենատաք գլուխը Աղվեսի գլուխն էր։ Նա սկսեց խոսել բարձրաձայն, հաճախ ճոճոելով զենքը։ Եվ ահա հայացքը հառեց ինձ, զենքը պահելով ուղիղ ինձ վրա։ Դեռ չէի հասցրել կարգին սարսափել, երբ զենքը կրակեց, նրա կողքի կանգնած տղամարդը հասցրեց զենքի փողը թեքել դեպի վեր և ես ողջ մնացի՝ հրաշքներ լինում են։ Այլևս հնարավաոր չէր հանգիստ նստել, ուր մնաց քնել։ Ողջ գիշեր Ադելի հետ կուչ եկանք տաք ավազին, իսկ Աղվեսը մի պահ մրափելուց հետո, նորից սկսեց պտտվել մեր շուրջը, բայց չգիտես ինչու՞, այլևս նրանից չէի վախենում․․․

вторник, 24 ноября 2020 г.

 Փարթամ այգիների և բոստանների մեջ դես ու դեն ընկած երևում էին սատկած հավեր, ավանակ, կով, հորթ, սագ, բադ՝ այդ ամենին զուգահեռ  ջարդված կահույք, սպասք, հագուստ։ Առաջին պատահած տան բակում դուրս էր թափված կահույքը և անկողնային պարագաները, այն մի տեսակ դեզ էր արված։ Ադելի հետ մոտեցանք և այ քեզ զարհուրանք՝ այդ ամենով ծածկված էր մարդկային մարմինները՝ մերկ ու խոշտանգված։ Ակամա ետ քաշվեցի, մի տեսակ դող ընկավ մարմինս։

- Վախեցա՞ր,- անտարբեր հարց տվեց Ադելը, ապա շարունակեց,- Սա կոչվում է պատերազմ, այն արդարացվում է վերևից, իսկ մենք լավագույն դեպքում դիտորդներ ենք,- Խոսքն ավարտեց, նայեց շուրջը, ներս մտավ, հետևեցի նրան, ավելի շատ տեսարանից փախչելու համար։ Ներսում ամեն ինչ տակն ու վրա էր արված՝ անթիվ անհամար պահածոներ էր շարված խոհանոցում և այդ ավերակի մեջ ոչ մի պահածո ջարդված չէր,- Ես կվերցնեմ այս երկու ծածկոցը և մի քանի սրբիչ,- հավաքելով, համարյա նոր իրերը, քթի տակ մրմնջաց Ադելը,- Իսկ դու՞,- երբ այդ ամենը տեղավորեց պարկի մեջ, նա դիմեց ինձ։ Ես դեռ դողում էի առաջին տեսարանից և իսկապես սպասում էի, թե Ադելը ե՞րբ պիտի դուրս գա այդ անիծված տնից, որպեսզի կարողանայի փախչել դժոխք հիշեցնող տեսարանից։

Տղամարդկանց այլևս չտեսանք, երբ ետ եկանք ավարը տեղավորելու տրակտորի թափքում։ Մնացել էինք երկուսով, չգիտեինք ու՞ր կարելի է գնալ, կամ ինչպես հավաքել մեր երազած բանջարն ու միրգը, ուստի քայլեցինք ուր աչքներս կկտրեր։ Տեղանքը ավազոտ էր։ Հեռվից լսվում էր ջրի խշշոցը, իսկ շոգը ստիպում էր մեզ ամենուր ջուր փնտրել և մենք քայլեցինք դեպի լսվող ջրի խշշոցի կողմը։ Երևաց գետը։ Մյուս ափին այրվում էր մեծ, երկհարկանի տունը, նրա շուրջը վխտում էին դեմքերը մազակալած, կիսամերկ, ավտոմատավոր ամեն տարիքի կամավորներ և զինվորներ։ գետը լայն էր ու խաղաղ։ Ծարավն ու շոգը մեզ ստիպում էր նետվել ջուրը, սակայն հրդեհից տարածվող սև, խեղդող ծուխն ու նեխած կենդանիների գարշահոտությունը ետ էր պահում մեզ, առավել ևս, եթե այդ լեշերով հագեցված ջրի մեջ արդեն լողանում էին կամավորները։

Ետ դարձանք և այլևս չգիտեինք թե ու՞ր ենք գնում։ Հասանք բարձր սարին, որը պատված էր գորշ ավազով ու աղքատիկ բուսականությամբ՝ հիմնականում ծակող քարաքոսներով։ բարձրացանք սարն իվեր։ Սարի բարձր լանջին թիկն էր տվել մի շենք։ Մոտեցանք։ Լուսամուտների ապակիները թափված էին, իսկ  ճակատին կիսակախված դեռ ճոճվում էր  «школа« ցուցանակը։ Կուբաթլուի դպրոցն էր։ Անդուռ դռնից մեր դեմ դուրս եկավ 25-ի մոտ մի երիտասարդ, մեզ տեսնելով լայն ժպտաց, ապա զարմանքը չթաքցնելով հարցրեց․

- Ովքե՞ր եք, ի՞նչ եք անում այս ամայի վայրերում,- մենք համրացանք, ուզեցինք ետ գնալ, բայց նա մեր ճամփան կտրեց,- Սպասե՛ք, դուք չպատասխանեցիք իմ հարցին։

- Մի բաժակ ջուր կտա՞ք,- խնդրեց Ադելը, պատասխանի փոխարեն,- Մենք ներքևից բարձրացանք, սակայն չգիտեինք այստեղ էլ են զինվորները, շարունակեց նա։

- Այստեղ և ամենուր այսուհետ մերոնք են, գրավել ենք, թուրքին շան տուր տալով։ Երևի տեսաք ավերակներն ու այրվող տները,- ոգևորվեց զինվորը, ապա շարունակեց,- Եկեք ներս, ես  ձեզ ջուր կտամ,- և ես ու Ադելը ոգևորված մտանք նախկին դպրոցը․․․

                                                                                                                (շարունակելի)




понедельник, 23 ноября 2020 г.

 Արփենը վառարանի վրա կարտոֆիլ տապակեց, լուռ ընթրեցինք, բարձրացանք երկրորդ հարկ քնելու։ Ողջ երկրորդ հարկի լուսամուտները, մեծ պատշգամբի հետ առանց ապակի էին։ Տեղ, տեղ փեխկերը փակված էին արդեն պատառոտված պոլիէթիլենով, քամին աղմուկով խշխշացնում էր, սուլելով սենյակներով։ Ես ու Ադելը տեղավորվեցինք մի անկողնում, որքան էլ անհարմար լիներ, հաղթեց հոգնածությունը և պատած անհյուրընկալ սև խավարի մեջ խորը քուն մտանք։

Շատ էինք քնել թե քիչ, Ադելի ձենից վեր թռա, գլորվեցի հատակին՝ ես ավելի ուժգին ճչացի, երբ դիպչեցի հատակին պարկած տղամարդուն։ Նա մեր ձայնից երկու քայլ արեց և դուրս ցատկեց պատուհանից, վեր կացա, շտապեցի դուրս նայել լուսամուտից՝ սև կերպարանքը, զենքը ուսով գցած անհետացավ տան անկյունում։ Արփենն ու Ադելը կանգնած էին իմ կողքին և նայում էին դուրս։

- Արփեն, ու՞մ ես ասել, որ մենք այստեղ ենք,- վրդոհված սկսեց Ադելը։

- Խի՞ հինչա իլալ վեր, խի՞ եք սասներդ քիցել կլոխներդ,- պատասխանեց Արփենը, վերադարձավ անկողին։

- Ո՞վ էր տղամարդը, նա բռնեց իմ ձեռքը, քիչ էր մնում սրտաճաք լինեի, դու ասում ես ինչա՞ իլալ, հետաքրքիր կին ես,- Ադելը սկսեց լաց լինել։

- Քնե՛ք, էքուց կիմացվի հով էր,- անտարբեր պատասխանեց Արփենը և շուտով լսվեց նրա անուշ խռմփոցը։ Ես և Ադելը բաց աչքով լույս հանեցինք։

Առավոտը սառն էր ու թաց։ Ողջ գիշեր ամպերը մնացել էին կախված, միայն լուսաբացին տեղ տեղ սկսել էին ծիկրակել խռոված աստղերը։ Մեզ համար սարսափելի օր էր սկսվում՝ ցրտից դողում էինք։ Արփենը մոտեցավ ավտոմատը ուսից կախ գցած մի տղամարդու, ինչ որ բան ասաց և շտապեց հրաժեշտ տալ մեզ։ Ես հայացքս չէի կարողանում կտրել զենքով տղամարդուց, սակայն, երբ շատ մարդիկ հավաքվեցին, եկավ տրակտորը, փոքր ի շատե խաղաղվեցի։

Ես ու Ադելն էինք կին, մնացածը տղամարդիկ էին և երկու երեխա։ Երեխաների ներկայությունը ինձ հանգստացնում էր։ Շուտով բոլորը տեղավորվեցին թափում, վերջում ես և Ադելը նստեցինք։

- Դե ի՞նչ, տեդներդ լավ է՞,- մեզ դիմեց ավտոմատավոր տղամարդը, ապա հետաքրքիր նայեց ինձ, ես վախեցա։ Նա ինձ հիշեցնում էր գիշերվա լուսամուտով փախած կերպարանքին, բայց հրաժարվում էի հավատալ։ Ակամա կուչ եկա։

- Գիտե՞ս նա ո՞վ է,- ականջիս փսփսաց Ադելը։

- Ո՞վ է,- латок-ի հետ վեր փռա ես և հազիվ մնացի թափքի մեջ, ամուր բռնվելով։

- Աղվեսն է, նա ոչ մի բանից չի վախենում։

- Պարզ է,- ավելի կուչ եկա, ամուր կառչելով թափքից, որպեսզի դուրս չթռչեմ զառիվար ու խոշոր քարերով պատված ճամփին։

Շուտով եղանակը փոխվեց, տաքացավ։ Տաքացանք նաև մենք։ Քարքարոտ ճամփան հատելուց հետո, հայտնվեցինք Կուիբաթլուի հարթավայրում։ Տրակտորը կանգ առավ հսկա ծառի տակ։ Բոլորը թափվեցին ցած։ Ադելի հետ մի պահ մնացինք շվարած, ապա հետևեցինք փարթամ այգիների միջի նեղ արահետով քայլող տղամարդկանց շարքին։


воскресенье, 22 ноября 2020 г.

 

Ադելը վաղ եկավ։ Բոված գարիով պատրաստած «սուրճ» խմեցինք։ Այնուհետև նա պատմեց առաջին հարկի  գորիսեցի ընտանիքի մասին, ասելով թե կնոջը՝ Արփենին ճանաչում է, որպես համագյուղացի և  ըստ կնոջ պատմածի Գորիսը արդեն ազատագրված է և էլ ավելին՝ թեժ մարտերից հետո, ազատագրվել է նաև «Կուբաթլուն»։ Կինը պատմել էր, որ այնտեղ բերք ու բարիքը անտեր թափված է փողոցներում, քանի որ  տերեը փախել են հայկական ջոկատների հարձակումներից։

Ինձ համար անսպասելի, նա առաջարկեց, որպեսզի գնանք Կուբաթլու միրգ ու բանջարեղեն բերենք։ Նաև զարմացա նրա առաջարկին, քանի որ այն պետք է որ շատ ծանր լիներ երկու կնոջ համար, առավել ևս պետք է մի քանի տրանսպորտ փոխեինք նախ այնտեղ հասնելու համար, իսկ հետո վերադառնալու։ Ինչևէ, նազ ու տուզ չարեցի՝ համաձայնվեցի։ Քանի որ ուտելիք չունեինք ճանփի հաց վերցնելու, ուստի վերցրեցինք երկու մեծ պարկ, ճամփա ընկանք  (ասեմ որ ճամփին մտքափոխվեցինք և որոշեցինք, հիմնականում նուռ հավաքել)։ 

Դռվարություններով հասանք Գորիս։ Ադելը վախենալով,ցանկացավ գաղտնի պահել հարազատներից մեր Գորիս գնալը։ Արփենը մեզ ընդունեց սառը, իսկ հաջորդ նախադասությունը եղավ․ 

- Ես ձեզ հետ կյամ չեմ,- ես շվարած, ավելի ճիշտ վախեցած նայեցի Ադելին, իսկ նա զայրացած վրա տվեց անյուրնկալ համագյուղացուն, թե էդ ո՞նց կլինի, այսքան ճամփա ենք կտրել եկել, նորից ձեռնունայն ետ գնա՞նք։

-  Հինչ անեմ,- ուսերը թոթովելով, անտարբեր պատասխանեց կինը, ապա ավելացրեց,- Հարևանը քինմա, ոզմեք, ասեմ, հետերը քյացեք,- նորից շվարած մենք իրար մտիկ արեցինք

 - Էդ հովա՞, ես ճնհանչըմ չե՞մ,- հետաքրքրվեց Ադելը։

- Խի՞ ճնհանչըմ չեժս՝ Աղվեսը- Կնոջ պատասխանից Ադելը գունատվեց, բայց ոչինչ չպատասխանեց, միայն գլխով արեց, քանի որ այլընտրանք չունեինք։

Ողջ օրը սև ամպերից անձրև էր թափվել «Գրադով» քարուքանդ եղած Շինուհայրի վրա։ Բակում, աղբյուրի տակ լվացինք մեր ցեխից ծանրացած կոշիկները, ներս մտանք՝ չորս երեխաները մութ ու անհյուրընկալ սենյակում, երկաթե հին մահճակալին շարվել էին, ժլատ կրակով բոցկլտացող վառարանի շուրջը, իսկ մյուս պատի տակ դրված հին բազմոցի մեջ մխրճված էր տանիքից ներս ընկած չտրաքած «Գրադը»; Օրը շուտ մթնեց՝ մութը գնալով թանձրացավ, վերածվեց անթափանց խավարի, Որով էլ մոռացվեց «Գրադի» ներկայությունը։

                                                                                                              շարունակելի  

суббота, 21 ноября 2020 г.

Հանրակացարանում բոլորս միահամուռ վատ էինք ապրում։ Բաքվեցիները խոսում էին ռուսերեն, թարմ տեսք ունեին և նվաստներիս նայում էին որպես մեղավորի։ Նրանք ոչ ոքի հետ հարևանություն չէին անում, միաժամանակ գործերը պատրաստում էին Մոսկվայի միջնորդությամբ, արտերկիր տեղափոխվելու համար։ Շատ կենվորների համար անհաս երազ էր այդ շենքից դուրս գալը, ուր մնաց արտերկրի մասին երազելը։

Շուտով նրանց գործերը ստացվեց և նրանք սկսեցին վաճառել անձնական իրերն ու հագուստները։ Ինձ բաժին հասավ մի քանի մանկական շրջազգեստ, բայց շուտով այն դուրս մնաց մեր կյանքից, այդպես էլ չիմացա ի՞նչ եղան այդ շորերը։

Ժամանակը հոսեց, իր հետ Ամերիկա տանելով բաքվեցիներին, իսկ մի քանի ընտանիքներ վերադարձան իրենց հայրենի գյուղերը։ Շուտեվ հանրակացարանում մնացին ամենանաճարները, որոնց թվում հայտնվեցի նաև ես։ Գոյատևելու հնարք գտնելը դարձավ գլուխկոտրուկ և յուրաքանչյուրը փորձում էր յուրովի գտնել այդ խնդիրը։

Դիմացի հարևանուհիս Ադելն էր, ընտանիքով եկել էր Գորիսից, բայց մնացել էր երեխայի հետ, քանի որ ամուսինն էլ շատ ամիսներ առաջ, շատերի պես մեկնել էր արտագնա աշխատանքի, անհետ կորել։ Ադելը գուցե հոգու խորքում տխրու՞մ էր, բայց երեբեք ցույց չէր տալիս։ Նա կենսուրախ էր, բայց աչքերը այլ բան էին ասում՝ թախիծը դրոշմվել էր կանաչ աչքերի մեջ և հաճախ քայլում էր արագ ու գլխահակ, կարծես թաքցնելու անզորությունը։

Ադելի որդին երեք տարեկան էր, իմ աղջիկը հինգ։ Ապրում էինք վաղվա օրով, ամեն աստծո օր սոված՝ լավագույն դեպքում կիսասոված անկողին մտնելով։

Հոսանքը, վառելիքը, ուտելիքը, կարծես ֆիդայինները իրենց հետ տարել էին պատերազմ, բայց երբեք չէինք նեղվում կամ բարձրաձայնում՝ յուրաքանչյուրը լուռ սպասում էր կռվի ավարտին, երբ կռվող տղաները պիտի ետ բերեին իրենց հետ տարածները, բայց ,ավա՜ղ, ոչ նրանցից շատերը ետ եկան, ոչ էլ տարածը ետ բերեցին և մենք մնացինք հավերժություն թվացող մթի, ցրտի, սովի ճիրաններում․․․

                                                                                                          շարունակելի

пятница, 20 ноября 2020 г.


Անցյալն էլ մի բան չէր


 Վատ տարիներ էին։ Ոչ հաց կար ուտելու, ոչ վառելիք կար տաքանալու։

Եթե մի ժամանակ ժամանակավոր կացարանների համար մարդիկ հերթ էին կանգնում, որտեղից էլ բնակարան ստանալով հեռանում, ապա այդ տարիներին նման կացարանները մատնվել էին անտերության և ոչ ոք այլևս չէր հիշում այնտեղ օր մեռցնողների մասին և ոչ ոքի նրանք պետք չէին, բացի հետագայում ընտրություններին, որպես գլխաքանակ ձայնի տեսքով։ Ոչ ոք չէր վիրավորվում, ոչ ոք այլևս ոչինչ չէր պահանջում։ Աստիճանաբար նրանք վեր էին ածվում իսկապես գլխաքանակի և մշտապես սնվում էին ընտրությունից ընտրություն նոր ու գեղեցիկ խոստումներով, համեմված լուսավոր ապագայի շղարշով։ 

Իմ ապրած ժամանակավոր կացարանը ժամանակին ծառայել էր որպես բանտ։ Տարիներ հետո այդ անշուք շենքը ցեմենտբետոնով մի քանի մետր ավելացրել էին, որպես լվացարաններ և զուգարաններ նոր կենվորների համար՝ նրանք եկել էին տարբեր շրջաններից և գյուղերից՝ հիմնականում նորաստեղծ կարիքավոր ընտանիքներ էին՝ (հանրակացարանին կից շինտրեստում կատարում էին բանվորական աշխատանքներ, միաժամանակ մեկը մյուսից թաքուն, ինչպես ընդունված էր այն ժամանակ ասել՝ գործ էին տալիս կառավարչին, փոխարենը ստանալով կամ պահակի աշխատանք կամ մի քանի ավել կոպեկ)։ Երբ փլուզվեց սովետը, համարյա բոլոր ընտանիքները սովի մատնվեցին և սկսեցին այլ ելք փնտրել, սակայն միայն մի քանի հոգու հաջողվեց մեկնել արտագնա աշխատանքների, իսկ շատերին գյուղից ծնողները, երբ հարմար մեքենա կամ որևէ տրանսպորտ էր պատահում, մթերք էին ուղարկում, որպեսզի իրենց երեխաները գոյատևեն։ Ընտանիքների կանայք սկսեցին հաց թխել ու վաճառել, ոմանք ոչինչ չարեցին, պարզապես դատապարտվեցին կիսասովածությանը և այն շուտով դարձավ քրոնիկական։ Շատ երեխաներ գլխապտույտի պատճառով օրերով դասի չէին գնում, մյուսները կոշիկ չունենալու․․․ Այս ամենին շուտով ընտելացանք, այն դարձավ մեր կյանքը՝ իսկապես մարդը վատին արագ է ընտելանում և բոլորս ընտելացանք։ Ընտելացանք անշուք ու մութ օրերին, ընտելացանք անտառից ձների միջով ծանր վառելափայտ քարշ տալուն։ Այս ամենում ամենասարսափելին եղավ ոչինչ չանել ու սպասել օգնության՝ այն տրվում էր ամիսը մեկ անգամ՝ բուսական յուղ, շաքարավազ, ալյուր, լոբի, իսկ շատ երբեմն էլ մի կտոր հագուստ յուրաքանչյուր երեխային։

Չնայած Բաքվից չէի, բայց Բաքվից մազապուրծ փախած մի քանի ընտանիքների հետ ես էլ հայտնվեցի նախկին բանվորական հանրակացարանում, որտեղ ապաստան գտան նաև Սպիտակի երկրաշարժից տուժած մի քանի ընտանիքներ։ Այդ անշուք շենքում  բոլորս հայեր էինք, բայց տարբեր նիստ ու կացով՝ իրար օտար ու անտանելի (հաճախակի կռիվներն ու վեճերն այդ էին վկայում)․․․

«Հիմնական կենվորները» բացահայտ կերպով ցույց տվեցին իրենց անհանդուրժողականությունը Բաքվից եկածների նկատմամաբ, համարյա նույն բախտին արժանացան երկրաշարժից տուժածները և նրանք սկսեցին ելք փնտրել, չնայաց Բաքվեցիներին ապահովեցին աշխատանքով, բայց տիրող մթնոլորտը թույլ չտվեց երկար մնալու հանրակացարանում․․․ Համարյա նրանց կարգավիճակում էի նաև ես, քանի որ եկել էի արտերկրից։

Իմ վիճակն ավելի ծանր էր՝ աշխատանքը ինքս պետք է հայթհայթեի, սակայն , ինչպես հասկացանք անհնարինը անհնար է նաև գտնել և  երեխայի հետ հայտնվեցի կիսասովածների շարքում (հա, ասեմ որ այնտեղ անհոգ ու կուշտ էին միայն Բաքվից եկածները՝ նրանք պետության հոգածության տակ էին, իսկ մյուսները ճակատագրի)․․․

                                                                                     շարունակելի














 



среда, 18 ноября 2020 г.

 Խաղաղ ժամանակ չենք սիրում մեր երկիրը, այնպե՛ս չենք սիրում, որ այդ ատելության թե անտարբերության ուժից հզորանում է թշնամին և կամակոր ջղաձգվելով ուզում է շորթել մեր սահմանները․․․

Երկա՜ր մեկ ամիս է՝ ձգվող ու անհանգիստ, անսիրտ ու անողոք ամիս․․․ Մրսում են բոլորը, մրսում են անողոք ցրտից, կուչ են գալիս սրտերը, վախեցած ու ճմլվող սրտերը․․․

Մեկ ամսվա մեջ հազար անգամ  մի բուռ դարձան, գիշերները բաց աչքով լույս բացեցին։ Սպասումը քանդում է անդորը, կուլ է տալիս հանգստությունը և հազարավոր սրտերի թրթիռներ նմանվում են դոփյունի՝ զինվորական դոփյունի․․․