четверг, 4 апреля 2019 г.

Սավանի հետևում (596-դը)


Ասֆալտապատ  քառակուսու մեջ, ուր մշտապես թագավորում էր աղմուկն ու աղաղակը, ոչ միշտ էր հաջողվում առանց նյարդայնանալու սպանել ժամանակը, ուստի երկար ժամեր մնում էի կանգնած ինձ համար հարազատ դարձած ցանկապատի մոտ, որից այն կողմ փթթում էր բնությունը։ Նախանձով դիտում էի թռչունների երամին։ Ճախրող երամն անարգել հատում էր ցանկացած սահման, և ոչ ոք նրանց չէր պատժում կամ մեղադրում սահմանը խախտելու համար։
Միապաղաղությունից շուտով հոգնում էի, նորից վերադառնում տեղս։ Շարունակում էի իմ անկյունից հետևել բոլորին։
Վրան մտան հակառակ անկյունի կենվորները, նրանք զբաղեցնում էին երեք երկհարկանի մահճակալներ՝ ավելի փակ ու ապահով սավանապատած,  մահճակալներն այնպես էին հարմարեցված, միայն մի փոքր դուռ էր երևում, ինչը նույնպես փակվում էր հաստ ծածակոցով։ Կենվորները վեց հոգի էին՝ երեք տղամարդ և երեք կին՝ կանայք իրար նման էին, ինչպես ջրի կաթիլը՝ երեքն էլ գեր էին, սպիտակամորթ ու շիկահեր՝ սլավոնական արտաքինով, միայն նրանցից մեկի մազերը ներկված էին վառ կարմիր գույնով, իսկ կանաչ աչքերը ստվերում էին միշտ անփույթ թափված մազերը։ Բոլորը միանգամից ներս մտան մեծ տոպրակներով։ Նրանց հետ էր նաև Նեդան՝ ամուսնու հետ։ Նրանք անհոգ ծիծաղում էին և կարծես այդ ծիծաղն սկիզբ էր առնում օրվա հաջողված ավարի առկայությունից։
Երբ տոպրակները ներս տարան, դուռը ետ դրեցին, և երևում էր, թե ինչպիսի ուրախությամբ էին նրանք հանվում ու հագնում այդ բոլոր զգեստներն՝ առանց հոգնելու։ Նրանցից ամենատարիքովը, որ հավանաբար աղջիկների մայրն էր, տեսնելով ինձ, մոտեցավ, նստեց նստարանին, իմ դիմաց։
-          Hallo !,- բարևեց նույն ոգևորությամբ։
-          Hallo !,- աշխատեցի նույնկերպ պատասխանել նրան։
-          Ինչպե՞ս եք։
-          Շնորհակալ եմ, լավ,- ուսերս վեր քաշեցի, քանի որ, եթե նա հարցնում էր վիրահատվելու պահով, ապա շատ օրեր էին անցել այն օրից, իսկ եթե, որպես հարևան, ասեմ, որ նրանք երբեք իմ կողմը չէին նայում․․․ և, ահա,  նրանցից մեկը նստել էր իմ կողքին՝ իմանալու իմ որպիսիությունը։
-          Ալբանիայի՞ց եք,- հարց տվեցի ես, մի բան ասելու համար՝ համոզված լինելով՝ չեմ սխալվում։
-          Սիրիայից ենք, արաբներ ենք։
-          Ինչպե՞ս,- նրա պատասխանը զարմացրեց, ինչը հավանաբար դրոշմվեց իմ դեմքին,- Իսկ ինչու՞ նման չեք արաբի։
Նա լուռ ուսերը վեր քաշեց։
-          Մեծ ընտանիք ունեք, բայց տղամարդիկ նման են արաբի,- շեշտեցի,  քանի որ երեք տղամարդիկ էլ կրում էին կարճ խուզված միրուք, իսկ մազերը՝ բոլոր արաբ երիտասարդների պես, կողքերը սափրած էին, մեջտեղի մազափունջը ետ տարված․․․
-          Տղաներն իմը չեն։ Նրանց հետ ծանոթացել ենք Թրիրում։ Միայն աղջիկներն են իմը։ Նրանցից մեկն ամուսնացավ ամենաբարձրահասակ երիտասարդի  հետ, իսկ մյուսը չհարմարվեց։
 Ոչ այնքան այդ կնոջ պատմածից հասկացա միտքը, որքան հաճախ նրանց ելումուտով, իսկ նրա՝ շիկահեր, նոսր մազերով դուստրը երբեք ձեռք բերված ամուսնուն միայնակ չէր թողնում՝ անգամ զուգարան գնալիս։
Մեզ մոտեցավ կարմիր մազերով աղջիկը, մորն ինչ որ բան ասաց, մայրը գնաց նրա հետ։ Նրա գնալուց հետո, մտածում էի այդ երեք կանանց և երեք տղամարդկանց մասին։ Ցավոք նրանցից միայն մեկ զույգի էր հաջովել միասին լինելու, իսկ մյուսները պարզապես ապրում էին նույն սավանի հետևում։
-          Hallo !,- դեռ միտքս կլանված էր արաբ ընտանիքի խաբուսիկ բազմանդամությամբ, երբ կողքիս նստեց Նեդան՝ թևին մի քանի մաշված հագուստ գցած։- Կուզե՞ս,- հասկացրեց նա՝ ցույց տալով այն։
-          Nein,- առանց նայելու հագուստին՝ հասկացրեցի նրան։ Նա զարմացավ, ոտքի կանգնեց, բռնեց իմ ձեռքից՝ ինձ էլ ստիպելով կանգնել, այնուհետ հասկացրեց, որպեսզի փորձեմ այդ հագուստները։ Երբ հաջողվեց ինձ չհասկացվածի տեղ դնել, նա բերած հագուստը թողեց աֆղանների մահճակալին հեռացավ։ Մինչ որոշում կկայացնեի փորձելու, նրանց փոքր աղջնակը բոլորը նետեց աղբամանը։

Комментариев нет:

Отправить комментарий