среда, 1 мая 2019 г.

Այստեղ էլ էի արևելքին մոտիկ (596-րդը)


Թվաց՝ երազիս մեջ լսվում էր Էրմանի նամազի ձայնը։ Քնից վեր թռա, նստեցի, նայեցի անկողնուց դուրս՝ մակեդոնացին և սիրիացի ծերուկը նամազ էին անում իմ մահճակալի մոտ։ «Մի՞թե այստեղ էլ եմ արևելքին մոտիկ»,- մտածեցի ես, իհարկե վրդոհված, բայց արևելքն էլ, արևմուտքն էլ, հյուսիսն էլ, հարավն էլ հեռու էին ինձանից, քանի որ իմ մահճակալը համարյա վրանի կենտրոնում էր տեղադրված։ Քանի որ քնելն այլևս անհնար էր, դուրս եկա։ Ինչպես միշտ, մառախուղը սպիտակ ծալքերով նստել էր ճամբարի վրա, թվում էր՝ միայն ես եմ այնտեղ և քայլում եմ ամպերի միջով։ Շատ բարձրից աղոտ երևում էին էլեկտրական լույսերը, կարծես նրանք կախված լինեին  երկնքից։ Մառախուղը, վերածվելով վաղորդյան ցողի, սկսեց կախվել իմ մազերից։ Այնուհետև սառը օդը ստիպեց շտապել ներս։ Հարևաններն աղոթքն ավարտել էին, բայց արդեն լսվում էր սիրունիկ փոքրիկի լացի ձայնը, որից մահճակալների երկրորդ հարկերում, հերթով երևում էին քնատ ու ճմրթված դեմքերը:
-          Hallo!,- իմ սավանե դռանը երևաց մենեջեր Նաթին՝ մի սև բաճկոն թևին գցած։ Այն մեկնեց ինձ, ապա հասկացրեց փորձել։ Ուրախությամբ համաձայնվեցի, սակայն բաճկոնն իմ չափսերից մի քանի անգամ մեծ էր։
-          Gut, gut,- Երբ մի քանի անգամ կրկնեց նա՝ բութ մատը վերև պահած, ես,  առանց ծպտուն հանելու, համաձայնվեցի նրա բութ մատի հետ և ժպտացի՝ վերցնելով այն։

Комментариев нет:

Отправить комментарий