вторник, 19 октября 2021 г.

                                                                   ԳԵՐԻՆԵՐԸ



Էմմին ու  Էդգարը ամրոցը լքելով շարունակեցին ճանապարհը դեպի արևելյան կողմը։ Տափաստանում տիրող տևական լռությունը սկսեց անհանգստացնել  նրանց։

- Հորիզոնը արդեն շիկնում է,- նկատեց պատանին,- ԵՎ չնայած մշուշին, կարծում եմ շուտով կերևա խորհրդավոր լույսը։

- Դեռ մայրամուտը կարմիր է՝ լույսի մասին խոսելը վաղ է,- նկատեց աղջիկը, նայելով հորիզոնին։

Շուտով հորիզոնը հանգավ, խավարը լափեց երկու հոգնատանջ էակներին,- Արդեն մութ է, բայց խորհրդավոր լույսը չի հայտնվում,- բողոքեց Էդգարը։

- Կարծում եմ նա այլևս չի երևա,- պատասխանի հետ մեկտեղ աղջիկը կանգ առավ։

- Ինչու՞ ես այդպես կարծում։

- Որովհետև երևացող կանթեղը ամրոցի ոգու ձեռքին էր, իսկ մենք արդեն հանդիպեցինք նրան,- բացատրեց աղջիկը, ապա ավելացրեց,- Իսկ հիմա այլ բան է տարօրինակ։

- Ի՞նչը․․․

- Աղմուկ չե՞ս լսում։

- Լսում եմ՝ այն շատ հեռվից է գալիս։ Արի սրտիկները փորձենք, գուցե ինչ որ բան պարզենք մեզ համար,- առաջարկեց պատանին, ձեռքն առաջ մեկնելով և նրանք միասին երկնագույն լույսը տարածեցին շուրջը։

Միաժամանակ լսվեց մոտեցող նախրի սմբակների դոփյունը և թռչունների թևերի թափահարումը,- Ագռավամա՜րդն է,- բացականչեց Էդգարը և նրանք նորից մնացին մռությանը պատանդ։ Նրանք հասցրեցին պառկել գետնին, մինչ սև երամը կանցներ գլխավերևներով։

- Ծխի հոտ եմ առնում,- պառկած տեղից շշնջաց աղջիկը։

- Եթե Ֆլամեն է, նրանից ազատվելը դժվար է լինելու,- նկատեց պատանին։

Կեսգիշերից հետո, հարավից փչող քամուց մշուշը սկսեց նոսրանալ։

- Տե՛ս թե նախիրը ինչպես է փախչում,- պառկած տեղից ցույց տվեց պատանին։

- Սա քմահաճ Ֆլամեն է։

- Ուրեմն պետք է թաքնվել,- ասաց պատանին, սակայն մնաց տեղում կանգնած, չիմանալով որ կողմ գնալ,- Պարզվում է այնքան էլ հեշտ չէ այստեղ թաքստոց գտնելը,- մրմնջաց նա հուսախաբ։

Գիշերը մոտեցավ լուսաբացին։ Քամին սաստկացավ։ Ճամփորդների համար օրը անսովոր լուսավոր թվաց։

- Պետք է կորչել Ֆլամեի աչքից,- ասաց պատանին և աղջկա ձեռքից քաշելով վազեցին խուճապահար հոտի հետևից,- նորից երկինքը սևացավ։

- Ագռավամա՛րդն է,- հևալով գոչեց Էմմին,- Մենք կորա՛ծ ենք,- նրանց ճամփան կտրեց սև ստվերը։

- Հա՜, հա՜, հա՜․․․,- հայտնվեց ագռավների առաջնորդը իր երամով և նորից շուրջը լուսավորվեց, տարածվեց ջերմություն։ Երամից քիչ հեռու երևաց Ֆլամեն․

- Օ՜ թանկագին կոլեգա՛, տեսնում եմ վատ չենք աշխատել,- կնոջ կերպարանք առնելով սեթևեթեց նա, մի պտույտ կատարելով կանգնածների շուրջը։ Ջերմությունից ճամփորդները սկսեցին հազալ, փակելով դեմքները։

- Զգու՛յշ խելագար կին, նրանք մեզ դեռ պետք են,- կշտամբեց Ագռավամարդը իր փետրանման թիկնոցի տակ առնելով պատանուն և աղջկան։

- Մի՞թե կարող եմ նրանց վնասել, չէ՞որ նրանք բացի մեզ պետք լինելուց, կարող են նաև ծառայել մեզ․․․

- Ո՛չ, միայն ոչ դա,- գոչեց պատանին։

- Միամիտ տղա՛ հասկացի՛ր, համայն մարդկությունը խենթանում է իր նյութական թռիչքով և մի՞թե այն մեր ձեռքբերումը չէ,- Ֆլամեն խոսքի հետ մի պտույտ կատարեց, որից նրանք ակամա կուչ եկան։

- Օ՜, մեզ հրամայված է՝ գտնել փոքրիկ տղային, բայց տեսնում եմ խորհրդավոր կաշվե տուփը այս աղջիկն է կրում, որին արդեն պատկերացնում էի իմ ձագերի ստամոքսում,- զարմացավ Ագռավամարդը հայցքը չկտրելով տուփից։

Երկար ժամանակ լսելի էր կենդանիների սմբակների դոփյունը, իսկ երկնքում անընդմեջ ճախրում էին հրե թռչունները։

- Իմ զավակներն են ամենուր, նրանք խելահեղ են այնպես չէ՞,- գոռոզացավ Ֆլամեն։

- Թո՛ղ քո դատարկ գոռոզությունը, գորոծով զբաղվի՛ր,- կշտամբեց Ագռավամարդը, մոտենալով Էմմիին,- Իսկ հիմա ինձ տու՛ր տուփը։

- Երբե՛ք,- աղջիկը երկու ձռքերով տուփը սեղմեց իրեն։

- Էմմի՛ անձնատուր չլինես, մինչև․․․,- պատանու միտքը կիսատ մնաց, երբ թռչունը հարվածեց նրան։ 

Էդգարը հարվածից դեռ ուշքի չէր եկել, երբ երկու ձեռքեր խլեցին նրան ու աղջկան, բայց վեր բարձրանալու փոխարեն տապալվեցին գետին Ագռավամարդու հաջորդ հարվածից։ Արեգանին նրանց հետ վայր ընկավ։ Նրանց վրա հարձակվեցին շարքային ագռավները։

- Էմմի՛ տուփը,- զգուշացրեց պատանին։ Արեգանին նորից փորձեց վեր սլանալ աղջկա և պատանու հետ, բայց Ագռավամարդը հաջորդ հարվածը հասցրեց։ Նրանք փռվեցին գետնին։

- Տանե՛լ գերիներին հրապարակ,- հրամայեց սև երամի առաջնորդը, ինքը ճանկելով Արեգանիին։ Էմմիին ու Էդգարին օդ բարձրացրեցին շարքային ագռավները։ Ճամփին, բարձր քրքիջով նրանց միացավ Կուբիկ-Վանդևը մողեսների եռանկյունու հետ․․․

воскресенье, 17 октября 2021 г.

                                                           ՏՂԱՆ Սև ԱՅԳՈՒՄ


Ինչպես իմացանք, ամբոխը առաջ էր շարժվում Լիվանի դրդմամբ, սակայն չգիտենք, որ այն անգիտակցաբար իր հետ տանում էր տղային։

Սկզբում Վագը վազում էր առանց հասկանալու, բայց երբ վազքը վերածվեց հրմշտոցի, տղան փորձեց կանգ առնել, իսկ ամբոխը նրան առավ իր մեջ ու տարավ։

Բազմությունը կանգ առավ, երբ առջևում տեսավ Ռոբենին, բարձր ժայռին կանգնած, ծածանվող դրոշով։ Նա ոգևորված ցած թռավ և վազեց գետի ծանծաղուտով, գոչելով,- Իմ հետևի՜ց,- ամբոխը հետևեց նրան։ Ծանծաղուտը հատելուց հետո, սկսվեց կտրտված ոլորապտույտ ճամփան, որը անցնում էր խոր ու վտանգավոր կիրճով։

Խելագար ամբոխը տարվել էր  Սև այգու «գանձերով» և ընթանում էր իրար հրմշտելով՝ հաճախ լսելի էր անդունդը գլորովող հուսահատ ճիչերը, սակայն ոչ ոք չէր նկատում նրանց․․․

Բազմությունը հասավ երկու հանդիպակած, լայնանիստ լեռներից մեկի վրա, որոնք իրարից բաժանվում էին անդնդախոր ձորով։ 

Երբ երեկոն խառնվեց մթին, հեռվից երևացին քաղաքային լույսերը։

- Քաղա՜քը, վերջապե՜ս,- լսվեց այս ու այն կողմից։

- Հետևե՛ք ինձ, պետք է շրջանցել վտանգավոր անդունդը,- հրահանգեց Ռոբենը։ Սկսվեց հրմշտոցը՝ յուրաքանչյուրը փորձում էր առաջինը հատել անդունդը, բայց շատերի ճիչը մարում էր, գահավիժելով գետի մեջ,- Իսկապես ամբոխը ընդունակ է խելագարվելու,- մրմնջաց Ռոբենը, ապա ավելի բարձր բղավեց,- Կանգ առե՛ք, այդպես դուք բոլորդ  ջարդ ու փշուր կլինեք,- ամբոխը մի քայլ ետ քաշվեց,- Շրջանցե՛լ, միայն շրջանցե՛լ անդունդը,- գոչեց նա և ընթացավ առջևից։ Թեք սարալանջով նրան հետևեց բազմությունը։

Երկու իրար եկող լեռնաշղթաները վերջացան, ավելի մոտիկից երևացին լույսերը։ Բազմությունը շփոթվեց, երբ տեսավ քաղաքի լույսերին խռնված գալիս էր ջահերով զինված, փայլող աչքերով երիտասարդների մի բանակ։

Ռոբենը հապաղեց, դրոշը աննկատ դրեց գրպանը և կորավ ամբոխի մեջ։ Բորենիները հավատարիմ իրենց ծագմանը, անսպասելի սկսեցին ցատկելով, վեր ածվել բորենու, այնուհետև բռնում էին զոհի կոկրդից, իսկ ջահերը մնում էին օդից կախված, լուսավորելով շուրջ բոլորը։

- Նահանջե՛լ, նրանք գիշատիչներ են,- հուսահատ գոչեց Ռոբենը։

- Ո՜չ,- ծոր տվեց Մեծ բորենին,- Մենք կկռվե՛նք մինչև վերջին շունչը,- երկու անզեն ախոյանների միջև ընթացող մարտը ավելի շատ ձեռնամարտ էր, սակայն  առավելությունը մյուսի կողմն էր, քանի որ հաճախ գլուխ էր բարձրացնում գազանի բնազդը։

Տարածվող ճիչն ու վայնասուն անտեր էր՝ ամբոխը դատապարտված էր, իսկ Վագը ամբոխի հետ քաղաք հասնելով, երբ երկու ուժերը բախվեցին, նա աննկատ դուրս սողոսկեց սկսված քաոսից և թաքնվեց մոտակա ընկուզենու հետևում, երբ մարտը թեժացավ, նա բարձրացավ ծառը և այնտեղից հետևում էր ավարառուների արյունահեղությանը․․․

 

пятница, 15 октября 2021 г.

                                                  Սև ԱՅԳԻՆ


Գիշատիչների ոհմակը դնչերը ուղղեց դեպի գիշերային լուսատուին, որից հետո այն կիսատվեց և մնաց, որպես կիսալուսին։

Ոհմակից անջատվեց փայլուն, բաց գույնի մորթով, երկար ու ցից ականջներով խոշոր բորենին, որը ավելի շատ գայլ էր հիշեցնում՝ կանգնեց բարձր ժայռին, կիսալուսնին նայելով, սկսեց ոռնալ։ Նրան հետևեց ողջ ոհմակը։

Երբ Մեծ բորենին ավելի զլեց ձայնը, ոհմակը լռեց։ Կիսալուսնի ներքևի ծայրից մի աղեղ պոկվեց, սլացավ ներքև՝ այն մխրճվեց առաջատար բորենու կուրծքը։ Ոհմակը շարունակեց ոռնալ, իսկ նա մի քանի քայլ ետ գնաց, կանգնեց հետևի ոտքերին և նրա ձայնը հետզհետե փոխվեց, նմանվելով մարդկային ձայնի։ Մեծ բորենին մարդկայնի կերպարանք առավ, երկու ձեռերով դուրս քաշեց աղեղը։ Բարձր ժայռին ողջ կեցվածքով կանգնեց կանաչ ու փայլուն աչքերով մարդ-բորենին։

- Շարքով անցե՛ք նեղ արահետով,- հրամայեց նա և սկսվեց ոհմակի երկար երթը ժայռի բերանով։ Նրանցից յուրաքանչյուրը հասնելով մարդ-բորենուն, թեթև հարված էր ստանում լուսնից ստացած աղեղով․

- Մուրա՛դ,- ասաց Մեծ բորենին, երբ ոհմակը սկսեց հերթով մարդու կերպարանք առնել, այնուհետև շարունակվեց՝ Մուրթուզ, Էլշար, Արիֆ․․․,- այդպես մինչև վերջին բորենին։ Ժամեր հետո Մեծ բորենու զորքը շարված էր։

- Դեպի՛ Սև այգի,- հրամայեց առաջատարը։

- Ծառայու՛մ ենք Մեծ բորենուն,- միաբերան գոչեց զորքը և հետևեց առաջատարին։ Մայրամուտ էր, երբ հեռվից երևաց սպիտակ տունը և միայն հաջորդ երեկոյան մարդ-բորենիների ոհմակը կանգնեց սպիտակ տան դիմաց։

Սպիտակ տան սպիտակ աստիճաններին սպասում էի սևազգեստ, ալեհեր ծերունին։ Ոհմակը ծունկի իջավ, Մեծ բորենին ոտքի կանգնեց, մոտեցավ ծերունուն․

- Սև այգու տիրակա՛լ, ինչո՞վ եմ պարտական։

- Ծերունին հենվեց գավազանին,- Մեր տիրության սահմանը վտանգվա՛ծ է և քո օգնության կարիքը ունե՛մ։

- Ի՞նչ վտանգ է և որտեղի՞ց է այն գալիս,- հետաքրքվեց Մեծ բորենին մի քայլ առաջ գալով, որպես հավատարմության նշան։

- Վերջին օրերի լուրերը խիստ անհանգստացնող են,- մտահոգ արտաբերեց ծերունին։

- ԵՎ ի՞նչն է ձեզ անհանգստացրել։

- Մի՞թե չես լսել ․․․

- Մեղավոր եմ՝ չեմ լսել։

- Ասենք, որտեղի՞ց լսեք՝ չէ՞որ բորենին կիասլուսնի զավակն է, իսկ նրանք լիալուսնի։

- Սև տիրակա՛լ, պարզի՛ր միտքդ։

- Պարզե՛մ։ Հարևան երկրում լիալուսինը արթնացրել է խորհրդավոր տասը կուբիկներից մեկը և գլխավոր հրաբուխը։

- Մի՞թե այն մեր խնդիրն է, թող անե՛ն, ինչ ուզում են։

- Այո՛, եթե միայն ինքնաոչնչացման խնդիրը լիներ, բայց նույն կուբիկի և նրա համախոհի հրահրմամբ այդ երկիրը վեր է ածվել քաոսի և կարո՞ղ ես պատկերացնել նրանց հանդգնությունը։

- Եվ ո՞րն է,- հետաքրքրվեց Մեծ բորենին։

- Այն, որ սեփական հաղթանակի համար, նրանք այդ երկրի ժողովրդին տրամադրել են իմ դեմ։

- Պատճառը՞․․․

- Իմ տերությունը ավար է նրա՝ ամբոխի վերածված բազմության համար։

- Սև տիրակա՛լ, բավականին լուրջ խնդիր է։

- Այո՛ և իմ հույսը քո քաջերն են։

- Ինչպե՞ս, մենք ընդամենը մի քանի հազար ենք, իսկ այդ ամբոխը, ամբո՛խ է անհամար։

- Այո՛, միայն ամբոխ և որքա՜ն հեշտ է հաղթելը, եթե այն ժողովուրդ չէ,- վճռական պատասխանեց ծերունին, իսկ Մեծ բորենին անվճռական նայեց շարքերին,- Երկմտելու հարկ չկա՛։ Քո քաջերով պատառոտի՛ր այդ ամբոխին և թույլ մի՛ տուր ավիրելու իմ ծաղկած տիրությունը։

- Միայն ձե՞ր,- առաջատարը բազմանշանակ նայեց ծերունուն։

- Մե՛ր,- մեքենայաբար խոսքն ուղղեց տիրակալը, շարունակեց ավելի ոգևորված,- Այդ դեպքում սկսել է պետք՝ նրանք արդեն հատել են սահմանը և գալիս են  ճամփին ամեն ինչ ոխրի վերածելով։

- Այո՛, մեր կողմից հապաղելն անիմաստ է,- հաստատեց Մեծ բորենին և միացավ շարքին։

- Իսկ լիարժեք հաղթանակի համար, տալի՛ս եմ ուժի նեկտարը։ Զորքը պետք է անցնի այս նեղ միջանցքով,- ծերունու ցույց տված միջանցքը վերջանում էր մթության մեջ։ Մեծ բորենին հավանության նշան տվեց և սկսվեց միապաղաղ ու դանդաղ երթը։ 

Միջանցքի սկզբին կանգնած էր սևեր հագած մի կին։ Նա յուրաքանչյուր բորենու բերանն էր դնում  մեկական գդալ սպիտակ փոշի, իսկ միջանցքի հակառակ ծայրից բորենիները դուրս էին գալիս աչքերի տարօրինակ փայլով։ Վերջինը դուրս եկավ Մեծ բորենին․․․

вторник, 12 октября 2021 г.

                                                  ԱՄՐՈՑԻ ՈԳԻՆ


Էմմին ու Էդգարը շտապեցին հեռանալ այնտեղից, որտեղ դեռ մրափած էին մողեսները։ Շուտով հեռվում սկսեց սևին տալ մի մեծ ստվեր, երբ երևաց խորհրդավոր լույսը։

- Նորից նույն լույսը,- առանց ոգևորության նկատեց պատանին։

- Գուցե ետ դառնա՞նք,- քայլերը դանդաղեցրեց աղջիկը։

- Մենք այլընտրանք չունենք։

- Բայց ցերեկը այնտեղ ոչինչ էլ չկար, իսկ հիմա խորհրդավոր լույսը և մեծ ստվերը, որը նորություն է,- տարակուսեց Էմմին։

- Ինչ էլ որ լինի, պետք է մոտենանք, այն մեր միակ ճամփան է դեպի արևելք,- պնդեց պատանին,- Նման կերպ մենք ոչ միայն ժամանակ չենք կորցնի, նաև կլուծենք լույսի և ստվերի գաղտնիքը։

Շուտով երեկոն ընկղմվեց խավարի ծոցում՝ սևին տվող ստվերը անհետացավ։

- Տարօրինակ է,- մտահոգվեց աղջիկը, ետ մնալով։

- Տարօրինակ ոչինչ էլ չկա։ Ստվերի գաղտնիքը ինքնստինքյան լուծվում է՝ ամրոցը տեսնու՞մ ես,- ոգևորվեց պատանին։

- Իսկ քեզ այն տարօրինակ չի՞ թվում։

- Արի՛, պետք չէ վախենալ։ Այն նաև լավ ապաստան կլինի գիշերելու,- Էդգարը արագացրեց քայլերը, քաշելով աղջկա ձեռքից։

- Ամրո՜ց է,- խաղաղված բացակաչեց Էմմին։

- Իսկ հիմա ամենադժվարն է,- մտածկոտ արտաբերեց պատանին, ուշադիր զննելով ամրոցի պատերը։

- Նորի՞ց․․․

- Այո, մենք պետք է գտնենք դուռը։ Ի՞նչ ես կարծում, օգտվե՞նք սրտիկներից։

- Օգտվե՛նք,- առանց հապաղելու պատասխանեց աղջիկը և ձեռքն առաջ մեկնեց, նրան միացավ պատանին։ Դեմ դիմաց երևաց մամռակալած դուռը։

- Ա՛յ քեզ հաջողություն,- ոգևորվեց Էդգարը,- Մենք հենց դռան դիմաց էլ կանգնած էինք,- Նա սկսեց հրել դուռը՝ այն ուժգին ճռռոցով տեղի տվեց։ Նրանք անաղմուկ ներս մտան։ Ներսի սառը և խոնավ օդը դիպավ նրանց դեմքներին։ Ծանր դուռը նորից փակվեց։ Տիրեց անթափանց մութը։ Միայն փոքրիկ սրտիկները աղոտ լուսավորում էին շուրջը։

- Թաքցրե՛ք սրտիկները,- լսվեց մոտիկից։ Նրանք ակամա փակեցին ափերը։ Երևաց ծանոթ կանթեղը։ Ճամփորդները սեղմվեցին պատին,- Մի՛ վախեցեք, ե՛ս եմ, Հավերժության ամրոցի պահապանը,- ասաց մոտեցող կանթեղով մարդուկը։

- Բա՜յց․․․,- նրանք կմկմալով, միաժամանակ նայում էին շուրջը։

- Զարմանալու հարկ չկա, դուք հակառակ կողմից եք ներս մտել,- հասկանալով նրանց միտքը բացատրեց մարդուկը,- Իսկ այժմ հետևե՛ք ինձ,- Հավերժության ամրոցի ոգին ուղղվեց դեպի այն դուռը, որտեղից քիչ առաջ հայտնվել էր։ Նրանք անխոս հետևեցին նրան։

Հետզհետե շուրջը լուսավորվեց։ Բացված տեսարանը իրենից ներկայացնում էր մի մեծ սրահ, այն հագեցված էր բազմազան ծաղիկներով ու թփերով, իսկ նեղ արահետները բաժանում էին  ծաղիկներն իրենց տեսակներով։ Սրահը բուրում էր թարմությամբ՝ կենտրոնում, ծիրանագույն  ցայտաաղբյուրների մի փունջ քչքչալով առու էր դառնում ու հոսում կանաչի միջով։ Այս ամենին լրացնում էին թռչունների գեղգեղանքը և թփերից անակնկալ դուրս թռչող փոքրիկ կենդանիները։ Էմմին ու Էդգարը համարացած հետևում էին մարդուկին, երբ նրանք մտան ավելի փոքր սրահ։ Առաջին հայացքից այն ոչնչով չզարմացրեց այցելուներին, միայն զարմացան ամենուր նստած ծիրանագույն փոշու հաստ շերտից։

- Ահա՛ ամրոցի այն բաժինը, որը կարող է հետաքրքրել ձեզ,- կանթեղը ձեռքին, ամրոցի պահապանը մոտեցավ պատերին ամրացված պահարաններին և սկսեց փչել դեպի կենտրոնը՝ փոշու շերտը առանց տարածվելու պտտահողմի պես վեր բարձրացավ և անհետացավ, հպվելով կամարաձև առաստաղին, այնուհետև շարժվեց հատակը, այն բարձրանալով, սրահի ողջ երկարությամբ հայտնվեցին ապակե ցուցափեղկերը, որոնց մեջ նրանք տեսան խնամքով դասավորված տարօրինակ քարեր, սաղավարտներ, զենքեր, զինանշաններ և շատ զանազան նմուշներ, որնք իրենց հերթին առանձին դրված էին դարակներում։

- Ինչու՞ են այստեղ դատարկ,- հետաքրքրվեց պատանին, երբ շարքը լրացնում էին դատարկ փեղկերը։ Մարդուկը, որը մինչ այդ լուռ հետևուն էր նրանց, պատասխանեց․

- Այն, ինչ դուք տեսաք՝ անցյալ ժամանակն էր, իսկ դատարկ փեղկերը դարձյալ կլցնի ժամանակը, սակայն ապագայում,- նրանք առաջանում էին և զարմանքով նայում անթիվ դատարկ փեղկերին։

- Դուք այնտեղ անելիք չունեք, ետ եկե՛ք,- կանթեղը ավելի բարձրացնելով հրամայեց ոգին։ Աղջիկն ու պատանին ենթարկվեցին և նա նրանց ուղեկցեց մի նոր սրահ, որտեղ գրադարակները հագեցված էին հաստափոր գրքերով։ Էդգարը զգույշ շոյեց գրքերի շարքը։ Մարդուկը անաղմուկ անհետացավ։

- Այս ամենը շատ հանելուկային կերպով վրիպել է մարդու աչքից,- նկատեց պատանին։

- Մի՛ մոռացիր, սա Հավերժության ամրոցն է,- հիշեցրեց աղջիկը։ Հանկարծ գրքերը սկսեցին շարժվել,- Երկրաշա՛րժ է,- վախեցած արտաբերեց Էմմին, թևերով պահեց գրքերի շարքը և միայն մի ոսկյա կազմով գիրք ընկավ նրանց ոտքերի առջև։ Պատանին փորձեց այն վերադարձնել տեղը, բայց գիրքը սահեց աղջկա ձեռքը և ինքնուրույն բացվեց,- կարծում եմ, այս գիրքը ցանկանում է, որպեսզի մենք նրան կարդանք,- զարմացավ աղջիկը։

- Այո՛, այլապես այն չէր կարող հենց այնպես հայտնվել մեր ձեռքերում։

Ուրեմն փորձիր կարդալ,- ասաց պատանին, երբ գիրքը դադարեց թերթվել։

- Չեմ կարող, բան չեմ հասկանում,- ուսերը թոթովեց Էմմին և անզոր նայեց պատանուն։

- Տու՛ր ինձ,- Էդգարը համարյա խլեց գիրքը, սկսեց ուշադիր նայել,- Այս լեզուն ես գիտեմ,- ուրախացավ պատանին։

- Որտեղի՞ց․․․

- Ամառային արձակուրդներին հնագետների հետ մասնակցում էի պեղումներին՝ նրանցից շատ բան եմ սովորել։

- Ուրեմն կարդա՛։

- Շուտով կպարզենք, թե ի՞նչ է ուզում ասել այս գիրքը,- կիսաձայն ասաց նա, ապա ավելի պարզ շարունակեց աղջկա համար։

- Կարո՞ղ ես ավելի պարզ,- վրա բերեց աղջիկը։

- Այսինքն ստացվում է մենք՝ ես և դու մեծ սխալ ենք թույլ տվել,- վանկարկեց պատանին, մեղավոր նայեց աղջկան։

- Ի՞նչ սխալի մասին է խոսքը,- անհանգստացավ աղջիկը։

- Մենք պետք է գտնենք Վագին և առանց ժամանակ կորցնելու։

- Մի՞ թե իրականում այդ չենք անում,- զարմացավ աղջկը։

- Ո՛չ, մենք տղային պետք է գտնենք ոչ միայն որպես ընկեր, այլ․․․,- մի պահ նա լռեց, մատը դրեց շուրթին և նորից շարունակեց,- Որովհետև Վագը նույն  տղան է, որին փնտրում է Ագռավամարդն ու մյուսները։

- Ա՜,- ծոր տվեց աղջիկը,- Հիմա հասկանում են թե ինչու՞ այդ սև թռչունը այլևս մեզանով չհետաքրրքվեց։

- Իսկ եթե նրանք արդեն գտե՞լ են տղային,- տրտմեց պատանին,- Այո՜, մեր գործը դժվարանում է,- նա հուսահատված գիրքը վերադարձրեց տեղը։

- Ոտք դնելով ամրոց, դուք հասկացաք, որ չարն ու բարին ամփոփված են նույն անձի մեջ,- ասաց ամրոցի ոգին, նորից հայտնվելով նրանց մոտ,- Մինչև հիմա, եթե ձեր գործը տղային պաշտպանելն էր, ապա այժմ նաև նրան գտնելն ու ոսկյա ճյուղը վերադարձնելն է։

Ի՞նչ․․․, Ոսկյա Ճյու՞ղ,- զարմանքից համարյա բացականչեցին նրանք։

- Այո՛, զարմանալու փոխարեն միայն հիշե՛ք,- երբ ամրոցի պահապանը ավարտեց խոսքը, բացվեց ծանր դուռը, որով նրանք ներս էին մտել։ Մինչ Էմմին ու Էդգարը կլքեին ամրոցը՝ վերև բարձրացած փոշին նորից իջավ և խնամքով ծածկեց անտիկ գանձերը։ Նորից տիրեց խավարը, երբ մարդուկը անհետացավ լապտերի հետ, որը ստիպեց այցելուներին արագ լքել ամրոցը։ Նրանց հետևից ճռռալով փակվեց դուռը և զարմանալի արագությամբ այն պատվեց մամուռով․․․




суббота, 9 октября 2021 г.

                                                           ԸՆԴՀԱՐՈՒՄ


Ամբոխը խռնված, աղմկելով առաջ էր շարժվում, ճամփին ավիրելով ամեն ինչ։  Վերևից իր բանակով նրա հետևում էր Վանդևը, որի առաջատարն էր սուր դնչերով մողեսների եռանկյունին։ Բազմությունը տեսնելով Կուբիկ-Վանդևին իր զորքով, խուճապի մատնվեց, բայց հանկարծ քարացավ տեղում, դիմացը հայտնված կուրացնող լույսից և այն կարծես կախված լիներ երկքնի և երկրի միջև։ Դանդաղորեն լույսից անջատվեց  բազմագմբեթ սպիտակ ամրոցը՝ բազմության բերանից զարմանքի ճիչ դուրս թռավ և ծունկի իջավ։ Ամրոցի վերևի պատշգամբին երևաց սպիտակազգեստ մարդկանց մի խումբ։ Քիչ հետո նրանց միացավ Արեգանին․

- Դավի՛դ, կառավարի՛ր այս խեղճ մոլորյալներին, քեզ կօգնի նաև Գրինյուսը, իսկ ես պետք է ետ բերեմ տղային,- հրամայեց Արեգանին և վեր սլացավ, այնուհետև մխրճվեց ամբոխի մեջ, իր հետ տանելով Վագին։

Դավիդը մի քայլ առաջ եկավ, նրան հետևեց Գրինյուսը՝ կանաչ, սակայն զառամյալ։ Քայլելիս նրա ոտքերը ճռճռում էին, իսկ թիկնոցի փեշերից կախկխված էին դեղնած ու կիսաչոր տերևները․․․ Դավիդը բարձրացրեց ձեռքը, բազմությունը ոտքի կանգնեց,- Ինչու՞ եք կուրորեն հետևում չարին,- սկսեց նա։

- Նա մեզ մեծ ավար է խոստացել,- լսվեց այս ու այն կողմից,- Գնում ենք տիրելու։

- Անհնար է։ Աշխարհում անտեր ավար գոյություն չունի, նրանք ձեզ դեպի անխուսափելի կործանման են ուղարկում,- փորձեց բացատրել Դավիդը։ 

Բազմությունից անջատվեց, առաջ եկավ քառասունն անց, կիսաճաղատ, այտին սև խալով մի տղամարդ,- Մենք չպետք է հավատանք սրանց։ Դեպի՛ Սև այգի,- հայտարարեց նա և գրպանից հանեց մի դրոշ, որի անկյունում պատկերված էին մողեսի և ագռավի գլուխները՝ գերբը լրացնում էր խորհրդավոր կուբիկը։

- Դու ո՞վ ես,- լսվեց ամբոխի միջից։

- Անունս Ռոբեն է, իմ նախնիները Սև այգուց են։ Կարող եմ ձեզ ընդառաջել։

- Կեցցե՛ս Ռոբենը՝ մեր հրամանատարը,- լսվեց ամբոխի միջից։

Երկնքում սավառնող թևավորները նկատեցին Արեգանիին տղայի հետ և հարձակվեցին նրա վրա։ Պայքարը երկար չտևեց՝ մողեսների առաջատարը ժանիքը խրեց Արեգանիի ձեռքը, նա ցավից բաց թողեց տղային։ Վագը ցած ընկավ, նորից կորավ ամբոխի մեջ։

- Նրանք ուժեղ են, ես չկարողացա բերել տղային,- մտահոգվեց Արեգանին և ցույց տվեց ձեռքի վերքը։

- Այո՛, ոսկյա ճյուղը նրանց ուժ է տալիս, ես չկարողացա այն պահել,- հուսահատ արտաբերեց Գրինյուսը։

- Կարծես մենք տանուլ ենք տալիս․․․

- Այո՛, թվում է թե․․․,- միտքը կիսատ, Գրինյուսը գլուխը կախեց։

- Այս անթիվ բազմությանն էլ են կարողացել կախարդել։ Չնայած սկզբում այն նրանց հենարանն էր և հազիվ թե խանգառեր, բայց լիարժեք հաղթանակի համար այդ խեղճերին ուղարկում են դեպի մահ,- եզրակացրեց Դավիդը, ափսոսանքով նայելով հեռացող ամբոխի հետևից։

- Կարծում եմ, առաջին հերթին պետք է ետ բերել տղային, այլապես նրան ոտնակոխ կանեն առանց գիտակցելու,- նկատեց Արեգանին։

- Իսկ հետո ճյուղը,- շարունակեց Գրինյուսը ոչ պակաս ափսոսանքով,- Այն թո՛ղ ինձ վրա։

- Չեմ կարծում կհաջողվի։ Ֆլամեն մի ակնթարթում քեզ մոխրի կվերածի,- պատասխանեց Արեգանին և սլացավ հրապարակի կողմը։ Դանդաղորեն ամրոցը տարալուծվեց լույսի մեջ և այն վեր բարձրանալով միաձուլվեց երկնքի հետ։ Հետզհետե օրը դարձավ սպիտակ․․․

пятница, 8 октября 2021 г.

                                                 ՈՐՈՇՈՒՄ


Հրապարակում տիրեց կատարյալ խառնաշփոթ։ Լիվանի որոշումից հետո, ամբոխը սկսել էր շարժվել դեպի Սև այգի, իսկ  բանակը հետզհետե տեղավորվում էր հրապարակում։ Շուտով բազմությունը իր տեղը զիջեց Լիվանի և Կուբիկ-Վանդևի նորաստեղծ բանակին՝ առաջինը ագռավների շարքերն էին, այնուհետև որովայինները դուրս ցցած մողեսների շարքերն էին։ Հրապարակի կենտրոնում բոցկլտում էր բարձր ու համարձակ Ֆլամեն։ Հարյուր երեսուն նախարարները մի քանի շարքով տեղավորվել էին հարթակի աթոռներին, իսկ չղջիկ-թիկնապահները շրջապատել էին երկու առաջնորդներին․․․

- Այսպես լավ է։ Ես ինձ լիակատար տեր եմ զգում,- արտաբերեց Վանդևը ինքնագոհ նայելով բազմազան բանակի շարքերին,- Իսկ հիմա այստեղ բերե՛ք տղային,- հրամայեց նա։ Բոլորը նայեցին տղայի կողմը։

- Տղան չկա՛,- առաջինը ծղրտաց Ագռավամարդը և նետվեց  դեպի տղայի նստած տեղը, կարծես համոզվելու համար, նա կռացավ ու նայեց գետնին,- Նա իսկապես անհետացել է,- դանդաղ մեջքն ուղղելով կմկմաց նա, թաքցնելով վրդոհմունքը։

- Ինչպե՞ս թե։ Մի՞ թե ամբոխը տարավ տղային,- կատաղեց Վանդևը։

- Եթե դա իրողություն է, ապա մենք միշտ կախված կլինենք այդ մարդակույտից,- հանգիստ ասաց Լիվանը։

- Գտնե՛լ տղային և այստեղ բերե՛լ,- հրամայեց Վանդևը։

Մինչ նախարարները տեղներից կշարժվեին, չղջիկ-թիկնապահներն ու Ֆլամեն օդ բարձրացան՝ ընթացքում, Ֆլամեն անցավ շարքերի միջով, տարածելով անտանելի խանձահոտ։

- Ջու՛րը, միայն ջու՛րը խելքի կբերի այդ անպատկառին,- կոկորդով մեկ բղավեց Վանդևը ։ Ֆլամեն մի կողմ քաշվեց, վերածվելով անթիվ հրե թռչունների և բարձրացավ բոլորից վեր, իսկ Վանդևը շարունակ փնթփնթում էր մատներով ուղղելով կիսախանձված ու ցից մազերը,- Խելագա՛ր է և ինչու՞ է նա այդքան խելագա՛ր։

Երկինքը սևացավ Կուբիկ Վանդևի բանակից՝ երկու առաջնորդներ հիացած հետևում էին ներքևից․

- Ես անձամբ պետք է նրանց առաջնորդեմ,- անսպասելի Լիվանի համար հայտարարցեց Վանդևը։

- Խելագարվե՞լ ես,- ուսերը թոթովեց Լիվանը։

- Ո՛չ, ես խելագար չեմ, այլ խելահեղ եմ,- շարունակեց նա,- Հա՜, հա՜, հա՜․․․,- բռնազբոսիկ ծիծաղով ձեռքերը խաչեց կրծքին, սկսեց տեղում հոլի պես պտտվել, արագություն վերցնելով սլացավ դեպի վեր, վերածված սև քառակուսու(կուբիկի)։ Կուբիկ- Վանդևը անցավ բանակի գլուխը և այն հեռանալով սկսեց փոքրանալ։ Լիվանը ներքևից հետևում էր համախոհին, երբ նա անհետացավ տեսադաշտից, Լիվանը խորը շունչ քաշեց, ձեռքերն իրար շփելով․․․


четверг, 7 октября 2021 г.

                                               «ՎԱԳԸ ԼԻՎԱՆԻ և ՎԱՆԴևԻ ՄՈՏ»


Պտտահողմը տղային առավ իր մեջ և օդ բարձրացրեց, այնուհետև բաց թողեց քաղաքի փողոցներից մեկում։ Վագը տարօրինակ ջերմությունից երկու ձեռքերով փակեց դեմքը և կուչ եկավ։

- Ֆլամե՛ խելագարվե՞լ ես, քիչ էր մնացել տղային մոխրի  վերածեիր,- զայրացավ Ագռավամարդը, տղային պաշտպանելով կրակից, առավ փետրավոր սև թիկնոցի մեջ։

- Մի՞ թե նա չէր փորձում ծլկել,- վերածվելով հրե կնոջ, կարծես փորձեց արդարանալ  Ֆլամեն, ապա մի կողմ քաշվելով նորից փոխվեց ամպերին հասնող խառույկի։

Ագռավամարդը ճանկեց տղային օդ բարձրացավ,- Ահա՛ տղան,- կռկռան ձայնով աղաղակեց նա, տղային բաց թողնելով հրապարակում, ինքն էլ հպարտ ցցվելով նրա կողքին։ Լիվանն ու Վանդևը համրացած իրար նայեցին, ապա տղային՝ միաժամանակ ոտքի կանգնեցին, իջան պատվանդանից և չոքեցին դեմ դիմաց տղային առնելով իրենց մեջ։ Նրանք ձեռքները դրեցին տղայի գլխին, կարծես համոզվելու նրա տեսիլք չլինելը։

- Մենք հաղթեցի՛նք,- հայացքը սևեռած Լիվանին, Վանդևի շշնջոցը նմանվեց օձի ֆշշոցի։

- Այո՜,- ձեռքերն իրար շփելով երանությամբ ծոր տվեց մի աչքանի հռետորը, իսկ տղան անտարբեր նրանց խոսակցությանը, ուշադիր նայում էր Լիվանին,- Ի՞նչ ես շշմածի պես նայում ինձ,- հայացքը փախցրեց նա։

- Դու իմ կուբիկի դեմքն ես,- ասաց տղան, շարունակելով նայել։

- Ի՞նչ կուբիկ, որտե՞ղ է այն,- անհամբեր տղային սկսեց շոշափել Վանդևը,- Տու՛ր ինձ այն։

- Համբերի՛ր,- սաստեց Լիվանը, համախոհի ձեռքը տղայից ետ քաշելով,- Նա ինչ որ բան է ուզում ասել՝ խոսի՛ր տղա։

- Իմ կուբիկը կորցրեցի մի անձրևոտ գիշեր։ Նույնիսկ դու էլ մի աչք ունես, ինչպես իմ կուբիկը,- տխրեց տղան։

- Այո՛, ես քո կուբիկի դեմքն եմ, իսկ նա,- ձեռքով ձույց տվեց Վանդևին, որն անհամբեր սպասում էր,- Քո կուբիկն է, իսկ հիմա ասա՛, որտե՞ղ են մեր մյուս ընկերները, որպեսզի նորից միանանք,- շողոքորթ ժպտաց Լիվանը։

- Ահա՛,- տղան լսածից ոգևորված ձեռքը տարավ կուբիկների տուփին, սակայն տխրեց, երբ չգտավ սիրելի խաղալիքները,- Չկան, ես նրանց կորցրել եմ։

- Ինչպե՞ս չկան,- շանթահար եղավ Լիվանը։

- Դու չե՛ս կարող մեզ հիմարացնել փսլնքոտ տղա՛,- Վանդևը կատաղած հարձակվեց տղայի վրա։

- Սպասի՛ր,- նրան սաստեց Լիվանը,- Մենք այսպես ոչնչի չենք հասնի, նման կերպ ավելի շուտ նրան այն աշխարհ կուղարկենք, իսկ դա մեզ պետք չէ։

- Մեր գործը դժվարանում է,- ատամների արանքից ֆշշացրեց Վանդևը, իսկ Տղան դեռ գետնին նստած մեկ նայուն էր Լիվանին, մեկ Վանդևին։ Համախոհները հիասթափվցած ոտքի կանգնեցին, մի կողմ քաշվեցին։

- Ի՞նչ ես կարծում՝ տղան կարո՞ղ է խաբել մեզ,- շշուկով հարցրեց Վանդևը։

- Կարծում եմ ո՛չ, նա դեռ խաբել չի սովորել։ Նա անկեղծորեն տխրեց, երբ չգտավ իր խաղալիքը։

- Սակայն այն ոչինչ չի փոխում՝ կուբիկները չկան և հարցականի տակ է մեր հաղթանակը,- նորից վրդոհվեց Վանդևը։

- Հանգստացի՛ր կոլեգա՝ զգացմունքային լինելը մերը չէ։ Սառը դատելը հաղթանակի կեսն է, եթե ոչ ամբողջը և հաջորդը՝ ով էլ գտնի այդ կուբիկները վաղ թե ուշ կգա տղայի հետևից, քանի որ առանց մեկի, ոչինչ է մյուսը։

- Այդ դեպքում մեզանից պահանջվում է աչքաթող չանել տղային,- հուսադրվեց Վանդևը, աչքը չկտրելով տղայից։

- Այո՛, որպես պատանդ,- հաստատեց Լիվանը ինքնագոհ։

- Ինչ արած, այն ևս ելք է,- ոչ այնքան գոհ, ուսերը վեր քաշեց խորամանակ Վանդևը։

- Այսօր ամբոխը ավելի ալեկոծված է,- նկատեց ԼԻվանը։

- Ուրեմն խոսի՛ր՝ նրան այնպես ես կախարդել, կարծես քո ստրուկը լինի,- Լիվանը բազմանշանակ ժպտաց, մի հայցք գցելով հրապարակին։

- Լի՜- վա՜ն, Լի՜- վա՜ն, Լի՜- վա՜ն․․․,- Առանց դադարի բազմահազար բազմությունը վանկարկում էր նրա անունը։ Նա ինքնագոհ մոտեցավ խոսափողին, Վանդևը խայթվաց մի քայլ ետ կանգնեց, սակայն հռետորը հապաղում էր։

- Սկսի՛ր, ի՞նչ ես բերանդ ջուր առել,-ԼԻվանի ականջին դիպավ համախոհի հանդիմանությունը։ Մինչ հռետորի Ճառելը, ամբոխը սկսեց թափահարել  բռունցքները, իսկ կոչերը դարցան անհասկանալի։

- Ի՞նչ է վանկարկում այս խելահեղության կույտը,- դժգոհեց Վանդևը, բացատրություն ակնկալելով նախարարներից՝ առաջ եկավ նեղ ճակատով, մսոտ ու լայն քթով, մազակալած ականջներով, տափակ ու կիսաճաղատ գլխով, որովայնը դուրս ցցված մի նախարար․

- Նրանք պահանջում են, որպեսզի դուք կատարեք ձեր տված խոստումը,- մոտենալով, փսփսաց Լիվանի ականջին։

- Ի՞նչ խոստում,- բորբոքվեց հռետորը, ապա շանթահար նայեց Վանդևին, որը գլխի շարժումով հավանության նշան տվեց։

- Ո՛չ պարոն, այսպես չի լինի,- դժգոհեց նախարարը,- Դուք ձեր խոստումները փոխանցում եք իրար։ Դուք այս զանգվածին, որը ձեզ ձեռքերի վրա է ընդունել մեծ հունձ եք խոստացել, որը նրա լեզվով ավար է կոչվում։

- Այն իմ գաղափարը չէ, այլ Վանդևինը։

- Նրա համար միևնույն է, թե ու՞մ գաղափարն է։ Դուք պետք է գիտակցեք իրադարձությունների հետևանքը և հասկանաք այն։

- Ի՞նչ հասկանանք,- ավելի վրդոհվեց Վանդևը։

- Ա՛յն, որ խաբեությունը առնվազն կարող է ծնել ինքնալուծարում։

Լիվանը վճռական մոտեցավ խոսափողին,- Ոչինչ մի՛ ասա,- փսփսաց Վանդևը համախոհի ականջին, իսկ նա զարմացած նայեց նրան,- Հրահրի՛ր ամբոխին, թող պատերազմի Հավերժության ամրոցի դեմ։

- Իմա՞ստը,- անակնկալի եկավ Լիվանը։

- Այնտեղ շատ ավար կա։ Այս զանգվածը կհագեցնի քաղցը,- հեգնեց Վանդևը,- Այս պահին նրան միայն դա է հետաքրքրում՝ ավիրելով վրեժ լուծել անցյալից,- Լիվանը չէր դադարում զարմանալ,- Այո՛, այո՛ զարմանալ պետք չէ։ Ասեմ նաև՝ այնտեղի գանձերը այսպես թե այնպես մերն են։ Հիշի՛ր, նման իրավիճակներում հաղթանակած ամբոխ գոյություն չունի, հարստացած՝ առավել ևս։ Այն օգնում է սկսելու ցանկացած իրադարձություն, իսկ մնացածը շարունակում են ուղեղները։ Այս պահին մեզ պետք է, որպեսզի այն սկսի անկարգությունները, որը իր լեզվով պայքար է կոչվում, իսկ մերը գանձերին տիրանալն է,- Լիվանը նայեց աղմկող բազմությանը, բարձրացրեց աջը, տիրեց լռություն։

- Գրավե՛ք Սև այգին և այնտեղի ավարը ձերն է,- անսպասելի Վանդևի համար, արտաբերեց հռետորը և ձեռքը տարավ կոկորդին, թեթև հազաց, բերանից դուրս եկավ սև քող հիշեցնող ծուխը, տարածվելով ողջ հրապարակով, ապա ինքնագոհ նայեց համախոհին։

- Ի՞նչ Սև այգի, ի՞նչ ես հորինում,- վրդոհմունքն չթաքցրեց Վանդևը։

- Կարծում եմ, այն ավելի հարմար գաղափար է, քան Հավերժության ամրոցը։

- Ինչու՞ ես այդպես կարծում։

- Այնտեղից այս ամբոխից շատերը ետ չեն գալու և այն հաստատ պայքարող տեսակն է լինելու, Իսկ մեզ պետք է հե՛նց դա, որպեսզի ապահովենք մեր հաղթանակը,- վերջում ծոր տվեց Լիվանը, երանությամբ փակելով միակ աչքը։

- Վատ սցենար չէ, սակայն չպետք է մոռանալ՝ դեռ անցյալ դարից Սև այգին հզոր բորենու տիրապետության տակ է։

- Ահա՛ պատճառներից մեկը, որ ընտրեցի Սև այգին։

- Կարո՞ղ ես ավելի պարզ։

- Այո՛, բորենին արյունարբու է, իսկ Հավերժության ամրոցի տիրակալը բարի է ու մարդասեր, նա այս խաժամուժից ժողովուրդ կշինի և մեզ համար այլևս հաղթելը հեքիաթ կթվա։

- Անկախ այն բանից, թե տղան ու՞մ մոտ կլինի։

- Ո՛չ, բայց մի մոռացիր, մենք ունենք ընդամենը տղա, առանց գլխավորի՝ կուբիկների։

Թեկուզ դժվար, բայց Վանդևը կարողացավ մարսել կամ թաքցնել համախոհի առավելությունը և պահանջեց տղային  պատվանդան բարձրացնել։



воскресенье, 3 октября 2021 г.

                                                      ՊՏՏԱՀՈՂՄԸ


Մայրամուտը  կարմրել էր, թվում էր, ուր որ է այն պիտի բռնկվի։ Վագը, Էմմին ու Էդգարը հաճախ նայում էին անսովոր հորիզոնին, ակամա արագացնելով քայլերը։

Շիկնած հորիզոնից անսպասելի մի շիթ պոկվեց և սլացավ նրանց կողմը։

- Պառկե՛ք,- բղավեց պատանին և տապալվեց ցած։ Իրարից հեռու նրան հետևեցին մյուս երկու ընկերները։ Պտտհահողմը անցավ նրանց վրայով։ Երեքն էլ մնացին ավազի շերտի տակ։ Երբ քամին անհետացավ   պատանին ոտքի կանգնեց, վրայից թափ տալով ավազը։

- Էմմի՜․․․, Վա՜գ․․․ ու՞ր եք, -երբ ոչ ոք չերևաց, սկսեց ձայն տալ։ Քիչ հետո ավազը շարժվեց։ Երևաց աղջիկը, աչքերը տրորոելով նայեց շուրջը․

- Որըե՞ղ է Վագը,- տեսնելով պատանուն մենակ կանգնած, անհանգստացավ նա, ապա վազեց այն տեղը, որտեղ պտտահողմից առաջ տեսել  էր տղային,- Նա չկա,- թևաթափ արտաբերեց նա։

- Մենք նորից սխալ թույլ տվեցինք, նրան մեր կողքին չպահելով։ Նա փոքր էր և քամին հեշտությամբ կարող էր օդ բարձրացնել,- մտահոգվեց պատանին։

- Իսկ գուցե նա այնտե՞ղ է, նրան ոչ մի քամի էլ չի՞ տարել,- Էմմին չոքեց, սկսեց ետ տանել  ավազը,- Վա՜գ ու՞ր ես, ձայն հանի՛ր․․․ հաճախ կրկնում էր աղջիկը, երբ նրա ձեռքը  ընկավ կաշվե տուփը,- Էդգա՜ր տե՛ս, ես գտա նրա կաշվե տուփը, իսկ նա չկա,- վեր բարձրացնելով ցույց տվեց կուբիկների տուփը, ապա ոտքի կանգնեց, տուփը կախեց մեջքովը, ինչպես այդ անում էր Վագը,- Այն կպահեմ, մինչև նորից գտնենք նրան։

- Այո՛, նա տարօրինակ կերպով սիրում էր այդ խաղալիքները,- տխուր արտաբերեց պատանին, դադրելով որոնելը։

Նրանք ճանապարհը շարունակեցին առանց Վագի։ Նորից երկինքը մթնեց։

- Երևի մողեսներն են, առանց շտապելու ասաց պատանին և նայեց վերև։

- Պետք է թաքնվել- գոչեց աղջիկը և սկսեց խուճապահար վազել։

- Սպասի՛ր,- ձայն տվեց Էդգարը,- Մենք անգամ չգիտենք թե ու՞ր գնանք։ Չե՞ս տեսնում այստեղ թաքնվելու տեղ չկա։

- Այդ դեպքում սրտիկնե՛րը՝ նրանք մեզ պետք է որ օգնեն,- ասաց աղջիկը, կանգ առնելով և նրանք միաժամանակ ձեռքերն առաջ մեկնեցին․

- Վառվեցե՛ք սրտիկներ,- բոցկլտացող երկնագույն կրակները ստիպեցին վխտացող երամին իջնել գետին, ուր նրանց վրա իջավ սև մրափը։

- Պարզվում է, սրտիկները միայն առաջին օգնությունն են ցույց տալիս,- նկատեց պատանին, աչքը չկտրելով մրափած բանակից։

- Այո՛ հիշում եմ՝ նույնը կատարվեց նաև Ագռավամարդու ձագերի դեպքում,- հաստատեց աղջիկը։

- Պետք է շտապենք հեռանալ այստեղից, քանի դեռ նրանք մրափած են,- ասաց Էդգարը և նրանք շարունակեցին ճամփան, հաճախ ետ նայելով․․․

суббота, 2 октября 2021 г.

                                                        ԹԱՓԱՆՑԻԿ ՊԱՏԸ


Ճամփորդներին ընդամենը մի քանի քայլ էր բաժանում բզեզների հոսող գետից, երբ նրանց իր մեջ առավ հանկարծակի հայտնված թափանցիկ պատը և երեք հոգի՝ փոշեկոլոլ, այրունոտված քերծվածքներով ոտքի կանգնեցին, զարմացած իրար մտիկ տալով, իսկ բզեզների հեղեղը զարնվելով թափանցիկ պատին, ջրի պես ետ հոսելով անհետանում էր։

- Սա հրա՛շք է, մենք փրկվեցի՛նք, ուրախությունից բացականչեց աղջիկը, գրկելով Վագին։

- Այո, բայց կարծես սա ուրիշ աշխարհ լինի,- առանց ոգևորության նկատեց պատանին։

- Ինչևէ, այն դրախտ է հիշեցնում,- նույն ոգևորությամբ շարունակեց աղջիկը,- Եկե՛ք այս արահետով առաջ գնանք,- ցույց տվեց նա, կանաչ մարգագետնում երեևացող ոտքի ճամփան։ Արահետը նրանց տարավ քչքչան աղբյուրի մոտ։

- Ջու՜ր, ուրախացած բացականչեց Վագը և առանց սպասելու հագեցրեց ծարավը։

- Էմմի՛, կարո՞ղ ես այս ջրով վերքս լվանալ, այն շատ է նեղում ինձ,- խնդրեց պատանին, առանց խմելու։ Աղջիկը անխոս ափով վերցրեց ջրից և զգուշորեն լվաց մողեսի պատճառած վերքը,- Օ՜ֆ, մի տեսակ թեթևացա,- խորը ծունչ քաշեց պատանին, ապա շարժեց թիկունքը,- Կարծես ցավը անցավ,- ողջ ճամփորդության ընթացքում առաջին անգամ ժպտաց նա, ձեռքով շոշափելով վերքը,- Այստեղ ջուրն էլ է անմահական։ Էմմին ու տղան ուրախացած պատանու համար, սկսեցին լիաթոք հիանալ բնության կատարելությամբ։

Հեռվից երևացին դեպի իրենց կողմը եկող սպիտակազգեստ մարդկանց մի խումբ։

- Դավի՜դ,- բացականչեց Վագը և ընդառաջ վազեց։ Աղջիկն ու պատանին ժպտալով մտիկ արեցին իրար։

- Այո՛ Վագ, նորից հանդիպեցինք,- Դավիդը գրկեց տղային,- Այս անգամ ապագայի երկրում։

- Որքա՜ն   գեղեցիկ երկրում ես ապրում,- երանությամբ արտաբերեց տղան։

- Շատ կցանկանայի, որպեսզի այն ձերը լիներ, բայց ավա՜ղ, այն պատկանում է ապագային, իսկ դուք ներկան եք, ուր տիրում է քաոս ու մղձավանջ արթնացած չարի ողորմածությամբ,- Վագը մեղավորի պես գլուխը կախեց։

- Այս երկիրը շատ ժողովուրդների երազանքն է, քանի որ չարը դեռ ոտք չի դրել այստեղ,- պատասխանեց Դավիդը և նայեց մոտեցող լույսի կողմը, որտեղից հայտնվեց Արեգանին։

- Արեգանի՜,- միաժամանակ շշնջացին պատանին ու աղջիկը։

- Ահա՝ և Հավերժության ամրոցի տիրակալը,- ինչպես միշտ սիրով ասաց Դավիդը և որպես հարգանքի տուրք մի քայլ ետ քաշվեց։

- Այստեղ երկար մնալ չեք կարող։ Այնտեղ՝ ձեր երկրում դուք շատ անելիք ունեք,- Արեգանին դիմեց ճամփորդներին, ապա Դավիդին,- Ետ ուղարկի՛ր նրանց, իսկ ես պետք է Գրինյուսին օգնեմ- հրահանգեց նա և վեր սլացավ։

- Նա այնքան էլ գոհ չէ մեզանից,- նկատեց պատանին և երեքով հարցական նայեցին Արեգանիի հետևից։

- Այո՛, նա դժգոհ է, քանի որ դուք ոչ մի անգամ չեք օգտվել սրտիկներից և բավականին ժամանակ եք կորցրել անմիտ փախուստի վրա և մենք ստիպված էինք ձեր առջև բացել թափանցիկ պատը։

Ճամփորդները մեղավոր նայեցիր իրար,- Մենք միայն հասցնում էինք փախչել,- փորձեց արդարանալ աղջիկը, իսկ Էդգարը վիրավոր էր։

- Առավել ևս,- պատասխանեց Դավիդը և ձեռքը վերից վար սահեցրեց նրանց վրայով։ Երեք ցեխակոլոլ ճամփորդների տեսքը փոխվեց։

 - Մենք փայլում ենք,- բացականչեց Վագը, նկատի ունենալով իրենց մաքուր ու պարզ տեսքը։

- Իսկ այժմ ձեր ժամն է վերադառնալու։ Դուք քիչ ժամանակ ունեք, իսկ առջևում դժվարին փորձություններ են,- դիմեց նրանց Դավիդը։

- Իսկ Հավերժության ամրո՞ցը,- դուրս թռավ Վագի բերանից։

- Այո՛ իհարկե, բայց ոչ հիմա,- պատասխանեց Դավիդը, շոյելով տղայի ոսկեփայլ գանգուրները։

Արեգանիի հրամանով երեք ճամփորդները լքեցին ապագայի երկիրը, ուղղություն վերցնելով դեպի արևելք․․․