воскресенье, 18 апреля 2021 г.

 Կուբիկի առեղծվածը

Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը սկսել էր ծխալ, երբ լուսնի շուրջը պտտվող մյուս սև կետերը իջնելով հայտնվեցին լեռան վրա: Ամբողջ լեռնաշղթան իր մեջ էր առել քաղաքներ և գյուղեր, որոնք, միասին վերցրած, կարծես վեր էին խոյացել հրաբխային ուժերի հետևանքով: Վերևից նայողին այն հիշեցնում էր լեռնային մի կղզի: Ծուխը կտրվեց: Լսվեց ընդերքային խուլ դղրդոց, որը ակնթարթորեն դուրս ժայթքեց գագաթից` վերածված հրե շիլայի` իր հետ արձակելով սև մոխիր և ծուխ:

Լսվող դղրդյունից Էդգարը ցած թռավ անկողնուց, բացեց պատշգամբի փեղկը: Վաղորդյան թարմ օդի փոխարեն ներխուժեց անսովոր ջերմությունը: Պատանին վախեցած նայեց հեռուն: Երևացող սարի գագաթը կրակ էր թքում: Էդգարը շանթահար դուրս թռավ տնից: Նրա շունչը կտրվում էր, երբ հասավ կրակ թքող սարի փեշին, ուր մարդիկ վաղ ծեգից աշխատում էին հողամասերում:

-        Մայրի~կ,- Էդգարը բարձր թմբին կանգնած կանչում էր` հայցքով փնտրելով մորը:

Հանկարծ սարի գագաթից դուրս ժայթքեց եռացող լավան, սկսեց հոսել սարն ի վար: Այն բաժանվեց առուների, իսկ առուները իրենց ճամփին քշում էին ամեն ինչ:

-        Մայրի~կ,- պատանին սկսեց  ավելի  բարձր կանչել:

Որդի´ս, չմոտենա´ս, այստեղ ամեն ինչ այրվում է,- լսվեց մոր հուսահատ ձայնը և նույն պահին մարեց լսվող ձայնը, երբ մոտակա սարերը իրարից հեռացան, ապա սարսափելի ճայթճայթյունով նորից  իրար մոտեցան: Լեռների միջից դուրս ժայթքեց կրակ ու ծուխ: Պատանին ահաբեկված սկսեց փախչել: Նրա բարձր ձայնը, «մայրիկ» կանչելիս, միաձուլվում էր արթնացող առհավիրքին: Հրե գագաթից քիչ հեռու, ժայռերի միջից դուրս ժայթքեցին ջրային գոլորշիներ, ծուխ ու ծծմբային գազ: Գլխավոր գագաթը լավա էր արտավիժում: Հրե շիլայով հոսող առվակները շուտով կորցրեցին հունը: Սարի փեշին ողջ մնացած մարդիկ սկսեցին իրար հրմշտել: Նրանք ճիգ էին թափում ազատվել հրե գերությունից, սակայն եռացող շիլան բոլորին իր մեջ առավ` ընթանալով հողամասերով: Էդգարի շուրջը հետզհետե վեր էր ածվում  բլթբլթացող կաթսայի: Պատանին մնացել էր կանգնած ամենաբարձր թմբին, որը նեղ թամքոցով միանում էր բլրին: Նա ահաբեկված նայեց շուրջը, կարծես կողմնորոշվելու, ապա սկսեց վազել: 

понедельник, 12 апреля 2021 г.

 

-        Դուք վարանու՞մ եք,- հնչեց հարցը նրա թիկունքի կողմից, նա ետ նայեց՝ Վանդևը  շնչում էր նրա ծոծրակին․․․

-        Դուք գետնի տակի՞ց բուսնեցիք,- զարմացավ Լիվանը։

-        Լիվան, Լիվան, Լիվան,- նորից սկսեց վանկարկել բազմությունը։

-        Մոտեցեք խոսափողին, ամբոխը ձեզ է պահանջում,- անտեսելով նրա զարմանքը պահանջեց Վանդևը։

Լիվանը մոտեցավ խոսափողին

-        Եկել է մեծ փոփոխությունների ժամանակը,- սկսեց նա, ապա ձեռքն ակամա դրեց բերանին,նրան թվաց մեկը խոսում է իր շուրթերով։

-        Առա՜ջ, մինչև վերջ,- լսվեց նրա թիկունքից։

-        Առա՜ջ, մինչև վերջ,- ինքնաբերաբար կրկնեց լսածը, ձեռքը վեր բռունցք արած, նորից ետ նայեց՝ Վանդևը գոհ ժպտում էր։

Հրապարակի ժխորին խառնվեց ճռռոց հիշեցնող տարօրինակ աղմուկը։ Լիվանը նայեց անգլուխ հսկային՝ այն շարժվում էր։ Նա սարսափահար ետ գնաց, հենվեց պատվանդանին, սկսեց հևալ, երկու ձեռքերով կառչեց գրանիտե պատը, երբ արձանն իջավ իր տեղից, ճռռոցով կռացավ, բարձրացրեց սեփական գլուխը, տեղը դնելով, դժգոհ նայեց շուրջը, թքելով տարուբերեց գլուխը։

-        Լենի՛նը, Լենի՛նը, տեսեք, նա կենդանացել է,- լսվեց հազարավոր բերաններից։

Արձանը քայլեց։ Հրապարակում աղմուկ բարձրացավ, սարսափահար ամբոխն իրար ոտնատակ տալով սկսեց փախչել քայլող հսկայի առջևից․․․

Նա անտարբեր տիրող քաոսին, հայացքը հառած հորիզոնին, ծանրաքայլ հեռացավ, միաձուլվելով մայրամուտին, անհետացավ․․․

Լիվանը  խորը շունչ քաշեց, պոկվելով պատից․․․

Ժխորը կրկնապատկվեց, բազմությունն սկսեց հրմշտոցով մոտենալ թափուր մնացած պատվանդանին

-        Դուք երբեք արձան չեք ունենա, բայց ձեր ժամն է, մոտեցեք խոսափողին․․․

Հնչող հրամանն արձագանքեց և թվաց այն տարածվեց ամենուր։ Լիվանը տիրական բարձրացավ, կանգնեց բրոնզաձույլ հսկայի թափուր տեղը․․․

суббота, 10 апреля 2021 г.

 

-        Եթե ոչինչ, ուրեմն բարձրացե՛ք աստիճաններով։

Լիվանը ենթարկվեց, բարձրացավ կանգնեց հարթակի կենտրոնում, նրան հետևեց Վանդևը, կանգնեց նրա դիմաց

-        Մենք այսօրն ենք և վաղը և ընդահնրապես այդ եկող վաղը կլինի անսպառ։ Մենք համախոհներ ենք, միայն ես գիտեմ, որքան ջանք եմ թափել, որպեսզի ձեզ կյանք տար ոչ թե արևն, ինչպես դուք էիք պահանջում, այլ լուսինը․․․

Վանդևն այս ամենն ասաց, բերանը համարյա կպցնելով նրա ականջին․․․

-        Եվ ո՞րը կլիներ տարբերությունը արևի կամ լուսնի,- լսածից զգաստացավ Լիվանը։

-        Տարբերությու՞նը։ Դուք գեթ մեկ պահ կարո՞ղ եք շփոթել արևն ու լուսինը։

Հակառակ դեպքում մենք հակառակորդներ կլինեինք։ Դուք կկոչվեիք լույսի զավակը,- պատասխանեց Վանդևը, նայեց սրահի մուտքին, երեք անգամ ծափ տվեց՝ ներս մտան հարյուրից ավելի մարդիկ, ոչ այնքան հաճելի արտաքինով։ Լիվանն, կարծես զզվանքով ծամածռեց դեմքը, տեսնելով ներս մտած շարքը,- Ովքե՞ր են,- գլխի շարժումով ցույց տվեց նա․․․

-        Պետք չէ նման դեմքով ընդունել նրանց՝ նրանք հավատարիմ են մեզ, այսուհետ մեր՝ ավելի ստույգ ձեր տրամադրության տակ կլինեն։

Լիվանը հեգնանքով քմծիծաղեց։

-        Այո, այո հարկ չկա հեգնել,- նկատեց Վանդևը, ապա ձռքերը ետ դրած, քայլեց հարթակի մյուս ծայրը։ Լիվանը հայացքով հետևեց նրան։

-        Լիվա՜ն,,, Լիվա՜ն,,, Լիվա՜ն,- լսվեց դրսից։ Կուբիկ- վանդևը մոտեցավ նրան

-        Ի՞նչ եք շվարել, դուրս եկեք, բազմությունը ձեր անունն է վանկարկում․․․

-        Այո՛, իհարկե,- պատասխանեց Լիվանն, ինքնավստահ ուղղվեց դեպի դուռը։ Շարքը հետևեց նրան։

-        Մի՞թե այս  այլանդակությունն այսուհետ կրնկակոխ պետք է հետևի ինձ։

-        Իհարկե, եթե օգնության կարիք ունենաք նրանք միշտ պատրաստ են։

-        Ո՛չ, գոնե հիմա ես նրանց կարիքը չունեմ,- նեղսրտեց Լիվանը։

-        Կոլեգա՛ նրանք ձեր՝ այսինքն մեր ներկա և ապագա նախարարներն են։

-        Այսքան այլանդակ նախարարնե՞ր,- զայրույթից պոռթկաց Լիվանը և զզվանքով հայացքը սահեցրեց ողջ շարքով․․․

-        Իսկ դուք որտե՞ղ եք տեսել հաճելի արտաքինով նախարարներ։

-        Միայն թե ո՛չ այս չափ այլանդակ,- նկատեց Լիվանը, դուրս եկավ, իր հետևից անմիջապես ծածկելով դուռը, Կուբիկ-Վանդևին թողնելով նախարարների հետ ներսում, շարունակ քթի տակ մրմնջալով

-        Թող գնան գրողի ծոցը, եթե ես եմ՝ նրանք ովքե՞ր են։

Նրան դրսում շրջապատեցին չղջիկ-թիկնապահները, առանձնացնելով աղմկող մասսայից։

Լիվանին տեսնելով, բազմությունն սկսեց վանկարկել

-        Ավար,,, ավար,,, ավար․․․

Չղջիկները նրան առան թևերի վրա տարան դեպի հարթակ։ Երբ նա մոտեցավ ամբիոնին, հանկարծ հրապարակի բրոնզաձույլ հսկա արձանի գլուխը պոկվեց, վայր ընկնելով գլորվեց նրա ոտքերի առջև։ Նա մնաց տեղում քարացած, աչքը չկտրելով անգլուխ արձանից։

пятница, 9 апреля 2021 г.

 

Բրոնզագույն հսկայի տապալումը

 

Լույսը բացվեց։ Լուսաբացի արևը մի պահ երևաց հորիզոնին, բայց մոտեցող ամպերը գողացան նրան՝ օրը դարձնելով սպիտակ։

Կուբիկ-Վանդևը մոտեցավ խոսափողին

-        Առա՜ջ,- գոչեց նա, ձեռքն առաջ մեկնած։

Ամբոխը ենթարկվեց հրամանաին, ակամա ուղղվեց հրապարակից դուրս։ Լիվանը  զարմացած նայեց նրան,  իսկ նա հաղթական ժպտաց ։

Հանկարծ ընթացող բազմությունը նրանց երկուսին առավ ձեռքերի վրա, տարավ, իսկ մարդ-չղջիկները քայլում էին շրջապատած նոր առաջնորդներին։

Զանգվածը հայտնվեց բարձր ճաղերով, երկաթյա փակ դարպասների դիմաց․․․

Առանձնացան մի քանի հոգի, մագլցելով դարպասներն ի վեր, բայց կես ճամփից վայր ընկան։

Տեղի ունեցող իրարանցումը կարծես չէր հետաքրքրում երկու առաջնորդներին՝ նրանք բազմած ամբոխի վրա ժպտում էին իրար բազմանշանակ հայացքներ փոխանակելով․․․

-        Բացե՛լ դարպասը,- հրամայեց Լիվանը։ Մարդ-չղջիկներն արագ մագլցեցին դարպասն ի վեր՝ կես ճամփին բացվեցին նրանց թևերը, թռչելով անցան մյուս կողմը, բացեցին դարպասները, որից հետո տողան կազմեցին, նորից շարվելով  իրենց տերերի շուրջը։ Երբ ներս մտան դարպասներից,  քառահարկ շենքի մոտ նրանց իջեցրին ցած։ Լիվանը  նորից մի հայացք գցեց լուսնին, ներս մտավ, Կուբիկ-Վանդևը հետևեց նրան։ Նրանց հետևեց ամբոխը կոխկրտելով միմիանց, սկսեց ներս խցկվել․․․

-        Դու՛րս, դրսում սպասե՛լ,- թնդաց Վանդևի հրամանը։ Ամբոխը մեկ մարդու պես ետ գնաց, հայտնվեց դարպասներից դուրս․․․

Լիվանը նայեց շուրջը՝ ոչ ոք չերևաց, անգամ Կուբիկը, նա ձեռքերն իրար շփեց ոգևորված, շշնջաց

-        Ինչպիսի՞ հաջողություն, մի՞թե սա իրականություն է։

-        Այո, ես կասեի՝ շլացուցիչ հաջողություն,- երբ սրահի անկյունից դուրս եկավ Վանդևը, քայլեց դեպի հարթակ, Լիվանը զարմացած նայեց նրան։

-        Ինչու՞ ետ եկաք, դուք նրանց հետ չե՞ք․․․

-        Որքա՜ն շուտ եք մոռանում թանկագին կոլեգա՝ ես Կուբիկ-Վանդևն եմ՝ ձեզ կյանք տվողը;

-        Ա՜խ այո՛, իհարկե, սա մեր երկուսի հեղափոխությունն է,- ճակատին խփելով, ծոր տվեց Լիվանը, փորձելով թաքցնել դժգոհությունը․․․

-Եվս մեկ հիշեցում՝ երբեք ինձ մի տարբերեք ձեզանից։ Հիշեք՝ ես և դուք խավարի ծնունդ ենք և որոհետև ձեր ձայնը կախարդող է, դուք կվարեք ամբոխին, իսկ ես, և ամբոխին և մնացյալը․․․

- իսկ ինչու՞ ամբոխն ու ես,- հարցրեց Լիվանն այս անգամ չթաքցնելով դժգոհությունը։

-  Որովհետև դուք կարող եք, կրկնում եմ՝ ձեր ձայնը կախարդող է,  այդ անթիվ զանգվածին ենթարկում է մեր գաղափարին․․․

- Ո՛չ, միաժամանակ երկու առաջնորդ չի կարող լինել նույն ամբիոնին , եթե ես եմ, ուրեմն ես եմ, եթե դուք եք, ուրեմն դուք եք,- ավելի վրդոհվեց Լիվանը։

Վանդևը ձեռքը դրեց նրա ուսին,- համբերատար եղեք՝ միասնությունը պարտություն չի ճանաչում, թողեք ձեր դատարկ հպարտությունը հանուն վաղվա՝  իմ և ձեր վաղվա․․․

-        Իսկ ժողովու՞րդը․․․

-        Նա կնպաստի մեր լինելությանը։

-        Ինչպե՞ս, նա իր պահանջներն ունի նորից․․․

-        Դրանից հեշտ ոչինչ չկա՝ մենք նրան կկերակրենք ճառերով։ Մի թերագնհատեք իմ և ձեր միացյալ ուժերը, այս դեպքում ոչ ժողովրդի․․․

Լիվանը լուռ նայեց դուրս, որտեղից լսվում էին բազմազան կոչերը, համեմված աղմուկով։

-        Հիշե՛ք թանկագին կոլեգա՝ դուք իմ գլուխն  եք, իսկ ես միացյալ ուժը։ Կարծում եմ պարզ է, առանց մեկի, ոչինչ է մյուսը,- ցուցամատը թափ տալով, շարունակեց Վանդևը ավելի հանգիստ, քան կարելի էր։

-        Հասկանում եմ․․․ փորձում եմ հասկանալ,- զսպված հանգստությամբ շշնջաց Լիվանը։

-        Ինչ որ բա՞ն ասացիք,- հարցրեց Վանդևն ավելի մոտենալով նրան․․․

-        Ո՛չ, ոչի՛նչ․․․

четверг, 8 апреля 2021 г.

 

Չղջիկները

 

Մի քանի անգամ որոտը պայթելուց հետո, երկնքից ցոլաց կուրացնող լույսը։ Ամբոխը ահաբեկված վեր նայեց։ Երևացին լուսնի շուրջը պտտվող սև կետեր․․․

-        Հրա՛շք է,- դուրս թռավ հազարավոր բերաններից։ Նորից տիրեց լռություն։

-        Նորը եկել է հաղթելու հնին,- շարունակեց Լիվանը ոգևորված։

Նորից հիացմունքի կոչեր լսվեցին՝ դարձյալ անսպասելի տիրեց լռություն; Լռեց նաև հռետորը։ Բազմահազար հայացքներ ուղվեցին դեպի լուսնին։

Պտտվող սև կետերի մի մասը սկսեց ցած իջնել, ուղղվելով հրապարակի կողմը, իսկ մյուս մասը հեռանալով, անհետացավ հեռվից երևացող լեռնաշղթայի մոտերքում։ Մոտեցող կետերը հետզհետե նմանվեցին չզջիկների, թևերը թափահարելով ցած իջան, երբ հայտնվեցին գետնին, բոլորը միաժամանակ սկսեցին ստանալ մարդկային կերպարանք։ Նրանք ունեին միանման արտաքին՝ միջին հասակ, կլոր ու լիքոտ, սուր քթերով, նոսր ու կարճ մազերով։ Չղջիկները կրում էին սև կոստյումներ, սպիտակ վերնաշապիկներ և թիթեռնիկ փողկապներ․․․

Բոլորն  մոտեցան, մեկ մարդու պես շրջապատեցին Լիվանին և Կուբիկ-Վանդևին․․․

среда, 7 апреля 2021 г.

 

Բազմությունը ծափահարում էր բարձրահասակ, մի աչքանի տղամարդուն, այնուհետև մարդիկ սկսեցին առաջանալ, փորձելով ավելի մոտիկից տեսնելու երկու խորհրդավոր անծանոթներին։

Սկսված անտանելի իրարանցումից լսվում էին ճիչեր, իսկ ամբոխի վերածվող բազմությունը շարունակում էր կուտակվել ամբիոնին մոտիկ։

Մի աչքանին կատարվող իրադարձությունից ոգևորված, նորից նայեց լիալուսնին․․․

-        Դուք ձեր կուբի՞կն եք փնտրում,- անսպասելի հարց տվեց խորամանկ աչքերով մարդը։

-        Իսկ դուք որտեղի՞ց գիտեք կուբիկի մասին,- զարմացավ մի աչքանին։

-        Օ՜, ուշացած, բայց տեղին է հնչում հարցը,- ոգևորվեց խորհրդավոր մարդը,- Որքան էլ տարօրինակ հնչի՝ ես եմ ձեր կուբիկը, որից դուք փորձում էիք այնքան կոպտորեն ազատվել։

-        Իսկապե՞ս,- զարմացավ մի աչքանին։

-        Այո և մեր երկուսի դեպքում այլ է․․․

-        Ինչպե՞ս, ի՞նչն է այլ․․․

-        Ես և դուք մեկ մարմին ենք և մեկ նպատակ։ Մեզ կյանք է տվել լիալուսինը՝ նա է մեր տերը․․․

-        Ուժի դեպքում չեմ առարկում, այն զգացել եմ, բայց տե՞րը․․․

-        Տերը բարձր է ասված, պարզապես նման օրերին նա կդառնա մեր տարերգը և այդ օրերը կերկարեն յուրաքանչյուր հաղթանակից հետո․․․

-        Այսինքն մեզ մշտապես իշխելու է լիալուսինը,- եզրահանգեց մի աչքանին։

-        Վերջապես հասկացանք իրար,- գոհ ժպտաց խորամանկ մարդը։

-        Իսկ ինչպե՞ս  անվանել ձեզ,- հետաքրքրվեց մի աչքանին։

-        Ցանկանում եք իմանալ միայն ի՞մ անունը, իսկ ձե՞րը, կասե՞ք ձեր անունը․․․

-        Ա՛խ այո՛, իմ անու՞նը,- շփոթվեց մի աչքանին, մատներով սեղմելով ճակատը

-        Ես Վանդևն եմ, բայց կարող եք պարզապես Կուբիկ անվանել։

-        Այո, իհա՛րկե,- ավելի շփոթվեց նա։

-        Մի վհատվեք, դուք Լիվանն եք,- վճռական հայտարարեց Կուբիկը։

-        Որտեղի՞ց վերցրեցիք այդ անունը,- զարմանքից ուսերը վեր քաշեց մի աչքանին։

-         Ոչ մի տեղից, քիչ հետո ինքներդ կհամոզվեք, իսկ հիմա պարզապես մեր ժամն է՝ իմ և ձեր։ Երկմտելու խնդիր չեմ տեսնում։ Մեր ժամն է,- վանկարկեց Կուբիկ-Վանդևը, ձեռքերը գրպանը խոթած, հայացքը սևեռած Լիվանին, այնուհետև մոտեցավ, բռնեց Լիվանի թևից, մոտեցրեց ամբիոնին դրված խոսափողին։ Լիվանը ոգևորված նայեց լուսնին,- Նա ժպտում է,- կիսաձայն շշնջաց նա․․․

-        Լիվա՜ն,,,, Լիվա՜ն,,,, Լիվա՜ն,- բոլոր կողմերից լսվեց նրա անունը։

-        Սկսիր,- լսվեց նրա ետևից, նա գլուխը թեքեց և քթի տակ տեսավ Կուբիկի խորամանկ աչքերը․․․

-        Նրանք Լիվան են վանկարկում,- ապշած կմկմաց մի աչքանին։

-        Իսկ դուք կարծում էիք ե՞ս եմ ձեզ այդ անունը տալիս։

-        Այո։

-        Ոչ, թանկագին կոլեգա, նրանք մեզ սպասում էին՝ դուք որպես Լիվան, ես, որպես Կուբիկ-Վանդև․․․

Լիվանը նրա հայացքի մեջ տեսավ դաժանության փայլը և դեմքն ակամա դարձրեց դեպի աղաղակող ամբոխը․․․

-        Ես այսօրն եմ, իմ ժամն է,- սկսեց Լիվանը, աչքի պոչով նայելով Կուբիկ- Վանդևի կողմը, իսկ նա դժգոհած նրան էր նայում։

Հետզհետե հրապարակում տիրեց լռություն։ Երկար ժամանակ լսվում էր միայն հռետորի խռպոտ, սակայն տիրական ձայնը․․․

 

Լիվանը

 

Երկնքից գետին տապալված  հողմը տարածվեց չորս բոլորը,  տարածվող հողմի կենտրոնից մի մարդ հանգիստ ոտքի կանգնեց, կարգի բերեց հագուստը, հազալով նայեց շուրջը, ուղղեց գլխարկը, շտկեց թևքերը,  քայլեց, կարծես իմանալով թե ու՞ր է գնում։  Ընդամենը  մի քանի քայլ արեց, երբ  լուսնի շուրջը պտտվող կուբիկը ընկավ նրա գլխին։ Նա ձեռքը տարավ գլխին, ցավից ծամածռելով դեմքը։ Սև կուբիկը գլորվեց նրա ոտքերի առաջ, նա զայրույթից ոտքով ուժգին հարվածեց, փնթփնթալով

-        Մի՞ թե ուրիշ տեղ չկար ընկնելու անպիտան քառակուսի, գլուխս ջարդեցիր,-  հարվածից սև կուբիկը թռավ, անհետացավ խավարում։ Հայտնված մարդը շարունակեց քայլել․․․

Չնայած ուշ ժամին,  մեգապոլիսի հրապարակը լեփլեցուն էր։ Նա հեռվից նկատելով ոգևորվեց

-        Ահա՛, հնչեց իմ ժամը,- մի հայացք գցեց ամբիոնին ավելի ցածրաձայն շշնջաց,- Եվ իսկապես իմ ժամն է, այն թափուր է,- ձեռքը տարավ կոկորդին,-  Անիծյալ կոկորդս ինչու՞ է ցավում, այդ անփույթ տղան ոչնչի պիտանի չէ,- նա երկար մատներով սեղմեց կոկորդը, սկսեց ուժեղ հազար, հազի հետ բերանից դուրս եկավ  սև ծուխը, այն  տարածվելով, բարակ շղարշի պես  ծածակեց հրապարակը, իր մեջ առնելով ժողովրդին։  Թվաց,  տարածվող  ծուխը բազմությանը ստիպեց նկատել նրան։ Աղմուկը սաստկացավ, որից հասկանալի էր միայն կցկտուր բառեր։

Մասսան նրան առավ  թևերի վրա, բարձրացրեց ամբիոն, երբ նա իր բարձր հասակով հայտնվեց այնտեղ, ժխորից անջատվեցին բացականչություններ

-        Վերջապե՜ս․․․, սկսվե՜ց․․․, նա՛ է մեր առաջնորդը․․․

Մարդը ոգևորված նայեց  շուրջը, այնուհետև հայացքը մեխեց լուսնին․․․

Գիշերային  լուսատուի շուրջը պտտվող սև քառակուսին ուղղվեց դեպի հրապարակ, նա փորձեց աչքը չկտրել  կուբիկից, բայց այն անհետացավ մասայի մեջ․․․

-        Ես կարողացա,- լսվեցին անմիջապես նրա թիկունքի կողմից, նա ետ նայեց, իր առջև կանգնած էր միջին տարիքի, շիկահեր, կիսաճաղատ, խորամանկ հայացքով մի տղամարդ։ Նրա գարնանային սև վերարկուն կոճկված էր մինչև վերջ, գլխարկը  ստվերում էր դեմքը։ Նա հանեց գլխարկը, նայեց նրա միակ աչքի մեջ, նորից ետ դրեց, սկսեց դանդաղ ծափահարել։ Նրա ծափը ակամա տարածվեց ողջ հրապարակով․․․

вторник, 6 апреля 2021 г.

 

Վագը նայեց ափին՝ այն դատարկ էր։ Նայեց վեր՝ տեսավ թե ինչպես է իր սիրելի կուբիկը սլանում դեպի երկինք։ Նայեց լուսնին, նա ժպտում էր։

 Հեռվից լսելի էր մրսած կուբիկի հազն ու փռշտոցը։ Վագը ներս փախավ, դուռը փակեց, հենվեց դռանը, սկսեց հևալ։

-        Վա՛գ, քեզ հետ ի՞նչ է կատարվում, դու  քրտինքի մեջ կորած ես,- անհանգստացավ Դանիելը, մեծավարի ձեռքը դրեց նրա ճակատին։

-        Դանի, դու կարո՞ղ ես պատկերացնել, նա կախարդ է,- հևալով արտաբերեց Վագը, նայելով ընկերոջ աչքերին։

-        Ո՞վ,  ու՞մ մասին է խոսքը,- Դանիելը զարմացած շուրջը նայեց։

-        Նա, այն մի աչքանին, դու հիշու՞մ ես իմ կուբիկին։

-        Իհարկե հիշում եմ, բայց չեմ հասկանում ինչ ես ուզում ասել կամ ու՞մ մասին է խոսքը։ Դու հանգստացիր, հետո պատմիր  լա՞վ։

-        Ո՜չ, ես հանգիստ եմ,- նյարդայնացավ Վագը,- Խոսքն իմ կուբիկի մասին է։

-        Այն մի աչքանի դեմքով կուբի՞կը, գուցե նա սարսափելի դեմք ունի, բայց ի՞նչ կարող է անել՝ ընդամենը խաղալիք է։

-        Ո՛չ, դու սխալվում ես, արի գնանք, քեզ ցույց տամ,- Վագը Դանիելի  ձեռքը բռնած, քարշ տվեց  բակ։

-        Ահա՛, նայի՛ր,- տղան վախեցած ցույց տվեց լիալուսինը, որի շուրջը պտտվում էր սև քառակուսին։

-        Այո՜,- ծոր տվեց Դանիելը, զարմացած,- Սա ի՞նչ կարող է նշանակել։

-        Երեխանե՛ր, ի՞նչ եք անում այս ժամին դրսում,- նրանց մոտեցավ օրիորդ Ալիսան։

Տղաները  սարսափեցին, երբ տեսան, թե ինչպե՞ս  մի ակնթարթում օրը մթնեց, լիալուսինն անհետացավ սև ամպերի հետևում։

-        Տեր աստված, սա ի՞նչ է,- տեսնելով, բացականչեց դաստիարակը։

Վագը ներս վազեց, ընկավ անկողնուն, սկսեց լաց լինել,- Իմ կուբի՜կը․․․

-        Վագ, պետք չէ լաց լինել,- տղան գլուխը բարձրացրեց, տեսավ  Դանիելին։ Նա պարկած տեղից նստեց, լուռ նայեց ընկերոջը,- Դու տեսա՞ր, թե ինչպե՞ս մթնեց,- ապշահար շարունակեց Դանիելը։

-        Այո, բայց ես չէի ուզում,- պատասխանեց Վագը, նորից վազեց դուրս, նրան հետևեց Դանիելը։

Նրանք տեսան, թե ինչպես  բարձրացավ ուժգին քամի, այն  հողմի պես պտտվելով ավելի ու ավելի բարձրացավ, անհետացավ սև ամպերի հետևում, ուր թաքնվել էր լիալուսինը։

Անսպասելի ամեն ինչ խաղաղվեց։ Տիրեց լռություն։  Հանկարծ լսվեց ուժգին դղրդոց՝ սև ամպերը ետ քաշվեցին, լիալուսինը նորից երևաց երկքում։ Անհետացած պտտահողմը պոկվեց լուսնից, կայծակնային շանթեր արձակելով աղմուկով տապալվեց ցած։

Վագը և Դանիելը բացի հեռվից երևացող շանթերից այլևս ոչինչ տեսնել չկարողացան։

-        Դու հասկացա՞ր ինչ կատարվեց,- Դանիելը դիմեց  Վագին՝ տղան ոչինչ չպատասխանեց, միայն լացակումած վեր քաշեց ուսերը․․․

-        Ճիշտն ասաց, ես էլ ոչինչ չհասկացա, բայց հետաքրքիր էր․․․,- Դանիելը ձեռքը դրեց նրա ուսին,- Գնանք ներս, եթե  օրիորդ Ալիսան այս անգամ էլ մեզ նկատեց, պատժից չենք խուսափի․․․

-        Իսկ  իմ կուբի՞կը,- տրտմեց Վագը, մնաց կանգնած։

-        Կարծում եմ, քո կուբիկը դեռ կգտնես, գնացինք,- Դանիելը նրա թևից քաշելով, ներս մտան ։