воскресенье, 28 апреля 2019 г.

Քրդուհին (596-րդը)


Շարունակ քայլում էի։ Այլևս չկար առաջվա ավյունը, չկար ֆուտբոլի թիմը։ Նրա տեղն անմիտ վազվզող պատանիներ էին և ճաշարանում միշտ հերթ կանգնած տղամարդիկ։
Օրեցոր ցուրտը սաստկանում էր, իսկ ես մնում էի ամառային հագուստով և ինձ թվում էր՝ ոչ մի ջերմություն չի կարող տաքացնել իմ սառած ոսկորները, բայց նորից ելքը մնում էր դրսում քայլելը։ Հերթական անգամ, ցուրտն ինձ ստիպեց բոլորի հետ քայլել դեպի եկեղեցի։ Հերթը նույնն էր՝ իրար գլխի հավաքված, անտանելի ժխորով։ Խցկվեցի նրանց մեջ, բայց նորից դռնապահի կողմից ետ շպրտվեցի։ Շատ էի ուզում հասկանալ՝ ինչու՞։ Բնականաբար, մնալով անպատասխան՝ նորից բռնեցի ետդարձի ճամփան։ Ո՞վ էր ինձ պատժում իր անտարբերությամբ, ոչինչ չէի հասկանում և այն վերագրում էի իմ անգո լինելուն, որում հաճախ համոզվում էի՝ մարդը ինձ չէր տեսնում: Իսկ գուցե իմ լեզվի չիմացությու՞նն էր ինձ դարձնում օտար օտարների մեջ․․․ գուցե․․․ Նորից համակերպվում էի մրսելու հետ և լուռ թաքնվում իմ բաժին սավանի հետևում։
-          Hallo!,- լսվեց մոտիկից, և մինչ դուրս կգայի՝ բարեկամի իրավունքով մահճակալին փլվեց Յուսուֆը։- Ինչպե՞ս եք,- հարցրեց նա, ավելի շատ ձեռքի օգնությամբ, ապա, առանց պատասխանի սպասելու, ինձ մեկնեց ոչ այնքան հնամաշ՝ տղամարդու մի կարճ բաճկոն, իհարկե այն իմ հագին շատ մեծ ու անհարմար դուրս եկավ, երբ ուրախացած փորձեցի։ Նա տխրեց, բաճկոնը գրկած, մնաց նստած, ապա տեղից վեր թռավ, իմ ձեռքից քաշեց դուրս և միասին գնացինք Նեդային հյուր։
-          Սալամ մալեյքում,- բարևեցի իմ իմացած արաբերենով, որին ամուսիններն արձագանքեցին սրտաբաց ժպիտով։ Նեդան սկսեց թեյի պատրաստություն տեսնել, Յուսուֆն անսպասելիորեն անհետացավ, ապա ետ եկավ՝ քաղցրավենիքի տուփը ձեռքին։
-          Ein moment,- ասաց Նեդան, դուրս գնաց: Քիչ անց ետ եկավ՝ կլոր, թուխ դեմքով, գլխաշորը հայ գյուղացու կնոջ պես կապած անծանոթուհու հետ։
-          Բարև ձեզ,- հայերենով բարևեց նա, նստեց Նեդայի առաջարկած աթոռին։
-          Հա՞յ եք,- հետաքրքրվեցի՝ համոզված լինելով, չեմ սխալվում։
-          Ոչ՛, քուրդ եմ, Սիրիայից ենք։
-          Իսկ հայերեն որտեղի՞ց գիտեք։
-          Այնտեղ, հարևանս հայ էր, սովորել եմ,- հայացքը խոնարհած պատասխանեց նա։
-          Ընտանիքո՞վ եք։
-          Երեխաներիս հետ եմ։
Դռան տեղ ծառայող սավանը ետ գնաց, երևաց սլացիկ հասակով, գեղեցկադեմ  մի օրիորդ։
-          Ահա՛, մեծ աղջիկս է,- ուրախացած ներկայացրեց կինը։
-          Բայց նա քրդի նման չէ,- նկատեցի ես, որից կնոջ դեմքը նկատելի շառագունեց,-Դե՜, ուզում եմ ասել՝ քրդերին հիմնականում դժվար է շփոթել այլ ազգերի հետ,- փորձեցի նրբանակատ լինել,- Գուցե ձեր արմատների մեջ հա՞յ կա։
-          Գուցե, զարմանալի չէր լինի,- ուսերը վեր քաշեց կինը, տեղից վեր կացավ,- գնամ, ուրախ էի ծանոթանալ, եթե պետք է լինում եկեք, Նեդային հասկանալու համար օգտակար կլինեմ։
-          Շնորհակալ եմ,- դեռ խոսքս չէի ավարտել, նա անհետացավ աղջկա հետ։
Այդ օրվանից մինչև իմ՝ ճամբարից հեռանալը  հանդիպելիս,  քրդուհին ճանապարհը փոխում էր։ Շատ էի ուզում իմանալ՝ ինչու՞, սակայն ակնհայտ էր՝ նա  աշխատում էր այլևս չհանդիպել ինձ։

Комментариев нет:

Отправить комментарий